ՄշակութաԳիծ Թանգարան Կարինե Ռաֆայելյան

Հոգևոր շփում. Դեմիրճյան-Թումանյան-Կոմիտաս

26.09.2019

Թանգարաններում պահպանվող ցուցանմուշները ոչ միայն բացառիկ են, արժեքավոր ու հետաքրքիր ինքնին, այլև մղում են տարատեսակ պրպտումների և ուսումնասիրությունների, որոնց արդյունքում բացահայտվում են մեծ ու փոքր ճշմարտություններ: Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում պահպանվող մի շարք գրքեր, լուսանկարներ, նամակներ և այլ ցուցանմուշներ բացահայտում են հոգևոր մտերմության, մարդկային մեծ բարեկամության մի բազմաշերտ աշխարհ, ուրում փոխշփումների մեջ են Դերենիկ Դեմիրճյանը, Հովհաննես Թումանյանը և Կոմիտասը:

Առանձնացնենք դրանցից մի քանիսը:

XX դարի շեմին հայ գրականության պատմության մեջ կատարվեց նշանակալի մի իրադարձություն. ժամանակի անվանի և ապագա խոստացող երիտասարդ գրողներն ստեղծեցին «Վերնատուն» գրական խմբակը, որն իր շուրջ համախմբեց հայ առաջադեմ մտավորականությանը և ձեռնամուխ եղավ կանոնավոր հավաքների կազմակերպմանը:

Դեմիրճյանի համար այս հավաքները միջոց էին՝ հարուստ նյութ քաղելու իր ոչ միայն գրական, այլև գեղանկարչական ձիրքերի համար: Իր հուշերում նա պատմում է.


«Մենք սկսեցինք քննադատական վերաբերմունք ցույց տալ մեզանից դուրս եղած գրականությանը և քննադատությանը: Ես զավեշտական թերթիկներ էի կազմում հատուկ այդ երեկոյի համար, ուր ծաղրանկարում էի զանազան անձնավորությունների: Մի անգամից ավելի Լեոն դառել է իմ նկարների հերոսը»:

Այդ ծաղրանկարներից մեկի «հերոսը» Թումանյանն է: Ծաղրանկարի վերևում արված է այսպիսի գրառում.

«Հոգուս մեջ ահատեսիլ ձևեր դանդաղորեն կտարտամին ծուլության ճամփին վրա… Ու ես կտոկամ՝ ի քուն ընկղմած, գանգիս մեջ «Բլբուլն հազարան», որու թուղթն գնած պատրաստ է արդեն: Սպասեցեք, ո՜վ եղբայրներ, քնես հոգնելեն և այդ հոգնությունն նորեն քնով հանգստացնելեն ետքը… սակայն քունս կտանի, ծառայություն»:

Իսկ ծաղրանկարի շուրջ Դեմիրճյանը նկարել է Թումանյանի հերոսներին, նշել նրա ստեղծագործությունների վերնագրերը, ինչպես և գրառում կատարել քնած Թումանյանի վրա գցված ծածկոցի հատվածում: Ահա այդ գրառումների վերծանումը.

Նոր գրվելիք և չգրած հին գրվող բաներ

Պոետն ու մուսան

Դեպի անհունը

Լոռեցի Սաքոն

Թմբկաբերդը

Անուշ

Հազարան բլբուլը

Սասունցի Դավիթ:

Այս ծաղրանկարը հրապարակվում է առաջին անգամ: Բնօրինակը պահպանվում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:

Մինչև Թումանյանի կյանքի վերջը Դեմիրճյանը եղել է Մեծ լոռեցու կողքին, նրան վերաբերվել բացառիկ սիրով ու ջերմությամբ: Լավագույն վավերագրերը, թերևս, նամակներն են, որոնցում բացվում է հոգեհարազատության մի բազմաշերտ աշխարհ:
Ահա անթվակիր մի նամակ:



Դեմիրճյանն այն Թումանյանին է գրել Սանահինից. նա այնտեղ էր մեկնել իբրև հովեկ՝ առողջարանում կազդուրվելու: Եվ ահա ինքն իրեն նկարելով սարերի գլխին՝ բնաձայնական վանկարկումներով դիմում է Թումանյանին՝ տեղեկացնելով, թե ինքը նրա ծննդավայրում է և բարձր սարերի գագաթից իր ողջույնն է հղում Թումանյանին, նրա կնոջը՝ Օլյային, երեխաներին:

Ի տարբերություն Թումանյանի՝ Կոմիտասի հետ Դեմիրճյանի շփումները չեն վերաճել անձնական մտերմության և սերտ բարեկամության, սակայն Դեմիրճյանը խորագույն ակնածանք է տածել Կոմիտասի անձի և գործի հանդեպ: Կոմիտասի հետ Դեմիրճյանի հարաբերություններն սկսվել են բացասական ենթատեքստով:

1992-94թթ. Դեմիրճյանը եղել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սան: Նրան երգ-երաժշտություն է դասավանդել Կարա-Մուրզան: Մեկ տարի անց ճեմարանի տեսչությունը աշխատանքից ազատել է Կարա-Մուրզային՝ նրան փոխարինելով Կոմիտասով: Իրենց ուսուցչին հասցված վիրավորանքը ծանր են տարել ճեմարանակենները և այս ալիքի տակ միանգամից ժխտողական վերաբերմունք ձևավորել Կոմիտասի նկատմամբ: Սակայն հետագա տարիները, Կոմիտասի՝ օր օրի աճող հեղինակությունը, անուրանալի վաստակը, բնականաբար, Դեմիրճյանին մղել են վերանայելու իր հայացքները և իբրև բարձրագույն արժեք ընկալելու ու ներկայացնելու Կոմիտասին: Ահա գրողի անձնական արխիվում պահպանվող մի ինքնագիր անտիպ թերթիկ:

Դրանում Դեմիրճյանը հակիրճ բնութագրում է Կոմիտասին.

«Կոմիտասի երաժշտության մեջ հայ երաժշտության ձայնն ենք լսում: Բազմադարյան ձայնը՝ հողի, պայքարի, հույսի, կյանքի իմաստնության: Ահա թե ինչումն է Կոմիտասի ուժն ու հմայքը»:

            Հավելենք, որ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում պահպանվում և ցուցադրվում են այս մեծերի բարեկամությանն առնչվող հետաքրքիր ցուցանմուշներ, որոնք տեսնելու հնարավորությունը, կարծում ենք, չարժի բաց թողնել:

Կարինե Ռաֆայելյան  
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ                                                

                                            


No Comments

Leave a Reply