Նվիրվում է Արամ Խաչատրյանի 120-ամյակին
«Տեղափոխվելով Մոսկվա՝ ես սկսեցի հանդես գալ Խաչատուրով ազգանունով: Մի օր հանդիպեցի Ալեքսանդր Սպենդիարյանին: Նա, աչքի անցկացնելով իմ ստեղծագործություններից մեկը, ասաց. «Եվ ինչո՞ւ չհրապարակել այս պիեսը Խաչատուրյան ազգանունով»: Ես մտածեցի, որ, ամեն դեպքում, իմ իրական ազգանունը Խաչատուրյան է, և այդուհետ կրկին սկսեցի հանդես գալ Խաչատուրյան ազգանունով…»: Արամ Խաչատրյանի խոսքերն են՝ քաղված երաժշտագետ Գ. Մ. Շնեերսոնի հետ զրույցից:
Իսկ այդ անմոռաց հանդիպումը կայացել է 1928 թ. ձմռան մի ցրտաշունչ (հունվարյան) օր, Մոսկվայում՝ Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի շենքում, որտեղ գործում էր Խորհրդային Հայաստանի մշակույթի տունը: 1922 թ. Մոսկվայում սովորող երիտասարդ հայ ուսանողների՝ երաժիշտների, գրականագետների, դերասանների ջանքերով ձևավորվեց գրական-գեղարվեստական խմբակ: Սակայն այն երկար կյանք չունեցավ, և մնաց միայն թատերական ստուդիան՝ Սուրեն Խաչատուրյանի (Ա. Խաչատուրյանի եղբոր) ղեկավարությամբ, որը, ի դեպ, Ստանիսլավսկու սիրելի ուսանողներից էր: Իսկ երիտասարդ երաժիշտներ՝ դիրիժոր Գևորգ Բուդաղյանը, երգիչ և կոմպոզիտոր Գագիկ Գեղարիկը (Գ. Տեր-Գաբրիելյան), երգիչ (բարիտոն) Լևոն Խաչատուրյանը (Արամ Խաչատրյանի եղբայրը), խմբավար Մարտիրոս Մազմանյանը և այլք միավորվեցին և կազմեցին երաժշտական խմբակ: Ղեկավար ընտրվեց դիրիժոր Գեորգի Բուդաղյանը, իսկ քարտուղար՝ Լևոն Խաչատուրյանը: Հետագայում՝ 1925 թ., այն վերածվեց Հայկական երաժշտական ասոցիացիայի, իսկ ավելի ուշ՝ Մոսկվայի հայ երաժշտական կոլեկտիվի՝ ՄՀԵԿ (Московский Армянский Музыкальный Коллектив — МАМК):
Հայրենի երաժշտությանը կարոտ այս երիտասարդ երաժիշտներն իրենց առջև խնդիր էին դրել գտնելու, սովորելու և տարածելու հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ի դեպ, Արամ Խաչատրյանի առաջին ստեղծագործությունները կատարվել են հենց ՄՀԵԿ-ի կազմակերպած համերգներում:
1924 թ. հունվարի 14-ին խմբակի՝ Մոսկվայի Մշակույթի տան մեծ դահլիճում (հետագայում այդ դահլիճը հրդեհից ամբողջովին այրվեց) կազմակերպած՝ Կոմիտասին նվիրված համերգը, բացի այն, որ մեծ հաջողություն ունեցավ, հիշարժան էր նաև նրանով, որ ներկա էր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը: Հենց այդ երեկո որոշում կայացվեց կազմակերպելու Սպենդիարյանի հեղինակային համերգը: Այն կայացավ մարտի 1-ին՝ Մշակույթի տան մեծ դահլիճում, որի ծրագիրը բացառապես կազմված էր Սպենդիարյանի ստեղծագործություններից, իսկ կատարողները երաժշտական խմբակի երիտասարդ երաժիշտներն էին: Համերգից հետո բոլորը շրջապատել էին կոմպոզիտորին, տաք-տաք զրուցում էին: Խոսակցության թեման, իհարկե, նաև Հայաստանն էր, ուր այդքան ձգտում էր տեղափոխվել Սպենդիարյանը (մի քանի ամիս հետո նա տեղափոխվեց Հայաստան) և երիտասարդ երաժիշտներին էլ նույնն էր համոզում՝ անպայման գնալ Հայաստան՝ աշխատելու:
Այս պահից սկսվում են Սպենդիարյանի և ՄՀԵԿ-ի երատասարդ երաժիշտների գործուն հարաբերություններն ու մտերմությունը, որ տևում է մինչև կոմպոզիտորի կյանքի վերջը: Իսկ նրանցից Գեորգի Բուդաղյանի և Սպենդիարյանի փոխհարաբերությունների արգասիքն այսօր կոմպոզիտորի՝ մեզ հասու հարուստ ստեղծագործական ժառանգությունն է:
1927 թ. ՄՀԵԿ-ը հեռագիր է ստանում Երևանից՝ Լուսժողկոմ Ասքանազ Մռավյանից, որն ընկերությանը խնդրում է ապահովել Մոսկվայում կայանալիք Սպենդիարյանի հեղինակային համերգի կազմակերպումը: Այս պատվաբեր և պատասխանատու գործին ՄՀԵԿ-ի անդամների խնդրանքով միանում են նաև Կոնստանտին Սարաջևը և նրա ղեկավարած «Ժամանակակից երաժշտության ասոցիացիան»: 1927 թ. նոյեմբերին Սպենդիարյանը ժամանում է Մոսկվա և իջևանում Հայաստանի Մշակույթի տանը: Դետկեմբերի 25-ին Մոսկվայի Միությունների տան սյունազարդ դահլիճում համամիութենական ռադիոյի մեծ սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ և հեղինակի ղեկավարությամբ կայացած համերգը շռնդալից հաջողություն է ունենում: Ներկա էր Մոսկվայի հայությունը և երաժշտական ողջ էլիտան՝ Մ. Մ. Իպոլիտով-Իվանովը, Ռ. Մ. Գլիերը, Մ. Ֆ. Գնեսինը, Ս. Ն. Վասիլենկոն, Ն. Յա. Մյասկովսկին, Ա. Ն. Ալեքսանդրովը, Վ. Ի. Սուկը, Կ. Ն. Իգումնովը, Ա. Բ. Գոլդենվեյզերը, Ս. Ե. Ֆեյնբերգը, Պ. Ա. Լամմը, Վ. Վ. Դերժանովսկին և այլք: Ներկա էին ՄՀԵԿ-ի բոլոր անդամները, նրանց հետ՝ նաև Արամ Խաչատրյանը:
«Հիշում եմ այդ համերգը՝ 40 տարի առաջ, Խորհուրդների Տանը, երբ բեմ ելավ մի համեստ երաժիշտ՝ ոչ բարձրահասակ, շատ գեղեցիկ դեմքով ու խելացի աչքերով, և ընտրագույնս ղեկավարեց ողջ համերգը: Չէի ասի, թե դիրիժորի ինչ-որ հատուկ հմտություն ուներ: Բայց երաժիշտները, հիշում եմ, նվագախմբի արտիստները, շատ գոհ էին նրա նվագավարությունից, որովհետև ամեն բան պարզ էր, հասկանալի, և նրա ձեռքերը հոյակապ էին պատմում այն, ինչ որ նա, այսպես ասած, ուզել էր արտահայտել իր երաժշտությամբ» (հատվածը 1967 թ. Սպենդիարյանի մահվան 40-ամյա տարելիցին նվիրված հանդիսավոր երեկոյի ձայնագրությունից է, ԱՍՏԹ ֆոնդ):
Սպենդիարյանի այս այցը Մոսկվա առանձնակի թանկ ու գնահատելի էր ՄՀԵԿ-ի երիտասարդ երաժիշների համար, որոնք անկեղծ սիրեցին նրան: Արամ Խաչատրյանը, որն այդ ժամանակ կոմպոզիցա էր ուսանում Միխայիլ Գնեսինի մոտ, թավջութակ՝ Անդրեյ Բորիսյակի մոտ, արդեն ՄՀԵԿ-ի ակտիվ անդամներից էր և երաժշտություն էր գրում դրամատիկական ստուդիայի ներկայացումների համար, որի ռեժիսորն էր Ռուբեն Սիմոնովը:
«Ալեքսանդր Աֆանասևիչն ապրում էր մշակույթի տան վերջին սենյակում,- հիշում է Արամ Խաչատրյանը:- Ես երազում էի, որ նա լսեր իմ ստեղծագործությունները, բայց նրա զբաղվածությունն ինձ թույլ չէր տալիս այդ մասին խնդրել: Երբ ես կակազելով փորձեցի խնդրել, նա բացականչեց. «Աղավնյա՜կս, մեծ ուրախությամբ»:
Նշանակված օրը Խաչատրյանը՝ կատարող ընկերների հետ գալիս է կոմպոզիտորի սենյակ: Նվագում են թավջութակի պիեսները («Երազ» թավջութակի պոեմը), «Պար»-ը՝ ջութակի և դաշնամուրի համար, և «Պոեմ»-ը՝ դաշնամուրի համար: Այդ նշանակալից հանդիպման վառ հիշողությունը սրտում դեռ երկար պիտի պահեր երիտասարդ Խաչատրյանը, քանզի աշխարհում արդեն հռչակ վայելող հայրենակից կոմպոզիտորի մեկ արտահայտությունը՝ «Չափազանց տաղանդավոր է, չափազանց վառ…», նրա համար կոմպոզիտոր դառնալու ճանապարհին լույսի կանթեղ էր: Սպենդիարյանն առաջինն էր, որ Խաչատրյանի ստեղծագործություններում նկատեց ազգային վառ երանգը՝ նշելով, որ դա նոր է, ո՛չ այնպես, ինչպես այլոց մոտ, և որ դա է նրա հիմնական արժանիքը. «Այդ խրատը ես ամբողջ կյանքում արմատավորում եմ նաև իմ աշակերտների մեջ»,- գրել է Խաչատրյանը: «Նրա (Սպենդիարյանի) հետ հանդիպումը հանդիսացավ իմ կյանքի որոշիչ շրջադարձային պահերից»:
Հանդիպման մանրամասնությունների մասին հիշողություններ ունի նաև հանդիպմանը ներկա Գեորգի Բուդաղյանը, որը պատմում է. «Մեր զրույցի վերջում դահլիճ մտավ Արամ Խաչատրյանի դասընկերը` դաշնակահար Սուխարևսկին` լուսանկարչական ապարատը ձեռքին, և առաջարկեց լուսանկարել: Հաճույքով համաձայնեցինք: Սպենդիարյանի կողքին` աջից, նստեց Խաչատրյանը, իսկ ձախից` ես: Այն ժամանակ ո՞ւմ մտքով կանցներ, որ այդ պատահական լուսանկարը վերջինն է լինելու սիրելի Ալեքսանդր Աֆանասևիչի կյանքում: Այդ լուսանկարն ինձ համար շատ թանկ է: Դա ասես խորհրդանշում է Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքի և ստեղծագործական ճանապարհի ավարտը և երիտասարդ, բուռն ծաղկում ապրող կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծնունդը»:
Ձախից աջ՝ Ա. Խաչատրյան, Ա. Սպենդիարյան, Գ. Բուդաղյան, 1927 թ., Մոսկվա
Բայց այս օրերին արվել է ևս մեկ լուսանկար, որը պահվում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ) Սպենդիարյանի ֆոնդում: Lուսանկարում՝ ձախից աջ՝ անվանի քամանչահար Սաշա Օգանեզաշվիլի, Մոսկվայում Հայակական մշակույթի տան աշխատակից (անունն անհայտ է), Ալեքսանդր Սպենդիարյան, Արամ Խաչատրյան, կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյան, Լևոն Խաչատրյան:
Լուսանկարը՝ ԳԱԹ ֆոնդից (հաշվառման նիշ՝ 3008)
Խաչատրյանի հուշերի դրվագները փաստում են, որ Սպենդիարյանի՝ Մոսկվայում գտնվելու երեք ամիսների ընթացքում նրանց շփումները չեն սահմանափակվել մեկ-երկու հանդիպումով: Մեծ կոմպոզիտորի հետ հաղորդակցվելու, նրա ընկերակցությունը վայելելու այս ընթացքում Խաչատրյանը զարմանքի բազում պահեր է ապրել, հիացել նրա բարձր կուլտուրայով, ոգևորվել քաջալերանքով ու հարստացել նրա տված խորհուրդներով. «…Նրա հետ զրուցում էինք տարբեր թեմաների շուրջ և, որ ամենակարևորն է, մեզ ամենահարազատ՝ երաժշտության մասին: Ալեքսանդր Աֆանասևիչը մեծ ուշադրություն էր դարձնում ֆոլկլորին՝ կոմպոզիտորների «սննդի աղբյուրին»: «Որքան շատ ես տիրապետում ժողովրդական երաժշտությանը, այնքան ավելի շատ բացահայտումներ ես անում»,- պնդում էր նա»:
