Արմինե Սարգսյան ԼուսաԳիր

Լուսանկարչի արվեստանոց․ Ռոբերտ Բաբայան

24.07.2023

Ardi.am-ի զրուցակիցը լուսանկարիչ Ռոբերտ Բաբայանն է։

-Լո՞ւյս, թե՞ ստվեր։

-Լույս իհարկե, առանց լույսի ստվեր էլ չի լինի: Լավ լուսանկարի համար անհրաժեշտ են երկուսն էլ, նրանց ճիշտ հավասարակշռությունը: 

-Սև-սպիտա՞կ, թե՞ գունավոր։ 

-Անձամբ նախընտրում եմ սև-սպիտակը..․ Ինչ-որ անբացատրելի դրամատիզմ կա դրա մեջ: Գույները աչք են շոյում, իսկ սև-սպիտակը ավելի շատ խաղում է դիտողի էմոցիոնալ աշխարհի հետ: 

-Բաց թողած պահ, որ ափսոսում եք։

-Բավական ժամանակ է՝ լուսանկարում եմ փողոցային կատուների, երևի բաց թողած պահերը հիմնականում նրանց հետ են կապված: Իսկ առհասարակ ոչնչի համար չեմ ափսոսում, ափսոսալը ժամանակի կորուստ է։

-Դո՞ւք եք ընտրում Ձեր լուսանկարների հերոսներին, թե՞ նրանք Ձեզ։

-Իհարկե՝ ես։ Լուսանկարչությունն այն քիչ բաներից է, որը բավարարում է իմ ինքնարտահայտման պահանջմունքը, փչացնել այն՝ հանուն գումարի լուսանկարելով բաներ, որոնք ինձ չեն հետաքրքրում, այնքան էլ խելամիտ չէ..․ Եթե մարդն իմ «ֆիլմի» հերոսը չէ, ոչ մի գումար չի ստիպի նրան հայտնվել իմ լուսանկարներում..․

-Ցուցահանդես ունեցե՞լ եք։

-Հունիսին լուսանկարներիցս երկուսը ցուցադրվեցին Շանհայում, անհատական ցուցահանդես դեռ չեմ ունեցել: Ինչպես ասացի՝ փողոցային կատուներ եմ սիրում լուսանկարել․ բավական մեծ հավաքածու ունեմ արդեն։ Մտածում եմ կազմակերպել ցուցահանդես, որից ստացված գումարներն ուղարկել կատուների համար կացարանին..․  բայց դրանք դեռ մտքեր են։

-Ձեր ամենահաջողված լուսանկարը։

-Ես իմ աշխատանքներին մեծ քննադատությամբ եմ մոտենում, ուստի ասել, թե որն է ամենահաջողվածը, դժվարանում եմ։ Կարող եմ ասել, թե որոնց հետ եմ ամենաշատը կապված։

-Ավելի հաջողված են պատահակա՞ն արված կադրերը, թե՞ երբ ընտրում եք թեման, դետալները։

-Իրականում հանկարծակի արված կադրերի նկատմամբ միշտ առանձնահատուկ վերաբերմունք ես ունենում, բայց, միևնույն է, նրանց հիմքում ընկած է պատահականությունը: Լրիվ ուրիշ զգացում է, երբ 0-ից պլանավորում ես ֆոտոշութը, ծնում թեման, ընտրում հերոսին, տեղը, ժամը՝ ճիշտ լույս ունենալու համար, և մշակումը: Դրա արդյունքը միշտ ավելի է գոհացնում։

-Այլ զբաղմունք, հոբբի ունե՞ք։

-Մի քանի տարի է՝ հետաքրքրվում եմ նաև խոհարարությամբ։

-Ասում են՝ չի կարելի է պատռել լուսանկարը։ Թվում է՝ հոգի ունի կամ անուղղակի կապ այնտեղ պատկերվածի հետ։ Սնոտիապաշտությո՞ւն է, թե՞ կա խորհրդավորություն, միստիկ  մի բան։

-Անշուշտ սնոտիապաշտություն է..․ Չեմ կարծում, որ նկար պատռելը կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ իրականության վրա։ 

-Ի՞նչ է լուսանկարչությունը։

-Լուսանկարչությունը, ըստ իս, այսօր բավարարում է հասարակության այն բոլոր պահանջմունքները, որոնք բավարարում էր գեղանկարչությունը 5 դար շարունակ:

Զրույցը՝ Արմինե Սարգսյանի

No Comments

Leave a Reply