bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatik
Արամ Ալավերդյան ԳրաԴաշտ

Արամ Ալավերդյան, Կուտանա*

03.02.2023

Նկարի հեղինակ՝ Քեյսի Ջոզեֆ ՄըքԳլին (Casey Joseph McGlynn)



Էս երկիրը մերն է…


(Վիպակ)

Նեանդերթալցին՝ անձայնության մեջ

                                                                         

-Անիծվե՛ս դու, Զաքունց Սեդա, անիծվե՛ս: Ցավի եկածդ ի՜նչ աչք ունի, ասեց՝ խմորդ լավն ա, տես գլուխս ինչ եկավ: Սատանի աչքը տրաքի՛, սատանի աչքը տրաքի՛…- Սոփիկն է լացակումած մեղադրում հարևանուուն,- ի՞նչ աչք ունի գլխամեռդ, երեք տեփ հացս ընկավ թոնիրը: Նանե՛, ծակի հացերը, ծակի՛ դարդդ տանեմ,- հետո գունդը տփտփեց ու լաց եղավ:

«Բնավորություն է, շան բնավորություն»,- մարդն է ասում: Խոտը նոր են սարից բերում, նոյեմբեր ամիս, բերել թափել են բեռնատարից, ցուրտն ու օղու բուրմունքը իրար են խառնվել: Սեղանը պատրաստ է, տղամարդիկ թաժա հացի են սպասում՝ կուտանա հա կուտանա:

-Կոստա Ռիկան ամենաերջանիկ երկիրն ա, գիտե՞ս, Վահագ, բանակ էլ չունի: Ասա՝ հարևանը թու՞րքն ա, որ բանակ ունենան:

-Թուրքը մեր մեջ ա, ի՞նչ հարևան, Գաբրիելյա՛ն: Թուրքը Քուռի մոտերքն ա, իսկական թուրքը մեր միջից ա մեզ ուտում:

-Դարդերս իրար մի տուր, Կոստա Ռիկան էդ ո՞րն ա, էն որ պրեզիդենտը անասնաբույժ Էդիկի կոպիան ա, քթի տակ ծիրտի բեղ: Մուխիկո…

-Չէ՛, արա՛, դու Անդերն ինջել ես հասել…

-Անտերն ո՞վ ա բա…

-Անտերը դու՛ ես հենց…

-Գաբրիելյա՛ն, էդ մինը ճիշտ ես, թուրքն իմացավ, որ իրար ուտում են էստեղ աջուձախ, առանց տրաքոց գալու ա նստի մեր հողումը:

-Հըմ, միամիտ խոխա՛, ուրեմն քեզ թվում ա՝ տեղյակ չի Ալիյովը:

-Չգիտեմ, հետո էլ պսակվել ես ասում, անեծք ես տալիս:

-Ինտերնետը տանդ, արաղդ ջրիպարան արած, Ալվարդը քեզ կարոտ, բա դու կուզե՞ս կռիվը պրծնի, Կոստա Ռիկան ինչիդ ա:

-Կոստա Ռիկան պիտի տաս անցնես օվկիանոս, աչքդ չտեսնի էս իրար ուտելն ու ոտի տակ քանդելը:

-Լա՛վ, լա՛վ, լուն ուղտ մի սարքի: Աստվա՜ծ, հենց ապրես, ձմեռնապինդ չանե՛ս, ապուռս հերիքի, աստվա՜ծ, էհե՜յ…

-Արյունս պղտորեցիր: Աստծուն, արի, դու մի՛ ծանրաբեռի: Լցրու: Լցրու՛, քարը քարին կերավ:

-Հա,  լավ միտս գցեցիր, էգուց ջաղացը պիտի իջնես, Վահագ, լավությունդ կանեմ:

-Իմացա՞ր, երեխան երեք ա ստացել, ասում են՝ Արտավազդը մեռած ա՝ թաղած չի:

-Քեզ բան խնդրեցի, մարդ ես՝ մարդու տղա ես:

-Լա՛վ, բաժակդ վերցրու, ջաղաց էլ կգնամ, էրկու շիշը պատրաստի:

