Գեղարվեստական լեզվում հաճախ ոճական ձևերը հակադրվում են քերականական օրինաչափություններին, և այդպիսի «մարտերում» միշտ «հաղթում» է ոճագիտությունը, քանի որ հնարամիտ ու անսովոր լուծումները խոսքին ստեղծագործական արժեք և գունեղություն են հաղորդում։ Դիտարկենք այդպիսի 7 դեպք։
1․Երբեմն անձնանիշ գոյականները կարող են գործածվել իրի առումով՝ ունենալով ոչ թե տրականաձև հայցական հոլով, այլ ուղղականաձև, ինչպես իրանիշ գոյականները։ Դրա նպատակը կոնկրետ անձի փոխարեն սոսկ մարդկանց քանակ կամ մասնագիտություն ցույց տալն է․
ա) Նա արդեն հինգ բժիշկ (ոչ թե բժշկի) է փոխել։
բ) Այդ անողոք զորապետը երեսուն հազար զինվոր (ոչ թե զինվորի) ուղարկեց ռազմաճակատ։
գ) Դպրոցն այս տարի 50 աշակերտ (ոչ թե աշակերտի) է ընդունել։
2․ Եթե նշանակվող առարկան խոսքում հավասարապես բոլորին է վերաբերում, ապա այն հաճախ դրվում է եզակի թվով, բայց արտահայտում է հոգնակիություն․
ա) Այդ ձայնը շոյեց նրանց ականջը (ոչ թե ականջները)։
բ) Բոլորն իրենց հայացքը (ոչ թե հայացքները) նրան ուղղեցին։
գ) Այդ մարդիկ մոռացան իրենց համազգեստը (ոչ թե համազգեստները)։
3․ Տեղի մոտավորություն, անորոշություն ցույց տալու համար տեղանունները երբեմն կարող են գործածվել հասարակ գոյականի իմաստով և հոգնակի թվով․
ա) Ամբողջ ամառ մոսկվաներում թրև է գալիս։
բ) Այդպիսի զվարճանքները սովորական են երևաններում-բաներում, բայց ոչ մեզ մոտ․․․
4․ Որոշ գոյականներ եզակի թվի փոխարեն կարող են հոգնակի թվով գործածվել՝ այդ կերպ արտահայտելով ծավալի անբավություն, պատկերի մասշտաբայնություն․
ա) Անձրևներ եկան, քամիներ փչեցին․․․
բ) Նա հորիզոններ հատեց ու երկինքներ նվաճեց․․․
5․ Կապական կառույցներում երբեմն բուն կապվող բառերը զեղչվում են, իսկ նրանց քերականական հատկանիշները՝ «փոխադրվում» հենց կապերի վրա․
ա) Մի արկղ քսակ գտա․ մեջը՝ լիքը ոսկի։
բ) Վրայից թափ տվի փոշին․․․
գ) Հետը ուրիշ մարդ էր եկել․․․
6․ Չեզոք սեռի բայը երբեմն իր իսկ արմատով իր համար ձևավորում է «ներքին» ուղիղ խնդիր՝ այդպես առավել ընդգծելով գործողության իմաստը. «երգ եմ երգում», «խաղ ես խաղում», «խոսք է խոսում» և այլն։ Հայերենում անգամ մի բարդ բառ ունենք, որի բաղադրիչներն այդպիսի հարաբերություն են արտահայտում՝ գրագիր, այսինքն՝ գիր գրող։
7․ Որոշ գոյականներ հոգնակի թվում կարող են-եր վերջավորության փոխարեն -ներ վերջավորություն ստանալ՝ հնարավորություն տալով իրենց հոգնակի հատկացուցիչները զեղչելու, օրինակ՝
ա) աչքներս = մեր աչքերը,
բ) ձեռքներդ = ձեր ձեռքերը,
գ) մտքները= նրանց մտքերը։