Ստալինի պատվին անվանակոչված Սին քաղաքիկի (նախկինում՝ քարհանքի ու քարամշակման արտադրամասի համար կառուցված բանավան) քաղաքագլխի ընտրությունները լարված չէին, ավելի ստույգ՝ ձևական էին, բոլորին ամեն ինչ հայտնի էր նախօրոք, ու բողոքարկողներ չէին կարող լինել: Միակ թեկնածուն ոչինչ չէր խոստանում, քանի որ միևնույն է՝ չէին հավատա, ոչ մեկին չէր համոզում իրեն ձայն տալ՝ հարևանները բավական էին ինքն իրեն հաղթելու համար։ Կրքեր չէին բորբոքվում. համեղ պատառ զավթելու կամ սեփականության վերաբաժանման որևէ խնդիր չկար, ու թեև պետբյուջեի դոտացիաները երեք ամիսը մեկ էին տեղ հասնում՝ բնակիչների հիմնական մասի ապրուստի միակ աղբյուրն էին։ Անիմաստ էր նույնիսկ ընտրական հանձնաժողովից ստացված կոպեկները ծախսել որևէ այլ նպատակով, քան մարդկանց կուշտ փորով կերակրելն էր ու… հանձնաժողովի սեղանին թղթերի փոխարեն իրենց գյուղական ծագումը չմոռացած ու ավանի կողքին մի կտոր հող մշակող համաքաղաքացիների արտադրած բարիքներն էին, որ գնվել էին՝ խախտելով փրկարար «նիսյայի» օրենքը։ Սին քաղաքում բոլորն էլ գոհ էին, որ ընտրություններ են։ Նախորդ քաղաքագլուխը միայն մի բան էր խնդրել իր ակնհայտ հաջորդին․ ուզում էր, որ նա ժառանգություն ընդունելու պես իրենից գնի քաղաքի միակ ձեռնարկությունը, վաղուց արդեն չաշխատող քարհանքն ու նախնական մշակման արտադրամասը, որ նույնկերպ իրեն էր հասել իր նախորդից ու վրան կոպեկներ էր նստել՝ մեկ աշխատավարձի չափ։
Նոր քաղաքապետին ընտրությունների ընթացքից դուր էր եկել այն, որ միշտ բաց ու սովորական սննդով լի սեղան կար, որի շուրջը ոչ միայն սոված մարդիկ էին հավաքվում, այլև ասել-խոսելու պահանջ ունեցողները։ Նույնիսկ, որպես օրեցօր հաստատվող ժողովրդավարության նշան, հետներն իրենց իսկ քաշած օղին էին բերում, որը սովորաբար տնից դուրս խմելն ընդունված չէր՝ քաղաքի հիմնական մաս կազմող, թաքուն, աննկատ հարբեցող դարձող հիսունն անց բնակչության մեջ։
Սին քաղաքի ընտրությունների ավարտին բոլորն էլ ունայնություն զգացին, ինչը նորընտիրի համար կրկնակի ճնշիչ էր, այնքան, որ մտածում էր հրաժարվել աթոռից՝ նորից ամեն ինչ կրկնելու համար, սակայն մայրաքաղաքից անսպասելի հնչած հեռախոսազանգն այլ ընթացքով տարավ նրա ճակատագիրը։ Հորեղբորորդու ընկերն էր, որին թեև մեկ անգամ էր տեսել զարմիկի հարսանիքին, բայց միասին պարպած մի քանի շիշ օղին, առնվազն ա՛յն պահին, սրտամոտ ընկերներ էր դարձրել։ Անունն Աբրահամ էր, ազգանունը չէր հիշում, բայց գիտեր, որ շատ ճարպիկ տղա էր ու պարապ տեղը չէր զանգի։ Այդպես էլ եղավ. Աբրահամը հանրապետության երկաթուղային քարտեզի վրա տեսել էր, որ ժամանակին Սին քաղաքն այժմ արդեն անհուսորեն սառեցված քարհանքին սպասարկող, առանձին երկաթուղային ճյուղ ուներ, որի գծերը փող արժեին։ «Կվաճառե՞ս»,- համոզելու կարիք չկար։ «Քեֆ անողին քեֆ չի պակսի»,- մտքում նոր կենաց ասաց նորընտիրն ու համաձայնեց։
