Կարինե Ռաֆայելյան ՄարզաԴիտակ

Ալափարսի սրբավայրերը

30.09.2024

Ալափարս գյուղը գտնվում է Կոտայքի մարզում՝ Հրազդանի ձախ ափին՝ Երևանից 30 կիլոմետր հյուսիս: Այն նաև հիշատակվում է Այլաբերք անվամբ:

Ալափարս-Այլաբերք բնակատեղիում մարդն ապրել է դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։

Ալափարսը հայտնի է հնամյա հուշարձաններով, որոնք ունեն ուշագրավ պատմություն։

Սուրբ Վարդան Զորավար եկեղեցի

Այս նշանավոր ուխտատեղին գտնվում է գյուղի կենտրոնում։ Ըստ պատմական վկայությունների՝ կառուցվել է IV-V դարերում, սակայն մեզ է հասել 1857 թվականի վերանորոգումով, որի ժամանակ արվել են հավելումներ Ալափարսեցի (Այլաբերցի) մեծահարուստ Ավետիս Մելիք-Բադալյանի նախաձեռնությամբ։ Նշենք, որ եկեղեցու մուտքին փակցված ցուցանակը վկայում է, որ այն կառուցվել է 901 թվականին:

Ալափարս գաղթած խոյեցիները, ըստ ավանդության, Ավարայրի դաշտում զոհված Վարդան Մամիկոնյանի արյամբ ներկված երկու սև քար են բերում իրենց հետ, որոնցից մեկը պահ են տալիս Երևանի Պողոս-Պետրոս եկեղեցում, մյուսն էլ դառնում է Սբ. Վարդան եկեղեցու հիմնաքարը, նրանք այդպիսի մի քար էլ թողած են լինում իրենց հայրենի բնակավայրում։ Եկեղեցին կառուցված է բազալտե կոպտակոփ քարերով, իսկ զանգակատունը և շքամուտքը հղկված քարերով։

Սուրբ Հովհաննես — Ծիրանավոր եկեղեցի

Եռախորան այս եկեղեցին կառուցվել է VII դարում։ Եկեղեցին գտնվում է Սբ. Վարդանից քիչ հյուսիս-արևելք։ Եկեղեցին և գյուղը IX-X դարերում գտնվել են Սյունյաց իշխանների պահպանության ներքո։ Եկեղեցու պատերին կան գեղեցիկ դեպի դուրս արտահայտված խաչեր։

Ardi.am-ը նեկայացնում է Ալափարսի Սուրբ Վարդան Զորավար և Սուրբ  Հովհաննես-Ծիրանավոր եկեղեցիները՝ լուսանկարներով:

Սուրբ Վարդան Զորավար եկեղեցի

Սուրբ Հովհաննես-Ծիրանավոր եկեղեցի

Կարինե Ռաֆայելյան

Լուսանկարները՝ հեղինակի