Այս օրերին «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն ակտիվորեն աշխատում է նոր գրքերի լույսընծայման ուղղությամբ։ Մանրամասների մասին ardi.am-ին տեղեկացնում է հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանը։
Մայիսի 28-ից ընթերցողի սեղանին կդրվի Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքը։ 1936թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանն իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: Մարդասպանի դեմ պայքարում է Էրքյուլ Պուարոն՝ նշանավոր խուզարկուն՝ փորձելով բացահայտել մութ պատմության բոլոր մանրամասները:
Այս տարի արդեն հասցրել էինք նշանավոր գրող Էրիխ Մարիա Ռեմարկից մեկ գիրք լույս ընծայել։ Մի քանի շաբաթ առաջ լույս տեսավ «Սև կոթողը», մի քանի օրից էլ լույս կտեսնի «Երկինքն ընտրյալներ չունի» գործը։
Է. Մ. Ռեմարկի այս վեպն առաջին անգամ՝ 1959 թ., հատվածաբար լույս է տեսել համբուրգյան Kristall ամսագրում՝ Geborgtes Leben՝ «Կյանքը՝ պարտքով» վերնագրով։ 1961 թ. լույս է տեսել գրքի ձևաչափով՝ «Երկինքն ընտրյալներ չունի» վերնագրով։ 50-ական թվականների սկզբին արդեն տարեց ավտոմրցարշավորդ Քլեղֆեն առողջարանում այցելում է իր բեմական գործընկերոջը, որ երկար ժամանակ էր, ինչ բուժվում էր թոքախտից։ Այնտեղ նա ծանոթանում է ծանր հիվանդ Լիլիանին։ Վերջինս, որ արդեն տարիներ ի վեր արհամարհանքով էր վերաբերվում առողջարանի միօրինակ կենցաղին, խիստ կարգուկանոնին ու ձանձրույթին, օգտագործում է առիթն ու փախչում Քլեղֆեի հետ։ Միակ բանը, որ միավորում էր երկուսին, ապագա չունենալն էր․․․
Շուտով ընթերցողի դատին կհանձնենք նաև Լուսի Մոդ Մոնտգոմերիի «Աննան Կանաչ կտուրներից» գիրքը, որը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով ու թարգմանվել առնվազն 36 լեզվով:
Գրված լինելով բոլոր տարիքի ընթերցողների համար՝ այն 20-րդ դարի կեսերից դասվեց մանկական գրականության դասական գործերի շարքին: Վեպի գործողություններն ընթանում են 19-րդ դարի ավարտին ու պատմում Աննա Շիրլիի՝ մի 11-ամյա որբ աղջնակի մասին, որը սխալմամբ ուղարկվում է Քաթբերտների ընտանիք ու պարզում, որ նրանց տղա էր պետք։ Կարմրահեր ու պեպենոտ աղջնակը, որը կյանքի դաժան փորձությունները սովոր էր հաղթահարել իր երևակայության ու գեղեցիկի նկատմամբ հավատի շնորհիվ, վերջապես գտնում է իր տունն ու սկսում հասարակության հետ շփման իր ուղին՝ կոտրելով կարծրացած պատկերացումները։
Ակտիվորեն շարունակում ենք հանրության դատին հանձնել English Classics շարքը: Շարքի շրջանակում ներկայացնում ենք անգլերեն գրված դասական ստեղծագործությունները՝ բնագրային լեզվով, նոր խմբագրությամբ և ինքնատիպ շապիկով:
Այս ամիսների ընթացքում հայերեն թարգմանությամբ լույս կտեսնեն նաև նոն ֆիքշն՝ բիզնես և մոտիվացիոն մի շարք գրքեր, որոնք օգնել են միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Ի դեպ, մի քանի օր առաջ հանրությանը ներկայացրինք առաջնորդության մասին գրված #1 բեսթսելլերն ամբողջ աշխարհում՝ Ջոն Ք. Մաքսվելի «Առաջնորդության 21 անվիճարկելի օրենքները»:
Գիրքը մեկտեղում է հեղինակի ավելի քան քառասուն տարվա առաջնորդության փորձն ու հմտությունները: Մաքսվելն ամեն տարի ելույթներ է ունենում «Ֆորչուն 500»-ի վարկանիշով խոշորագույն ընկերությունների, միջազգային, պետական առաջնորդների և բիզնեսի ամենահաջողակ ներկայացուցիչների համար: «Բիզնես ինսայդեր» ամսագիրը Մաքսվելին համարում է առաջնորդության ամենաազդեցիկ փորձագետն աշխարհում։
Նախագիծը՝ Արմինե Սարգսյանի
No Comments