Երկու օրից քաղաքի որոշ բնակիչներ երկաթգիծ քանդելու աշխատանք ունեին, մյուսները՝ ձրի ուտելիք։ Իր գրպանն առնվազն վեց ամիս ամբողջ քաղաքի, ավելի ստույգ՝ դրա մնացորդների համար համեստ սեղան բացելու փող դրեցին, ու ոչ մի գլխացավանք էլ չէր լինի, եթե մի քանի օրից քսան այդքան ավելի փող չնստեր քաղաքապետարանի հաշվին։ Վախեցած հաշվապահը, փոխանցման թուղթը ձեռքին, ներս մտավ ու հասկացրեց, որ այդ փողի հետ ինչ-որ բան է պետք անել․ էդքան ուտել-չբռնվելը դժվար կլիներ, թաքցնելը՝ անհնար, մի բան էր պետք մտածել։ Մտածեցին՝ քարհանքը կվերագործարկեն, մարդկանց աշխատավարձ կտան, մի մասն էլ՝ էլի անընդհատ բաց՝ հաց-պանիրն անպակաս ու հիմա արդեն ակնհայտորեն խմվող օղիով չափավոր առատ սեղան կդառնա։
Քարհանքը վերաբացելու օրը նշեցին. միաժամանակ քաղաքապետարանի ընտրական հանձնաժողովի դահլիճ-սեղանատունը հայտարարեցին համաքաղաքային անվճար ճաշարան։ Քանի որ կարող էին նաև ճաշարանից օգտվողներին որպես մատակարար դիտարկելով վճարել՝ ճաշացուցակի տեսականին հարստացավ համաքաղաքացիների արտադրած մթերքներով՝ ձու-հավ- կարտոֆիլ-պանիր-թթու կաղամբ, խաշած-տապակած-ապխտած ճագար, որը շենքերի նկուղներում էին բազմացնում, խնձոր-սալորի օղի, քաղաքամերձ լեռնալանջից հավաքած կանաչի ու երկու տեսակի հաց, որի ալյուրը բերովի էր։ Մի առանձին սեղան էլ տղամարդկանց հետ շփվել չցանկացող կանանց համար գցեցին, որի վրա գինի ու տնական կլոր գաթա էլ կար երեխաների համար։ Քաղաքապետին առաջ էլ էր պարզ, որ իրեն ինքնահանձնված բնակչությունը երեք հարյուրյակից էլ պակաս է, իսկ երեխաները՝ մեկից տասնվեց տարեկան, միայն քսանն էին։ Տղաները բանակից հետո չէին վերադառնա, աղջիկներն էլ ամեն գնով կամուսնանային, միևնույն է, թե ում հետ, ու կհեռանային․ մեկ տարուց ջահելները յոթը կմնային, նոր ծնունդներ չէին սպասվում, եթե…
Կուշտ փորի ու օղու շնորհիվ ոգևորված մարդիկ կային, առանձնապես՝ դրանցից երեքը, որ ծուլության-տկարության պատճառով Սինում մնացած քարտաշներն էին։ Խոստացան տաշել ու քանդակազարդել հանքից հանած բոլոր քարերը․ եթե իրենք չհասցնեին, խոստացան նախ ջահելներին, հետո էլ մյուսներին քարտաշ վարպետներ դարձնել, նույնիսկ կանանց համար խոստացան հատուկ՝ նուրբ ուժ չպահանջող նախշեր հորինել։ Խոստացան քաղաքապետի կողքին լինել իր նոր սկսումներում ու ծաղկեցնել Սին քաղաքի ապագան։ Իսկ վերջինս թաքուն մտածում էր, թե ինչ պիտի անի տաշած քարերը, եթե երկաթուղով դուրս հանել արդեն չի կարող, միակ ճանապարհն էլ էնքան է քայքայվել, որ նույնիսկ մարզպետարանի ստուգողները չեն կարողանում քաղաք գալ։ Երկար կմտածեր, եթե չզգար, որ դրա լուծումն էլ մայրաքաղաքում բնակարանից ու ամուսնուց անհասկանալի պայմաններում զրկված քրոջ տեսքով՝ ձեռքին գրքերով լի պայուսակ, իր ոտքով անսպասելիորեն չհայտնվեր հարբեցողության ու անզգայացման սահմանակետի հպանցիկ պահին։
«Խաղաղություն ձեզ, խաղաղություն ու բարի լուր»,- ինչ-որ նոր կամ լավ մոռացված հին ձևով բարևեց բոլորին ու մոտեցավ, հոգնած նստեց եղբոր կողքին, կարծես վերջին անգամ ոչ թե երեք տարի առաջ, այլ առավոտյան հանդիպած լինեին։ Քաղաքագլուխը մի պահ զարմացավ իրեն չգրկած ու չհամբուրած քրոջ սառնության վրա, փորձեց հիշել՝ գուցե նեղացրել էր վերջին հանդիպման ժամանակ։ Հիշեց, որ միշտ էլ կասկածներ են ունեցել իրենց քույր-եղբայր լինելու վերաբերյալ ու մտածեց՝ գուցե քույրն ինչ-որ նոր բաներ է իմացել այդ մասին։ Սակայն աչքերին նայելով՝ գլխի ընկավ, որ եկողը բնավ էլ իր հին քույրը չէր․ հին տեսքի տակ բոլորովին ուրիշ, իրենից դեպի աշխարհը հեռացած, ինչ-որ նոր ու կարևոր բաներ իմացած, իրենից շատ ավելի խելոք, գուցե ուրիշ քույր-եղբայրներ ունեցող մեկն էր, որի կին լինելն էլ, կանացի ջերմություն ունենալն էլ խիստ կասկածելի էին։ Թաքուն հույս ուներ, որ եթե քույրը ցանկանար գիշերել իրենց հորական տանը, կզրուցի հետը, ու գուցե ինքն էլ մի քիչ լուսավորվի, առանց ճիգի ու ժամանակ կորցնելու մի պիտանի կամ որևէ կարևոր բան հասկանա։ Ու չխաբվեց. քույրը մի գիշերվա քնելատեղ խնդրեց հոր տանը՝ հավելելով, թե՝ «մինչև Աստված ցույց տա իրե՛ն արժանի ապաստանը»։
Հենց այդ գիշերվանից էլ ամեն ինչ փոխվեց վերջնականապես. քաղաքապետ եղբոր հետ թևանցուկ տուն հասնելով՝ մանկության ջերմ հայացքն առավ դեմքին միայն մեկ րոպեով՝ կարծես հորն ու մորը բարևելու համար, մտավ հանգուցյալների ննջասենյակը, հյուրասենյակում դժգոհեց թախտի չորությունից ու ցանկություն հայտնեց, ինչպես քսանհինգ տարի առաջ վերջին անգամ, եղբոր հետ նույն սենյակում քնել ու ողջ գիշեր զրուցել, մինչև աչքերն իրենք իրենց կփակվեին։ Հարբածությունն ամեն ինչին արդարացում դարձրած եղբայրն էլ համաձայնեց ու էլ ավելի հարբած ձևացավ, երբ քույրը հիշեցրեց, որ իրենք միայն հորից են մեկ, ու այդ էլ իրենց պահած-մեծացրած մայրը միշտ էլ կասկածի տակ էր առնում։ Հարբածությունը կարող էր և խենթություն դառնալ, բայց քույրն առանց չնչին իսկ ամոթխածության, դեռևս գեղեցիկ ու էլ ավելի գայթակղիչ դարձած մարմինն ի ցույց դնելով՝ հանվել-գիշերանոց հագնելուց հետո նույնիսկ չմոտեցավ եղբորինի կողքին դրված մահճակալին։ Պայուսակից մի նկարազարդ գիրք հանեց, տեղավորեց սենյակի արևելյան անկյունում, ծնկի եկավ ու սկսեց աղոթել․․․ Սկզբում մրմնջալով ու ամբողջովին անհասկանալի, հետո՝ ժամանակ առ ժամանակ «Աստված» բառը բարձրաձայնելով, հետո՝ սրտագին ու բարձրակոչ իր ունեցած-չունեցած մեղքերի համար թողություն խնդրելով, հետո, ի հաստատումն իր ինչ-ինչ ասածների, Հին կտակարանից փոքրածավալ, բայց կիսագրաբար-անհասկանալի լեզվով հատվածներ ընթերցելով։ Իսկ վերջում այնքան պաղատագին սկսեց Տիրոջ պաշտպանությունը հայցել, որ եղբայրը խորապես զղջաց անսպասելիորեն, անասնական ծագում ունեցող, վաղուց կին տեսած չլինելու հետևանքով հարբած գլուխը մտած ու իրեն խելագարեցնող մտքերի համար։ Ու երբ զղջացել-խաղաղվել, քնած էր ձևանում, քույրը մոտեցավ նրա անկողնուն, մտավ վերմակի տակ, գրկեց եղբոր գլուխն ու մայրաբար սեղմեց մերկ կրծքերին։ Գուրգուրանքներ չեղան, ինչպես և նոր կյանք ստեղծելու գործողության խղճուկ նմանակումներ. եղբոր համար մորը փոխարինող քրոջ հարազատությունն էլ չվերածնվեց, որովհետև մահվան պես սառն էր այդ կինը, համարյա մահն էր եկել Սին քաղաք։ «Եթե դիմացի սարալանջի հարթակը ինձ հատկացնես, քարհանքի բոլոր քարերը կառնեմ»,- ասաց քնած ձևացող եղբոր ականջին, ավելի ստույգ, շրջանցելով ականջն ու գիտակցությունը, միանգամից ուղեղին ներշնչեց, որ դա է համաքաղաքացիներին ամեն օր կերակրելու միակ ճանապարհը։