 -Դու էն պատմի, ո՞նց ես Ալվարդին ետևից խտտել, մի լավ ձե՞ռքդ ես առել ամեն ինչ:

 -Էդ ո՞վ բերեց, մի դաստի բուռդ կոխեց:

 -Ընկերունքդ թոռնատեր են, գետինը մտի՛, աննամուս տղա:

 -Գաբրիելյա՛ն, սրտիս նուրբ թելերին կպնում ես: Ինձ եկող չկա: Բաժակդ վերցրու, մեծ մարդ ես:

 -Մահանա ես բռնում, բոլորը մի շուն են, ադյա, մեկին բեր տուն, հերդ-մերդ, էն աշխարհում լինի՝ ուրախանան:

 Ձյունել է, երկիրը վերջապես կտաքանա: Կյանքն է սովորեցրել, վերկացար առավոտ՝ ոտնամանի հաստության ձյուն է մաղել, ուրեմն ցուրտը նահանջել է: Շաբաթվա վերջին հալչի, կռանը վերցրու, իջիր գետը: «Մուխիկոն կյանքում նոյեմբերին գե՞տ է կռանաթակ տվել: Չէ՛: Ջա՛ն…»…

 Դե՛, ուրեմն…

Բարդ է Վահագի օրը, դուրս է գալու շինամեջ, բլոտ են խաղալու տղաներով:

Դարպասի երկաթը ճռնչաց, դեմդ Քոլունց աղբրի կամուրջն է՝ գերեզմանոցի իսկական անդորր: Ձորի թիկունքից մեռյալները օրուգիշեր Վահագի տանն են նայում: Նա ինքնիրեն խոսում է: Հանկարծ Աբրահամի օրը չընկնի՝ տղերքը կորցրեց, կինը մեռավ, աղջիկը ջհանդամի տակ մարդու տված, մենակ մնաց, գլուխը կորցրեց, գալեջա անի ինքն իր հետ: Բախտավորություն է, հանդի թիկն է տվել՝ մեռել:

Ինքն իր հետ խոսում է, քառասուներկու տարեկան զեռ էշ, «սիրտդ կանգնեց՝ ով ա դուռդ բացելու, մնալու ես մենակ, պատահական, թե գտան-գտան»: Ինքն իրեն սիրտ է տալիս: Մեռավ երեկ ինքն իրեն քռքռալուց: Բլոտից հետո բարձրացել են Չախմուր Հրանտիկի տուն: Խոզը մորթել ծախել են՝ փորոտիկը թողել, ընտիր խորոված են արել: Ոռից ընկած, մի կերպ է գիշերը հասել տուն: Դարպասի բռնակին է ձեռքը դրել՝ մտափոխվել, շուռ եկել իջել կամուրջ, չորեքթաթ տվել՝ կեսգիշեր է, արև կերած երկաթը հանկարծ դղրդոց չհանի, խուլ-խավար, մատ տաս աչք թափի: Զիլ մութ, գայլի սիրտ է կերել, բարձրացել է գերեզմանոց-դարպասի կողպեքը կախ: Ցանցը կռներն արյունոտելով ճմոռել է՝ ներս մտել, քարշ եկել՝ «էս Զաքունք են, էս Երիցանք են, էս Քոլունց խալխն ա», մի կերպ է իրենցոց գտել: Փաթաթվել է մոր քարին՝ լաց եղել: «Տեսնող չկա, մի լավ լաց եղի…»,- ինքնիրեն ասել է: Նա նստել է անաղմուկ հարազատների մոտ՝ ծխել: Մայրն ասել է՝ «Թոքախտ թուրք Մուսան ես դառնալու, Վահագ, լակոտ, թոքերդ ինչ ես անում, այ տղա»: Գիշերվա լույսերը ծիպ-ծիպ են անում խաղաղ կյանքում: Խալխը քնած է, իմոնք՝ հավիտյան:  Էլ չի հիշում, երբ է տուն հասել: Ինքն իրեն, իմիջայլոց, ծիծաղում էլ է: էն օրը Գաբրիել հրեշտակի երազ է տեսել: Իբր վիդեոյի արխիվ ունի, միջից մի կասեթ է հանել, ով է նկարել՝ աստված գիտի, իսպառ անտեղյակ: «Մեր բակն ա, վայ, ես քո, երեսունհինգ տարի առաջ, Մեսոն ա, Լիզան, Արեգը, Վարուժը»: Ինքը՝ մեջը չկա, չէ՛, կարծես թե, ուր որ է, էս կողմերում է, կադրից դուրս, կողքից նայում է: Մեսոն է՝ հինգ տարեկան, երեսը կաս-կարմիր, ամլիկ մանուկ: Այ, մարդ, ո՞նց չի իմացել էս վիդեոյի տեղը, սիրտը մեռոնով լցվեց: «Ըհը՛, էս Համլետն ա, թիկունքը լեն Համլետը, մի էստեղ նայի, թթենու տակ թափած ավազի կույտի մոտ կանգնած լացում ա հոնգուր-հոնգուր: Այ տղա՛, ամոթ ա: Ծառի տակ կանգնած՝ լացում, զուզա ա տալիս: Երանի՜ չմեծանայիր, Համլետ, երանի՜ մնայիր հինգ տարեկան, դագաղի մեջ անշունչ, գլուխդ բեկորից փաթաթած չտեսնեի: Տորք Անգեղ Համլետ, չե՛մ հավատում, որ դու կանաչ թթենու տակ լացող տղեկն ես: Էս Գայանն ա, Սուրիկի աղջիկը, սիրտս կտոր-կտոր եղավ, դու էլ կա՞ս ուրեմն էստեղ, թողեցիր փախար Երևան»: Սիրտս կոտրել ես, թե երևանցու ա գնում, էն օրվանից եմ հիվանդություն ստացել՝ անունը չգիտեմ, աշխարհն ինձ համար իմաստը կորցրել ա: Ինձ էլ թվում էր, թե արաղը դեղ ա, էն խմել առյուծ կտրելն ա, առավոտն աչքերդ դժոխքի մեջ ես բացում: Մեռնեի՝ քեզ չտեսնեի էս վիդեոյի մեջ, Գայան աղջիկ: Սա հատուկ ա արված, արել են՝ ինձ ոտի վրա ոչնչացնեն: Ընկերնե՛րս, սիրտս կոտրա՛ծը…»…

Երեկ Գաբրիելյանին առավոտից իրիկուն օգնել է: Տնաշենի օղին, ես ասեմ՝ վաթսուն, դու ասա յոթանասուն աստիճանի զահուրմար է: Լինում է, չէ՞, կախարդական ինչ-որ բան է կատարվում հետդ. մենակ ես լինում, հետո գլխովդ եկածը պատմում ես, ոչ ոք չի հավատում: Իրիկուն է: Կիպիտիլնիկը դրել է դույլի մեջ՝ մոռացել ջուր լցնել: «Բեռլինի ազատագրում»՝ երրորդ սերիա, հա՜յ-հարայ, նոր է սկսվում՝ հրետանի, տանկ, տրաքոց, նոր է դրսից տուն մտել՝ վազեվազ լվացվի, հաց դիր սեղանին, աման-չաման, սևուսպիտակ ֆիլմում զինվորը գոռա՝ ագոո՜ն, անջուր կիպիտիլնիկն նույն էդ վայրկյանին տրաքի, բու՜մ: Վա՜յ, Վահագ, ինչեր են տեսել…

Անհետացած ցեղ ես դու: Մազերիդ վիճակը տեսե՞լ ես, Մուխանի հովատակն ունի մեկ էլ էդպիսի մազ, քարե դարի նեանդերթալցի: Թանձր, դագանակ, անլվա բուրդ՝ գլխիդ լպստած: Այտերի գույնը քոնն է՝ մորականդ, իսկական, երեսդ՝ լեն ու փարթամ, այ մա՛րդ, ի՛սկը նեանդերթալցի:

