maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomdumanbetcasibomcasibomcasibomcasibombahsegelpiabellacasinobahsegelcasibomdeneme bonusujojobet günceljojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobet girişjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortklasbahisseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetjojobetcasibommeritkingsahabetbetpark girişdumanbetbetparkholiganbetmeritkingsahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ

Վարդան Հակոբյան․ Մողեսների արքան (վեպ)-6

25.09.2020

Սկիզբը՝ այստեղ

Մաս երրորդ

Սերապիս[i]

Տասներկուերորդ գլուխ    

Տիեզերաժողովի ավարտից հետո մենակ մնալով՝ Մեղոս Վեցերորդը դուրս եկավ աստրալ հանդիպումների աշխատասենյակից ու երկու ոտքի վրա քայլող մողեսին բնորոշ դանդաղկոտությամբ մոտեցավ հագուստների պահարան-դահլիճին։ Դուռը բացելուց առաջ մի քանի վայրկյան հապաղեց հայելու դիմաց. ակնհայտորեն գոհ էր և՛ այդ տհաճ օրվանից, և՛ մողեսների կայսեր զզվելի մարմին-հագուստից:

          Տիեզերաժողովը, ինչպես և սպասում էր, տապալվեց։ Եթե ագռավներն ու ձկներն էլ պատրաստ լինեին միանալ մարդկանց դեմ պատերազմին, ապա, իսկապես որ, եկել էր «աշխարհի վերջի» ժամանակը, իսկ ինքը չէր նկատել դա։ Նոր տեսակի քաղաքակրթություն առաջ քաշելու համար բնավ էլ անհրաժեշտ չէր այս աշխարհին վերջ տալ, առնվազն իրեն՝ դա պետք չէր։ Կարող էր, պահպանելով ձեռքբերումները, բարելավել իշխող կենդանատեսակը… ստանալ մարդկանց ու մողեսանմանների՝ իրեն հարմար մի խառնուրդ… Իսկ դրա համար ձեռքի տակ ուներ Հակոբիկին ու Փորինեին՝ որպես նոր Ադամ-Եվա, ու ոչ միայն նրանց։

          «Ամեն ինչ կորոշեմ առաջին ճակատամարտից հետո… եթե մարդիկ պարտվեն, ուրեմն այս քաղաքակրթությունն է՛լ գոյության իրավունք չունի,- Մեղոսի աչքերին, դրանց իսկ ներսից նայելով, ասում էր մողեսների արքայի մարմնի տակ թաքնվածը,- այդ դեպքում… ինձ համար միևնույն է… թող լինի հոմո մողեսիկուսների աշխարհ… գուցե սրանք ավելի կենսադիմացկուն լինեն…»:

          Մտովի դիտարկելով իր գործունեության ծրագիրը՝ արագորեն բացեց պահարանի դուռն ու միանգամից քսան քայլ առաջ գնաց. արդեն գիտեր, թե ինչ է ընտրելու։ Ստվերային ՄԱԿ-ի ռազմականացված գաղտնի-գիտական հետազոտությունների գեներալ-լեյտենանտի համազգեստն իրեն էր սպասում երրորդ շարքում։

          Դժվարությամբ հանեց Մեղոս Վեցերորդի թագավորական թագը, որ խրվել էր մողեսագանգի մեջ, հետո ազատվեց Մեղոսի զմրուխտափայլ ֆրակից ու մարմնից՝ միաժամանակ։

          Վերջապես խտացված սառը պլազմայից կազմված մարմինն ազատություն ստացավ. մեկը մյուսի ետևից դուրս թռան աջից՝ գայլի, ձախից՝ շան, ապա կենտրոնական՝ առյուծի գլուխներն ու բերաններից բաց թողեցին հավաքված հուրը։ Միաժամանակ, կարծես գլուխներից, աճեցին իրար փաթաթված երկու հսկա վիշապօձերի մարմինները, որոնց միայն պոչերն էին բաժան ու կարող էին ծառայել որպես ոտք։

          -Վատ չէր լինի՝ մի քանի օր սեփական մարմնում մնայինք,- ասաց աջ՝ գայլի գլուխը։

          -Հետո՛ ինչ, որ մողեսները մեզ ամենամոտ կենդանատեսակն են… միս ու արյան մեջ էլ չե՜նք դիմանում,- խնդրանքը բողոքի վերածեց ձախ՝ շան գլուխը։

          -Բայց ավաղ, հիմա ժամանակ չունենք,- արքայաբար հանդարտեցրեց գլխակիցներին մեջտեղի՝ առյուծի գլուխը,- ամենաշատը, գուցե, որոշ գործեր անելիս կարողանանք մերկ՝ մեր մարմնով մնալ… եթե ցուրտ չլինի։

          -Այս սրիկա մոլորակն ամեն հազարամյակում մեկ աստիճան սառեց, ավելի անհարմար դարձավ,- փաստեց-համակերպվեց գայլինը։

          -Նույնիսկ գլոբալ ջերմացումը մեզ չհասավ… երևի շատ ենք ցած իջել,- դժգոհեց շնանմանը։

          -Համբերեք,- սաստեց առյուծատեսքը,- հենց գործը վերջացնենք, մակերես կբարձրանանք… ինչպես կանխորոշել են առաքյալ-մարգարեները…

          -Մե՞րկ,- իբր հարց տվեց աջը։

          -Չէ,- իբր պատասխանեց ձախը,- էլի ստիպված կլինենք մարդկանց երևալու համար նախատեսված կամ, նույնիսկ, մարդկային հագուստների մեջ մտնել։

          -Ճիշտ ժամանակին հիշեցրիր,- պահը չկորցրեց մեջտեղինը,- Պանսանդալոսի համազգեստը շատ սպասեց… գնացինք։

          Համազգեստը հագնելուն պես հիսունհինգամյա լրջամիտ գիտնական-գեներալի արտաքին ձեռք բերեց, որի դեմքի թերահավատ-իրոնիկ արտահայտությունն ինքնին ասում էր. «Ի՞նչ եք ասում, մի՞թե դա հնարավոր է»։ Հենց այդպես էր նախատեսում պատասխանել այսօր իրեն ուղղվելիք բոլոր հարցերին։

          Քայլելով դեպի դահլիճի հակառակ ծայրում գտնվող վերելակի դուռը՝ աստիճանաբար հարմարվում էր Պանսանդալոսի[ii] համազգեստին՝ նմանակում էր քայլվածքն ու շարժումները, կեցվածքն ու մտածելակերպը։ «Գրողի տարած մաքի, այդ պահի՞ն պիտի հղիանար (մարդագլուխ գառան լուսանկարը կցվում է)… հիմա՞ պիտի ցրթեր… ցրթե՞ր… կեսարյան հատումո՜վ… Իսկ որտեղի՞ց հենց այդ պահին նրա կողքին՝ հատումն անողները… ո՞վ էր հաշվարկել վայրկյանն ու սպասել… չէէէ՜, չի կարող պատահել… պատահականությո՜ւն է…»։ Հասավ վերելակի թափանցիկ դռներին, ու դրանք բացվեցին։ «Ես էլ կապացուցեմ, որ ամեն ինչում այդ տասնհինգամյա քո՛ւրդն էր մեղավոր… հիմա՛ր անչափահաս… ո՞նց չհասցրի գաղտնիացնել… հիմա իբր-գիտնականների մի հոծ բազմություն մի քանի տարի կփորձեն հասկանալ «ֆենոմենը»[iii]… իսկ տեղյակներին գիտե՛մ՝ ինչ պատասխան տամ… այս դեմքը շատ մարզված գտնվեց հարցերին հարցերով պատասխանելու գործում…»։ Արագորեն վեր բարձրացող վերելակն անցավ հակաջրհեղեղյան տապանների պահեստների հարկերը, ստորգետնյա լաբիրինթոսի խաբուսիկ շերտերը, գրքերի պահեստարան-բանտախցերը, համակարգչային սերվերների շերտն ու դանդաղեցնելով ընթացքը՝ մոտեցավ Պանսանդալոսի անձնական ստորգետնյա ավտոկայանատեղին։