Առավոտյան, երբ քույրը լոգարանում էր, վերհիշելով դպրոցական տարիների վաղեմի սովորությունը՝ ստուգեց պայուսակն ու տեսավ, որ կրոնական գրքերի համարյա բոլոր էջերի արանքներում մի-մի հարյուրանոց կանաչ դոլարներ կային, այնքան, որ մինչև կյանքի վերջը կկարողանար քաղաքապետարանի դահլիճ-սեղանատան դուռը բաց պահել, բոլորին կերակրել-խմեցնել, զարկ տալ սննդի տեղական արդյունաբերությանը, կերված ճագարների մորթիներից բոլորի համար մուշտակներ կարել տալ ու հաղթել մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունները՝ ներառյալ չբերությունը։ Առանց քրոջը բան ասելու կազմեց-ստորագրեց-կնքեց հրամանը, իսկ քույրը, որ չէր էլ կասկածում դրա անխուսափելիությանը, արդեն քարհանքում էր, քարտաշների հետ զրուցում, տապանաքարեր էր պատվիրում, թեև լավ գիտեր, որ կարիք չի ունենալու նրանցից որևէ մեկին վարձատրել։ Իր բարձրադիր պատուհանից քաղաքիկի անցուդարձին հետևելով՝ սպասում էր, թե քույրը երբ կբարեհաճի իր գրասենյակ մտնել, սակայն դրա փոխարեն քաղաքի խամրած քարտեզին ֆիքսում էր վերջինիս տարօրինակ հետագիծ ունեցող այցելությունները։ Վերջում ինչ-որ լատինական տառեր ստացավ՝ TEO, որտեղ քաղաքապետարանը առաջին տառի վերևի ձախ կետում էր։
Միայն համաքաղաքային ընթրիքից առաջ մի խումբ կանանց ու տղամարդկանց հետ քույրը հայտնվեց քաղաքապետարանի շենքում, սակայն չբարձրացավ եղբոր մոտ. ինքը իջավ՝ փորձելով թաքցնել անհամբերությունը, բայց նույնիսկ չկարողացավ մոտենալ քրոջը։ Վերջինիս շրջապատածներն ինչ-որ հարցեր էին տալիս անընդմեջ և ուշադրությամբ լսում պատասխանները։ Քաղաքապետը, լսողությունը խիստ լարելով, միայն մեկ, բայց հաճախ կրկնվող բառ էր լսում՝ Աստված, ու ոչ մի կերպ գլխի չէր ընկնում, թե այդ մեկ բառի շուրջն ինչ էր կարելի այդքան երկար խոսել։ Քրոջ հավատացյալ դառնալը նրան չէր զարմացրել․միշտ էլ գիտեր, որ քույրը բոլոր հարցերում ծայրահեղական էր։ Զարմանալին միայն այն էր, որ ինքը ոչ մի կոպեկ չէր ծախսել, իսկ սեղանը լի էր բարիքներով. սեղանակիցներն էլ մի տեսակ ուրիշ էին, ցածր էին խոսում ու քիչ էին ուտում, կանանց սեղանի խմիչքն էլ ամբողջովին անտեսված էր։ Քաղաքապետը որոշեց հարբել, մինչ կկորցներ ինքն իրեն, ու դրանից հետո չէր էլ նայում քրոջ կողմը, միայն երբեմն-երբեմն ականջին հասնող բառերն էին շարունակում խաթարել հարբածության հաճույքը։
Արթանալիս հասկացավ, որ քույրն է իրեն քաշ տվել անկողին ու հանվեցրել-պառկեցրել. արևի ճառագայթներից գլխի ընկավ, որ կեսօրն անցել է, ու վեր թռավ տեղից. իսկույն էլ քարացավ ու ձեռքերը տարավ ներքև՝ հագին անդրավարտիք չկար։ Պահարանները դատարկ էին, ու միայն լոգարանում գտավ իր բոլոր հագուստները՝ թասերի մեջ ջուրը դրած։ Յոթ օր անցավ, մինչև դրանք հայտնվեցին՝ պարաններից կախված, ու ինքը ստիպված էր տանը մնալ, քանի որ քաղաքի վերջին հագուստի խանութը փակվել էր դեռևս երեք տարի առաջ։ Յոթ օրն անցավ մեկ ժամի պես։ Որքան էլ փորձեր շուտ արթնանալ, քույրն արդեն տանը չէր. սեղանին հինգ լիտրանոց տակառիկով տնական թունդ օղի էր, անկողնու կողքը՝ ինչ-որ կրոնական գրքեր, թերթերի արանքներում՝ կանաչ թղթադրամները։ Բայց գրքերին հերթը չէր հասնում․ երկրորդ բաժակից հետո ոչինչ չէր հիշում։ Առավոտյան գլխացավն էնպես էր ամեն ինչ իրար խառնում, որ ոտքերն իրենք իրենց էին խոհանոց գնում, ձեռքերն ակամա էին ձգվում դեպի շիշը։
