Մարտի 1-ին հանրությանը կներկայացվի ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» ֆիլմը։ «Գարուն ա․․․» -ն ֆիլմ է պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։ Նշենք, որ ֆիլմի թրեյլերն արդեն իսկ հասանելի է համացանցում։
Ֆիլմի գլխավոր դերակատարներից Լևոն Հախվերդյանը փաստում է՝ կինոնկարում արծարծված է դասական դարձած հայրեր-որդիներ թեման։
«Ֆիլմում մարմնավորում եմ գլխավոր հերոսներից մեկին։ Կերպարիս անունը նույնպես Լևոն է, մասնագիտությամբ ջութակահար է, և նրա որոշումից սկսվում է ամբողջ ֆիլմի կոնֆլիկտը։ Ֆիլմում արտացոլված է դասական հայրեր-որդիներ դարավոր թեման։ Իմ հայրը գաղափարակից չէ իր հորը, իսկ ես իմ հերթին այն գաղափարների կրողը չեմ, որը հայրս է տածում։ Երեք հերոսների հարաբերությունները շատ ճիշտ են ցուցադրված։ Իմ հերոսին սպասում է մեծ ապագա․ նրան հրավիրում են Լոնդոն։ Հայրն ուզում է, որ իր որդին չծառայի, իսկ պապը համոզված է՝ երկրի կայունացման համար պետք է ծառայեն բոլորը։ Շատ վառ արտացոլված է տարբեր գաղափարների բախումը»,-նշում է Լևոն Հախվերդյանը։
Դերասանի կերպարը երկու քարի արանքում է՝ չգիտի՝ ինչ անել։ Եթե մինչ այս ընտանիքի անդամները նրա փոխարեն էին որոշում, ապա արդեն որոշում կայացնելը իր պարտականությունն է, ծանր բեռն իր ուսերին է։ Ամբողջ ֆիլմի կոնֆլիկտը կախված է իր կերպարի որոշումից։ Լևոն Հախվերդյանի խոսքով՝ ինչպես պատերազմի ժամանակ տեսանք, այնպես էլ ֆիլմում ականատես ենք դառնում այն փաստին, թե ինչքան լուսավոր մարդկանց կյանք մնաց կիսատ պատերազմի պատճառով։
«Գեղարվեստական ֆիլմում իմ առաջին փորձն է որպես գլխավոր դերակատար։ Մինչ այդ աշխատել եմ «Սահմանին» հեռուստասերիալում կրկին ռեժիսոր Ռոման Մուշեղյանի հետ։ Մեծ ուրախությամբ եմ աշխատել ամբողջ թիմի հետ, առաջին իսկ օրվանից շատ ջերմ մթնոլորտ էր տիրում ու շատ սովորելու բան կար նկարահանման ընթացքից»,-նշում է Լևոն Հախվերդյանը։
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, իսկ կոպոզիտորը՝ Արման Էլբերտը։ Մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։
Դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լևոն Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհանիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի և այլք։
«Գարուն ա․․․» ֆիլմում կոչ է արվում լրջորեն խորհել պետական մտածողության, պետության պահպանման, ազգային գաղափարախոսության ստեղծման մասին, որում յուրաքանչյուրի դերը առավել քան կարևոր է։ Հիշեցնենք, որ ֆիլմը Aratta Production-ի, Vision Studio-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրությունն է։ Այն նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ArLeAM-ի աջակցությամբ։
No Comments