Գնա բարձրացիր Սռնատոն: Ճգնավորի քերծ է տանելու կածանը, աջի վրա թեքվիր, ու հետդ մեկին անպայման վերցրու՝ Սռնատոնը քեզ ցույց տա, թե չէ, իզուր ոտք ես թակելու՝ մոլորվես, Սալկոտն ի վեր իզուր ընկնես սարերը: Փոլի թաղից մեկին հետդ տա՛ր, Սռնատոն իջնող կածանը թող ցույց տա՝ իջնելու ես նեանդերթալցու տուն: Եթե հունիս ամիս լինի, անպայման պինդ հագնվիր, էնտեղ արևի լույս չկա, հավերժական խավար է, մաքո՜ւր ու տամուկ անձավ, սիգարետի կոթուն էլ չես գտնի: Սառույց են հներում անձավից հանել բորոտի համար: Տարին կլոր էստեղ լույս չկա՝ նշմարելի խավար, պատկերացրո՛ւ, հուլիսի տոթին էլ կա սառույց: Երկու խոռոչ ունի նեանդերթալցու անձավը, մեկը՝ երես, էն մյուսը բուխարիկի պատուհանից ձգվում է դեպի ժայռի խորքը: Վախենալու է՝ գլուխդ մեջը չմտցնես, լապտերը դեմ արա՝ տես մեջն ինչ կա-չկա: Քարե դարի միջանցիկ քամի է սուլում դեպի Սալկոտի ձորը: Հարսանիք արա էստեղ՝ հինգ մետր վերև ձեն-ձուն չկա: Սա Հաբեթնակի անձավն է, Սռնատոն են ասում, նեանդերթալցին Հաբեթնակի կրտսեր որդի Վահագն է: Անձնագրով միգուցե նա Վահագն է, էական չէ: Նա մորը սիրում է, եղբայրներին ու միակ քրոջն էլ է սիրում: Հոր՝ Հաբեթնակի հանդեպ Վահագի զգացմունքը լուռ է: Հազիվ է հիշում հորը, նա սրտում չի ամրացել, հայրական գորովն ունայն է, գերեզմանին կանգնում՝ տխուր նայում է:

Իսկական սիրելը հինգերորդ դասարանում է նրա սիրտը մտել: Դասն իրեն հասու չէր, կարդում էր՝ դժվարանում բան ընթեռնել: Երևանից եկած Սիրանի աղջիկ թոռների հետ խաղալիս՝ երկիրը Վահագի համար սիրունացել է:

Մեծոք է նրան հասել՝ երկրից չեն փախչում, փախչում են մարդկանցից: Իսկ երեխաները… երեխաները դրախտի իսկական դերասաններ են, իրար հետ կեսօրին կռվեն՝ մի կես ժամից հաշտվեն, թե պողպատե լարերից սարքած մեքենա են քշելու: Դրախտն էնտեղ է, ուր մարդկանց մեջ թշնամություն չկա:

Տարիք առնելու հետ մարդիկ իրար հրեշ են դառնում, ոմանք՝ անզուսպ հեշտամոլ, վատառողջ ու մտացիր, ամենևին իրենց մասին տեղեկություն չունեն, չգիտեն՝ իրենք ով են, ինչպես են իրենց մեջ մեղքերը տարիներով կուտակվում: Տարիքի հետ նրանք խորթանում են կարեկցանքին, լավագույն դեպքում, ձևի համար թաղման մի քանի հազար ավել կգրվեն, կամ էլ ծնունդ-հարսանիքի լինի, էս է, վեր կենան բաժակի դրդածով եղբայրորեն բառեր շաղ տան:

Ամեն օր Վահագն ինքնիրեն հանդիմանում է, երբեմն քերծում է հոգին, թե ինչու էսինչի հետ էս ինչ խոսքն ասաց, էն մեկին մի կարգին չպատասխանեց ու տեղը դրեց: Ինչ ասում են՝ կհավատա, որովհետև ինքն է էդպիսին, ինչ մտածում՝ ասում է: Գիտի, թե դիմացինն էլ է իր նման: Քանի երես ունի, ասենք, իրենց ներքևի հարևան Վարդանը, սմսեղուկ, ամեն մեկի մոտ՝ նոր լեզու, սրանից նրան տանի, նրանից՝ էն մեկին, իրարանցում սարքելը նրա տարերքն է: Ու, անպայման միշտ ջրից չոր պիտի դուրս գա, խելագարվելու բնավորություն:

Ասել են՝ Սուրիկի աղջիկը սիլեթա* արարած է՝ հավատացել է: Ասել են՝ գնդապետ Վասյոն գող է, բանակը պոկած տուն է բերում՝ հավատացել է: Ասել են՝ Ալեքսանյան Մանվելը հազար հեկտար հող է դրել ցորենի տակ, մի լումա հարկ չի տալիս, ուժեղ թիկունք ունի վերևում՝ հավատում է: Ասում են՝ Ռուբիկի ծիծուհետույք առատ կինն էնինչի հետ է՝ հավատում է: Խելքը թռցնելու վրա է: Հետո՝ դեռ մեկնումեկը բերանը բացում է, թե կյանքն արաղի՞ն է տվել: Լա՛վ, չխմի, ի՞նչ անի: Մնա, պարանը թևդ գցես, իջնես Փոլի ձոր, մի պնդաճակատ թեղի գտնես՝ վերջդ տաս: Չէ, բայց, նա ձեր իմացած դյուրահավատը չէ, երեխա չկենաք, կռիվ-ծառայություն՝ մի կողմից, իրար միս ուտելն՝ էն մի կողմից՝ ամենին են անդամալույծ սարքել: Մեկը սրա նման մեջն է լցնում, մյուսը՝ աղուն իր իսկ ընտանիքի գլխին է թափում, մի երրորդը՝ ճամպրուկ է ափալ-թափալ կապում: Ամեն ինչի հարմարվել է ինքը, ոսկի մա՛րդ… բայց Գայանին սիլեթա ասելը սիրտը խոցել է: Ո՜վ կհավատա, թե սերը առյուծի սիրտ կկոտրի: Առաջ, ռոճիկի հետ, սիգարետի էր գնում խանութ՝ սուտ մի բան առնի, մենակ նրա սանրվածքին ու հագած շորին խուսափուկ նայի: Դեռ եթե հաջողվի իր հանդեպ նրա երեսին ժպիտ էլ տեսնի, ուրեմն երջանիկ է լինելու առնվազը իրիկուն-առավոտ: Խմածն էլ չի էդ ժամանակ նրա վրա ազդում: Հիմա, ինչ է, թե ասել են՝ սիլեթա, առյուծի քար սիրտը ճաք է տվել: Ի՜նչը կխեղճացնի տղամարդուն…

«Ծանոթացանք, բայց ավելի լավ կլիներ իրար չճանաչեինք»:

Գուրգենն ասում է. «Թքեմ կերած ծծիդ վրա, ով ա տեսել աղջիկը մազը կտրի, խզատակը բաց անի»: Բարքերը միշտ նույնն են եղել, Վահագի կոմեդիաներն էլ անպակաս: Գդալն ում տան՝ փլավն ում, բայց, չէ՛, ամեն ինչ հերթով, ի՜նչ փլավ: Երեխաները հանդում վազվզում են, իրենք՝ Վահագենք էլ հասած տղերք, իններորդ-տասերորդ են սովորում, մեծուփոքր միշտ հավաքվում են Լենանցի տափում, ուր հազար տարեկան տնջրի կա, դուրս գալիս գարու կտրած ցելը՝ կով ու խոզ պահելու: Մեծ-մեծ տղերք են, կեսօրից իրիկուն թուղթ են խաղում, էսօր էսքան փող նա դրեց գրպանը, էն մյուս օրը՝ մեկ ուրիշը: Մի քանի կոպեկ կա, հերթով ամեն գրպան ման է  գալիս: Ձեռքների փողը պրծավ, ըհը՛, խելառվեցին, սրանից-նրանից սիգարետ են կրակելու: Սիգարետը հատվեց, ուրեմն հաշվի չեն առնելու՝ կողքներին առաջին-երկրորդ դասարանի ճիժ կա, տաբատն իջեցնելու են իրար ցույց տան, թե ումն է ամենամեծն ու երկարը: Վահագը համեստ է: Շատ որ զահլեն տարան, հանելու է բոլորին ցույց տա, մենակ թե ձենները կտրեն: Հարցը՝ մեծի ու երկարի մե՞ջ է, մինչև մեծ մարդ դառնալը էդ հարցերը հանելուկ են մնացել: Նա եկավ քառասուն դարձավ՝ առանց զուգընկեր ու մերձենալու մեկի հետ: Այ մարդ, տերտե՞ր ես դու: Տերտերը տերտեր է, էլի թաքուն մեղանչում է, հազար անգամ թողություն մուրում իր աստծուն, էնքան մուրում, աստծո զահլեն էլ է տանում: Մի խմել է փրկում: Խրամատ քանդել է՝ քանդել է, կռիվ է՝ գնացել է, կենդանի մնալ է՝ մնացել է, պատիվ-հարգանք է՝ ունեցել է, հարայի հասնել է, հաց ու ընկերություն՝ խնդրեմ: Իր էդ ամեհի արժանապատվության հետ միասին, գրողը տանի՛, մարդը մենակ է մնացել: Մի մայր է՝ մահացավ, թողեց մենակ: Ճիշտ է, քառասունը տարիք չէ, եթե կուզեք, իսկական ընտանիք կազմելու ժամանակ է, բայց նա տղայությունից ու արաղից չէր կարողանում արդեն  բաժանվել: «Титаник» покидает гавань и выходит в Кельтское море. Последняя фотография лайнера над водой. 10.04.1912 г.»: «Երանի էն օրերին, կիրակի էր, ցերեկն իրար միս կերան, հետո երեխայի տնային աշխատանքի վրա հաշտվեցին»՝ էն օրը մի տեղ է կարդացել ու նախանձը բռնել է, ծխի հա ծխի:

Վերջը, որ հոգին շատ կերել են՝ «…ծուխդ կտրվեց, ամոթ ունեցի, պոչերդ սպիտակել են, հեռու տեղ մի՛ գնա, ձեր հարևանի աղջկան վերցրու» — կարծես թե ցուցափեղկում դրած է հարևանի աղջիկ Մարինը, անամոթ մնա՛ քո Կառլենի Գայանը — Վահագը մտածմունքի մեջ է ընկել՝ հը՞.. Թող իրենից հինգ-վեց տարի լինի փոքր, ջհանդամը, թե մի թեթև նաղս ունի, ասում են՝ ծնվելիս է կոտրվածք ստացել, խեղճը մի թեթև կաղլիկ է: Փոխարենը՝ սիրտը մաքուր, աշխատասեր, բանարար, իսկական թեկնածու: Դու մի տես, հլը, նա իր արաղասերի երեսին նայե՜ց: Ինքը խմած է առյուծ, գնա թուրքերը կտրի՝ բերի տունը լցնի, դոզան ուզեց անցնի, թե չէ, կատուն քեզ օրինակ, վախենա մի երկու խոսք խոսի:

Չէ, եթե ճիշտը խոսենք, էս մարդն ի զորու չէ Գայանից պոկվել: Աչքը հանի, փախչի Երևան, մի կոշկակար պիժոնի գնա, երեխա բերի, քոչի գնա հասնի Վոլոգդա՝ ստրուկ Վահագը դեռ ետևից սատկելիս: Աննամուս լինե՛ս դու, քո տղամարդ ասողի մերը… Չգիտես՝ մեղավորը Գայանն է, թե՞ արաղը: Վահագի համար ցմահ հանելուկ է…

(շարունակելի)

*Կուտանա (արցախյան բարբառ) — թոնրի պատից ընկած, ծուռումուռ հաց

*Սիլեթա (արցախյան բարբառ) — լկտի

No Comments

Leave a Reply