Յոթ օր փորձում էր չքնել մինչ քրոջ գալը, բայց ոչինչ չէր ստացվում։ Յոթերորդ օրն արթնացավ ու դեռ քնաթաթախ՝ օղու տակառը դատարկեց զուգարանակոնքում. խմեց թթվաջուրն ու երբ զգաց, որ լիովին սթափ է, փորձեց հասկանալ, թե ինչ է կատարվում։ Ոչ ոք իրենով չէր հետաքրքրվել, ոչ մեկն իր կարիքը չէր ունեցել, իրեն չէին էլ փնտրել։ Հանկարծ ինչ-որ բան հիշելով՝ վեր թռավ տեղից, վազեց խորդանոց ու գտավ քսան տարի առաջ այլևս չհանելու հույսով հնամենի ճամպրուկում պարտակած զինվորական համազգեստը։ Կոպիտ ու խամրած կտորը մաշկին զգալուց հետո պարզեց, որ իր չափերը համարյա կրկնակի աճել են, չկոճկած շալվար-վերնաշապիկով նստեց անկողնուն ու արդեն կատաղած սկսեց սպասել քրոջը։ Պատուհանից տեսնում էր, որ մարդիկ խմբերով ու Սին քաղաքի բնակիչների համար տարօրինակ հանդարտությամբ զրուցելով՝ ընթրիքի ժամին քայլում էին դեպի քաղաքապետարան. ինքը ստիպված էր միայնակ ու ինքն իրեն հայհոյելով, պարզապես փորը լցնելու համար ընթրել, որպեսզի, ժամը քանիսն էլ լինի, անքուն սպասի քրոջը։
Եվ սպասեց. լույսը հանգցրել ու երկու ժամ նստել էր միջանցքում՝ դռան դիմաց, երբ դուռը բացվեց, ու միջանցքի լույսը կուրացրեց աչքերը։ Քույրը լույսի մեջ, արտացոլող-լուսարձակող հրեշտակի էր նման․ ինքը խավարում իրեն պոզուպոչով էր պատկերացնում ու վստահ էր, որ քույրն անսպասելիությունից կվախենա, կընկրկի ու ներողամտություն կհայցի ոգեթուլությամբ։ Սակայն բնավ էլ այդպես չեղավ։ «Խաղաղություն քեզ ու բարի լուր, եղբա՛յրս»,- ասաց ու համբուրեց ճակատը, բայց այնպես թարմաբույր կրծքերը դեմքին քսելով, որ զինաթափ արեց սատանայացածին, մանկացրեց ու կամազրկեց միաժամանակ։ Հետո էլ գրկեց դեռահաս մանկան պես ու տարավ ննջասենյակ։ «Իրականում ինձ միայն սերն է պակասում կյանքում»,- մտքում ասաց Սինի քաղաքապետն ու պատրաստ էր ամբողջովին տրվել դրան, երբ քույրը պարզապես լույսը վառեց ու հօդս ցնդեցրեց կրքոտ հույսեր-ձգտումները։ Պատրաստ էր փակել աչքերն ու քնել ամոթից, քանի որ այդքան դյուր կառավարելի էր, բայց քույրը կիսաձայն կամ կիսաշշուկ, նույնիսկ իրեն չնայելով՝ փսփսաց. «Մեր հայրերը տարբեր են եղել. մայրդ քեզնով հղի է հարս եկել ու զբաղեցրել մեռած մորս տեղը, քեզ ծնելուց հետո էլ երևի ամոթից է հոգին ավանդել։ Կարող ես ապրել իմ տանը որքան որ ուզես, միայն թե ոչ մեկին չպատմես հորս տարած ամոթի մասին։ Թող դա մեր գաղտնիքը լինի»։
Միակ բանը, որի կարիքն ուներ այս ամենը լսելուց հետո, մի բաժակ օղին էր, որ չկար։ Դրա փոխարեն հարձակվեց քրոջ վրա՝ նրան տիրանալով լսածի համար պատժելու հաստատակամությամբ, բայց դիմադրության փոխարեն միայն ջերմություն զգաց ու անշարժացավ՝ չիմանալով իր անելիքն ու հիշելով այն պահերը, երբ հազիվ են զսպել իրենց՝ չեն խառնակվել ու շարունակել են քույր-եղբայր մնալ. այդպես էլ քնեց՝ չզգալով ապշանքից նինջ, նինջից խոր քուն անցման պահը։ Երբ առավոտյան արթնացավ՝ քրոջը մեջքի կողմից ջերմորեն գրկած, դեռ չէր կողմնորոշվել՝ օտար կի՞ն է, թե՞ քույր։ Նորից փակեց աչքերն ու վայրկենապես քնեց՝ անհեթեթությունից ազատ արթնանալու հույսով։