          «Ով հարկն է, արդեն գիտի, որ ես ամեն ինչ գիտեմ, ու իրենք միայնակ չեն տնօրինում ՀԱԱՐՓ-ը. երբ ինչ-որ բաներ անեն, կարող եմ ապացուցել, որ կատարվածը բնավ էլ համընկնում չէ, որ իբր անվնաս  HAARP-ի ճառագայթիչի միջոցով կարելի է ազդել ո՛չ միայն իոնոսֆերայի, այլև՝ երկիրը պարուրող մորֆոգեն՝ ձևաձևավորող դաշտերի՛ վրա, որոնց խառնակումն էլ, առանց որևէ մեկի օգնության, առաջ բերեց աննորմալ ծնունդը»։

          «Ահա անմեղ գառը, որ մորթվեց՝ հանուն հանուր մեղքերի»,- կայծակի պես անցավ մտքով։

          «Կա՛մ խելագարվում եմ, կա՛մ Պանսանդալոսի ուղեղի մնացորդն էր,- հանգստացրեց ինքն իրեն ու շարունակեց,- էլ չե՛ն կարողանա իրենց մութ գործերը ծածուկ անել, գիտեն, որ հետո էլ մարդամարմին ցուլ կծնվի… թե նյարդայնացնեն՝ եռագլուխ շուն՝ կովի մեծության, թևավոր ձիեր ու առյուծներ… վերջում էլ՝ կզատեմ ջուրը ցամաքից ու կհեղեղեմ բոլորին… իսկ իրենք ոչինչ էլ չեն կարող անել, նրանց միայն փողն ու իշխանությունն է պետք, նույնիսկ ինձ են ուզում իշխել…»։

          «Երբ ուզեմ, կմտնեմ տապաններիցս մեկն ու կսպասեմ համաշխարհային նոր-անխուսափելի ջրհեղեղի ավարտին։ Դրանից հետո ամբողջովին ջնջված նոոսֆերայի փոխարեն կկազմավորվեմ նորը՝ ստեղծելով բոլորովին այլ, գուցե՝ մողեսանմանների քաղաքակրթություն, եթե հաղթեն մարդկանց… Կգրեմ նոր Աստվածաշունչ՝ իմ շնչով, կկառուցեմ նոր քաղաքներ՝ ստորգետնյա ու ապահով, մարդկանց տեսքերը կփոխեմ՝ մի քիչ մողեսային դարձնելով, ու երկրագնդի նոր քաղաքակրթությունը կկարողանա դիմագրավել ապագայում իրեն սպասվող փորձություններին։ Միայն այսպես, միայն իմ գործողությունների հետևանքով, միայն իմ շնորհիվ.  մի՞թե արժանի չէր լինի դրանից հետո «միակ» Աստվա՛ծ կոչվելու։ Թե չէ… արդեն հեքիաթներ էլ չեն գրում իմ մասին… մի արքայազն էլ չկա, որ գա ինձ սպանելու կամ, գոնե, մի նոր Տոտ, որին պատմեմ աշխարհի գաղտնիքները…»:

          Ստորգետնյա ավտոկայանում վերելակի դռները բացվելուց հետո դուրս եկավ, հարյուր ութսուն աստիճան շրջվեց, կանգնեց փակված դռների դիմաց ու սեղմեց կանչի կոճակը. երբ դռները կրկին բացվեցին, ներս մտավ երեք կողմից ամբողջովին հայելապատ խուցն ու սեղմեց ամենավերևի կոճակը։ Մինչ քառասուն հարկ կբարձրանար, հայելու մեջ մի անգամ էլ նայեց իրեն և ուղղեց ձախ ականջը։ Պանսանդալոսի արտաքինն իրեն դուր չէր գալիս, բայց ի՞նչ կարող էր անել։ Այդ պաշտոնում նրան նախորդող Նաֆթալին Բեերգերից յուրահատուկ տհաճ հոտ էր փչում՝ սխտորի ու ձկան անտանելի խառնուրդ[iv]։ Իհարկե, դեռ կենդանության օրոք հոտազրկեց, բայց հենց անհոտ մնացին, ինքն էլ, իր ներքին մողեսականն էլ ինքնասպան եղան։ Հրեաներին վստահել չի կարելի, դրանք, եթե այլևս ոչինչ չեն կարողանում անել ի շահ իրենց, պատրաստ են զոհվել՝ կրկին՝ ի շահ իրենց։ Ո՛չ, նույնիսկ ամենանվիրյալ մողեսահպատակներին, նույնիսկ հրեապոչակիրներին վստահել խիստ կարևոր գործերում, չի՛ կարելի։

          Դռները բացվեցին Պանսանդալոսի հանգստի սենյակում, որտեղից մուտք գործեց աշխատասենյակ, միացրեց բարձրախոսն ու հրահանգեց քարտուղարուհուն.

          -Բարի օր. ես այստեղ եմ, բայց տեղում չեմ։

          Առանց պատասխանի սպասելու՝ նստեց համակարգչի դիմաց, հավաքեց «Նոր-Ջրհեղեղ» գաղտնաբառն ու տեղավորվեց հատուկ իր երկու պոչերի հարմարության համար ստեղծած բազկաթոռում։ Նախևառաջ բացեց համաշխարհային ստվերաբանկի իր հաշիվն ու, «ՍԱԼԱՄԱՆԴՐ» ծրագրի կատարմանն ուղղված քսանական միլիոն չտպված-չապահովված դոլար փոխանցեց Գրքասերների միությունների հարյուր քառասունչորս բաժանմունքների բանկային հաշիվներին։ Ապա միացավ ինտերնետ-ապահովության իր անձնական սերվերին։ Մի քանի տասնյակ հաքերներ կրկին փորձել էին մուտք գործել իր տիրույթները, իր մասին կրկին բազմաթիվ սայթեր էին հայտնվել ու ոչնչացվել, իր անձերով, HAARP-ով ու գրքասերների միություններով հետաքրքրվողների քանակն ավելացել էր, սակայն այդ ամենը վաղուց ի վեր չէր խաթարում գործերի սովորական ընթացքը։

          Միանգամից վտանգ տեսավ այն բանում, որ աստրալ թռիչքների չատում ինքն ու իր գործունեությունն էին դարձել քննարկումների հիմնական առարկան։ Եթե սրանք միանային հակառակորդի բանակին, խաղը կբարդանար. ստիպված կլիներ պատերազմի նոր ճակատ բացել, որը ոչ միայն ժամանակատար էր, այլև պահանջում էր անձնական-անմարմին մասնակցություն։ Բոլորովին ժամանակը չէր, ուստի որոշեց նախ դրանցով զբաղվել՝ օձին բնում խեղդել։ «Որտե՞ղ է ակտիվության կենտրոնը… ահա… նայեմ արբանյակից… բոլոր կապերը տանում են… Սողես-Հակոբիկի հարևան շե՜նքը… Հակոբիկի ներքին մողեսակա՜նը… ակտի՛վ վիճակում է… հենց նրանք էլ թող զբաղվեն տղայով… իսկ մինչ այդ…»։ Արագորեն բացեց ինտերնետ զինանոցն ու վիրուսային ռումբով կրակեց աստրալ թռիչքների չատի հասցեով։ «Դե հիմա փորձեք միավորվել…»։

          «SOS»՝ հավաքեց Արտոն ստեղնաշարին, ու աշխարհի տարբեր ծայրերում աստրալ թռիչքների սիրահարների ողջ բանակի ուշադրությունն ուղղվեց դեպի իրենց մոնիտորները,- Ակաշիին վտանգ է սպառնում,- գրեց Արտոն ու թվաց, թե համացանցը հիմա լարումից կպայթի։ Հարցականների բազմությունը  գրավեց մոնիտորի ողջ մակերեսը։

