Պատումներ առաջին դեմքով․ Արզաս Ոսկանյան, կոմպոզիտոր
****
Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում թաղված է ռուս-թուրքական պատերազմի հերոս, գեներալ Արզաս Տեր-Ղուկասովը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ստալինը հոդվածներով անդրադառնում էր տարբեր ազգերի հերոսներին։ Հայ գեներալներից նրա ուշադրությանն էր արժանացել Արզաս Տեր-Ղուկասովը, որին մեծ համակրանքով էր վերաբերվում հայրս։ Նա որոշել էր՝ եթե որդի ունենա, կանվանակոչի Արզաս։ 1943 թվականին, երբ ծնվեց մեծ եղբայրս, հորս չհաջողվեց իրագործել իր նպատակը։ Հետագայում, երբ ծնվեցի ես, ինձ տվեցին Արզաս անունը։
Ոսկանյան տոհմածառը սկիզբ է առնում մեծ հոգևորական և հրատարակիչ Ոսկան Երևանցուց։ Մոտ 300 տարի առաջ մեր Ոսկան Ոսկանյան մեծ պապը, որն այդ ժամանակ 5-7 տարեկան էր, իր հարազատների հետ հաստատվում է Դիլիջանում։
Հայրս՝ ուստա Գրիգորը, արհեստավոր էր, բազմաշնորհ մարդ։ Հրաշալի երգում էր։ 1950-ականների սկզբին նա ընտանեկան անսամբլ է ստեղծում, որտեղ երգում, ասմունքում էի նաև ես՝ լինելով ընտանիքի կրտսերը, վեցերորդ երեխան․ դեռ 4 տարեկան էի։ Հիշում եմ՝ մասնակցում էինք երաժշտական օլիմպիադաների, որոնք փուլ առ փուլ հաղթահարելով՝ հասանք նրան, որ ելույթ ունեցանք Հայֆիլհարմոնիայի (ներկայիս՝ Արամ Խաչատրյան համերգասրահ) մեծ դահլիճում։ Այդ բեմում ես մոտ տասնհինգ րոպե արտասանեցի Ստալինին նվիրված մի բանաստեղծություն։
1952 թվականին մեր ընտանիքը պարգևատրվեց Գերագույն խորհրդի պատվոգրով։
Քանի որ քույրերս մեկնեցին Մոսկվա՝ ուսանելու, մի որոշ ժամանակ ընդհատվեց մեր ընտանիք-անսամբլի գործունեությունը։
Ես սովորում էի Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Մոտ 11 տարեկան էի, երբ սկսեցի հաճախել փողային նվագախմբի փորձերին։ Ընտանիքիս մյուս անդամների նման ես նույնպես երգում էի, նվագում շեփոր, գալարափող ու տրոմբոն։
Այդ տարիներին՝ մի ստուգատեսի ժամանակ, ժյուրիի անդամներից մեկն ինձ կանչեց իր մոտ և ուրախ լուր հայտնեց՝ ասելով, որ պատրաստվում է Դիլիջանի քաղսովետի հաշվին երաժշտական դպրոցում սովորելու հնարավորություն ընձեռել ինձ։ Նա հենց քաղսովետի նախագահն էր։
13 տարեկան էի, երբ ընդունվեցի երաժշտական դպրոցի թավջութակի դասարան։ Առաջադիմության շնորհիվ յոթ տարվա ուսումն ավարտեցի չորս տարում։ Հետո կրթությունս շարունակեցի Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի թավջութակի և վոկալ դասարաններում։ 3-րդ կուրսից ընդունվեցի Կոնսերվատորիայի վոկալ բաժնի առաջին կուրս՝ միաժամանակ շարունակելով սովորել թավջութակի դասարանի չորրորդ կուրսում։
Կոնսերվատորիայում ուսումս տևել է 9 տարի՝ ներառյալ խորհրդային բանակում ծառայելու տարիները։ Զուգահեռաբար սկսեցի սովորել նաև ականավոր կոմպոզիտոր ու մանկավարժ Էդուարդ Միրզոյանի ղեկավարած ստեղծագործական դասարանում։ Հենց նրա միջնորդությամբ պարտադիր զինվորական ծառայությունս անցկացրի Երևանում․ հենց այդ ընթացքում էլ ծնվեց որդիս։
1976 թվականին զորացրվելուց հետո ավարտեցի Կոնսերվատորիան և անմիջապես դարձա Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ։
