ՕրԸնթաց Հրատապ

Մի լույս մեր հույսի ճանապարհին

13.12.2019

Միացյալ Նահանգների Սենատը միաձայն քվեարկությամբ հաստատեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող՝ սենատոր Ռոբերտ Մենենդեսի ներկայացրած թիվ 150 բանաձևը։

Ցնցվա՞ծ ենք, հուզվա՞ծ, երախտապա՞րտ, հպա՞րտ, վրիժառո՞ւ, լավատե՞ս… Ինչպե՞ս ի մի բերենք դարից էլ երկար ձգված մեր ապրումի հանրագումարը, երբ չենք կարողանում անգամ արտածել այս մեկ գիշերվա մեջ մեզ համակած ցնծագին-արցունքառատ հոգեվիճակի բանաձևը:

Շնորհակալությո՛ւն, Ամերիկա՛: Շնորհակալությո՛ւն, սենատո՛ր Մենենդես: Շնորհակալությո՛ւն, ամերիկյա՛ն՝ աննախադեպորեն միաբան սենատորներ: Շնորհակալությո՛ւն, Քի՛մ. դու մերն ես, քեզ վերջում հիշատակենք: 

Դուք իջեցրիք վաղուց ուշացած շառաչուն ապտակը ցեղասպան (շեշտադրում ենք՝ ցեղասպա՛ն) թուրքի գազանակերպ դեմքին: Դուք ոչ միայն կանաչ լույս վառեցիք մեր տառապյալ ազգի՝ ավելի քան հարյուրամյա երազանքի իրականացման ճանապարհին, այլև սանձեցիք այն ոճրագործի մարմաջը, որն այսօր էլ իր դիվային գանգում հունցում է նոր ցեղասպանությունների խմորը:

Աշխարհը փոխում է իր դիմագիծը. սրա շահառուն Երկիր մոլորակի բազմազգ բնակիչներն են:

Կարինե Ռաֆայելյան



No Comments

Leave a Reply