          Պատրաստվում էր իմացածը ներկայացնել, երբ էկրանին վիրուսային-տոնական հրավառության պես մի բան հայտնվեց ու համակարգիչն անջատվեց։ Գրհրեշտակները հետևում էին այն վերամիացնելու Արտոյի փորձերին ու լռում էին՝ զգալով տղայի լարվածությունը։ Մեկ ժամվա աշխատանքն ապարդյուն անցավ. Մասնատված, գրասեղանին անկանոն շարված համակարգչային բաղկացուցիչներին նայելով՝ Արտոն զգում էր, որ կարող է ինչ-որ բան անել, բայց նրա ու իր անելիքի միջև կարծես մի հսկա պատ կանգնած լիներ։

          -Գրո՛ղը տանի,-չդիմացավ լարմանը։

          «Ո՞ր գրողը,- իսկույն իր պատրաստակամությունը ցուցաբերեց Հերոն»։

          «Կապ չունի,- մեջ ընկավ Քերին,- թող տանի, որ առանց համակարգչի գտնենք ելքը»։

          «Դո՞ւք փչացրիք,- ինքն էլ չհավատաց իր ասածին»։

          «Մենք չէի՜նք կարող,- համարյա միաձայն՝ ավելի երգեցին, քան ասացին»։

          «Եթե փչացրել են… ուրեմն, միայն նա կաներ,- խորհրդավոր հավելեց Քերին»։

          «Թե նա էր,- վրա բերեց հերոդոտածինը,- ուրեմն տեղդ գիտեն…»:

          «Թե տեղդ գիտեն, ուրեմն… հիմա Հակոբիկը քեզ հյուր կգա…»:

          Արտոն չհասցրեց հետևել գրհրեշտակների մտքերի ընթացքին, երբ դռան զանգը հնչեց։

          «Եթե Հակոբիկին է ուղարկել,- նույն հնչերանգով շարունակեց Հերոն,- ուրեմն լուրջ վտանգ չի տեսնում»։

          Մինչ Արտոյի մայրը կարթնանար, շոգից առաջացած ջերմին դիմագրավելով՝ վեր կկենար, կբացեր դուռն ու համադասարանցուն կուղեկցեր տղայի սենյակը, գրհրեշտակները շարունակում էին։

          «Եթե լուրջ չի ընդունում, գուցե հասցնե՞նք ինչ-որ բան անել»։

          «Կարծում եմ, համենայնդեպս, կփորձի մեկուսացնել»։

          «Նրա հետ զգուշությունը երբեք չի խանգարի»։

          Արտոն ինքն էլ էր զգացել վտանգը, թեև չէր հասկանում, թե ո՞ւմ հետ գործ ունի.

          «Վերջապես կասե՞ք, թե ո՞ւմ մասին եք խոսում»։

          Հենց այդ պահին իր սենյակի դուռը բացվեց, ու ներս մտավ Հակոբիկը։ Քնաթաթախ աչքերը տպավորություն էին թողնում, թե ծեծելով են տնից հանել. ինչը մերձ էր իրականությանը։ Երազում Փորինեին էր տեսնում, երբ ներքին մողեսականը ներխուժեց այնտեղ, ստիպեց արթնանալ, հագնել Գրքասերների միության նախագահի կոստյումն ու, ինչպես չոբանն է առավոտյան արոտավայր քշում կովերին, հրամայեց սառնարանի սառցեխցիկից վերցնել գիրքն ու դուրս գալ տնից։ Միայն Արտոյենց դռան զանգը տալիս հասկացավ, թե ուր է եկել. չէր էլ պատկերացնում, թե ինչո՞ւ և ի՞նչ է անելու։ Սակայն չէր էլ անհանգստանում. ներքինն իր փոխարեն ամեն ինչ կաներ պետք էր միայն ենթարկվել։

          -Երեկ գիրքդ մոռացար, ասեցի՝ բերեմ։

          Գրքասերների միության նախագահի հագուստը ոչ մի տպավորություն չթողեց Արտոյի վրա, բայց գիրքը վերադարձնելու համար հյուր գնալը բնավ նման չէր իր ճանաչած Հակոբիկին։

          -Վաաա՜յ, ինչ լավ ես արել,- ինքն էլ չհավատաց իր ասածին,- ես էլ մտածում էի՝ որտեղ եմ կորցրե՜լ…,- էլ ավելի կեղծ հնչեցրեց։

          -Տեսնում եմ համակարգչի հետ խնդիրներ ունես. գուցե օգնեմ…- իսկույն խոսքը փոխեց ներքին մողեսականը։

          Արտոն ուզում էր շարունակել ձեռառնոցին, սակայն գրհրեշտակների ճղճղոցն աջ ու ձախ ականջներից՝ «Հրաժարվիր, հրաժարվիր», խանգարեցին, ու միայն ասաց.

          -Դժվա՜ր։

          -Իմ լավ բարեկամ,- համարձակություն ձեռք բերեց ներքին մողեսականը,- իմ աշխատատեղում բազմաթիվ համակարգիչներ ունեմ. կարող եմ մեկը տալ՝ մինչև քոնը խելքի բերես…

          Գրհրեշտակները, ամեն մեկն իր կողմից, սկսեցին ճղճղալ՝ չգնաս, մի գնա, դրանց հետ գործ չունես…

          -Ե՞րբ,- իր նոր բարեկամներին հակառակվեց Արտոն։

          -Անհապաղ,- չկարողացավ ուրախությունը զսպել Ներքինը։

          -Գնացի՛նք,- համաձայնեց Արտոն,- իսկ ո՞ւր։

          -Ես Գրքասերների միությունում եմ աշխատանքի անցել,- զգուշացավ պաշտոնը շեշտել Ներքինը։

          Արտոյին արդեն ամեն ինչ պարզ էր։ Առանց ժամանակ կորցնելու՝ վեր կացան ու գնացին։

          «Մենք ենք մեղավոր,- ձախ ականջից աջում գտնվողին դիմեց Քերին»։

          «Յան Ցզիի «Պատերազմի արվեստը» պիտի կարդայինք նրա համար,- աջից գոռաց հերոդոտածինը…»:

          «Իսկի չպիտի ներքաշեի՛նք էլ տղային… իր համար հանգիստ ապրում էր…»:

          «Հիմա… մեր գործի՛ն էլ անպիտան կդառնա…»:

 Գլուխ տասներեքերորդ

          Անտանելի շոգի պատճառով դատարկ փողոցներն իրականից երկար էին թվում, բուսականության հետքերը՝ բուտաֆորիկ, շենքերի ստվերները՝ նկարած։

          «Ես չե՛մ լքի նրան, ի՜նչ էլ պատահի,- Արտոյի ձախ ականջից իր թատերականացված անձնազոհությունը ցուցաբերեց Քերին,- մենք ենք մեղավորը»։

          «Ես գրհրեշտակների ո՛ղջ բանակը ոտքի կհանեմ,- աջից համահունչ վրա բերեց Հերոն,- մա՛հ կամ հաղթանա՜կ»։

          «Էսպես թե էնպես՝ էդ երկուսից մեկն է լինելու,- ներքին ձայնով պատասխանեց շոգից տառապող Արտոն,- ավելի լավ կլինի համացանց մտնեք ու իմ աստրալ ընկերներին ոտքի հանեք. սա մե՛ր պատերազմն է»։

          «Համացա՜նց,- երկուսն էլ կարկամեցին, հետո հերթով կմկմացին,- մենք չենք կարող… մենք կկորչենք այնտեղ… մենք իսկույն կհալվենք էլեկտրոնային ուղեղում… մենք վախենում ենք… երկու վախը մի մա՜հ է…»:

          «Էդ դեպքում ինչպե՞ս են Ձեր էլեկտրոնային տարբերակները հանգիստ ապրում այնտեղ…»:

          «Մի՞թե դա կարելի է կյանք կոչել… մտքերն ու զգացմունքները թվերո՜վ արտահայտված… իրենք սեղմվա՜ծ՝ «զիպ» եղած… տարին մե՜կ էլ, երևի, չեն բացվում… դա կյանք չէ, գոյությո՜ւն է…»:

          «Իսկ նրանց հետ կարո՞ղ եք կապվել»։

          «Կապվելը՝ կկապվենք. հետո՞»։

          «Հետո, Ձեր իմացածը թող ավելացնեն իրենց գրքերի առաջին էջերում»։

          «…ու տարիներով սպասեն, թե ով իրենց կբացի՞»,- իր թերահավատությունն արտահայտեց Հերոն։

          «Նախ՝ դու արդարացի չես. հետո՝ պետք չէ նստել-սպասել. թող «կարդացեք միայն առաջին էջը» բովանդակությամբ նամակներ ուղարկեն բոլոր աստրալ, մագիկ, հոգեբանական, ուֆոլոգիական, գիտական, ծանոթությունների, զինվորական, պաշտոնական, հեռուստատեսային, էրոտիկ, լրագրողների ու կրոնական չատերին…»:

          «Հասկացա՜,- ուրախացավ Քերին,- խճճենք վիշապին…»:

          «Վիշապի՞ն…»:

          «Աաա՜,- մեջ ընկավ Հերոն,- դու չգիտես՝ ո՞ւմ հետ է կռիվդ…»:

          -Մի քիչ հետո տեղ կհասնենք,- կարծես ինչ-որ բան զգալով՝ խոսեց ներքին Հակոբիկ-մողեսականը,- հինգ րոպե էլ դիմացիր, միանգամից հինգ համակարգիչ կստանաս…

          «Շարունակեք,- ներքին ձայնով խոսեց Արտոն»։

          «Վիշապը երեք գլուխ ունի ու հրե մարմին՝ թեփուկներով պատված, կոկորդիլոսի է նման. նույնն է թե՝ մողեսի։ Համարյա անմահ է… դու ի՞նչ է, հեքիաթ չե՞ս կարդացել…,- ինքն էլ խճճվեց իր ասածների մեջ Քերին»։

          «Սպասիր ես բացատրեմ,- ընդհատեց հերոդոտածինը,- Տոտի առասպելը գիտե՞ս… Տոտը որոշեց բարձրանալ երկինք ու սպանել երկնային հրեշ-կոկորդիլոս-արարչին, որը կուլ էր տալիս կենդանակերպի բոլոր կենդանիներին. այլ կերպ ասած՝ ժամանակի մեջ ծնված ամեն ինչը։ Բայց երբ կանգնեց դիմացը, այդ հրեշը նրա՛ն էլ խաբեց. «Ես Աստված չե՜մ, ես միայն արարիչն եմ… Ձեր թշնամին նա՜ է. նա՜ է աշխարհն այսպիսին պատվիրել… իսկ ես կարող եմ քեզ պատմել տիեզերքի բոլոր գաղտնիքնե՜րը, տալ գիտելիքնե՜ր, իմաստո՜ւն դարձնել, որպեսզի կարողանաս օգնել մարդկությա՜նը…»: Ա՛յ էսպես խաբեց, ու Տոտը մինչ հիմա էլ էնտեղ է… գաղտնիքներն է սովորում… իսկ ինքն իջել ու անընդհատ փորձում է Տոտի աշխարհին տեր դառնալ… մեկ-մեկ էլ հաջողում է՝ Երկրի որևէ աշխարհամասում… մի խոսքով… հիմա էլ, ի՛նքդ կռահեցիր, որոշեց ջրհեղեղ սարքել մի քանի փրկվածների տեր-տիրակալը, գուցե և՝ Աստվածը դառնալ…

          «Ասում ես վիշապը հրե՞ մարմին ունի…»:

          «Այո, այո՜, սառը-հրե մարմին, երեք գլուխ ու երկու պոչ. անձամբ եմ տեսել նրա նկարները շումերական գրադարաններում…»:

          «Իսկ ջուրը չի՞ սպանի նրան… ջրհեղեղը…»:

          «Առաջներում գուցե սպաներ… բայց հազարավոր տարիների ընթացքում հրեշը կատարելագործվել, գերհրեշ է դարձել…»:

          «Նրա քվանտային հիմքը,- փորձեց գիտականորեն պարզաբանել հերոդոտածինը,- կարող է ցանկացած նյութ, նույնիսկ ջուրը քվանտային անկարգության վերածել… ջուրը պարզապես կանհետանա… ջուրը, գուցե, ընդհանրապես անհետանա, եթե ամբողջական-միասնական լինի ու նրա թեփուկազուրկ մարմնին դիպչի…»:

          «Տե՜ր Աստված,- չդիմացավ Քերին,- ջրհեղեղից հետո կենդանի մնացածները կմեռնեն ծարավից… կխեղդվեն թթվածնում… կայրվեն ջրածնով…»:

          «Սպասե՛ք. ուրեմն, վիշապը սառը-հրե կամ պլազմային մարմին ունի, ինչ-որ բան, որ գտնվում է նյութի ու քվանտային քաոսի արանքում, ուստի, կարողանում է ազդել երկուսի վրա էլ…»:

          «Այո, այո՜,- հաստատեց Հերոն,- ե՛րբ ի՛նչ տեսք ուզի, կունենա… հավանաբար… ինչ ուզի, կարող է կուլ տալ, անէացնել… խճճվեցի…»:

          «Թող ես պա՛րզ ասեմ,- ընդհատեց քերոլածինը,- հեքիաթի լեզվով։

          Տիեզերք-հավքը Երկիր մոլորակի վրա մնացած քաոսի կտորները հավաքեց ու ձու դարձրեց, հսկա՛ ձու։

          Գազան-գայլը տեսավ ձուն, ուզեց ուտի-ըռզակի՝ հզորանա՝ Երկրին տեր կանգնի։ Ոռնաց, ժայռը պոկվեց լեռան գագաթից, ընկավ ձվի վրա ու կճեպը ճաքեցրեց։ Մոտենում էր, որ դունչը ճաքից ներս մտցնի ու չնկատեց, որ Տիեզերք-Տիրոջը հավատարիմ շուն-ծառան էլ ձվի մյուս կողմից մոտ եկավ։ Սկսեցին կռվել ձվի համար։

          Առյուծը, երբ լսեց սրանց հաչոց-գռմռոցները, դուրս եկավ քարանձավից ու որոշեց սպասի, մինչ շունն ու գայլն իրար սպանեն, ի՛նքը տեր դառնա ձվին էլ, Երկրին էլ։ Իսկ էդ ժամանակ ձվից երկպոչ-եռագլուխ վիշապօձ դուրս եկավ։ Գլուխ ասածներն էլ ո՛չ քիթ ունեին, ո՛չ աչք, ո՛չ ականջ. մի-մի բերան էին, ու շատ էին սոված. երեքին էլ կերան, վերջում էլ մոլորակը կուլ տվեցին, տեր դարձան աշխարհին ու դրա բոլոր դարերին»։

          «Բան հասկացա՞ր,- ընդհատեց Հերոն՝ դիմելով Արտոյին»։

          «Դեռ ոչ, բայց թող շարունակի»։

          «Ի՞նչ կա չհասկանալու,- նեղացած ձևացավ Քերին,- գազանն էլ, ծառան էլ, առյուծ-արքան էլ կեր դարձան Ժամանակին, որովհետև ձուն ձվից տարբերել չգիտեին։ Բայց ո՞վ էր «Է» տվել Ժամանակին, ո՞վ էր սահմանել նրա ընթացքը ու դեռ չծնված՝ նախաճաշն իր մոտ բերել… ու մինչև հիմա էլ՝ իր ուտելիքներն իրե՛նք են իրենց ոտքով մոտը գնում…»:

          «Դու, արդեն Ձեն Բուդդիզմի[v] ավելի ստույգ՝ Դաօսիզմի[vi] գիրկն ընկար,- չդիմացավ հերոդոտածինը,- ամեն ինչ խճճեցիր…»:

          «Այ, ա՛յ,- վրա տվեց քերոլածինը,- հենց այդ խճճված լաբիրինթոս-ճանապարհի վերջում էլ կգտնենք իսկությունը… կեր դառնալուց առաջ… քանի որ, իրականում, ոչինչ էլ չգիտենք նրա մասին…»:

          -Հասանք,- երբ կանգնեցին Գրքասերների միության պալատի դռների դիմաց, վերջապես հանգիստ շունչ քաշելով՝ ասացին Հակոբիկն ու ներքին մողեսականը, ուրախ, որ ճանապարհին չեն կորցրել Արտոյին։

          Բայց այստեղ, տուրք տալով սնոտիապաշտությանս[vii], ուզում եմ ավարտեմ տասներեքերորդ գլուխը, որ, Աստված չանի, մի վատ բան չպատահի. ու այս գլուխն էլ, ինչպես նկատեցիք, ո՛չ գլուխ ուներ, ո՛չ էլ մարմին ու ոտք, մի շատախոս բերան էր միայն հիշեցնում։

Գլուխ տասնչորսերորդ

«Իսկությունը բարդ չէ,- շարունակեց վեճը հերոդոտածինը,- աշխարհի հիմքը, բացարձակը ամեն ինչի հնարավորությունն է, հնարավորությունների հավանականությունը կանոնակարգողը մեքենայորեն Աստված է դառնում, քանի որ Աստված ամենուրեք ու բոլոր հնարավորությունների մեջ է, նրա համար միևնույն է, թե ինչ կկատարվի կամ կպատահի, ամեն ինչն էլ հետաքրքիր է, իսկ մարդկանց հարմար արդարությունը մարդիկ իրե՛նք պիտի կերտեն… ներս մի՛ մտիր…»:

          «Դրա համար էլ միևնույն է՝ խաչին կաղոթես, թե կոշիկի փալասին, ամենուրեքն՝ ամենուրեք է… ներս մի՛ մտիր…,- ի՛ր հերթին ավելացրեց Քերին»։

          «Ես գնացի,- կարճ կապեց Արտոն,- իսկ դուք չմոռանաք կատարել խնդրանքս»։

Գլուխը թափ տվեց՝ ազատվեց գրհեշտակներից ու ներս մտավ իր համար բացված դռնից։

          Համարելով, թե վիրտուալ աշխարհում իր գործն ավարտել է, Պանսանդալոսը բացեց «Ցիվիլիզացիա» խաղի բազային ծրագիրն ու թելադրեց իր նոր նախապայմանները. քաղաքակրթություն կերտողները մողեսամարդիկ էին, որոնք բաց էին թողել բարեշրջության կաթնասուն դառնալու փուլն ու որոշ դինոզավրների պես երկու ոտքի վրա կանգնելուց հետո, միանգամից, սկսել էին մտածել։ Մինչ խաղն ինքն իրեն առաջ էր գնում, դարակից հանեց «Դեո Սպիրիտուս»-ի շիշը, բերանը դրեց ծխամորճը, իննսունվեց տոկոսանոց խմիչքից մի քիչ լցրեց մեջն ու վառեց հատուկ կրակայրիչով. պլազմային մարմնին էլ, երբեմն-երբեմն, սնունդ էր հարկավոր:

          Իսկ խաղն ավելի արագ էր առաջ ընթանում, քան սպասելի էր նոր նախապայմանների պարագայում։ Մողեսանմանները, քանի գնում, ավելի էին մարդկանց նմանվում՝ թեև որոշակի շեղումներով. նախ՝ բոլորը հսկաներ էին, ամենակարճահասակը՝ չորս մետր բոյով։ Մեկ-մեկ առաջանում էին միաչքանի կամ երեքաչքանի, նույնիսկ ծոծրակաչքանի հսկաներ։ Ջրից դուրս ապրելու պատճառով թեփուկները թափվում ու դրանց տեղերում հատուկենտ մազեր էին աճում։ Որպեսզի չմրսեն, սկսեցին տներ կառուցել, որոնք հար ու նման էին կիկլոպյան ամրոցներին՝ ամեն քարը տասը-տասներկու տոննա։ Շատ չանցած՝ հսկաները սկսեցին մարդկանց բուծել՝ որպես սնունդ, իսկ որպես բուծասերմ՝ իրենցն էին օգտագործում՝ նախ մսաճը արագացնել-ժամանակ շահելով, ապա և կարծելով, թե իրենցից առաջացածը իրենց օգտակար է, առնվազն՝ վնասակար չի լինի։

          Շուտով սկսեցին կիսահսկաներ ծնվել, որոնց իգական սեռի ներկայացուցիչները, որպես սերմն ուղղակի ընդունելու կարող ծննդատուներ, շատ գրավիչ դարձան մարդամողեսահսկաների համար. կիսահսկա կանայք, առնվազն, քանի երիտասարդ ու գեղեցիկ էին, կեր չէին դառնա. իսկ հետո՝ դախացած միսը ոչ մեկին պետք չէր, ու երախտագիտության զգացումից դրդված՝ հսկաները նրանց համար տարբեր գործեր էին մոգոնում-հանձնարարում։ Արական կիսահսկաներից ամենաաչալուրջները, մայրերի օգնությամբ, փախչում էին անհասանելի անտառներն ու լեռները, մարզվում ու վերադառնում էին՝ իրենց հայրերին սպանելու՝ նրանց տեղը գրավելու համար։

          Պանսանդալոս-հրեշը մի քիչ նյարդայնացավ խաղի այդպիսի ընթացքից. կարծես այդ ամենը մի անգամ արդեն եղել էր իրականում ու առնվազն՝ պատմված էր հունական որոշ լեգենդներում[viii]։

          Հսկաներին փոխարինեցին կիսահսկաները, դրանց էլ՝ մեծամարմինները, որ կամաց-կամաց փոքրանում, մարդաչափ էին դառնում, որպես կեր՝ մարդկանց փոխարեն իրենց պես կաթնասուններ՝ կովեր, ոչխարներ ու խոզեր սկսեցին բուծել։ Իսկ երբ երկինքը մթնեց, ու սկսվեց քառասնօրյա ջրհեղեղը, գեներալ-գիտնականը, առանց հիշողության մեջ գրանցելու եղածը, ջղայնացավ ու ձեռքի մեկ շարժումով անջատեց խաղը։

          Եթե գեներալ-գիտնականի մարմնում չլիներ, գուցե վերջնականապես հիասթափվեր ու հրաժարվեր ծրագրից, սակայն կյանքում միայն հաստատակամության շնորհիվ հաջողություններ ունեցած պաշտոնյան իրեն տրված հրամանից չհրաժարվեց։ Սառը պլազման սկսեց  եռալ-բորբոքվել ու հազիվ էր զսպում իրեն, որ դուրս չգա Պանսանդալոսի մարմնից։ Հենց այդ պահին էր, որ քարտուղարուհին, ի դժբախտություն իրեն, բացեց իր անձնական էլեկտրոնային փոստը։

          -Բարձրանանք իմ սենյակը,- առաջարկեց Հակոբիկը, երբ բոլոր կողմերից նրանց շրջապատեցին Գրքասերների միության «աշխատակիցները»։

          -Գնանք,- ասաց Արտոն, թեև ինքնավստահորեն պատրաստ էր հենց այդտե՛ղ դիմագրավել սեղմվող օղակին։

          Աստիճաններով բարձրանալիս Հակոբիկի սիրտը սկսեց այնքան ուժեղ բաբախել, որ ներքին մողեսականին թվաց, թե մուրճերով հարվածում են իր գլխին։ Ամեն նոր հարթակ հասնելիս Հակոբիկի սիրտը Փորինեին տեսնելու սպասումից սկսում էր ավելի ու ավելի ուժեղ բաբախել՝ ծանրացնելով մուրճերը։ Իսկ երբ ձեռքը տարավ դեպի ընդունարանի դռան բռնակը, կարծես զգայական երկնաքար իջավ ու ջնջխեց ներքին մողեսականի աննյութ մարմինը։ Պահապանները ոչինչ գլխի չընկան ու մնացին միջանցքում՝ դռան մոտ՝ կազմ ու պատրաստ՝ կատարելու հակառակորդի գերեվարման կամ ոչնչացման հրամանը: Իսկ Հակոբիկը Արտոյից հետո ներս մտնելուն պես քարացավ տեղում։

          Նուրբ մանուշակագույն երիզներով, կարմիր, կենտրոնում կրծքի մի մասն ու փորը մինչև պորտը ցուցադրող հագուստը կանգնել էր աշխատասեղանի կողքին ու սպասում էր, թե երբ է ներս մտնելու իրենով հիացողը։ Դռան ճռռոցով ու դանդաղ բացվելու հետ մեկտեղ՝ հագուստի տակ թաքնված մարմնի սրտում մի այնպիսի հրավառություն սկսվեց, որը նախ կուրացրեց ու խլացրեց, ապա և կաթվածահարեց ներքին մողեսուհուն։

          -Սպասեք այստեղ,- մեքենայորեն արտասանեց Փորինեն՝ նույնիսկ չնայելով Արտոյի կողմը, ու նրանք, Հակոբիկի հետ, մտան աշխատասենյակ՝ ժամանակ չկորցնելով դուռը կողպելու վրա։

          Այն, ինչ կատարվեց դրանից հետո, նման էր հրաբխի ժայթքման, որ մոխրացրեց-արտանետեց ներքին մողեսականների ոգեդիակները։ Երկուսի արյան շրջանառություններն էլ այնքան էին արագացել-հզորացել, որ սպիտակ գնդիկներն աննկատելիորեն դուրս էին թռչում մազանոթներից, անցնում էին միմյանց մաշկի շերտերի ու հագուստների մեջ, խառնվում էին դիմացինի արյանը։ Իսկ հոգին, ինչպես գիտեք, հենց արյան մեջ է բնակվում… Արյան փոխներարկման գործընթացը լիուլի կատարելուց հետո ձեռք-ձեռքի պառկել էին ընդարձակ գրասեղանին ու միմյանց արյունը մարմնի բոլոր բջիջներին հասցնելու հետ մեկտեղ՝ փորձում էին հասկանալ վերջին մի քանի օրերին իրենց հետ կատարվածը՝ առանց ներքին մողեսականների մեկնաբանությունների։ Երկուսն էլ այնքան երջանիկ էին, որ սիրում էին ողջ աշխարհն ու դրանում ապրող բոլոր մարդկանց։

          -Իսկ հիշո՞ւմ ես՝ առաջին դասարանում ինձնից գիրք խնդրեցիր, իսկ ես գիրքը խփեցի գլխիդ… երևի դրանից հետո՛ էլ բոյ չքաշեցիր,- առաջինը խոսեց Փորինեն, ինքն էլ իր ասածից սկսեց լիաթոք ծիծաղել՝ ոչ միայն տասը տարի առաջ կատարվածի համար ներողություն խնդրելով, այլև ինքն իրեն ներելով։ Հետո շուռ եկավ կողքի ու քնքշորեն համբուրեց Հակոբիկի քունքը։

          -Հիշում եմ,- Փորինեի ծիծաղից վարակված, ծիծաղելով՝ խոսքի տակ չմնաց Հակոբիկը,- ես էլ քեզ «խոզ» ասացի, չնայած՝ ինձնից էլ նիհար էիր. երևի դրանից հետո…- ու էլ չշարունակելով՝ ամուր գրկեց աղջկան։

          -Լավ էր դպրոցում…

          -Արտոն…- տեղից վեր թռավ Հակոբիկը…

          Իսկ Արտոն, անսպասելիորեն մենակ մնալով, մոտեցել էր քարտուղարուհու համակարգչին. բացել էլ. փոստն ու կարդացել էր գրհրեշտակներից ուղարկված նամակը։ «Արագ են աշխատում»,- մտածեց ու բացեց նամակը։

          Հազար հինգ հարյուրից ավելի գիրք, ավելի ստույգ դրանց էլեկտրոնային գրհրեշտակները, թույլ էին տվել, որպեսզի իրենց առաջին էջերում տեղադրվի բոլոր մարդկանց ուղղված նամակը… ավելին, էլեկտրոնային գրհրեշտակներն էլ էին իրենց բացելու խնդրանքով նամակներ ուղարկել բոլոր այն հասցեներով, որոնցից երբևէ հետաքրքրվել էին իրենցով… դա բավական չէր, նամակը բացած-կարդացածներն էլ այն բազմացրել ու այս անգամ առանց գրքերին կցելու՝ ուղարկել էին բոլոր ծանոթների հասցեներով… ու դեռ շարունակում էին ուղարկել…

          -Արագ են աշխատում…,- կարդալուց հետո չկարողացավ իրեն զսպել ու ասաց բարձրաձայն,- բայց էս ի՞նչ հիմարություններ են գրել… սրա՞նք էլ են ամերիկյան ֆիլմեր նայում…

          Իր քրոջից նույն նամակն էր ստացել նաև Պանսանդալոսի քարտուղարուհին։ Կարդալով մոռացավ կարգն ու կանոնը, անտեսեց շեֆի՝ իրեն չանհանգստացնելու խստագույն հրամանը, արագորեն տպեց նամակն ու միայն ձևի համար բախելով դուռը՝ ներս մտավ։

          -Սերրռ,- արտասանեց, ինչպես կդիմեր գրպանահատության մեջ բռնված ոստիկանին,- Դուք ծանո՞թ եք այս տեսանկյանը… հենց նոր ստացա էլ. փոստով…,- ու ամբարտավանորեն պահեց գեներալ-գիտնականի աչքերի դիմաց։

          Սա ավելին էր, քան ի վիճակի էր տանել արագորեն ջերմացող համարյա-աստվածը։ Պանսանդալոսի բերանը լայն բացվեց, այնքան, որ դրանից դուրս եկած մեջտեղի գլուխը դեռևս խաղային անհաջողությունից առաջացած ողջ հուրը շպրտեց թղթի ու քարտուղարուհու վրա։ Երկուսն էլ վայրկենապես մոխրացան, իսկ ծուխն ու համբարձվող հոգին ներքաշվեցին օդափոխման համակարգ։ Մի քիչ զովանալով՝ եռագլուխը վերադարձավ Պանսանդալոսի մարմին ու արագորեն բացելով համացանցը՝ ինքն էլ գտավ հայտնի նամակը։

          «ԲՈԼՈՐԻ՛Ն,  ԲՈԼՈՐԻ՛Ն,  ԲՈԼՈՐԻ՛Ն

          Պատրաստ է իրագործման նոր ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ակտ

          ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՆՔՈՒՄ։

          Պլազմային ռումբը տեղադրված է շենքի ստորգետնյա ավտոկայանատեղի տակ՝ հարյուր մետր խորությամբ։ Դրան կարելի է հասնել Պանսանդալոսի անձնական վերելակի հորատանցքի միջով։ Ստորգետնյա ռմբապահեստարանն ունի բազմաթիվ այլ, լավ քողարկված մուտքեր աշխարհի տարբեր ծայրերում /ինչպես Շամբալան/։ Դրանում, ամեն րոպե պայթելու պատրաստ, թաքնված է վերջին տասնհինգ տարիներին սպառազինություններից հանված պայթուցիկների քառասուն տոկոսը։ Նմանատիպ պահեստներ կան ևս հարյուր քառասունչորս քաղաքների տակ, բոլորի մուտքերն էլ Գրքասերների միությունների պահեստներից։ /Քարտեզները կցվում են առանձին ֆայլով/։

          Իմիջիայլոց։

          Վերը նշված անձը ոչ մի կապ չունի ինքն իր հետ քանի որ երեք ամիս առաջ վերածվել է բիոռոբոտի. հենց վերջինս է հանդիսանում ահաբեկչության հիմնական կազմակերպիչը։ Նրա սերվերից է համացանց առաքվել «Թվային Նեյտրոն» ցանցային ռումբ-վիրուսը, որի հետևանքով պարալիզացվել են այս տեղեկատվությունն ունեցող կայքերի ճնշող մեծամասնությունը։

          Պանսանդալոսի կենսառոբոտի մասին ասենք նաև, որ վերջերս թուրքական Իզմիր քաղաքի մոտ ծնված մարդու դեմքով գառը հենց նրա անօրինական զավակն էր… ահա թե ինչպիսի խելագարի հետ գործ ունենք…

          Եթե Աստված օգնել է Ձեզ, ու Դուք պատահմամբ ստացել եք այս նամակը, խնդրում ենք՝ նախ ուղարկեք այն բոլոր հայտնի պետական անվտանգության հիմնարկներին, ապա և՝ Ձեզ հայտնի բոլոր էլեկտրոնային հասցեներով… ո՞վ գիտի, գուցե այն հասնի նրանց, ովքեր կարող են փրկել իրավիճակը։

          Շտապեք… 

          Հարգանքով՝  Չարլզ  Լատուիջ Դոջսոն»:[ix]

          Դեռ նամակի վերջին չհասած՝ Պանսանդալոսն այնքան ուժեղ գոռաց, որ եթե քարտուղարուհին մոխրացած չլիներ, կխլանար.

          -Սրիկանե՜ր… սո՞ւտն էլ երկու պոչով լինի… ինձ պես… ես հիմա, հե՛նց հիմա ձեր հարցերը կլուծեմ…

          Գոռաց, հրե գնդակ դառնալով՝ դուրս եկավ Պանսանդալոսի մարմնից, որպեսզի մխրճվի համաշխարհային ցանց ու հարձակվի իր մասին սխալ տեղեկատվություն տարածող կայքերի վրա, սակայն… Հենց այդ պահին գմփոցով պայթեց ու տապալվեց աշխատասենյակի դուռը։ Պլազմային մարմինն արագորեն թռավ հանգստի սենյակ ու դռան ճեղքից սկսեց հետևել ՄԱԿ-ի անվտանգության աշխատակիցների ներխուժմանը՝ մարշալ Մարշալի գլխավորությամբ։ Վերջինս Պանսանդալոսի բազկաթոռին բազմած նրա դիակը տեսնելուց հետո սկսեց իսկապես լուրջ վերաբերվել ստացված նամակին ու ռադիոկապով ոտքի հանեց ստվերային ՄԱԿ-ի անվտանգության ամբողջ ծառայությունը։

          Միանգամից ընկալելով նոր իրադրությունը՝ պլազմային վիշապը սահեց վերելակի հորատանցքի կողմը. դա ամենակարճ ճանապարհն էր դեպի հենց այսպիսի իրավիճակների համար ստեղծած գլխավոր շտաբը։

          «Ե՜ս… մեծն Ասար-Հափիս…,- հորատանցքով իջնելիս վհատությունից իր հին-եգիպտական անունը հիշեց Եռագլուխը,- տքնեմ՝ հանուն այս կիսատ մոլորակի բարօրության… իսկ ինձ մեղադրեն մոլորակը պայթեցնելու ու կենդանիների հետ սեռական հարաբերությունների համա՞ր… սրիկանե՜րը… սրիկանե՞րը… ովքե՞ր են դա արել… այդ տխմար աստրալիկո՞ւսը, որին լուրջ չընդունեցի… HAARP-ի թշնամինե՞րը… ո՞վ է թաքնված այդ հանգուցյալ մասոն Դոջսոնի անվան տակ… Նրանք, որոնց դեմ ե՛ս եմ պայքարում, այսքան սրամտության կարիք չունեն… էլեկտրոնային հասցեն էլ չնայեցի… ոչինչ, հիմա տեղ կհասնեմ ու ամբողջ համաշխարհային ցանցը կպայթեցնեմ…»։

          -Այս մի գրասենյակն էլ իր մահկանացուն կնքեց,- աջից փաստեց Գայլագլուխը՝ վերելակի տակ թաքնված հորատանցքն անցնելիս։

          -Մեզ, ակնհայտորեն, այս անիծյալ մարդուկները չե՛ն սիրում,- միացավ ձախից Շնագլուխը։

          -Ոչի՛նչ, մենք մեր սեփական աշխատասենյակն է՛լ ունենք, եթե չհաշվենք ևս հարյուր քառասունչորսը, որոնք զավթել ենք Գրքասերների միությունների հետ,- ոգեշնչող իր դերը կատարեց մեջտեղինը՝ Առյուծագլուխը։

          -Գուցե իսկապե՛ս մոլորակային արհավիրք սարքենք, սրանց վերջը տանք,- իբր նեղացածություն արտահայտեց Գայլագլուխը։

          -Հետո՞,- լուրջ ընդունեց Շնագլուխը։

          -Հանգստացեք, հիմա դրա ժամանակը չէ,- արքայավարի արտասանեց մեջտեղինը,- կարևորը՝ որ սրանք ժամանակից առաջ չընկնեն… հիմա գլխներին մի էնպիսի պատերազմ սարքե՜նք…

          -Իսկ եթե հաղթե՞ն,- չդիմացավ Գայլագլուխը։

          -Ուրեմն արժանի են,- վրա տվեց Շնագլուխը։

          Երեքն էլ, դուրս գալով մարդկային մարմնի նեղ աքցաններից, սառել-հանդարտվել ու հիմա լրջորեն մտածում էին իրենց մոտակա անելիքի մասին։

          -Գնացինք,- հրամայեց Առյուծագլուխը, երբ հասան ստորգետնյա լաբիրինթոսին,- ստիպված կլինենք պայթեցնել վերելակի հորատանցքը, որ էստե՛ղ էլ չհայտնվեն մեր իսկական թշնամիները։ Աչքիս՝ մեզ լո՛ւրջ ճակատամարտ է սպասվում։

          Արտաշեսը նամակը կարդալուց հետո ստուգեց-տեսավ, որ աստրալ թռիչքների չատը դեռ չի վերականգնվել ու փորձեց իրեն ծանոթ այլ հասցեներով վերահաստատել կապը ցանցային ընկերների հետ, սակայն՝ ապարդյուն։ Պարապ էր, ու արագորեն մտնելով ցանցային գրադարաններից մեկը՝ քաշեց Սուն Ցզիի «Պատերազմի արվեստը» գրքույկը։ Սկսեց կարդալ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ էին գրհրեշտակներն ուզում, որ անպայման կարդա։ Արագ ընթերցանության շնորհիվ մեկ րոպեում ավարտեց ընդամենը տասնչորս էջանոց գիրքն ու մի տեսակ կարոտեց այդ շնորհն իրեն հաղորդած գրհրեշտակներին. տեսնես՝ ո՞ւր են կորել… Գուցե փորձեր հոգեկապով գտնել տեղները, եթե Փորինեն, ներս մտնելով, նախ չփակեր ընդունարանի դուռը, ապա  ցածրաձայն, համարյա փսփսոցով Հակոբիկի աշխատասենյակ չհրավիրեր իրեն։

