Կինո

Համաշխարհային պրեմիերայից հետո «Գթության ոսկե շղթա» ֆիլմը Հայաստանում է

03.09.2024

Ավստրալիայում կայացած համաշխարհային պրեմիերայից հետո «Գթության ոսկե շղթա» ֆիլմն այժմ Հայաստանում է:

Սիդնեյում օգոստոսի 16-ին՝ Ավստրալիայի հայկական ֆիլմերի կինոփառատոնի այս տարվա բացման օրը, լեփ-լեցուն դահլիճում հաջողությամբ կայացավ հայաստանյան «Ման Փիքչըրս Փրոդաքշեն» ընկերության կողմից արտադրված «Գթության ոսկե շղթա» խաղարկային վավերագրական, լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան:

Մեկ ամիս է ինչ ֆիլմը ներկայացված է հարյուրից ավելի միջազգային կինոփառատոների մրցույթներին և հասցրել է արժանանալ քառասուն մրցանակի:
Ֆիլմի հայստանյան պրեմիերան կկայանա սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին Երևանի կինոյի տան մեծ դահլիճում՝:

‹‹Գթության ոսկե շղթան›› պատմություն է փրկվածների մասին, նաև պատմություն այն մարդկանց, ովքեր արձագանքեցին ցեղասպանվողների հուսահատ ճիչին և օղակ առ օղակ ձգեցին գթության ոսկե շղթան ողջ երկրագնդի վրայով:

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ԱՆԶԱԿ ստորաբաժանման զինվորների անձնազոհության և այդ հեռավոր երկրների բնակիչների գթասրտության շնորհիվ ցեղասպանությունից փրկվեցին և վերապրեցին շուրջ 60 000 հայեր, ասորիներ և հույներ:

Մարդկային կյանքերի փրկությունն էր նրանց առաքելությունը:

Ֆիլմը պատմում է հոլիվուդյան հայտնի դերասան Վերնոն Ուելսը:

Պատումաշարը ներկայացնում են ճանաչված պատմաբաններ, ցեղասպանագետներ և անկախ հետազոտողներ Ավստրալիայից և Նոր Զելանդիայից:

Հայաստանյան կողմից ֆիլմի խորհրդատուն է ՀՀ Պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

Ֆիլմի պրոդյուսեր և մտահղացման հեղինակ՝ Մանվել Սարիբեկյան, սցենարի հեղինակներ՝ Ջեյմս Ռոբինս, Վալերի Գասպարյան, ռեժիսոր՝ Արման Չիլինգարյան, օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, կոմպոզիտոր՝ Արտաշես Քարթալյան, մոնտաժի ռեժիսոր՝ Տիգրան Բաղինյան։

Ցուցադրության մուտքը՝ հրավիրատոմսերով:

Ֆիլմի մասին հավելյալ տեղեկությունները՝ այստեղ: