bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetpercasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole
ԳրաԴաշտ Նանե

Նանե. Ավելի հեռու…

14.01.2021

Կանգն անհրաժեշտ էր վտանգի սահմաններից դուրս, գոնե մեկ պահ, գուցե և ավելի՝ լիաթոք, խորը շունչ քաշելու համար, կծիկ դարձած նյարդերի լարումը թուլացնելու համար: Ձեռքը նորից ծոցագրպանը տարավ ու արդեն որերորդ անգամ շոշափեց ոսկյա զարդերի՝ սիրտը ջերմացնող սառնությունը:

— Վա՛ղ, Վաղո՛,- հեռախոսի մյուս կողմում ընկերն անհամբեր սպասում էր,- ամեն ինչ լա՞վ ա, դու ո՞ւր ես: Արի, մի քիչ ուշ հանդիպենք, զգույշ է պետք լինել:

Ու հենվեց մայթի երկաթյա ցածր ճաղաշարին` անհանգիստ աչքերն անցորդից անցորդ անիմաստ սահեցնելով:

Անցորդներից մեկը շփոթված տեսք ուներ, մի երկու քայլ էր անում, հետո կանգնում, շրջվում, հայացքը պտտեցնում շուրջը, նորից մի քանի քայլ անում, նորից կանգ տալիս: Հետո ձեռքը դեպի սիրտը տարավ, աչքերը կկոցեց, ապա նորից աջուձախ նայեց, ապա… թողած իր կողքից անցնողներին, ոչ հեռու կանգնածներին, աչքերը հառած երկաթյա ճաղաշարին հենվածին՝ քայլեց դեպի նա ու… ոչ ավել, ոչ պակաս.

— Մա՛րդ Աստծո,- մրմնջաց…

Դիմացինը փշաքաղվեց…

— Մա՛րդ Աստծո,- ավելի թույլ, հազիվ լսելի  ձայնով կրկնեց մոտեցողը:

Դիմացինի մարմնով շանթող ցուրտ անցավ, ականջների լսածից ինքն իրեն կորցրեց, ոտուձեռը շարժեց անկապ, կանգնեց, էլի հենվեց սառը երկաթին. մեջն ինչ-որ անհանգիստ բան մտած՝ իրեն տեղից-տեղ էր նետում:

— Ես էլ հենվե՞մ այստեղ, ոտքերիս մեջ ուժ չկա,- հարցրեց անծանոթը:

Երկաթյա ճաղաշարին հենվածը զգույշ մի կողմ քաշվեց, թեպետ ճաղաշարը երկար էր, ու տեղ՝ ինչքան ասես կար:

— Վա՞տ եք,- հարցրեց կմկմալով:

Կողքինը նայեց նրան, բայց լուռ էր:

— Վա՞տ եք,- հարցը կրկնեց:

— Բան չկա, մի՛ անհանգստացեք:

Բայց ո՞նց չանհանգստանար. անսպասելի իր մեջ թափանցած «մարդ», թե «Աստված» բառերի ջերմությո՞ւնն էր, լո՞ւյսն էր, ի՞նչն էր՝ միջի կոշտությունը փափկացրել էր, արյան հունի մեջ տրոփում էր անուշ-անուշ: Ու գրպանը տարած ձեռքն այս անգամ, դիպչելով գողացված զարդերին, նրանց հպումից սարսռաց:

— Գնանք,- հանկարծ կտրուկ ասաց ու տղամարդու թևը բռնած՝ համարյա պարտադրանքով տարավ իր հետ դեպի քիչ հեռվում՝ թփերի կանաչի մեջ թաք կացած նստարանը:

-Նստի՛ր,- հրամայող տոնով ասաց ու նրան երեխայի պես հոգատարությամբ տեղավորեց նստարանին, ինքն էլ նստեց կողքին: 

Իր նման՝ կյանքի բոլոր թունդ երակները ճանաչած, շոշափած, ապրած մեկը ու՝ կարեկցա՞նք: Սրտի տեղն անգամ մոռացել էր, իսկ հիմա մի բան խուտուտ էր տալիս կրծքավանդակի ձախ կողմում. ցավ չէր, տհաճ բան չէր, հակառակը՝ ցանկալի, մոռացված մի բան էր: Այս ի՞նչ էր կատարվում իր հետ: Իսկ երբ շփոթված մարդը քնքշանքով իր կողմը նայեց ու… նորից…

— Մա՛րդ Աստծո,- ասաց,- լավ եմ, բան չկա:

Սիրտը բարակեց, թուլացավ, փլվեց…

— Հեսա ջուր բերեմ:

Հենց մոտիկ մթերքի խանութ կար, արագ մեկ շիշ «Նոյ» վերցրեց ու հետ եկավ.

