…Եվ որքա՜ն արշալույսներ կան,
Որ տակավին չեն բացված…
Գաղափարական ներկան
Նայում եմ հեռուն՝ դեպի վեր ձգվող լեռները, դեպի երկնակամարում փռված պայծառ արևը, դեպի ապագան…
Կապուտաչյա Սևանը ևս մի առավոտ է դիմավորում, և այդ պայծառ առավոտն իր հետ բերում է մեր հույսերը, կյանքը, նոր գաղափարները: Կապուտաչյա Սևանի հետ դիմավորած ամեն առավոտը և նրա ծոցում անցկացրած գիշերները նորանոր գաղափարներ են ծնում, որոնք էլ այն հավերժ գեղեցկություններն են ստեղծում, որով ապրում է Հայաստանը:
…Կապուտաչյա Սևանը թող մեր ստեղծած աշխարհը լինի, այն վայրը, որտեղ սիրում ենք ու երազում, թող մեր դրախտը լինի:
Հետադարձ հայացք
Նայում եմ հեռուն՝ այն հույսով, որ կտեսնեմ ապագան: Այդ հույսը կիսում եմ հեռվում գտնվող արևի, լեռների և… Սևանի հետ:
Ո՞վ եմ ես… ես հույսն եմ, հավատը: Դե՜, մարդիկ, տեսե՜ք, ես ձեր ապագան եմ, ազատությունը, անկախ Հայաստանը, ձեր երկաթե շերեփը; Եկել եմ, որ ձեր բաժին հարիսան բաժանեմ ձեզ: Եկել եմ՝ ձեզ այս տձև քաոսից դուրս հանեմ, որ հավատ ներշնչեմ, որ պոետների երգած Հայաստանը ստեղծեմ, որտեղ մուրացկաններին փոխարինելու են գալու վեհ գաղափարներով օժտված երիտասարդները, որտեղ լափող ու չկամ պաշտոնյաների աթոռները զբաղեցնելու են ժողովրդի ազգասեր և հմուտ ընտրյալները: Ես եկել եմ, որ դուք ապրեք ձեր երազներում…
Ո՞վ եմ ես… Ես ականատես եմ: Տեսնում եմ մուրացկանների, «նվիրյալ» պաշտոնյաների: Ամեն ինչ տեսնում եմ, բայց կանգնած եմ անշարժ՝ Քանաքեռի լեռների վրա: Մի ժամանակ ապաստան էի տվել մի մարդու, որ ծովը կրում էր իր մեջ և ինձ էլ բերել էր այդ երանելի թվացող ծովից: Նա ուզում էր՝ այդ մարդկանց սրտերում ծովի նման ներդաշնակություն ու հարատևություն տիրի: Այդ մարդը չկա: Այժմ այդ ծովերի ոգին (ինչպես ես եմ սովոր անվանել նրան և կարծում եմ՝ շատ է սազում) օդից կախված խոստումների զոհ է դարձել՝ ձեռքում պահած ինչ-որ մարդկանց ստորագրություններով ինչ-որ «կարևոր փաստաթղթեր», որոնք կօգնեն ինձ դառնալ այն, ինչ որ որոշել էր ինձ համար ճակատագիրը: Բայց ես նույն ականատեսն եմ: Նորից նայում եմ դեպի հեռուն՝ Քանաքեռի բարձունքից, միայն թե, այժմ ապաստան եմ տվել անտերուդուս մուրացկանների, թափառական կատուների… ամեն ավարտվող օր իր հետ տանում է նաև այն մարդկանց, որոնք հավատում էին ինձ, որոնք սեղանների շուրջ իմ նպատակների իրագործման կենացն էին խմում: Դե իհարկե, նրանց մեղադրել չեմ կարող: Նրանք չեն հավատա անշարժ, արդեն գունաթափ եղած ու ժանգոտված մի ականատեսի, որը երկար ժամանակ գնացքի վագոնում անշարժ մնալուց հետո այժմ էլ Քանաքեռի լեռների վրա է անշարժացել: Չեն հավատա թշնամիներին իրենց գոյությունը