Կարեն Մարդանյանը (Գարմար) «Մեր գյուղը» էսսեն գրել է ardi.am-ի հորդորով, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում նրան: Դիմանկար-լուսանկարի հեղինակը Կարեն Մարդանյանի եղբայրն է՝ Էդվարդ Մարդանյանը: Շնորհակալ ենք նաև՝ դիմանկարը հրապարակման տրամադրելու համար: Կարենը ապրում է Ստավրոպոլի երկրամասի Ստարոմարևկա գյուղում: Սա պատմություն է մեկ մարդու մասին, մեկ գյուղի մասին և աշխարհում սփռված բազում հայերի, բազում հայտնի-անհայտ գյուղերի, բազում հայտնի-անհայտ աշխարհների մասին:
Մեր գյուղը
Ով ինչ ճանապարհով եկավ մեր այս գյուղը, չգիտեմ, բայց մեր ընտանիքը բրդե ներքնակներ բերեց, երբ գաղթում էինք երկրից։ Ես մինչև հիմա էլ այդ ներքնակի վրա եմ քնում, ասում են՝ հին ես և այլն, բայց սովորության ուժն ավելի մեծ է, քան նոր զանազան լիցքով ներքնակները։ Գյուղը լավն է, ինչպես բոլոր գյուղերը, երբեմն դաշտերում, ճանապարհի եզրերին պարաններով կապված այծ ու կով կտեսնես, թեև հիմնականում բնակիչները քաղաքատիպ կենսակերպ են վարում:
Քաղաքը քսան կիլոմետր է հեռու, ու գյուղը իր շունչը խառնել է քաղաքին։ Առավոտյան երթուղայինը տանում է մարդկանց ու մինչև երեկո տանում-բերում է: Երևի չի ուզում, որ մարդը հող վարի, ծառ տնկի: Հա, ծառ գրեցի՝ հիշեցի. մեր գյուղն առանձնապես ծառաշատ չէ, եղածներն էլ խիստ խնամքի կարիք ունեն, պիտի միշտ ջրես, պարարտանյութ տաս, վնասատուների դեմ պայքարես, թե չէ իրենց կամքով դժվար են պտուղ տալիս, տված պտուղն էլ աղքատի ուրախություն է, սակավ ու չոր միրգ։ Չէ, ոնց որ մի քիչ չափազանցում եմ, հաստատ լավ ծառեր էլ կլինեն, ուղղակի ես իմ այգու պատմագրությունն արեցի։
Մարդի՞կ, հա, լավն են, թեև մարդու լավն ու վատը դեռ չեմ հասկացել, բայց գիտեմ, որ մարդիկ տարբեր են, այ, հենց մեր այգու սակավ մրգի նման, մեկը հյութեղ, մյուսը՝ ոչ շատ, համերն էլ են տարբերվում, ու մեր գյուղում, ինչպես և գրեթե ամենուր, տարբեր ծառերի նման մենք էլ ենք հայտվել մեր բարքով, մեր ծիրանի ծառով, մեր «Հորովելով», որը ժամանակի ու տարածության պատճառով գուցե փոխվել, այլ մի երգ է դարձել, որի ո՛չ բառերն են հայերեն, ո՛չ անվանումը։ Բայց երգողը հայ է, որը, երբ խռովում է տեղաբնիկներից, հիշում է իր հայրենիքը ու ոչ միշտ է այդ հայրենիքը Հայաստան անունը կրում, քանի որ հայերը գաղթել են նաև Հայաստանին ոչ բարեկամ հարևան երկրից, ու նրանք, ինչպես և ես, տուն ու այգի են ունեցել, հաստատ սիրել են ու հավատացել են, որ միշտ կապրեն այդ տանն ու երկրում։ Հայի բախտ ասվածին էլ չեմ հավատում, քանզի մարդը, ինչպես և ազգերը, ունակ են փոխել իրենց ճակատագրերը, թեև սա ևս վիճելի է։
Գյուղում ճանապարհները վատը չեն: Որտեղ փոս չկա, իհարկե, լավ է: Փոսերը շատ են, ասֆալտապատը՝ քիչ, բայց զարգացմանն ընդառաջ գնալով՝ փոսերը նահանջում են։ Հայե՞րը, հա, հայերը ձգտում են քաղաք տեղափոխվել, ում հնարավորությունը ներում է, քաղաքում տուն կամ բնակարան է գնում ու քաղաքացի դառնում: Հիմա մեր գյուղում թե՛ տարբեր երկրների մայրաքաղաքների քաղաքացիներ կան, թե՛ գյուղացիներ: Գյուղը բոլորի տունն է, ու չի հարցնում՝ ով որ քաղաքից ու գյուղից եկավ։ Գյուղի բնակչության քսան և ավելի տոկոսը ազգությամբ հայեր են, 2010 թվականի մարդահամարի տվյալներով գյուղում 6044 մարդ է ապրել։ Նոր տվյալներ չունեմ, բայց զարմիկներս այս տարիների ընթացքում բնակչության վիճակագրությունը դրականորեն թարմացրել են, ինչը ուրախալի է։
Հայերե՞նը, ապրում է, դժվար է ապրում, ինչպես վանդակում հավքը, նեղում են, անուշադրության են մատնել տերերը, հաճախ օտար լեզվով են խոսում, բայց էլի, երբ «վանդակի» դռնակը բաց են թողնում, զորեղ հավքը թռիչքի փորձեր է անում: Բայց մատաղ սերունդը հայերեն չի խոսում։ Մենք դաշտեր չտեսած մարդիկ ենք, մենք գրելով՝ ինձ ու եղբորս նկատի ունեմ, ու մի օր որոշեցինք բարձրանալ մոտակա բլուրը, որտեղից ողջ գյուղը, ինչպես բաց ափում, պարզ երևում է: Նույնիսկ մեր տունը տեսանք։ Դաշտեր են, դեղին դաշտեր, ցորենի դաշտեր, մի տեղ նստած բարձր գոչում էինք ՝ էհե-հե՜յ, ազատ էինք, այս անհորիզոն դաշտերի պես ազատ։
Մեր գյուղում հիմա մի շիրիմ էլ ավելացավ հայի ազգանվամբ, եղբայրս է՝ այս մեր գյուղի նկարիչը: Գյուղը նրան մշտական բնակատեղի տվեց։ Գարնանը Ռուսաստանի հարավի մեր այս գյուղում ծառերը կծաղկեն, ու հայերի այգու ծառերն ավելի առատ կծաղկեն…
No Comments