ԳրաԴաշտ Կառա Չոբանյան

Ռաֆայել Դիեստե․ Վերադարձ

28.09.2022

(1899-1981, Իսպանիա)
Իսպաներենից թարգմանությունը՝ Կառա Չոբանյանի

Ծննդով գալիսիացի Ռաֆայել Դիեստեն գրել է գալիսերեն և իսպաներեն: Բազմաթիվ պատմվածքների և պիեսների հեղինակ է: Եղել է «27-ի սերունդ» կոչված գրողներից մեկը, որոնք արդիականացրել են գալիսիական գրականությունը՝ հեռանալով գյուղական թեմաներից: 1932-ին Մադրիդ տեղափոխվելով՝ ստեղծել է խամաճիկների թատրոն: 1936-ին Իսպանական թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվել: Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է «Հակաֆաշիստ մտավորականների միության» անդամ: 1939-ին աքսորվել է և բնակություն հաստատել Արգենտինայում: 1948-ին վերադարձել է Եվրոպա և նույն թվականից մինչև 1952-ը իսպանական գրականություն դասավանդել Քեմբրիջի համալսարանում: 1954-ին վերադարձել է Արգենտինա և միայն 1961-ին վերջնականապես հաստատվել հայրենի Գալիսիայում: 1970-ին ընտրվել է Գալիսիայի Ռեալ Ակադեմիայի անդամ:

ՎԵՐԱԴԱՐՁ

Օջախի մոտ նստած, որտեղ մի թույլ բոց դեռևս ջանքեր էր գործադրում պառավ Ռեսենդային ընկերակցելու համար, սա խոհերը սևեռել է հեռավոր հուշերի և գուցե նաև ինչ-որ նախանշանի վրա, որ այդ գիշեր երազի մեջ ահաբեկել էր նրան: Երբեմն շարժվում է մի փոքր, ականջ դնում և իսկույն իր հմայությանը դառնում…

Ռեսենդա անունն է մնացել նրան, որովհետև նրա հանգուցյալ ամուսինը պարոն Ռեսենդեն էր, և դա նաև նրա հիշատակը հարգելու մի ձև էր:

Դեռևս աշխատում էր ծերունին, երբ կտրիճ պատանին՝ իրենց Անդրեսինյոն, իրենց տան պարգևը, ծխական համայնքի այլ մարդկանց հետ, մի մեխակ ծամծմելով, մավրաբնակ վայրերը մեկնեց: Մյուսները շատ բան չկարողացան ասել նրա մասին: Այո՛, տեսել էին նրան այդ կողմերում: Բայց պետք է նկատի ունենաք… Այնտեղ մեր կողմերի նման չէ: Հազար-հազարավոր մարդիկ, տպավորիչ ուխտագնացություն: Ոմանք առաջ են գնում, ոմանք՝ ծարավին դիմանում բլրի գագաթին կամ մթերքը տեղափոխում… Ո՞վ է մահվան մասին խոսում: Կիմացվեր, էլի: Եվ այդժամ կասկածներ, ենթադրություններ էին հյուսվում ու քանդվում. դեպքեր, երբ կորչում են, գերի ընկնում, գաղտնի առաջադրանքներ կատարելու գնում: Այդ պատմություններով էր ժամանակ սպանում ծերունիների հոգեկան տագնապը: Բայց ժամանակը հոսում էր… Ի վերջո դադարեցին խոսել դրա մասին, և շուտով ծեր հայրը կորցրեց ոգին ու հողի հանդեպ այն սերը, որ ոտքի է հանում երկրագործին: Երկար չտևեց: Մի օր ցուրտ զգաց և կուչ եկավ մահճում երկար, անվերջանալի հանգստի ցանկությամբ, դեմքը մոլորված Աստված գիտի, թե ինչ հեռավոր լուսաբացում: Որոշ ժամանակ պառկած մնաց՝ խոսելու որևէ ցանկություն չունենալով: Մի օր կողակցին իր մոտ կանչեց, սեղմեց ձեռքը և շատ կամացուկ շշնջաց՝ հետ չի գա…

Այդ գիշեր ծերունին մեռնում էր:

Պառավ Ռեսենդան մեն-մենակ մնաց: Սակայն նրա հոգում մեն-մի բառ հառնեց, որպեսզի այլևս երբեք չտապալվեր: Հոգեվարքի մեջ ծերունին ասել էր՝ հետ չի գա: Իսկ նա իղձերից ու նախազգացումներից հյուսված համոզվածությամբ ասել էր՝ կգա՛: Եվ սպասեց բազում-բազում ձմեռներ…

