Արցախ Կարինե Ռաֆայելյան

Կարինե Ռաֆայելյան, Մխացող 44-օրյան

07.11.2022

44-օրյա պատերազմի ձգվող հետագիծը իր արտացոլումն է գտնում տարբեր նախաձեռնություններում: Այդպիսի մի նախաձեռնություն է www.Banak.info կայքի հիմնադիր Դավիթ Թորոսյանի հրատարակած «44-ի տղերքը» գիրքը: Այն ներկայացնում է 2020-ի պատերազմի մասնակից տղաներին՝ ապրող և անմահացած, որոնց հավերժացրել է Դավիթը՝ լինելով պատերազմի ամենաթեժ կետերում: Բուն մարտական գործողությունների և հարաբերական անդորրի ժամանակ արված լուսանկարներում քիչ չեն այն զինվորները, որոնց կյանքի վերջին ակնթարթներն է հավերժացրել Դավիթ Թորոսյանը: Ուստի գրքում տեղ գտած լուսանկարներից որոշները, հեղինակի չափանիշներով չունենալով բավարար որակ, այնուամենայնիվ զետեղվել են գրքում՝ որպես անմահացած այս կամ այն քաջորդուն պատկերող վերջին ֆոտովավերագիր:

Գրքի կազմը

Լուսանկարներն ընդմիջվում են հեղինակի ժամանակագրություն-մեկնաբանություններով, որոնք լրացնում են գրքի էջերից մեզ նայող խոսուն հայացքների, պատերազմի հետքը կրող շենք-շինությունների, բնապատկերների շարքը:  

«Քիթս վառոդի հոտ էր առնում. չգիտեի երբ, բայց որ կռիվ լինելու էր՝ հաստատ: Սովորություն է՝ մասնագիտական գործունեությամբ զբաղվել օդում, ջրում և ցամաքում, քնած թե հարթմնի, մեքենայի ղեկին, թե ուրախ-տխուր արարողությունների ժամանակ»,- 2020-իսեպտեմբերի 27-ի նախօրեին ունեցած իր կանխազգացումներն է ձևակերպել Դավիթ Թորոսյանը:

Զարմանալի չեզոքությամբ է ներկայացված պատերազմը Դավիթ Թորոսյանի գրքում, անգամ հումորն է այստեղ ներդաշնակորեն առկա: Դավիթն աներևակայելիորեն հավասարակշռված է իր խոսքի, լուսանկարների, տեսանյութերի մեջ: Նույնիսկ գլխից ստացած իր վիավորումի մասին է պատմում հումորախառն հավասարակշռությամբ: 

«Ինֆորմացիան պետք է մատուցվի սառը սկուտեղի վրա՝ խուսափելու տաք արյան դաժան հետևանքներից: Դավիթ Թորոսյանի այս աշխատությունը ցավի ու ավերի չխմբագրված արտացոլումն է՝ պատերազմի աստծու՝ հրետանու համազարկից մինչև արկերի հետ աշխատող պրոֆեսիոնալներ, անօդաչուների տարափից շփոթվածներ, թշնամու զինվորին դեմ հանդիման սպասող ռազմիկներ, պատերազմով եղբայրացած տղաներ, հայկական հաղթանակի հավատո հանգանակն իրենց սրտում ու հոգում բարձր պահած զինվորականներ, միտքը, սիրտը, հոգին ու բազուկն այս պատերազմում ներդրած սպաներ, պարզ ու հասարակ տղերք, բժիշկներ, ինժեներներ, հրետանավորներ, շինականներ, ռազմիկներ, մտավորականներ, որոնք հաղթելու անսասան կամքով գնացին ճակատ»,- գրում է քաղաքագիտության թեկնածու, դոցենտ, գրքի խմբագիր Աբրահամ Գասպարյանը:

Լուսանկարների և տեքստային ժամանակագրության ասեիքը լրացնում են կարճ, բայց մեծ բովանդակություն ունեցող տեսանյութերը, որոնք կարելի է դիտել գրքում հրապարակված QR կոդերի միջոցով: Տեսանյութերն ամփոփում են պատերազմական իրականության բազմաշերտ պատկերներ՝ ֆոսֆորային ռումբերի ավերածությունից մինչև թշնամու խոցվող ԱԹՍ, Մռավից լսվող զինվորի երգից մինչև Ադրբեջանական բզեզ կոչվածի հետապնդում ու էլի այլ թեմաներ:

Գիրքը եզրափակող խոսքում Դավիթ Թորոսյանը իրեն թույլ է տալիս իրապատում-ժամանակագրությունից անցում կատարել երազի ոլորտ. «Գոհ, բավարարված և երջանիկ կլինեմ, եթե այս գիրքը, որ հոգու պարտք է ինձ համար, դառնա փոքր մի կաթիլ մեր միասնականության, ոգեշնչման, վեր հառնելու, հանուն գալիք հաղթանակների տքնաջան աշխատանքի օվկիանոսում և համեստորեն նպաստի հայի ու Հայաստանի գալիք հաղթանակներին»: Այսպես է ամփոփվում «44-ի տղերքը» գիրք-ալբոմը:

Խոնրահումով 44-ի տղերքի ապրած, ապրվելիք ու չապրած տարիների, Դավիթ Թորոսյանի սխրանք-տքնանքի առջև՝ մեզ մնում է միանալ վերջինիս երազանքին ու այն դարձնել իրագործելի նպատակ մեր շարունակականության ճանապարհին:

Լուսանկարները՝ հեղինակի


No Comments

Leave a Reply