Երբ կրկին բացեց աչքերը, կրկին մենակ էր, առանց որևէ բանի մասին մտածելու գնաց խոհանոց ու կերավ արդեն բացված սեղանից, խմեց արդեն լցված օղին, թեև ինչ-որ տարօրինակ համ զգաց դրանից։ Նույնիսկ չհիշեց էլ, որ օղիով տակառիկը դատարկել էր զուգարանակոնքում։ Երկրորդ բաժակից հետո իսկույն էլ հասկացավ, որ գիշերվա կատարվածը երազ չէր, նորից ապուշացավ, հետո էլ տարօրինակ-անդիմադրելի պառկելու ցանկություն ունեցավ։ Մարմինն առանց իրեն հարցնելու անկողին մտավ, պառկեց ու քնեց՝ անհեթեթությունից ազատ արթնանալու նոր հույսով։
Հաջորդ անգամը չգիտեր էլ, թե երբ արթնացավ, բայց իրականում քնած էր ու ամեն ինչ աղջամուղջի մեջ էր տեսնում. արթնությունը դարձել էր երազի պես մի բան, իսկ քնել-արթնանալիս չէր կարողանում հիշել քնելու պահը. կարծես, երբևէ չէր քնում ու միայն արթնանում էր։ Կյանքն այնքան էր երազանման դարձել, ու անպատմելի, շարունակական, կյանքից ոչնչով չտարբերվող երազներն այնպես էին կլանել իրեն, որ եթե «քույրը» խոհանոցի սեղանը բաց չպահեր՝ ո՛չ կուտեր, ո՛չ կխմեր։ Զոմբիի պես կատարում էր անհասկանալի կարգավիճակ ունեցող այդ կնոջ չհնչած հրահանգները, անկողնում քնաթաթախ ինչ-ինչ թղթեր էր ստորագրում ու կնքում, թեև չէր էլ հասկանում իր արարքների իմաստը. փորձում էր հաշվել, թե քանի անգամ էր արթնացել առանց քնելու, ու ամեն անգամ մեկից այն կողմ չէր անցնում, երբեմն-երբեմն ասում էր՝ «երեք», բայց միայն «մեկն» էր թվում հավաստի, քանի որ միակ ակնհայտն էր։ Անհաշիվ առավոտներ աչքերը բացելիս ասում էր «մեկ» ու կրկին ոչինչ չէր հիշում։ Մեխանիկական գործիքի պես գնում էր զուգարան, մտնում էր գոլ ցնցուղի տակ, հետո անցնում էր խոհանոց, նստում, խմում՝ որպես գլխացավի դեղ ու վերադառնում էր անկողին՝ իր երազներում ծնված մի այլ ապրվող կյանք։
Իսկ այն առավոտյան նույնիսկ «մեկ» չկարողացավ ասել. սարսափելի սրտխառնոցը ուշաթափության էր հասցնում, անկողնուց լոգարան փսխելով հասավ. փսխում էր առանց դադարի, ու այն ինչ դուրս էր գալիս՝ ավելի կալի էր նման, առնվազն՝ սկզբում։ Հետո, երբ թվում էր, թե հոգին էլ է փսխելու, լեղի էր գալիս, սակայն մի քանի արտանետումներից հետո լեղին այնքան մաքուր էր, որ դրանից խնկի հոտ էր գալիս։ Միայն այդ ժամանակ գլուխը սկսեց պարզվել, ու կրկին մտքեր շարժվեցին դրանում, միայն այդ ժամանակ հիշողությունները սկսեցին վերարտադրվել, դեպի ետ գնալով՝ հասան «քրոջ»՝ քաղաք գալու օրվան։
Բերանը ողողելուց հետո վերադարձավ սենյակ ու առաջին հերթին աչքին զարնեց այն, որ քրոջ գրքերը գրավել էին բոլոր հարթ մակերեսները, սեղանին ու աթոռներին, պահարանների վրա ու բազմոցին տասնյակներով անփութորեն շարվել էին իրար վրա՝ սպառնալով ցած թափվել ու բնակարանը վերածել կրոնական գրքերի քաոսի։ Էջերն ուռած էին, ու տեղ-տեղ դրանցից դուրս երևում էին կանաչ թղթադրամների ծայրերը։ Վերջնականապես թարմացած ուղեղի դատողությունը պնդում էր, թե թղթադրամները պիտի որ պակասած լինեին իր կիսանինջի օրերին, սակայն դրանք և՛ հազարապատկվել, և՛ բազմազան էին դարձել։ Տասնյակ երկրների արժույթները, եթե ուզենայիր ի մի բերել, ոչինչ չէր ստացվի. այդ իսկ պատճառով անհնար էր հաշվել փողի իրական քանակը։ Պատուհանից դուրս նայելով՝ հասկացավ, որ փողոցում ամռան վերջն է… իսկ ընտրությունները գարնան սկզբին էին՝ դա հաստատ. գիտակցությունը կտրականապես հրաժարվեց հավատալ մի քանի ամսվա իր բացակայությանը։
