bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatik
ՄշակութաԳիծ Երաժշտություն

Վիկտոր Լեգենտով, Էդիթ Պիաֆ-4

24.09.2019

(Թատերգություն երկու գործողությամբ` ըստ Էդիթ Պիաֆի մասին հուշագրությունների)

Սկիզը՝ այստեղ

(Հայտնվում է բարձրահասակ, լավ հագնված մի տղամարդ: Դա Լուի Լեպլեն է):

Լեպլե (Գոռում է): Դու ի՞նչ է, խելքդ գցե՞լ ես: Այդ ի՞նչ ես անում:

Էդիթ Ինչպե՞ս թե ինչ, երգում եմ:

Լեպլե Երգո՞ւմ ես: Ախր այդպես կարելի է ձայնը կորցնել, մանկիկ:

Էդիթ Իհարկե, ես գիտեմ, թե ինչ է նշանակում ձայնը կորցնել: Բայց դա այնքան էլ ինձ չի անհանգստացնում. ես շատ ավելի կարևոր հոգսեր ունեմ:

Լեպլե Դու բացարձակ հիմար ես: Դա պետք է, որ իմանաս:

Էդիթ Բայց ես ինչ-որ բան պետք է ուտեմ:

Լեպլե Իհարկե, մանկիկ… Միայն թե դու կարող էիր այլ կերպ աշխատել: Իսկ ինչո՞ւ քո այդ ձայնով չերգես մի որևէ կաբարեում:

Էդիթ Պատառոտված սվիտերով, այս ողորմելի շրջազգեստով և ոտքիս չափերին չբռնող կոշիկներո՞վ:  Ինձ հետ դեռ երբեք պայմանագիր չեն կնքել: Իհարկե… եթե Դուք կարողանայիք այն առաջարկել ինձ…

Լեպլե Իսկ եթե ես հանկարծ որոշեմ կառչել քո խոսքի՞ց:

Էդիթ Փորձեք տեսնեք:

Լեպլե (Հեգնոտ ժպտալով): Լավ կփորձեմ: Դու ուրիշ զգեստ չունե՞ս:

Էդիթ Ունեմ, մի սև շրջազգեստ՝ սրանից ավելի լավ վիճակում, և բացի այդ, ես ինձ համար մի ցնցող սվիտեր եմ գործում: Բայց դեռ չեմ ավարտել:

Լեպլե Մինչև ուրբաթ կավարտե՞ս:

Էդիթ Հավանաբար:

Լեպլե Լավ… Ի՞նչ է անունդ:

Էդիթ Էդիթ Գասսիոն:

Լեպլե Նման անունը պիտանի չէ էստրադայում:

Էդիթ Ինձ նաև կոչում են Տանյա:

Լեպլե Եթե դու ռուս լինեիր, դա վատ չէր լինի:

Էդիթ Նաև` Դենիս Ժեյ:

Լեպլե Եվ վե՞րջ:

Էդիթ Ո՛չ, մեկ էլ` Յուգնետ Էլիա… Ինձ այդպես հայտարարում են պարահանդեսներում:

Լեպլե Եվ վե՞րջ: Շատ չէ: Դու ավելի շուտ վախվորած թռչնիկ ես` իսկական փարիզյան ճնճղուկ, և ամենաշատը քեզ կսազեր Մուանո անունը: Ցավոք, այն արդեն զբաղված է: Պետք է ուրիշը գտնել: Սպասիր, փարիզյան ժարգոնով «Մուանո»-ն Պիաֆն է:  Ինչո՞ւ դու, փոքրի՛կ,  չդառնաս Պիաֆ:

Էդիթ — Պիա՞ֆ:

Լեպլե Իհարկե, վճռված է. այսուհետև դու Էդիթ Պիաֆն ես:

Էդիթ Պի-աֆ….Պիաֆ…աֆ, աֆ… բահ…

Լեպլե Եվ այսպես, պստլիկ Պիաֆ, վաղը՝ ժամը չորսին, կգաս փորձի: Կերգես քո երգերը, և մենք կմտածենք, թե ինչ կարելի է անել քեզ հետ: (Լեպլեն հանում է այցետոմսը, տասֆրանկանոց թղթադրամ և պարզում Էդիթին): Այստեղ իմ անունն է, հասցեն և…

Էդիթ Իսկ սա՞ ինչի համար է:

Լեպլե Իմ անունը Լուի Լեպլե է, ես «Ջերնիս» կաբարեի տնօրենն եմ: Քառասուն ֆրանկ օրական` սկզբում: Եվ այսպես, վաղը՝ չորսին: Խնդրում եմ՝ չուշանաս:

(Լեպլեն գնում է):

Լուիս Լեպլե

Էդիթ Ա՜յ քեզ հրաշք: (Երաժշտություն է հնչում: Էդիթը մտածկոտ նայում է այցետոմսին, հետո դանդաղ ասում): Էդիթ Պիաֆ… Էդիթ Պիաֆ… Ինչպես տեսնում եք, իմ կարճ կյանքի ընթացքում ինձ կնքել են ոչ մեկ անգամ: Եվ այդ անգամ կարծես թե` ընդմիշտ: (Հնչում է «Պադամ, պադամ» երգը): Իսկ երեկոյան, երբ ընկերուհուս հետ վերջապես վերադարձանք տուն՝ մեր նեղլիկ, պահարան հիշեցնող սենյակը, ինձ հանկարծ այնպիսի մի անտանելի թախիծ պատեց, որ ես, մահճակալին ընկնելով, ասացի. «Չեմ գնա այնտեղ: Հերիք են գլխիս եկած փորձությունները: Նորից ինչ-որ բան կձախողվի, և ես այլևս չեմ դիմանա: Գրողի ծոցը թող գնան բոլորը: Չեմ գնա»:

Ժանին Դու ի՞նչ է, ցնդե՞լ ես: Մտածիր, թե ինչ ես ասում: Իսկ եթե դա ճակատագի՞ր է: Գուցե վերջապես բախտդ կբերի, և դու մարդամեջ կմտնես, հայտնի մարդ կդառնաս:

Էդիթ Իսկ եթե… Գուցե հանկարծ… Հենց միայն այդ եմ լսում: Ո՛չ, Ժանի՛ն, ես այլևս ոչնչի չեմ հավատում:

Ժանին Գիտե՞ս, երբ Ռոժե Մարսիանոյին՝ բոքսի նախկին չեմպիոնին հարցրին, թե նրան ինչպե՞ս է հաջողվել խույս տալ բոլոր թակարդներից, որոնք հանդիպել են կյանքում, նա պատասխանց. «Երևի թե երկնքում կա Մեկը, որն ինձ շատ է սիրում»: Դե գուցե քո բախտը գոնե այս անգամ բերի, հը՞…

Էդիթ Հաջորդ օրը՝ կեսօրից հետո, ես դեռ շարունակում էի անկողնում պառկած մնալ: Հաստատ վճռել էի, որ չեմ գնալու, երբ հանկարծ, երբ ժամացույցի սլաքներն արդեն մոտենում էին երեքն անց կեսին, անսպասելի վեր թռա, արագ հագնվեցի և հրապարակով վազեցի դեպի մետրո: Ինչո՞ւ ես փոխեցի իմ որոշումը, չգիտեմ: Բայց ժամը հինգին` մեկ ժամ ուշացած, արդեն երգում էի Լեպլեի մոտ:

Մոտոցիկլիստը

Արծվի նկարով բաճկոն էր հագին,

Կոշիկներ` կարված սատանու կաշվից,

Եվ մոտոցիկլը նրա պոկվում էր

Թնդանոթային արկի ողջ թափով`

Սարսափ սփռելով շուրջբոլորը իր:

Նա չէր սափրվում, մազերն անխնամ,

Եղունգներն էին սևացած կեղտից.

Կրծքին դաջված էր տառերով շատ մեծ.

«Ժեմա, սիրում եմ, ես սիրում եմ քեզ»…

Գոռում էր բարձր, որ ամենից շատ

Մոտոցիկլն է աշխարհում սիրում…

Մի դևի նման սուրում էր ճամփով,

Սլանում միջով թավուտ անտառի,

Դարուփոսերով, անցումներով լի,

Հատելով անգամ գնացքի ուղին…

Ու սատանի պես` անվախ ու անդող,

Անելով մի նոր թռիչք մահացու,–

Իր հզոր թափով առաջ մղվելով,

Բախվեց գնացքին դեպ հարավ մեկնող…

Հը՞… ո՞նց է…

Լեպլե Շատ լավ է: Դու փառքի կհասնես, ես համոզված եմ: Բայց պետք է աշխատել, ջանալ: Ուրբաթ օրը մեզ մոտ է լինելու ողջ Փարիզը: Եվ այսպես, ուրբաթ օրը կկայանա քո դեբյուտը: (Էդիթը կծկվում է մի անկյունում: Լեպլեն դուրս է գալիս նախաբեմ: Հնչում է նվագախմբային հզոր ակորդ): Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք: Մի քանի օր առաջ ես անցնում էի Տրուայոն փողոցով: Մայթին մի աղջիկ էր երգում` գունատ, թախծոտ դեմքով: Նրա ձայնը մինչև հոգուս խորքերը թափանցեց: Նա հուզեց ինձ, ցնցեց: Հիմա ես ուզում եմ ծանոթացնել նրան ձեզ հետ. դա Փարիզի ամենաիսկական զավակն է. նա չունի երեկոյան զգեստ, և եթե չգիտի նաև խոնարհվել, ապա միայն այն պատճառով, որ ես ընդմենը երեկ եմ նրան սովորեցրել անել դա: Նա ձեր առաջ հանդես կգա այնպիսին, ինչպիսին ես նրան տեսա փողոցում` առանց շպարի, առանց գուլպաների: Եվ այսպես, վարագո՛ւյր. Էդիթ…

Էդիթ Վարագույր… Էդիթ Պիաֆ: Իսկ իմ սվիտերը. դեռ պակասում է մեկ թևքը: Ես այն բերել եմ ինձ հետ և հիմա տենդով գործում եմ՝ ինքս ինձ կրկնելով տեքստը: Բայց հետաձգել, ինչպես երևում է, այլևս չէր կարելի:

Լեպլե (Վազելով դեպի Էդիթը): Դու ի՞նչ է, խելքդ թռցրե՞լ ես: Քո հերթն է, գնացինք:

Էդիթ — Իմ սվիտերը…

Լեպլե Տեսնում եմ, հագիր քո սվիտերը, այդպես էլ կերգես:

Էդիթ Բայց այն միայն մեկ թևք ունի:

Լեպլե Ես կարծես թե կույր չեմ:

Էդիթ — Այդ ժամանակ ես հնազանդորեն վրաս քաշեցի սվիտերը, բայց չգիտեի` ի՞նչ անել հետո:

(Լեպլեն գրպանից հանում է նուրբ, սպիտակ մի շարֆ և գցում Էդիթի ուսերին):

Լեպլե (Հանդիսավոր): Ահա, այսպես: Ես քեզ եմ նվիրում այս շարֆը, մանկիկ: Եվ հաջողություն եմ մաղթում քեզ:

Էդիթ — (Հիացմունքով): Ինչ հիանալի շարֆ է:

(Վազում է հայելու մոտ):

Լեպլե Ավելի քիչ շարժվիր և ձեռքերդ էլ քիչ թափահարիր: Դե, պատրա՞ստ ես:

Էդիթ Պատրաստ եմ:

Լեպլե Գնացինք: (Լեպլեն բռնում է Էդիթի ձեռքը և դուրս բերում բեմ): Ներողություն եմ խնդրում, պարոնայք: Այսպիսով, ձեր առջև է Էդիթ Պիաֆը:

(Հնչում է նվագախմբային հզոր ակորդ: Էդիթը կտրուկ և անվարժ գլուխ է տալիս: Լռություն):

Էդիթ Հոգի սառեցնող լռության բացատրությունը, որով ինձ դիմավորեցին, ես գտա միայն շատ տարիներ անց: Մարդիկ, որոնք եկել են կաբարե, որպեսզի զվարճանան, այնքան էլ գոհ չեն լինում, երբ նրանց հիշեցնում են, որ իրենց շատ մոտիկ, այլ ոչ թե ինչ-որ յոթ սարից այն կողմ, ապրում են այնպիսի աղջիկներ, ինչպիսին ես էի: Էլի մի պահ, և ես կհեռանայի բեմից, բայց հանկարծ ուժերս վերագտա, ինչպես դա սովորաբար լինում է ինձ հետ նման րոպեներին, և ես երգելու անզուսպ ցանկության ունեցա:

«Բրավո» ծաղրածուին

Ես մի ծաղրածու ընկեր ունեմ.

Նա անչափ շատ է ծիծաղելի.

Նրա անունը գրվում է խորագրային վիրավորանքներով,

Նա շատ տգեղ է և տխուր, ինչպես գլխարկը:

Նա  ըմպում է մարդկանց ծիծաղը գինու տեղ

Եվ վրայից կուլ տալիս «Բրավոյի» ճիչերը:

Քո քթի համար, որ բռնկվում է կրակով` Բրավո,

Քո մազերի համար, որոնք կարելի է պոկոտել` Բրավո,

Դու շատ հաջող ես ապակի կուլ տալիս`

                        շատրվանին մագլցած,

Եվ գունդուկծիկ լինում ծիծաղից՝ ի հաճույս պարոնանց…

Քո անհավատարիմ կնոջ համար, Բրավո,

Եվ այն բանի համար, որ դու ես ափսեները լվանում, Բրավո,

Տղադ ձող է թռցնում,  կինդ` եղջյուրներ տնկում գլխիդ,

Իսկ դու քառյակներ ես երգում

                          և հիմար ձևանում…

Ես արքա եմ և ես թագավորում եմ, Բրավո,

Կարծես արյունոտ վերք լինի քո ծիծաղը…

Ծափահարեք ինձ, բղավեք.

Ես անակնկալ արեցի ձեզ համար.

Կրկեսի գմբեթի տակից հենց

Ես իմ կնոջը նետեցի ցած…

Եվ հանկարծ, երգի վերջում, մոռացած անավարտ սվիտերս, ես չդիմացա և երկու ձեռքերս վեր բարձրացրի: Իմ շարֆը՝ Լուի Լեպլեի նվիրած սքանչելի, սպիտակ շարֆը, սահեց ուսերիցս և ընկավ ոտքերիս մոտ: «Հիմա ծիծաղ կբարձրանա, և ամեն բան հոդս կցնդի»,- մտածում էի ես: Բայց… ամեն կողմից դեպի ինձ հասան ծափահարությունները:

Լեպլե Դե, ամեն բան կարգին է, դու նրանց հաղթեցիր: Եվ այսպես կլինի նաև վաղը, և մյուս օրը, և միշտ…

Էդիթ — Չգիտեմ… Ինչ-որ ամեն բան շատ է լավ: Երբ ողջ կյանքում միայն աքացիներ ես ստանում, դառնում ես կասկածամիտ: Իսկ գուցե նրանք ծափահարում էին հենց այնպես… դե՜… հենց այնպես…

Լեպլե Ինչպե՞ս թե` հենց այնպես:

Էդիթ Դե, որպես ծաղր:

Լեպլե (Ազդված): Ո՛չ, պստլի՛կ … նրանք ծափահարում էին՝ ոնց որ պետք է: Հիմարի՜կ, ինքդ էլ չես պատկերացնում, թե ինչ ես անում:

Էդիթ Շնորհակալություն… Դուք այնքան… այնքան… բարի եք: Դե, ինչպես հայր:

Լեպլե Դե՜… Դե՜… Լա՜վ, կարող ես ինձ «պապա» ասել: Եվ երբեք, լսու՞մ ես, երբեք  հանդիսատեսին զիջողություն չանես: Մեծ գաղտնիքն այն է, որ միշտ  մնաս քեզ հավատարիմ: Միշտ եղիր այնպիսին, ինչպիսին կաս:

(Հնչում է «Երգող սրտեր» երգը):

Էդիթ «Ջերնիսը» մոդայիկ հաստատություն էր, և ես, հանդես գալով այնտեղ կես տարի, հասցրի տեսնել այդ ժամանակվա գրեթե բոլոր ճանաչված մարդկանց՝ նախարարների, արտասահմանյան հարուստ դատապաշտպանների, արդյունաբերողների, ձիարշավների մշտական հաճախորդների և իհարկե, թատրոնի, էստրադայի և նույնիսկ կինոյի արտիստների: Ոմանց ես շփոթեցնում էի. «Այդ Էդիթ Պիաֆը չափազանց վուլգար է»: Մեծամասնությանը դուր էի գալիս. «Բրա՛վո, Էդի՛թ»: Իսկ ոմանք սկսեցին հաճախել «Ջերնիս»՝ հենց միայն ինձ համար:

(Մետրդոտելը Էդիթին է հանձնում ծաղիկներով զամբյուղը):

Մետրդոտել Խնդրեմ, մադմուազել Էդիթ, սա Ձեզ…

(Սառը խոնարհվում է և գնում):

Էդիթ Օ՜, շնորհակալ եմ… Ինձ առաջին անգամ են ծաղիկներ նվիրում (Կարդում է ծաղիկների մեջ դրված այցեքարտը): Ժան Մերմոզ… (Լեպլեին): Դա ո՞վ է:

Լեպլե Եթերի աստղ և Փարիզի կուռքը:

Էդիթ Ա՜յ քեզ բան: Եվ այնուամենայնիվ, որոշ հաճախորդներ շարունակում էին ինձ ընդունել, մեղմ ասած, դժկամորեն. «Վերջապես ե՞րբ սրան կվռնդեն»: «Դու ռիսկի ես դիմում, Լեպլե՛: Շուտով հաճախորդները կդադարեն Ձեզ մոտ գալ»: «Կա՛մ ես, կա՛մ Պիաֆը. ընտրություն կատարեք, Լեպլե՛»:

Լեպլե Պիաֆը:

Էդիթ Բայց իմ հակառակորդները չէին հանդարտվում, և մի օր նրանք կազմակերպեցին… (Լսվում է ուժեղացող ծիծաղ): «Ի՜նչ ծիծաղելի է»:

«Ուղղակի ծաղրուծանակ»: «Եվ ի՜նչ բնավորություն ունի»: Պապա՛, Դուք լսու՞մ եք: Ես ի՞նչ պետք է անեմ. նրանք ինձ ձեռ են առնում: Ինձ արտիստուհի երևակայեցի, բայց ես…

Լեպլե — Դե, ահա և լավ է: Եթե դա դու ինքդ ես զգացել, ամեն բան լավ կլինի: Հիմա ես հանգիստ եմ. դու կհասնես քոնին: Եվ ամենասքանչելին այն է, որ երբ դու փառքի հասնես, սրանցից շատերը կասեն. «Առանց մեր օգնության՝ նա ոչնչի չէր հասնի»: Մի՛ վշտանա, կան մարդիկ, որոնք հավատում են քեզ: Եվ որպես դրա ապացույց՝ ես կարող եմ քեզ հայտնել, որ դու հրավեր ես ստացել՝ քո «Օտարականի» ձայնասկավառակը ձայնագրելու և իրավունք՝ վաղը առաջին ելույթն ունենալու Ռադիո-Սիթիում:

Էդիթ   Պապա՜, Դուք իմ բարի հրեշտակն եք…

Լեպլե Դե՛…Դե՛… ուրեմն արի գնանք ռեստորան:

Էդիթ Ռեստորա՞ն, ինձ հե՞տ: Օ՜, Լեպլե:

(Ամուր համբուրում է նրա այտը: Հորդում է երաժշտություն: Էդիթը և Լեպլեն մտնում են ռեստորան և կանգնում սեղանիկի մոտ):

Լեպլե (Շատ նրբանկատորեն) Խնդրե՜մ:

Էդիթ (Խոնարհումով) Շնորհակալ եմ, մսյո: Ես այնպես երջանիկ եմ: Կարո՞ղ էի երբևիցե մտածել, որ ես`աղջիկս Բելվիլ շրջանից, կնստեմ լավագույն ռեստորանի սեղանիկի առաջ` Փարիզի ամենահայտնի մարդկանցից մեկի հետ:

Լեպլե (Ծիծաղում է): Օ՜, ճստիկ, սա միայն սկիզբն է: Ես երազում եմ քեզ լսել Կաննում, պարահանդեսային մրցույթին: Այնտեղ ամեն տարի հավաքվում են լավագույն երգիչները: Պատկերացնո՞ւմ ես. լազուր ծովափ, շլացուցիչ պարահանդես և փոքրիկ Էդիթը:

Էդիթ Գժվել կարելի է: Մի՞թե երբևիցե ես կերգեմ պարահանդեսում:

Լեպլե (Մտախոհ): Հաջողություն քեզ պարահանդեսում: Խմենք դրա համար: (Լեպլեն և Էդիթը չրխկացնում են… Հնչում է «Պադամ, պադամ» երգը): Ես քեզ հավատացնում եմ, փոքրիկ: Բայց, ցավոք սրտի, նրանցից շատերի համար դու ընդամենը դեռ մի փոքրիկ երևույթ ես, մարդկային ցեղի մի հետաքրքրաշարժ տեսակ… հրավիրված միայն այն բանի համար, որ զվարճացնես հյուրերին: Իսկ ես ուզում եմ, որ դու դառնաս իսկական արտիստուհի: Ինչպե՜ս կկամենայի օգնել քեզ…

Էդիթ Ձեզ ի՞նչ եղավ, պապա: Լավ չե՞ք զգում…

Լեպլե Չէ, ոչինչ… Գիտե՞ս, ես երազ եմ տեսել, ճստի՛կ: Մայրս եկավ ինձ մոտ: «Լուի,- ասաց նա,- եկել է քո ժամը. պատրաստվիր, շուտով ես կգամ քո հետևից»:

Էդիթ — Պապա, ես ինքս սնահավատ եմ, բայց հո բոլոր երազներին չի՞ կարելի հավատալ:

Լեպլե Գուցե և այդպես է, մանկիկ, բայց դա հասարակ երազ չէր: Ինձ միայն վշտացնում է այն, որ դու մենակ կմնաս, իսկ չէ՞ որ դու դեռ իմ կարիքն ունես, ճի՞շտ է:

Էդիթ Պապա՜, սիրելի՜ս… այդպես պատահում է. առավոտյան Դուք արդեն հանգիստ կլինեք, և Ձեր տխրությունը հօդս կցնդի: Մի՛ մոռացեք, առավոտյան մենք գնալու ենք Բուլոնյան անտառ:

Լեպլե Այո՛, իհարկե: Այդ մասին այլևս չարժե խոսել: (Նշան է անում մատուցողին): Դու պետք է վաղ պառկես քնելու: Չէ՞ որ վաղը ելույթ ունես: Առաջին անգամ երգելու ես ռադիոյով: Իսկ դա պատասխանատու բան է, փոքրի՛կ: Դե՛, գնացինք:

Էդիթ Մենք դուրս եկանք փողոց:

Լեպլե Դե, ահա և քո տունը, մանկիկ… մնաս բարով, Դիդու…

Էդիթ Առավոտյան ես Ձեզ կզանգահարեմ, պապա:

Լեպլե Այո, իհարկե…

(Էդիթը համբուրում է Լեպլեին, իսկ վերջինս մտասույզ շոյում է նրա գլուխը, ապա կտրուկ շրջվում է և գնում: Էդիթը նայում է նրա հետևից):

Էդիթ Բայց առավոտյան, երբ ես զանգեցի Լեպլեին, ինչ-որ մեկը կտրուկ և կարճ ասաց. «Անմիջապես եկեք»: Եվ շրխկացրեց լսափողը: Ես արագ պատրաստվեցի և դուրս եկա:  Տունը շրջապատված էր բազմությամբ, որին զսպում էին ոստիկանները: Ինձ արագ ներս թողեցին, և հաղթահարելով ինչ-որ մռայլ նախազգացումներ՝ ես տուն մտա: Այնտեղ տեսա Լորա Ժերնիին` «Ջերնիսի» մատուցողուհուն, որը հեկեկալով նետվեց դեպի ինձ և ասաց. «Լեպլեն սպանված է, Էդի՛թ, ի՜նչ սարսափելի է»: Ոչ մի բառ չասելով, հիպնոսվածի սառած հայացքով և լուսնոտի թույլ քայլքով՝ ես մտա սենյակ և տեսա Լեպլեին: Նա կիսապառկած էր անկողնում, գնդակն անցել էր քունքի միջով, բայց դեմքը չէր այլանդակել: Հազիվ քարշ տալով ոտքերս՝ ես դուրս եկա փողոց, տաքսի կանգնեցրի, ինչ-որ կերպ հասա տուն և հեկեկալով ընկա մահճակալին: Իսկ առավոտյան…

(Հնչում է «Ամբոխ» երգը):  

                                                Շարունակելի
Լուսանկարների աղբյուրները՝ little-sparrow.co.uk և matrony.ru

Ռուսերեն բնագրից թարգմանեց Նանեն

No Comments

Leave a Reply