«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի և Հովհ. Թումանյանի թանգարանի համագործակցությամբ՝ Թեքեյան կենտրոնում բացվել է լրագրող, լուսանկարիչ, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի՝ «Հայկական Քաշաթաղ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ներկայացված են հեղինակի տարբեր տարիների աշխատանքներ, որոնք արտացոլում են հայկական Քաշաթաղի հուշարձանային ժառանգությունը՝ վանքեր, ամրոցներ, խաչքարեր, կամուրջներ ու ժայռապատկերներ:
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանի խոսքով՝ ցուցահանդեսն ինքնին շատ զգացմունքային ու խոսուն է, նույնիսկ ուղերձ է` գնահատել, արժեւորել, պահպանել այն, ինչ ձեռք է բերվել հայ մարդու քրտինքով ու շատ հաճախ արյունով՝ ազգային ժառանգությունն ու արժեքները, այդ թվում մարդկանց, որոնք ապրում ու արարում են հանուն հայրենիքի․ «Այս քարե նմուշները հայի ծագման, գոյության ու ինքնության վկայություններն են մեր բուն հայրենիքի տարածքներում: Զգաստանալու, սթափվելու ուղերձ է մեզ, մեր սերունդներին՝ տեր կանգնել մեր մշակույթին, պատմությանն ու հայրենիքին: Մենք պարտավոր ենք վերադառնալ…»։
Ցավոք, լուսանկարներում պատկերված Աղավնո գետի ավազանն իր պատմամշակութային հուշարձաններով ներկայումս գտնվում է թշնամու տիրապետության տակ:
Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը հիշեցրեց, որ «Հայկական Քաշաթաղ» ցուցահանդեսն առաջին անգամ ներկայացվել էր 202-ի թանգարանի «Յոթը սարի ետևում…» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնի շրջանակում և նվիրված էր Բերձորի ազատագրման 29-ամյակին: Ցուցահանդեսը ևս մեկ առիթ է ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու Քաշաթաղը, քանի որ համաձայն Թումանյանի խոսքի՝ այն, ինչ չենք ճանաչում, պահպանել չենք կարող:
Թեքեյան կենտրոնում «Հայկական Քաշաթաղ» ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հունիսի 30-ը:
Զոհրաբ Ըռքոյանը 2010թ-ից Քաշաթաղի շրջվարչակազմի «ՄԵՐԱՆ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն է: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ, ԵՊՀ «Երեւանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում որպես առաջատար մասնագետ, այնուհետեւ` նույն վարչության պետի տեղակալ։
1989-1994թթ. մասնակցել է ՀՀ եւ Արցախի սահմանների պաշտպանական-ազատագրական մարտերին, նաեւ հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով։ Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով, ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով, «Վաչագան Բարեպաշտ» շքանշանով, ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալով եւ պատվոգրերով, ԼՂՀ կառավարության պատվոգրով, ՀՀ ԵԿՄ հուշամեդալով, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» մեդալով, «Հատուկ գնդի» պատվոգրով, ԱՀ վարչապետի «Հուշամեդալ»-ով։ 2022թ.մայիսին ԱՀ լրագրողների օրվա առթիվ ԱՀ նախագահի կողմից արժանացել է «Երախտագիտություն» մեդալի։
No Comments