Արմինե Սարգսյան Կերպարվեստ

Երիտասարդների արվեստանոց. Հերմինե Սիմոնյան

14.02.2020

Հերմինե Սիմոնյան: Ծնվել է 1994-ին: 2011-ին ընդունվել և 2015-ին ավարտել Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը: Նույն թվականին ընդունվել է  Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության բաժինը, ավարտելով բակալավրիատը՝ շարունակել է կրթությունը մագիստրատուրայում:

Ե՞րբ որոշեցիք, որ ուզում եք դառնալ նկարիչ:

-Նկարում եմ մանկուց: Հստակ որոշումս եղավ այն պահին, երբ հաղթահարելով տարակուսանքը՝ վճռեցի ընդունվել Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի գեղանկարչության բաժինը:

Ո՞րն է Ձեզ համար արտահայտչամիջոցներից գլխավորը՝ գո՞ւյնը, թե՞ գիծը:

-Ե՛վ գույնը, և՛ գիծը: Բայց իբրև արտահայտչամիջոց կարող են ծառայել տարբեր «գործիքներ»:

Կա՞ թեմա Ձեր արվեստում, որ գերակշիռ է մյուսների համեմատությամբ:

-Հիմնականում առանցքը «մարդն» է, որն արդեն իսկ ամենամեծ ու կատարյալ ստեղծագործությունն է, որ միշտ բացահայտվելու կարիքը ունի:  Յուրքանչյուր հոգի անհատականություն է, իր մեջ ներամփոփված մի մեծ տիեզերք՝ հույզերով, երազանքներով, զգացմունքներով, լավ կամ վատ «գծերով կամ բծերով» հանդերձ: Այսինքն՝ վերարտադրելով մարդուն՝ նկարում եմ ոչ միայն պատկերվողի դիմագիծը կամ անհատականությանը, այլև հիմնականում շեշտը դնում եմ բնորդի ներաշխարհի՝ տվյալ պահի տրամադրության վրա:

Ի՞նչ հնարավորություններ ու ի՞նչ խնդիրներ ունի երիտասարդ արվեստագետը Հայաստանում:

-Հնարավորություններ ինքս պետք է ստեղծեմ և խնդիրներն էլ հարթեմ՝ լինեմ Հայաստանում, թե մեկ ուրիշ երկրում: Կարծում եմ՝ այսպես հարցին ճիշտ պատասխանած կլինեմ, քանի որ չեմ սիրում բողոքել:

Ազգայինը պե՞տք է երևա նկարչի գործերում:

-Եթե խնդիրն այնպես է դրված, որ պետք է ազգայինը ցույց տալ, ապա նկարչի գործը կկրի հայկական մոտիվներ: Մարդն ազատ է ստեղծված և ինքն է որոշում՝ ինչ ու ինչպես ստեղծի:

Ի՞նչ եք կարծում՝ կին նկարչի ձեռագիրը որևէ կերպ առանձնանո՞ւմ է:

-Ընդհանրապես յուրաքանչյուր ստեղծագործողի ձեռագիրն ու մտածելակերպն առանձնանում են յուրովի, եթե նա ունի իրեն բնորոշ ստեղծագործական դեմք:

Ո՞րն է Ձեր առջև դրված գերագույն նպատակը կերպարվեստում:

-Ստեղծել կայուն, արժեքավոր  ու մնայուն ընթացք, որ մի օր, երբ հետ նայելու ժամանակը գա, ժպիտ հայտնվի դեմքիս, իսկ սրտումս՝ խաղաղություն…

Կարևորո՞ւմ եք արվեստաբանի կարծիքը:

-Հիմնականում չեմ անտեսում կարծիքները, բայց  գնահատում եմ տեղին ասված գրագետ խոսքը:

Ունեցե՞լ եք ցուցադրություններ Հայաստանում և արտերկրում, ունե՞ք մրցանակներ:

-Անհատական ցուցահանդես դեռ չեմ ունեցել: Մասնակցել եմ բազմաթիվ ցուցահանդեսների ու փառատոների՝ արժանանալով և´պատվոգրերի, և՝ մրցանակների, որոնց պակասը չեմ զգացել իմ ուսանողական տարիներին:

Կա՞ հայ կամ ոչ հայ որևէ նկարիչ, որը Ձեզ համար ամենասիրելին է:

-Առաջին պահին միտքս եկան Վ. Սուրենյանցի, Ռենուարի ու Ա. Մատիսի անունները, բայց սիրելիները շատ են:

Նախագիծը՝ Արմինե Սարգսյանի

No Comments

Leave a Reply