Երբ դուրս եկավ փողոց, առաջին հերթին ապշեցրեց նոր ու անծանոթ դեմքերի բազմությունը, կարծես ուրիշ քաղաքում էր։ «Խաբկանք է»,- ասաց ինքն իրեն ու շարունակում էր քայլել որևէ ծանոթի հանդիպելու հույսով։ Իր նախկին քարտուղարուհուն նույնիսկ մեջքից ճանաչեց, ու չնայած վերջինս արագ-արագ քայլելով՝ կարծես փախչում էր իրենից, բայց վազելով հասավ, թևից բռնեց-կանգնեցրեց ու ճիշտ աչքերին նայելով՝ հարցրեց. «Էս ու՞ր»։ «Խաղաղություն քեզ, եղբա՛յր, ու բարի լուր»,- շուտասելուկի պես մրմնջաց կինը,- վերջապես իմ ժամն էլ հասավ․ տունս ու մնացած ամեն ինչը հանձնեցի մեր մայր-քրոջն ու հիմա շտապում եմ իմ վերջին կացարանը»։ «Ի՞նչ բարի լուր…,- ավելի ուժգին սեղմելով ձեռքը, կարծես փորձելով սթափեցնել կնոջը՝ ավելի գոռաց, քան ասաց քաղաքագլուխը,- ճանապա՞րհն են վերանորոգել, թե՞ երկաթուղին են վերակառուցել, քարհանքն ու կոմբինա՞տն են աշխատում, թե՞ մեր քաղաքն աշխարհի կենտրոնն է դարձել…»։ Գուցե երկար շարունակեր, եթե նախկին քարտուղարուհին թեև ցածր ձայնով, բայց կարծես հենց գլխի մեջ չարտահայտեր. «Բարի լուր, քանի որ վերջին դատաստանի օրն եկել է, ով պատրաստ է՝ կփրկվի, ով թեկուզ մի չոփ ունի՝ կործանված է. ես էլ ամեն ինչ ծախեցի, հիմա գնում եմ դիմացի բլուրի դամբարանը՝ ահեղին սպասելու,- կտրուկ շարժումով թևն ազատեց անգիտակցի ճիրաններից, դրվատանքով նայեց աչքերին ու միայն որպես հրաժեշտ ավելացրեց,- դու էլ պատրաստվի՛ր, եղբա՛յր մեր, քո, մեր քույրը քեզ համար էլ է մեր քարհանքի քարերով դամբարան պատրաստել»։
Հայացքով ուղեկցելով աստվածադիվահարվածին՝ նայեց սարալանջի կողմը … Ողջ սարն աստիճանաձև քառակուսի դամբարաններով վերածվել էր հսկա բուրգի, որը կարող էր մի քանի Սին քաղաքի բնակչություն պարփակել-թաղել իր մեջ։ Դրանից ինչ-որ բզզոց էր լսվում, մոտենալով՝ հասկացավ, որ մի համատարած աղոթք էր։ Հիպնոսացած, մեկ առ մեկ հիշելով իր համաքաղաքացիներին ու նրանց հանգուցյալների դերում պատկերացնելով՝ ոչ թե քայլում, այլ կարծես սահում էր դեպի դամբարանասարը, երբ շատ երկար ու սև մի ավտոմեքենա, որպիսին միայն ֆիլմերում էր տեսել, դանդաղորեն-անաղմուկ կանգնեց կողքին ու բացեց դուռը։ Ներսում՝ ամբողջովին սև հագնված, սև քողով, որ իջնում էր մինչև սև գեպյուրով շղարշված կուրծքը, ինչից էլ հաստատապես համոզվեց՝ իր ո՛չ մորից, ո՛չ հորից, ո՛չ հարազատ, ո՛չ օտար քույրն էր։ Նստել- փորձելու գայթակղությունը քրոջ կրծքից փախչելու սարսափին խառնած՝ կանգնած էր, երբ նորից հնչեց ամենուրեքից եկող ձայնը, որն այս անգամ ո՛չ կանացի էր, ո՛չ տղամարդու. «Միակ ԵՀՈՎԱ աստծու բարեհաճությամբ, ի իրագործումն բարի լուրի, այսուհետև այս քաղաքն է ահեղ դատաստանի սպասման վայրը բոլոր փրկվածների համար. թող անցնեն այս երկրային քավարանով ու սպասեն աշխարհի վերջին։ Այդ շնորհի առթիվ այսուհետ ու առհավետ Սիոն քաղաք կոչվի այս քաղաք-դարպասը»։