1977 թվականին առաջին անգամ մասնակցեցի Խորհրդային միության կոմպոզիտորների համագումարին։ Վեց հայ կոմպոզիտորներից մեկն էի, ում ստեղծագործությունը հնչեց համագումարյան մի համերգում։
1978 թվականին Կոմիտասի անվան կոնսերվատորիայում բացվեց ժողովրդական նվագարանների ամբիոն։ Տարբեր առարկաներ դասավանդելու նպատակով հրավիրվեցի նաև ես։ Հիմնադրեցի «Հայոց երգեցողության» դասարանը։
1991 թվականին Կոնսերվատորիայում ստեղծեցի «Երիտասարդ վարպետներ» հայոց ավանդական երաժշտության համույթը, որն ակտիվ համերգային գործունեություն ծավալեց։ Միաժամանակ եղա Ժողովրդական-երաժշտական ստեղծագործության կաբինետի երգահավաք գիտարշավի գիտական ղեկավարը։ (Արթիկ, Վեդի, Արտաշատ) Այդ ընթացքում դասավանդում էի նաև մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում։
Ստեղծագործում եմ տարբեր ժանրերում` օպերա, կոնցերտ, կանտատ, կվարտետ, սոնատ, խմբերգ, երգ։ 2003 թվականին ստացա ՀՀ պետական մրցանակ «Պատարագ» խոշորածավալ ստեղծագործության համար։
Օրեր առաջ՝ դեկտեմբերի 2-ին, Թբիլիսիում հնչեց իմ հեղինակած «Անուշ» երաժշտական դրաման, որի լիբրետոյի հեղինակները Գրիգոր և Մարգարիտ Ոսկանյաններն են։ Դրա հիմքում Թումանյանի «Անուշ» պոեմն է, Կոմիտասի երգերը և «Թումանյանի խոսքն» ամբողջացնող ասմունքը։ Ինչպես միշտ իր կատարողական բարձր վարպետությամբ փայլեց մեծահամբավ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը: Ներկայացումը մեծ հմայքով և բանիմացությամբ ղեկավարեց անսամբլի տնօրեն և գեղարվեստական պատասխանատու, դոցենտ Գրիգոր Ոսկանյանը: Ունկնդիրներին հիացրին Հայկուհի Հարությունյանը՝ Անուշի, Դավիթ Խաչատրյանը՝ Սարոյի և Նվեր Սարուխանյանը՝ անցվորի դերում: Առաջին անգամ հանդես եկա որպես ասմունքող, այն էլ՝ «Թումանյամի խոսքը» ծավալուն կերպարով: Ծափերը երկարատև էին։
Ունեցել և ունենում եմ դասարանական բազմաթիվ համերգներ։ Վերջերս Դիլիջանի արվեստի քոլեջի փոքր-ինչ ցուրտ, բայց շքեղ ու հանդիսատեսով լեցուն դահլիճում տեղի ունեցավ ԵՊԿ «Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի» ամբիոնի՝ իմ ղեկավարած «Հայոց երգեցողության» դասարանի 4-րդ կուրսի ուսանողների համերգը: Ակնա ժողովրդական, Կոմիտասի և իմ ծրագրում ընդգրկված երգերի կատարումներով դիլիջանցիներին հիացրին Թամար Դավթյանը, Վերա Չոլախյանը, Տիգրան Շահինյանը, Արման Շահինյանը, Գրիգոր Հայրապետյանը: Բավարարված էի։
2008 թվականից կրում եմ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչումը։
2017-ին արժանացել եմ հայ Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանի, իսկ 2018-ին՝ ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալի։
Կինս՝ Քնարիկ Տեր-Սիմոնյանը, դաշնակահարուհի է։ Ունենք երկու զավակ՝ Գրիգոր և Մարգարիտ Ոսկանյանները, որոնք Կոնսերվատորիայի դոցենտներ են։ Նրանք մեզ պարգևել են չորս թոռ, որոնցից երեքը երաժշտության ուղին են բռնել։ Թավջութակահար Միքայելը և ջութակահար Արզաս կրտսերն արտասահմանյան հայտնի կոնսերվատորիաներից մեկում են սովորում, Մարին ֆլեյտահարուհի է, սովորում է Չայկովսկու անվան տասնամյա երաժշտական դպրոցում, իսկ Հայկը կենսաբանություն է ուսումնասիրում Լոնդոնում։
Արփինե Բեջանյան
No Comments