Իսկ մի դեպք ուղղակի ցնցել էր երիտասարդ կոմպոզիտորին. «…Մի անգամ Ալեքսանդր Աֆանասևիչի հետ քայլում էինք Արբատով,- հիշում է Խաչատրյանը:- Դիմացից գալիս էր կարմրայտ ու արագաքայլ մի մարդ: Դա Զաքարիա Պալիաշվիլին էր: Սպենդիարյանը շատ ուրախացավ: Նրանք ջերմորեն գրկախառնվեցին: Հետո Ալեքսանդր Աֆանասևիչը ներկայացրեց ինձ` «Իմ կոլեգան»»:
Եվ պատասխանատվությամբ ստանձնելով Սպենդիարյանի բնորոշմամբ՝ «կոլեգայի» և իր բնորոշմամբ՝ «Սպենդիարյանի ժառանգը» լինելու պատվաբեր դերը՝ Խաչատրյանը հետագա տարիներին իր գործուն մասնակցությունն ունեցավ Սպենդիարյանի հիշատակի և նրա ստեղծագործական ժառանգության հավերժացման գործում:
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում հանդիպում ենք նամակագրական հավաքածուի՝ Արամ Խաչատրյանի և Վասիլի Ղորղանյանի (Վ. Կորգանով) միջև, ով նշանակվել էր Սպենդիարյանի հիշատակը հավերժացնող պետական հանձնաժողովի նախագահ: Դրանք թվագրվում են 1929 թ.-ով, երբ Խաչատրյանը Գ. Բուդաղյանի՝ Հայաստան վերադառնալուց հետո ստանձնել էր երաժշտական հրատարակության ղեկավարումը, որը տևեց մինչև 1931 թ.:
Խաչատրյանի գործուն մասնակցությունը մենք տեսնում ենք նաև 1971 թ.՝ Սպենդիարյանի 100-ամյակին նվիրված պետական հոբելյանական միջոցառումներին: Բազմաթիվ ելույթներ, հոդվածներ ու հուշեր, որտեղ արդեն աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն ամեն անգամ նույն ջերմությամբ, ակնածանքով ու երախտագիտությամբ է հիշում մեծն Սպենդիարյանին:
Մարինե Օթարյան
Մեր թանգարանի ֆոնդերում բարեբախտաբար պահպանվել է Մոսկվայում՝ Մեծ թատրոնում կայացած հոբելյանական հանդիսավոր նիստի տեսագրությունը, որտեղ ելույթով հանդես է եկել նաև Ա. Խաչատրյանը:
Խաչատրյանի պատգամը հետևյալն է. «Կոմպոզիտորների շատ սերունդներ են դաստիարակվել Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգությամբ: Անձամբ ես շատ ժամեր եմ հատկացրել նրա հիանալի գործերի ուսումնասիրմանը… Ժամանակակից կոմպոզիտորներից յուրաքանչյուրը, ընթանալով որոնումների և կասկածների դժվարին ճանապարհով, չի կարող ու չպետք է մոռանա իր նախորդներին, պետք է ավելի հաճախ դիմի նրանց ստեղծագործությանն ու հասարակական-ստեղծագործական ժառանգությանը: Չէ՛ որ Սպենդիարյանի նման մեծ երաժշտագետներ մեզ են կտակել իրենց ամբողջ մարդկային հարստությունը…. Նա հիմնադիրն է հայ դասական երաժշտության.… և մենք բոլորս Սպենդիարյանի ժառանգներն ենք»:
Մարինե Օթարյան
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն
No Comments