Ինքն էլ չիմացավ, թե ինչպես հայտնվեց մեքենայում՝ աղիողորմ հեկեկալով։ Կանացի ձեռքը մայրաբար գրկել էր ծոծրակն ու ականջը սեղմել կրծքին. երբ խոսեց, թվաց, թե առանց բերանը բացելու է խոսում. «Հրաժեշտ տանք մեկմեկու, եղբա՛յրս, ես գնում եմ նոր դարպասներ բացելու… կհանդիպենք ահեղ դատաստանից հետո, քանի որ ես խնդրեցի ու քեզ դասեցին հարյուր քառասունչորսի ցեղերից մեկում. համբուրի՛ր ինձ, եղբա՛յրս, համբուրի՛ր ու գնա՛ քո նոր տունը՝ սարի գագաթին, սրբատաշ-տուֆակերտ ու հավերժական… դա է հիմա քո քաղաքը, այնտե՛ղ քեզ ամեն ինչ կբացատրեն…»։
Նոր քաղաքագլուխն այլևս չզսպեց իրեն. ագահորեն վրա տվեց քրոջ շրթունքներին, պատառոտեց հագուստները, մերկացրեց մինչև վերջ ու քրոջ չդիմադրելն այս անգամ բնավ չխանգարեց նրան։ Չխանգարեց նաև այն, որ ոչ միայն շոյում էր, այլև շոյվում, ու աստիճանաբար դժվար էր հասկանալ, թե խենթակիրք զույգից որ մեկն էր նախաձեռնողը, դժվար էր որևէ սովորական անուն դնել կատարվողին։ Հաղթահարվող մեղքի զգացումը թույլ չէր տալիս ծայրագույն ավարտին հասցնել խելագարությունը, փոխադարձ շոյանքները վայրկյան առ վայրկյան գրավում ու անցնում էին հաճելիի ու գերհաճելիի նորանոր աստիճաններ, կյանք-մահ-գոյություն-հավերժություն, տեղ-վայր-տարածություն-արագություն-ժամանակ՝ ամեն ինչ կորցրել էր իր կեղծ իմաստը, ամեն ինչ մերկացել էր իրենց պես, աշխարհ-մարդիկ-աստված-սատանա-դրախտ-դժոխք ավելորդ էին իրենց համար, ու միայն մի միտք էր մոծակի պես կծմծում քաղաքագլխին՝ եթե սա շուտ կատարվեր, քույրն իրենից փախչելու համար չէր ամուսնանա առաջին պատահածի հետ, իրենք հիմա գոնե երեք զավակ կունենային, կապրեին երջանիկ ու խաղաղ, ահեղ դատաստանն էլ դեռ մի քանի հազար տարի հետո կլիներ կամ չէր լինի, Սին քաղաքն էլ անապատի կվերածվեր՝ սերունդներին թողնելով այն պեղելու, իրենց մասին ենթադրել-իմանալու հնարավորությունը։
Մտքերն ու կրքերը գոյության միակ ձև դարձրած քաղաքագլուխը չէր էլ նկատել, որ մեքենան, հանդարտորեն շարժվելով, տասնյակ կիլոմետրեր հեռացել էր քաղաքից, վզին թարմ ջերմություն զգալով՝ չէր էլ հասկացել, որ քույրը եղունգներով բացել է գանգակարն ու ինքնամոռաց կրքին տրված՝ հոշոտում է եղբոր ուղեղը, ինքն էլ, կծոտելով նրա կուրծքը, հասել էր սրտին ու լիզում էր այն. լիմուզինի ավտովարորդն էլ, միայն տիեզերքում թափառող արբանյակից եկող հրահանգներին ենթարկվելով, սարսափելի արագություն էր հավաքել ու պատրաստվում էր ազատ թռիչք գործել լեռնանցքի ամենավերին ոլորապտույտից։
Ինչ վերաբերում է Սին քաղաքի արևածագին՝ այն կեսօրից միայն քառասուն րոպե առաջ է լինում, քանի որ շրջապատի լեռներն այնքան բարձր են, որ քաղաքը, քարհանքն ու քարամշակման գործարան հորջորջված խեղճուկրակ արտադրամասը, կարծես, մի խոր կաթսայի մեջ լցրած ջրիկ ճաշի պատրաստուկ լինեն, մինչև ջուրը լցնելն ու կրակին դնելը։ Արևամուտն էլ ինքներդ հաշվե՛ք, թե երբ էր լինում. միայն ասեմ, որ մարդիկ օրվա կարճությունից հիմարացել էին։
Արտո (Վարդան Հակոբյան)
«Լաբիրինթոս մեկ գավաթում» պատմվածքների անտիպ ժողովածուից
No Comments