          Իսկ գրհրեշտակներն այդ պահին կանգնած էին Ալեքսանդրիայի այրված-ավերված գրադարանի[x] տեղում՝ գետնից երկու հարյուր մետր բարձրության վրա, ու հանրահավաքի պես մի բան էին կազմակերպել այդ՝ իրենց նման անտուն մնացածների սրբազան հիշատակի վայրում։

          -Հրեշը նորից ոտքի՛ է կանգնել,- ճառում էր Հերոն հազարավոր իրենցպեսների առջև,- նա, ով ամեն դարաշրջանի վերջում հոշոտում է կենդանակերպերն ու դրանց դարաշրջանում ստեղծված լավագույն գրքերը։ Նա՛, որի հրամանով այրվե՛ց Ձեր այս տունը, նա՛, որ ուզում է իմաստությունը միայն ի՛ր համար պահել, նա՛, որ հսկա մի վիշապօձ է, իսկ գլխի տեղում միայն ամեն ինչ հոշոտող բերան ունի. անգլուխ իմաստությունն է, անտեր գիտելիքը, սառը կրակն է… կարիք կա՞ նրա անունը կրկին տալ, թե՞ հասկացաք…

          Քերոլածինը երբևէ չէր տեսել իր ընկերոջն այսքան համոզիչ ճառելիս. զարմանում էր, թե հազարավոր գրհրեշտակներ, որոնց գրքերի մեծ մասն այլևս չկային նյութական աշխարհում, ինչպես են ցնցվում նրա խոսքերից, ինչպես են նրբորեն փոխում իրենց գույները՝ եղբայրության երկնագույնից մինչև կատաղության բոսորը։ Սակայն այդ պահին նա միակ զարմացողը չէր։ «Ալ մողեսուս» եգիպտական հեռուստաընկերության օպերատորը պատահմամբ նկատեց երկնակամարում բռնկված, միայն հյուսիսափայլի հետ համեմատելի երևույթը։ Նկարահանեց ու արագորեն վաճառեց տեսանյութը, որին հավանաբար ծանոթ եք «HAARP-ի գործարկման հետևանքով հյուսիսափայլ Ալեքսանդրիայում» անվանված տեղեկատվությունից։ Քերոլածինն էլ էր ոգևորված ու միայն ընկերոջ ձայնի նրբերանգներից կռահեց, որ հերոդոտածինը հասել է ճառի ավարտին։

          -Դուք հարցնում եք՝ ի՞նչ կարող ենք անել մենք՝ աննյութներս ու թափանցիկներս, մենք՝ անզեններս ու անատամներս… կարող ենք. կարող ենք թույլ չտալ, որպեսզի վիշապը հոշոտի նաև ձկան դարաշրջանում ծնված մեր եղբայրների մարմինները, կարող ենք, քանի որ նոր Մարդն է ապրում աշխարհում… Նա, որ միայն դարաշրջանների վերջում է հայտնվում… Նա, որ Ձեզանից շատերին է արարել… նա, որ իր հոգում կրում է բոլոր նախորդներին, իսկ սերմում՝ հաջորդներին… ես ինքս համոզվեցի դրանում… Մենք կարող ենք թույլ չտալ, որ հրեշը հոշոտի նրան Ձեր ծնողների պես… մենք կարող ենք մեռնել զինվորի պատվավոր մահով, ինչպես մեզ երկնողներն են նախատեսել… մենք կարող են անել ավելին, քան կարծում ենք… մենք կարող ենք վերածնել այրված գրադարանները… կարող ենք… կարող ենք՝ նրա միջոցով…

          Հերոն, զգալով իր խոսքի մոգական ազդեցությունը, մի պահ դադար տվեց ու այնպես պայթեցրեց իր «ձայնը», որ հազարամյա գրհրեշտակները ցնցվեցին, թափ տվեցին իրենց վրա հավաքված դարերի մուրը, կարծես նորացան, ներկվեցին սրբազան կատաղության բոսորերանգ մանուշակագույնով ու սկսեցին արագորեն թափահարել իրենց էջերը։

          -Եվ արդ… գնացեք ու ոտքի հանեք բոլոր այն գրքերի հրեշտակներին, որոնք առանց Ձեզ չէին արարվի… Թող հրեշը տեսնի մեր իրական զորությունը, ո՜վ տիեզերքի զավակներ ու տիեզերական իմաստություն կրող  զինվորներ… Իմ կոչով կհավաքվենք ճակատամարտի՛ վայրում…

          Հանրահավաքի երկնային հրապարակը մեկ վայրկյանում դատարկվեց, ու քերոլածինը մենակ մնաց ոգևորվածությունից դեպի սովորական վիճակ անցնող հերոդոտածինի հետ.

          -Իսկ մենք ինչի՞ն ենք սպասում,- ասաց Հերոն վերջնականապես հանդարտվելուց հետո,- մեր սերմերով է՛լ են բազմաթիվ արարումներ եղել…

          -Հետո էլ գնանք, հասնենք Արտոյին…   

Շարունակելի


[i] Սերապիսը հին աշխարհի ամենահզոր ու մեզ քիչ հայտնի աստվածներից մեկն էր։ Դեռևս չորրորդ դարում նա պահպանում էր իր հզորությունն ու քրիստոնյաների մեծ մասի կողմից պաշտվում էր՝ Հիսուսին զուգահեռաբար։ Կարծիք կա, որ Հիսուսի՝ այսօր տարածված պատկերն էլ նմանեցված է Սերապիսին։ Շատ մեծ են նրա նմանությունները Ինկերի Վերակոչի աստծու հետ. Սերապիսի նմանակներն են Տիրը, Խալդը, Միհրը, Օսիրիսը, այլք։**

[ii] Հաարփի նախագիծը ղեկավարող պաշտոնյայի իսկական աղգանունը Պապանդապոլուս է։

[iii] Իզմիր քաղաքի մոտ ծնված՝ նարդու գլուխ ունեցող գառան ծնունդը հնարավոր չէ բացատրել դասական գիտության միջոցով, քանի որ մարդու և ոչխարի զուգակցումն անհնար է համարվում. սակայն մորֆոգեն դաշտերի տեսությունը հնարավորություն է տալիս դրա գիտականանման բացատրության համար։

[iv] Նաթալի Բերգը ՀԱԱՐՓ-ի կազմակերպիչն էր ու առաջին ղեկավարը, հեղինակը աղավաղել է նրա անունը։

[v] Դզեն Բուդդիզմը բուդդիզմի ճապոնական տարբերակն է, որ շատ ավելի փիլիսոփայական է։

[vi] Դաօսիզմը նույնպես բուդդիզմի ճապոնական ճյուղերից մեկն է։

[vii] Սնոտիապաշտությունը մարդու հոգեբանական ինքնապաշտպանության եղանակներից մեկն է, որ փորձում է կանխատեսել կատարվելիքը որոշակի նշանների միջոցով. նախկինում այն շատ ավելի տարածված էր. ասենք՝ մոգերը փորձում էին կանխատեսել ապագա ճակատամարտի ելքը զոհաբերված կենդանու փորոտիքի միջոցով ու մեծամասսամբ չէին սխալվում։

[viii] Էդիպի լեգենդը ներկայացվել է մեզ հունական դրամայի միջոցով, սակայն դրա հետաքրքրությունն այն է, որ էդիպի՝ հորը սպանելու և մոր հետ ամուսնանալու պատմությունը՝ որպես բարդույթ, կազմում  է ժամանակակից հոգեվերլուծության կարևորագույն մասերից մեկն ու բացատրում է մարդու վարքագծի զգալի մասը։

[ix] Դա Լուիս Քերոլի իսկական անունն է։

[x] Ալեքսանդրիայի հայտնի գրադարնն այրվել է ղպտացի պապ Թեոֆիլուսի հրամանով, 391 թվականին։

No Comments

Leave a Reply