մատնող «պայծառ ապագային»: Այժմ նրանք հավատում են օտարին, մի ինչ-որ Կարմիր բանակին: «Կարմիր բանակ» ասվածը ձեռքում պահում է իրական ստորագրություններով իրական կարևոր փաստաթղթեր, որոնք էլ ազգին հարիսա բաժանող երկաթյա շերեփներն են: Եվ ափսոս՝ ուշ եմ իմացել, որ ծովերի ոգուց բացի, կային ուրիշ ոգիներ, որոնք ինձ էին ապաստան տվել իրենց գաղափարներում: Միայն թե՝ նրանց ես չեմ տեսել, մենք գոյություն ենք ունեցել՝ իրար զգալով և հավատալով միմյանց գաղափարներին: Այժմ նրանք էլ են դարձել օտար մեսիայի զոհը:
Դժվար է բացատրել այն մեկի զգացմունքները, որն ի սկզբանե եկել էր՝ մարդկանց ցույց տալու դեռ չբացված արշալույսները, բայց որն այժմ անշարժացած, զուտ ականատեսի աչքերով ստիպված է հետևել, թե ինչպես է քաղաքը կործանվելու սոսկումից՝ պատերազմում սեփական ստվերների հետ անգամ:
Ո՞վ եմ ես… Ես նույն ականատեսն եմ՝ քարացած պատմության քառուղիներում: Բայց հիմա ինձ կրկին գույներով են լցնում, կրկին փայլեցնում են: Այժմ կրկին ապաստան եմ տվել ծովերի ոգուն և մյուս ոգիներին, որոնց ձեռքերում ինձ կյանք տվող փաստաթուղթն է: Չէ՜, իրական փաստաթուղթը՝ իրական ստորագրությունը վրան: Երևի այսուհետ հեռվում կտեսնեմ ոչ թե հուսախաբ անող ու կործանվելու նոր սարսափներ բերող արևը, այլ…
Վերադարձ դեպի գաղափարական ներկա
Բարև, Արև, բարև, Կապուտաչյա քույր… Իմ հոգում բացված արշալույսը բացվեց և երկնքում: Այժմ ես իմ աևրառատ քույրիկի գրկում եմ, իսկ ծովերի ոգին՝ իր Զվարթի (կամ էլ՝ երազների ոգու հետ, ինչպես ես եմ սովոր անվանել նրան):
-Զվա՛րթս, գիտե՞ս, ասում են՝ Լուսավորչից առաջ այս վայրերում մեծ և զորեղ աստվածներ էին ապրում:
-Թանկագի՛ն Արա, նրանք դեռ կան, այստեղ են:
-Իսկ ես կարծում էի՝ առասպելներ են:
-Առասպելները ավելի իրական են, քան իրականությունը:
Կամա՜ց, Սևա՜նս, արի չխանգարենք, թող իրենց երազած արշալույսն էլ բացվի…
-Անուշի՛կ քույրիկս, ի՞նչ ես կարծում՝ ի՞նչ է երկինքը, որ ամեն օր բարևում է քեզ, ժպտում և ոչինչ չի ասում: Իսկ դու, փոխադարձաբար ժպտալով, հասկանում ես նրան: Գուցե դրանի՞ց է, որ քեզ բարևելուց հետո նա ավելի է ժպտում, արևը ավելի պայծառ է շողում:
-Մեծ բեմադրող է երկինքը, թանկագի՛ն եղբայրս, Արևը ամեն օր դուրս է գալիս և ներս է մտնում, ինչպես հսկայական դրամայի հերոս… Եթե մարդ կարողանար ճանաչել մյուս ծածկված դերակատարներին…
Իսկ մեր խոսուն լռությունը… Կան բաներ, որ խոսքերով չես կարող արտահայտել: Այդ խոսքերը չես կարող ասել. եթե ասես, քեզնից կփախչեն, կհեռանան, ավա՜ղ, ընդմիշտ…
-Ա՜խ, իմ կապուտաչյա՛ քույր, դու ապրում ես քո ստեղծած ռոմանտիկական աշխարհում…
Գայանե Գալոյան
No Comments