— Խմի՛ր:

— Անունդ ի՞նչ է:

— Սուրեն,- սովորության համաձայն արագ մի պատահած անուն նետեց, բայց հետո վատ զգաց Աստծո անունը տված մարդուն սուտ անուն ասելուց:

— Պարգև,- ուղղեց ինքն իրեն:

— Հա, հենց պարգև ես, որ կաս: Իմը Հարություն է: Լավ է, որ քեզ պես լավ մարդիկ էլ կան, թե չէ մեկ-մեկ էնպես եմ մարդկանցից հիասթափվում: Փողս գողացան, ավտոբուսո՞ւմ, թե՞ խանութում, չիմացա,- կողքինին նայեց հոգոց հանելով:- Մատաղի փող էր,- բացատրեց,- տղաս հիվանդանոցում է, ծանր է, հույս չեն տալիս: Կոպեկ-կոպեկ քառասուն հազար դրամ էի հավաքել: Բա՞, էդպիսի մարդիկ էլ կան՝ ուրիշի քրտինք ուտող, մարդ ու Աստված ուրացած: Բա՞, Պարգև ջան:

Պարգևը շփոթված նայեց նրան, բայց անմիջապես էլ հայացքը փախցրեց:

Հիվանդ տղաաա՜, մատաղի փոոո՜ղ… Կարող էր և անտարբեր թողնել ու գնալ, բայց… հանկարծ ընդոստ կանգնեց.

— Դու էստեղ սպասիր, ես հիմա կգամ: Տես, հա՜, չգնաս:

Տունը չէ, կացարանը, որտեղ ապրում էր, հեռու չէր, արագ տեղ հասավ: Թաքստոցից հանեց ունեցած ողջ գումարն ու դուրս եկավ:

Հարությունն այնտեղ էր՝ խեղճացած, ջարդված ու այս ընթացքում ասես ավելի փոքրացած:

— Էս վերցրու,- Պարգևը փողը մեկնեց նրան,- մատաղին հերիք կանի, չուշացնես: Տղայիդ բուժումը հաստատ էդ ա:

— Եղբայրս, էս ի՞նչ ես ասում, ես ո՞նց վերցնեմ:

— Կնեղանամ: Հենց նոր ինձ եղբայր ասիր, բա եղբոր տղայի մատաղին իրավունք չունե՞մ ես էլ մասնակցելու: 

Հարությունը հուզվել էր, չգիտեր՝ ինչպես վարվեր: Տղային հիշեց, ու վճիռը պարզ էր.

— Վերցնում եմ, Պարգև ջան, բայց անպայման վերադարձնելու պայմանով: Հեռախոսահամարդ ասա:

Պարգևը սխալ համար թելադրեց, ուզում էր գումարն անվերադարձ թողնել. երբեք ինքն իրեն այսքան դուր չէր եկել:

— Մատաղն ընդունելի լինի ու տղայիդ առողջություն,- ասաց ու արագ-արագ հեռացավ:

Սիրտը կակղած-կակղած զանգեց ընկերոջը, հանդիպեցին Թումոյի այգու՝ աչքից հեռու մի տեղում ու նստեցին հենց խոտածածկ գետնին.

— Վաաա՜խ,- Վաղոն ձգվեց բուրող կանաչին, ասես նրան տվեց օրվա մեջ կուչուձիգ եղած նյարդերի լարումը, հետո ուղղվեց ու արդեն սթափ ու կենտրոնացած նայեց ընկերոջը:- Հը՞…

 — Է՛ս ա,- թղթի մեջ փաթաթած ոսկյա զարդերը Պարգևն ընկերոջը մեկնեց,- է՛ս ա:

Վաղինակը, գրեթե խլելով փաթեթը, արագ գրպանը խցկեց: 

— Էս էրկու օրը հարցերը կլուծեմ:

— Շուտ կանես. համարյա զրոյի վրա եմ:

— Դե հա, բայց մոտդ պիտի որ մի քիչ փող լիներ:

— Ես էլ պարտք ունեի, քեզ չեմ ասել, բայց վաղուցվա պարտք էր,- ստեց Պարգևը: Չգիտես ինչու՝ ոչինչ չցանկացավ պատմել իր ու Հարություն անունով մարդու հանդիպման մասին: Հետո հետ ընկավ ու պառկեց խոտերին, իրեն էլ մի քիչ թուլանալը չէր խանգարի և՝ ոչ միայն այսօրվա հաջողված գողության լարումից:

Վերևում՝ բարալիկ ծառերի սաղարթներից վեր, երկինքն ինչ-որ շատ էր կապույտ, անհամեստության հասնող չափի, մանկության մուլտերի վառ գույներից էլ վառ, խիտ՝ աշխարհի կապույտներն իր մեջ հավաքած:

— Վաղո, ըսենց երկինք տեսած կա՞ս, շշմելու բան է: Կյանքումս նման բան չեմ տեսել:

Վաղոն մի ծուռ հայացք գցեց դեպի վեր ու ուսերը թոթվեց.

— Հա, ի՞նչ է, որ, երկինք է, էլի, սովորական երկինք: Դու էն ասա, քեզ հո մարդ-մուրդ չտեսա՞վ:

— Չէ, լրիվ մաքուր գործ էր:

— Հա, ես էլ կարողացա աննկատ դուրս պրծնել: Մեր բախտից էր՝ ո՛չ բակում մի շունչ կար, ո՛չ էլ՝պատուհաններից նայող: Լավ պրծանք,- հետո ձեռքն առած փայտի մի կտորով սկսեց հողը քչփորել, մտքերն ուրիշ տեղ էին տարել, ինքն իրեն դժգոհ փնչում էր:- Էն անաղուհաց Մուրադը պարտքն էր ուզում, ասի՝ պիտի համբերես, մի քոռ գրոշ չունեմ: Ինքն էլ տարավ-բերեց ու ի՞նչ ասի, որ լավ լինի:

Պարգևը հարցական նայում էր:

— Վզիդ խաչը տուր, մինչև փող ճարելդ՝ գոնե էդ տուր:

-Յաաա՜,- ով՝ ով, բայց Պարգևը լավ հասկացավ ընկերոջը: 

Արծաթյա փոքրիկ խաչերը մանկատան սաների համար բարեգործականի կազմակերպած մկրտության ժամանակ էին ստացել:  Փոքր էին, պատառ-պատառ հուշեր էին միայն մնացել այդ ծեսից, քավորին էլ լավ չէին հիշում, ու միայն խաչն էր, որ ներկա էր այդ անցած օրից: Խաչը ընկերների ամենաթանկ ունեցածն էր, խաթարված, հազար ծուռ ու պակասով  անցած մանկությունից իրենց հետ եղած անդավաճան հարազատը, խաչը հույս էր, հոր գիրկ, մոր գորովանք, օրվա հաց, տուն ու տանիք և, ի վերջո, աշխարհի կապույտներն ու Աստված իր մեջ ամփոփած Երկինք…

-Յաաա՜,- նորից  շփոթված կրկնեց Պարգևը՝ ձեռքը ակամա դեպի իր պարանոցի շղթան տանելով:

— Հա, բա՞: Ասի՝ լսի՛, էս խաչը քո համար հեչ բան ա՝ մի օրվա հաց, բայց իմ համար… Էն ա կյանքս. ուզո՞ւմ ես, վերցրո՛ւ: Ձեռ քաշեց:

— Թո՛ւհ, ես դրա…

Ամենաթանկը խաչն էր ու իրենց ընկերությունը:

Մանկատան բոլոր երեխաների պես երկուսն էլ իրենց ծնողներին գտնելու երազանքով էին մեծացել՝ կարոտը, վիրավորանքը, կիսատության ցուրտը հոգիներում: 

Պարգևի ծնողներից այդպես էլ ոչինչ չկարողացան իմանալ: Բայց Վաղինակի հոր ու մոր տվյալները մանկատան աշխատողներից մեկը՝ Վարսիկը, տվեց. «Մարդ չիմանա,- ասաց,- իրավունք չունենք»: Արդեն մեծ էին, հո մանկատանը աղջիկների նման չէի՞ն ծվարելու, մինչև արտասահմանից մի խելապակաս բիձա կամ հաշմանդամ «փեսացու» ճարվեր: Հասուն տղաներ էին ու օրերից մի օր իրենց հետևից փակեցին այդ դուռը և ուղևորվեցին դեպի… դե իհարկե՝ փողոց…

Երկար ժամանակ սիրտ չէին անում Վարսիկի տված հասցեով գնալ: Այդ երկմտանքն ու վախը հասկանալու համար պետք է մոր ու հոր երես չտեսած, ծննդյան օրերին հարազատների նվերներ ու մոմերով տորթ չվայելած Վաղինակ լինել, Պարգև լինել, Ռուբեն լինել, Լիլիթ, Հերմինե, Կարեն, այն լալկան աղջկա անունն ի՞նչ էր, հա՛, Սիրուշիկ, հետո՝ Անի, Լուսինե, Ղևոնդ… շատ են… ո՞ր մեկին թվես:

«Ես արդեն հետաքրքրվել եմ, հերդ օլիգարխ է,- ասել էր Վարսիկը,- սաղ քաղաքը իրան գիտի: Աստված տա՝ ընդունի քեզ, տղա՛ ջան: Կընդունի, բա ի՞նչ պիտի անի: Էդ փողերը հո գլխին չի՞ տալու»,- ավելացրել էր՝ այնքան էլ իր ասածին չհավատալով:

Վարսիկը Վաղինակի ծննդյան պատմությունն էլ էր արել՝ աշխարհի պես հին, հազարավոր անգամներ կրկնվելուց արդեն մաշված, անգամ հույզ չառաջացնող: Մանկատներում որ նման պատմությունների պակաս չկա.  երկու ջահել, անսպասելի հղիություն, տղան պահանջում է ազատվել երեխայից, աղջիկը վերջին պահին չի համարձակվում, բոլորից թաքուն ունենում է երեխային: Սրանից հետո երևի սյուժեն շատերից մի փոքր առանձնանում է. մայր դարձած, բայց իրեն մայր չզգացող աղջիկը երեխային  տալիս է մի անծանոթ կնոջ, խնդրում մի քանի րոպեով նայել, մինչև ինքը խանութ կմտնի՝ ամեն դեպքում, ինքն էլ չիմանալով, թե ինչու,  իր անուն-ազգանունը նախապես գրել-դնելով երեխայի բարուրի մեջ: Կինը երկար է սպասում, հետո… հետո ի՞նչ. սկսվում են Վաղինակի մանկատնային օրերը:

Վարսենիկը պարզել էր նաև պատմության մնացյալ մասը. Վաղինակի հայրն ու մայրը ավելի ուշ նորից հանդիպում են, ամուսնանում, բայց աղջիկը երկար ժամանակ դեռ չի համարձակվում ասել, որ երեխան, այնուամենայնիվ, ծնվել է, և որ ինքն իր երեխային… Հետո… վթար, ու մայրը, որ երբեմն մանկատանն այցելում էր իր փոքրիկին՝ հուսալով, որ մի օր ամուսնուն ամեն բան կպատմի, մահանում է՝ այդպես էլ գաղտնիքը չբացած:

Երկու ընկեր հասան ու կանգնեցին շքեղից-շքեղ առանձնատան  դարպասների մոտ. երկար կանգնեցին:

— Գնանք, ախպերս, էս մեր բանը չի:

— Վաղո, Վաղո ջան, կարող ա ընդունեն, տես՝ ինչ կյանք կունենաս: Տո, կյանքը՝ հեչ, հեր կունենաս:

— Չէէէ՜,-տհաճությամբ դեմքը ծամածռեց Վաղինակը,- էս գողն ինձ ի՞նչ հեր, սաղ երկիրը թալանել, գրպանն ա լցրել: Էն ա մաքուր խղճով ապրում եմ:

— Մաքուր խղճո՞վ,- Պարգևը զարմացած նայեց ընկերոջը:

— Հա, հենց մաքուր խղճով, ի՞նչ ես ըտենց նայում. կարող ա ուրիշ բան կարայինք անել ու չե՞նք արել: Աստծո տված շունչը շնչելու համար մի բան պիտի անեի՞նք:

Պարգևի աչքն ընկավ ոչ հեռու կողք-կողքի շարված կիսակառույց բարձրահարկերին: Աշխատանքը եռում էր:

— Տեսնես ինչքա՞ն է էստեղ աշխատավարձը: Ի՞նչ է, ոտուձեռով, առողջ  տղաներ ենք: Մեր ի՞նչն է պակաս:

— Մի երազի,- ընկերոջ երազանքը չոր կտրեց Վաղինակը,- Մուրադի պարտքը աշխատավարձով չես փակի:

Երկուսն էլ հոգոց հանեցին: Բայց կառուցվող շենքերում մագնիսի պես մի բան ընկերների հայացքը բռնել ու բաց չէր թողնում:

— Պարգև, ոնց կուզեի՝ ա՛յ, էն կռանի վրայի մարդը հերս լիներ: Ոնց կուզեի:

Քի՞չ, թե շատ էր անցել: Ոսկու գումարն արդեն ձեռքերին էր, ու ծրագրում էին երկրից գնալ: Փողը հերիք կաներ մինչև Ռուսաստան հասնելուն:

— Կարծում եմ՝ ճիշտ որոշում է. կհասնենք, կտեսնենք՝ ինչ ենք անում,- լուրջ ձևակերպել էր Վաղինակը:

Ու դեռ իրենք մտմտուքի մեջ, պատրաստության մեջ, իրենց խառնաշփոթ բանուգործի մեջ՝ մեկ էլ մի օր, երբ Պարգևը, փողոցում կանգնած, հայացքը այսուայնկողմ սահեցնելով, փոքր «գործ» էր ուզում կպցնել.

— Մա՛րդ Աստծո,- լսեց թիկունքից,- Մա՛րդ Աստծո, այս ինչ լավ էր, որ տեսա քեզ:-Հարությունը հասել ու թևը Պարգևի թիկունքով էր արել,- ներող կլինես, անունդ մոռացել եմ, շփոթված օր էր ու երևի հեռախոսահամարդ էլ  սխալ էի հավաքել: Բայց ամեն օր աղոթքիս մեջ այս խնդրանքը կար, որ քեզ անպայման նորից տեսնեմ:  Ո՞նց ես,- հարցով խոսքը վերջացրեց ու ժպտուն աչքերը հառեց Պարգևին:

Պարգևը հանցանքի մեջ բռնվածի պես անշարժացել էր ու հազիվ հավաքեց իրեն.

— Վա՞յ, էս դդդո՞ւ ես: Էն ասա, տղադ ո՞նց էղավ:

— Լավ է: Մատաղն արեցի, հենց արեցի, բաժանեցի, պրծա, զանգեցի հիվանդանոց, ասացին՝ արդեն դեպի լավն է գնում: Փառքդ շատ, Աստվա՛ծ: Այն օրը քեզ չհանդիպեի, հիմա…,- Հարությունի աչքերը լցվեցին հենց այն մտքից, որ հնարավոր էր և…

— Ես ի՞նչ կապ ունեմ,- շփոթված աշակերտի պես քրթմնջաց Պարգևը: Անսովոր վիճակ էր, չգիտեր, թե իրեն ինչպես պետք է պահի:- Կարևորը՝ էրեխեն լավ է… կարևորն էդ է:

— Փողդ արդեն կարող եմ տալ, նորից հավաքել եմ:

— Չէ՛, ի՞նչ փող,- նրա խոսքը կտրեց Պարգևը,- ես ուղղակի տվել եմ:

— Չէ՛, էլ չենք քննարկում. այդ իմ մատաղն էր, ու ես իմ փողով էի պարտավոր անել: Քո արածն արդեն մեծ, շատ մեծ բան էր: Բայց ես մի ուրիշ խնդրանք ունեմ:

Պարգևը լարվեց:

— Տղայիս պետք է մկրտեմ, մտքումս դու էիր, շատ էի ուզում, որ տղայիս քավորը մի մաքուր, քեզ պես բյուրեղի պես մարդ լինի: Չմերժես, ծախսը՝ ինձ վրա: Քավորը հորից, հարազատներից էլ կարևոր մարդ է: Քավոր լինելը սուրբ կոչում է: Ու քեզնից լավին հաստատ չեմ գտնի: Տղայիս լավ ու վատ օրերի խորհրդատուն որ դու լինես, ես էլ ոչ մի դարդ չեմ ունենա:

Մկրտության օրվա համար Պարգևը մի առանձին բծախնդրությամբ էր պատրաստվել: Պարզվեց, որ Հարությունը մանկավարժ է, և ընտանիքն ու հրավիրյալները օրինավոր մարդիկ էին լինելու: Պետք էր համապատասխանել նոր, երազներում անգամ չպատկերացրած իրավիճակին: Կոստյում ու տաբատ գնեց, նոր կոշիկներ, բայց ամենահուզիչը խաչի ընտրությունն էր: Ոնց էլ գնաց-եկավ, աչքը իր ունեցած խաչի նմանությամբ մեկին կպել ու չէր ուզում պոկվել: Հենց դա էլ վերցրեց:

Վաղինակին ոչինչ չէր ասել, վախենում էր, որ ընկերը կծաղրի, կհամոզի հրաժարվել. ի՞նչ քավոր, եթե մի երկու օրից երկրից գնալու են, և հետո՝ իրենց նման մարդիկ պետք է աչքի չընկնեն, նորմալ հասարակության մեջ շրջապատ չունենան: Վաղինակին ոչ ոք երբեք չէր ասել «Մարդ Աստծո», ու նա հաստատ իրեն չէր հասկանա:

Երբ արդեն եկեղեցում էին, Պարգևի հեռախոսը զնգաց: Վաղինակն էր.

— Պարգև տղա, էդ ո՞ւր ես կորել, տոմսերի հարց պիտի լուծենք, լիքը գործ կա: Արդեն բանտի ընկերներիցս մեկին եմ գտել, որ մեզ Ռուսաստանում օգնի: Իսկ դու չկաս ու չկաս: Հենց հիմա մեր նույն տեղում քեզ եմ սպասում, արի՛:

— Վաղո ջան, չեմ կարա:

— Այսի՞նքն, բան չեմ հասկանում, քո հետ ի՞նչ ա կատարվում: Շա՞տ ես հեռու:

— Հա, Վաղո, հեռու եմ, հետո ամեն ինչ կպատմեմ:

— Յա՜, ո՞նց, կարող ա՞ առանց ձեն-ձուն հանելու թռել ես: Բա էդ ընկերո՞ջ արած ա,-               Վաղինակի ձայնի մեջ կատաղություն կար, վիրավորանք, որի նմանն արդեն հոգին մանկությունից էր դառնացրել:- Ուր թռած ըլնես, կհասնեմ: Չելյաբի՞նսկ ես հասել:

— Չէ, ավելի հեռու:

— Լո՞ս:

— Ավելի:

— Յա՜:

— Եկեղեցում եմ, Վաղո՛, քավոր եմ: Քավորը սուրբ կոչում ա, Աստծո առաջ մաքուր խղճով պիտի կանգնեմ. դե, գոնե սրանից հետո,- ասաց ու շտապելուց հեռախոսն առանց անջատելու գրպանը դրեց: Եվ մոմերի առկայծող ցոլքերի պարն իրենց տակ ամփոփած գմբեթների ներքո խորհրդավոր ու այլաշխարհիկ երանգներով հնչող քահանայի երգեցիկ ձայնը դուրս հորդեց հնամյա աղոթքով ու խնկաբույրով ներծծված եղեկեցու պատերից, դուրս հորդեց՝ չանջատած հեռախոսի ալիքներին միաձույլ,  ու հոսեց, հոսեց… հեռո՜ւ…

No Comments

Leave a Reply