Օգոստոսի 1-ին Վահան Տերյանի հայրենի Գանձա գյուղում բացվել է անվանի գրողի տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահը:
Դեռևս 2019-ին, Տերյանական օրերին, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի պատվիրակությունը հայտարարել էր, որ պատրաստվում է նախաձեռնել Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնումը։ Ու չնայած 2020-ի դժվարություններին, կարողացել են աշխատել և մեկ տարում ավարտել տուն-թանգարանի ցուցասարհի վերականգնման աշխատանքները։ Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է կազմակերպել հուշային մասի վերականգնումը, երրորդ փուլով վերականգնվելու է ամբողջ համալիրը:
![](http://ardi.am/wp-content/uploads/2021/08/225399797_1917846791705109_7849632112034410269_n-768x1024.jpg)
ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը միջոցառման ընթացքում հայտարարել է ծրագրի երկրորդ փուլի՝ տուն-թանգարանի հուշային հատվածի վերականգնման աշխատանքների մեկնարկի մասին, նաև հորդորել միանալ նախաձեռնությանը․ «Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման համար ավելի քան 100.000 լարի է ծախսվել։ Հուշային հատվածի վերականգնումը շատ ավելի մեծ ծախսեր է ենթադրում և մենք հույս ունենք, որ աջակցություն կստանանք թե՛ Վրաստանի և թե՛ Հայաստանի կառավարություններից, և այն կդառնա հայ-վրացական համատեղ ջանքերով իրականացված կարևորագույն ծրագերերից մեկը»:
Տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահը աչքի է ընկնում դիզայներական հարուստ ու գեղեցիկ լուծումներով, եռաշերտ ցուցադրությամբ, ինչպես նաև հագեցած է 21-րդ դարին հատուկ նորարարություններով: Նորաբաց ցուցասրահում Տերյանը ներկայացված է նորովի՝ տարբեր ձևաչափերով: Այստեղ Տերյանը նաև կենդանանում է ARLOOPA հավելվածի միջոցով:
![](http://ardi.am/wp-content/uploads/2021/08/2.jpg)
ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Արայիկ Խզմալյանի ուրախ է, որ Գանձայում ստեղծվել է նման գրավիչ մշակութային միջավայր. «21-րդ դարում չափազանց կարևոր է, որ պատմության, գրականության և առհասարակ ցանկացած տեղեկատվության վերաբերյալ գիտելիքը, պատանիներին ու երեխաներին փոխանցվի ժամանակակից եղանակով: Այսինքն, որքան կարևոր է մշակույթը, նույնքան կարևոր է այդ մշակույթը հետաքրքիր եղանակով մատուցելը: Հայաստանում կրթական, մշակութային ծրագրերի հաջողված փորձեր ունենք, որոնք հուսով ենք շուտով կիրականացնենք նաև այս նորաբաց ցուցասրահում»:
ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը հիշում է, որ առաջին անգամ Գանձա՝ Տերյանի տուն-թանգարան այցելել է 1965 թվականին և այնտեղից հեռացել մեծ տպավորություններով. «Ավելի չափահաս տարիքում հաջորդ այցելությունների ժամանակ հասկացա, որ Տերյանն ու նրա գործունեությունը շատ ավելի առաջ են ու բարձր քան թանգարանը ապահովում է այդ գործի ներկայացումն ու հանրահռչակումը: Տերյանը, նրա գործունեությունն ու պոեզիան համազգային կարևորություն ունեն, այդ իսկ պատճառով մենք ձեռնարկեցինք տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնումը ժամանակի ամենաբարձր պահանջներին համապատասխան ստանդարտներով»:
![](http://ardi.am/wp-content/uploads/2021/08/230059536_3929114280530871_7253345885759139724_n-1024x683.jpg)
Վահան Տերյանի տուն-թանգարանի ճարտարապետական և շինարարական նախագծի հեղինակները ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը և Շահանե Գևորգյանն են:
Ցուցասրահի արտաքին, ներքին ձևավորման և բովանդակային կոնցեպտի հեղինակները գրականագետ Անի Եղիազարյանն ու նկարիչ Մկրտիչ Մաթևոսյանն են:
Նշենք, որ ծրագիրն իրականություն չէր դառնա առանց հիմնադրամի բարերարների ու նվիրատուների։ Իսկ 1000 և ավելի դոլար նվիրատվություն կատարած անձանց անունները փաքցված են թանգարանի ցուցասրահում։
No Comments