Թույլ ու խլաձայն քայլեր սահեցին վերևի հարկում:

Այնուհետև անաղմուկ ու զգույշ թեթևակի բացվեց խոհանոցի դուռը: Բայց հանկարծ փակվեց և թափով շրխկաց շրջանակին:

Ծեր կնոջ քունը փախավ: Աչքերն այրվելով բարձրացրեց գլուխը և ականջ դրեց…

Ամեն բան կհամրանար տանը, եթե թեթև, հուշիկ քայլերը չլինեին:

— Ո՞վ է էդտեղ քայլում, — ձայն տվեց կինը: Եվ անպատասխան մնացած սեփական ձայնը զարմանքով համակեց նրան:

Առաջին անգամ միայնակ զգաց իրեն և կարծես ավելի շուտ ապշած, քան սարսափած այդ միայնությունից:

Եվ սկսեց կանչել որդուն, կարծես նա ննջում էր այդտեղ, որպեսզի վախեցներ գողին, բայց նաև որպեսզի ինքն իրեն շատ անպաշտպան չզգար.

— Վե՛ր կաց, ա՛յ անբան, մարդիկ են ման գալիս տանը: Վերցրու էս կացինն ու դուրս քշի էդ շուն-շան որդուն, որ եկել է աղքատ մարդկանց թալանի: Փռում գտած մի կտոր չոր հացի համար դա հո ինձ էլ կխեղդի:

Ձայնը կերկերաց: Այժմ թվում էր, թե մեկը դրսից հրում է դուռը խորամանկ կատվի կամ խարդախ քամու դանդաղկոտությամբ: Անսպասելի ճռնչացին ծխնիները ծուլությունից ձանձրացած տնքոցով, և դուռը կրնկի վրա բացվեց: Այնտեղ, քայլերը դանդաղեցնելով, ասես հանդարտվելու համար մորը ժամանակ տալով, պառավ Ռեսենդայի որդին էր կանգնած՝ գլուխը բարձր և ուրախ: Այդ պահին հանկարծակի աշխուժացած թույլ կրակի ցոլքը լուսավորեց նրա դեմքը: Առաջվանն էր… Ատամները, տղերք, դեռ ծամծմում էին մեխակը:

Տան մոտով սրընթաց անցնող մի կին լսեց, որ պառավը որդու անունն է գոչում: Ոմանք ասում են, թե լսել են, որ նա խոսում է գիշերվա կեսին, նունիսկ քթի տակ երգում գնալ-գալով: Ոմանք էլ (որոշ ժամանակ անց), թե մի կասկածելի օտար մուրացկան տաղավարի վրայից դարանակալ խուզարկում էր տան լուսամուտը, որպեսզի տեսներ, թե որտեղ է պառավը թաքցնում ոսկու ունցիաները, որ գյուղում պտտվող շշուկների համաձայն՝ սովորություն ուներ հաշվելու՝ ասելով. «Քեզ համար եմ պահել, որդիս: Վատ տարիներ եմ անցկացրել, բայց հրես»: Ասում են նաև, թե այդ մուրացկանը ոչինչ չի կարողացել ասել նման ոսկու մասին… Իսկ ահավոր իրադարձության մասին՝ այո, և խոստովանության է գնացել՝ խորապես զղջալով:

Հաջորդ օրը,– արևն արդեն չէր տաքացնում,- հարևանները հոգնելու չափ ձայն տվեցին լռության մեջ թաղված տան դռան մոտից: Արտասովոր տագնապների չխոստովանած ուրախությամբ խմբով խոսելուց հետո ի վերջո որոշում ընդունեցին դուռը տապալել: Ամենաթիկնեղի հարվածներից բացված շրջանակով բոլորը ներս խցկվեցին:

Շատ արագ գտան պառավ Ռեսենդային. օջախից մի փոքր հեռու մեկնված էր գետնին՝ աչքերն այնքան լայն բացած, որ մեռած չէր թվում:

Անդրեսի մասին այդպես էլ ոչինչ չիմացվեց: Բոլորն ասում են, թե մավրաբնակ վայրերում ագռավները կերել են նրան:


No Comments

Leave a Reply