Կարինե Ռաֆայելյան Կերպարվեստ

Օսկան Չիմչիդյանի առեղծվածը

02.11.2024

Օսկան (Օսկար) Չիմչիդյանը ծնվել է 1867թ․, Սվազում (Սեբաստիա, Արևմտյան Հայաստան): Հաճախել է Սեբաստիայի Ղալամյան դպրոցը: Ուսումն ավարտելուց հետո սկսել է նկարել կրոնական թեմաներով` Սեբաստիայի և Շապին Գարահիսարի  Հայ Առաքելական եկեղեցիների համար: Բացի կրոնական թեմաներով նկարներից, նաև ստեղծել է դեկորատիվ արվեստի գործեր, նկարել գորգանախշեր: 1903 թ. Օսմանյան Կայսրությունում արդեն սկսվել էին ճնշումները հայերի հանդեպ, և Օսկան Չիմչիդյանը՝ ընտանիքի հետ միասին մեկնում է Եգիպտոս: Նկարչի առաջին որդին՝ Երվանդը, ծնվում է գաղթի ճանապարհին՝ նավի վրա: Ընտանիքը բնակություն է հաստատում Կահիրեում:

1918-ին Օսկան Չիմչիդյանը տեղափոխվում է Փարիզ: Այնտեղ սովորում է Ժուլիանի նկարիչների  ակադեմիայում։ Աշխատում է Լուվրում և Լյուքսեմբուրգի թանգարաններում: Հետագայում նորից վերադառնում է Եգիպտոս, որտեղ կազմակերպում է աճուրդներ, նկարում կտավներ Եգիպտոսի Ֆարուկ թագավորի համար, պալատում  նկարչության դասեր տալիս թագավորի որդիներին և դուստրերին: Միևնույն ժամանակ Օսկան Չիմչիդյանը՝ իր ավագ որդի Երվանդի հետ, Կահիրեի Կասր էլ Նիլ փողոցում բացում է ընտանեկան առաջին խանութը: Մյուս զավակները՝ Հրանտը, Հայկը, Շմավոնը, Լևոնը, Արմենուհին, Հայկուհին, նույնպես իրենց սեփական խանութներն են բացում տարբեր ժամանակներում:

Նկարչի հետագա կյանքի և մահվան մասին ոչինչ հայտնի չէ:

Իմ ձեռքի տակ հայտնված այս կցկցտուր տեղեկությունները համակարգել է զարմուհիս՝ Տաթև Խաչատրյանը։ Նա օգտվել է բացառապես օտարալեզու աղբյուրներից, քանի որ մեր տաղանդավոր հայրենակցի մասին ոչինչ հնարավոր չէ գտնել որևէ հայագիր աղբյուրում։  Իսկ նրան փնտրելու և գտնելու շարժառիթը մասնավոր բնույթի է և ոչ պակաս հետաքրքիր։

Տաթևի ազգականների տանը սերնդեսերունդ փոխանցվող մի դիմանկարից է սկսվել ամեն ինչ։

Աշխեն Լալայանցի դիմանկարը

Նկարի մասին հայտնի է եղել հետևյալը․ 1914 թվականին կտավի վրա յուղաներկով արված դիմանկար է: Չափերը՝ 90X60 սմ, շրջանակի լայնությունը՝ 12 սմ: Շրջանակը ոսկեպատ է։

Նկարում պատկերված է Աշխեն Լալայանցը՝ եգիպտահայ  հայտնի բարերար, Եգիպտոսում Ալեքսանդր Մանթաշյանցի գործերի կառավարիչ Ավետիք Լալայանցի կինը։ Կինը պատկերված է Նեղոս գետի ափին։ Հետևի պլանում երևում են Եգիպտական բուրգերը։ 1914 թվականին, երբ Լալայանցների ընտանիքը գտնվում էր Եգիպտոսում, Ավետիքը պատվիրել է Օսկան (Օսկար) Չիմչիդյանին անել իր կնոջ դիմանկարը: Հետագայում՝ 1954 թվականի հայրենադարձության տարիներին, երբ Աշխենը վերադառնում է Հայաստան, կտավը բերում է իր հետ։ Այդուհետ այն փոխանցվում է սերնդեսերունդ: Աշխեն Լալայանցը մահացել է 1958 թվականին, թաղված է Երևանի գերեզմանատներից մեկում: Կոնկրետ տեղը հայտնի չէ։

Դիմանկարը ներկայում Աշխեն Լալայանցի ազգկաններից մեկի տանն է։ Հենց նրա խնդրանքով էլ սկսվել են նկարչի մասին տեղեկությունների հավաքչական աշխատանքները։

Օ․ Չիմչիդյանի՝ մեր ունեցած վերջին լուսանկարն արված է Թիֆլիսում, 1910 թ․, իր  գեղարվեստական առարաների սալոնում, կից ներկայացված է այդ սալոնի և նրա տիրոջ մասին գովազդային նյութ։ Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրելու, որ Կահիրեի և Փարիզի կյանքի շրջաններն ընդմիջվել են Թիֆլիսյան տարիներով։ 

Ահա այն ամենը, ինչ հնարավոր է եղել պարզել Օսկար Չիմչիդյանի մասին։ Եթե կգտնվեն մարդիկ, որոնք կկարողանան նոր տեղեկություններ հայտնել մեր հայրենակցի վերաբերյալ, շնորհակալությամբ ընդունենք և կհրապարակենք։

Բացի մեր ներկայացրած տեղեկություններից, հաջողվել է գտնել նաև Օ․ Չիմչիդյանի որոշ գեղանկարչական աշխատանքների, արխիվային լուսանկարների թվային տարբերակներ, որոք ներկայացնում ենք ստորև։

Չնայած նկարչի մասին տեղեկությունների սղությանը՝ նկարների աճուրդով զբաղվող կայքերում կարելի է գտնել Չիմչիդյանի աշխատանքներից։ 

ՕՉիմչիդյանի ստորագրությունը կտավների վրա

Օ․ Չիմչիդյան, Ինքնանկար, 58X45սմ, կտավ, յուղաներկ

Օ․ Չիմչիդյան, 1876 թ․ Սեբաստիայի պատգամավոր Հակոբ էֆենդի Շահինյանի դիմանկարը, 180X120 սմ, կտավ, յուղաներկ, 1898 թ․, Սվազ

Օ․ Չիմչիդյան, Նատյուրմորտ, կտավ, յուղաներկ

Օ․ Չիմչիդյան, Կոստանդնուպոլիս, կտավ, յուղաներկ

Ընտանեկան լուսանկար, 1904 թ․, նստածների շարքում աջից առաջինը՝ Օ․ Չիմչիդյան, երկրորդը՝ Օսկանի մայրը, երրորդը՝ եղբայրը, կանգնածների շարքում՝ հայրը և քույրերը

Կարինե Ռաֆայելյան

Գլխավոր նկարում՝ Օ․ Չիմչիդյանը՝ Թիֆլիսի գեղարվեստական առարկաների իր սալոնի գովազդային պաստառում