ԳիտաՆյութ Միքայել Բադալյան

Մհերի դուռը կամ փակ խորան

05.01.2021

Մհերի դուռը, լուսանկարը՝ Միքայել Բադալյանի

Շատերը գիտեն Մհերի դռան մասին: Այստեղ է իր ձիու հետ մտնում հայկական էպոսի վերջին հերոս Փոքր Մհերը և խոստանում դուրս գալ, երբ աշխարհում  կտիրի խաղաղություն: Սակայն քչերին է հայտնի, որ ժայռակերտ կեղծ դարպասով այս կառույցը կերտվել է դեռևս Ք. ա. IX դարի վերջին քառորդին՝ ուրարտական տերության գահակալ Իշպուինիի և նրա որդի Մենուայի կողմից:  Բիայնիլի-Ուրարտուի՝ Արարատի թագավորության այս հզոր գահակալներն այն անվանել են «Խալդի աստծո դարպասներ»: Ամենայն հավանականությամբ ուրարտական տերության գերագույն աստված Խալդին նաև ընկալվել է որպես ժայռում ապրող, մեռնող-հառնող աստված: Ըստ երևույթին՝ վերջինս ունեցել է նաև անտեսանելի աստծո գործառույթներ: Հետաքրքիր է, որ Մհերի Դռան խորշը եռաշերտ է և ուղիղ զուգահեռներ ունի մի շարք  ուրարտական աշտարակաձև կամ սուսի կոչվող տաճարների եռանիստ մուտքերի հետ: Ամենայն հավանականությամբ, մուտքը ժայռակերտ դարպասից ներս ուրարտական վերնախավի կրոնական ընկալումներում ասոցացվելու էր մուտք դեպի տաճար գաղափարի հետ: Խալդի աստվածը այստեղից դուրս էր գալու Արևի աստծո ամսին՝ մարտ-ապրիլ ժամանակահատվածում, և խորհրդանշելու ու ավետելու էր Նոր տարվա, գարնան ծնունդը: Սա մեկ այլ հետաքրքիր պատմություն է, որի մասին անդրադարձել եմ իմ մի քանի հոդվածներում:

Խալդի

Այժմ անդրադառնամ այսօրվա խորհրդին: Ճրագալույց է: Հետաքրքիր է, որ ճրագալույցի երեկոն կոչվում է նաև Խթում: Որքան գիտեմ, Փոքր Զատկի ճրագալույցի օրը եկեղեցու բեմը սկզբնական փուլում ծածկված է լինում վարագույրով: Եվ Սուրբ խորանի վարագույրը բացվում է որոշակի արարողակարգերից հետո: Ճրագալույցի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից ու մոմերից վառված աստվածային լույսը խորհրդանշող ճրագ և կամ մոմ են տանում իրենց տները:

Հետաքրքիր է, որ Մհերի դռանը վերաբերող պատումներից մեկի համաձայն՝ Փոքր Զատկի խթման գիշերը կրակի գնացած մի աղջիկ մտնում է ժայռի ներսը և այնտեղից կրակ բերում: Ինչպես նշեցի, մուտքը ժայռափոր դռնից ներս կարող էր ասոցացվել մուտք դեպի տաճար գաղափարի հետ: Ուրարտական տաճարների ներսում, համենայնդեպս դատելով Այանիս տաճարից, եղել է պատվանդան, որտեղ, ըստ երևույթին, դրվել է աստվածության արձանը կամ նրան կերպավորող խորհրդանշան:  

Վանի թագավորության գերագույն աստված Խալդին, որին արքաները դիմում էին որպես «տեր», առնչվել է նաև կրակի պաշտամունքի հետ: Վերին Անձավ հնավայրից գտնված բրոնզե վահանի բեկորի դրվագաշարում, գլխավորելով աստվածների երթը, Խալդին պատկերված է որպես կրակի բոցերով պատված մի ռազմիկ՝ մի ձեռքին աղեղ, իսկ մյուսին՝ բոցեղեն նիզակ: Իսկ Այանիսի տաճարական համալիրում իրականացված հնագիտական պեղումները փաստում են, որ Խալդին կապ է ունեցել նաև անմար կրակի պաշտամունքի հետ:

Հետաքրքիր է, որ ուրարտական աշտարակաձև տաճարները լուրջ ազդեցություն են ունեցել Աքեմենյան հզոր տերության, այսպես կոչված, կրակի աշտարակների վրա և հանդիսանում են դրանց նախատիպերը:

Իսկ հետաքրքիր է՝ արդյոք խորհրդանշական-գաղափարական առումով Փոքր Զատկի գիշերը Մհերի Դռան ժայռը մտած և այնտեղից կրակ վերցրած աղջկա մասին պատումը չի կարող զուգահեռ ունենալ նույն Փոքր Զատկի խթման և կամ ճրագալույցի ավարտին հավատացյալների կողմից եկեղեցու մոմերից և կամ կանթեղներից մոմ ու լույս վերցնելու հետ: Արդյոք փակ խորանը չէր կարող համապատասխանել Մհերի Դռան փակ լինելու գաղափարին:

Ինչպես նշեցի, Խալդի աստվածը այդ ժայռակերտ դռնից դուրս էր գալու գարնանահավասարի ժամանակահատվածում՝ ուրարտական տոմարի Արևի աստծո ամսին՝ ավետելով Նոր տարին, գարունը և ընկալվելով որպես Արև, փրկիչ և երկրի պտղաբերության հովանավոր: Մհերի Դռան առջև կա պատվանդան-հարթակ, որտեղ կանգնել են արքան և կամ բարձր դասի ներկայացուցիչները: Այնտեղ նույնիսկ կան զոհաբերվող կենդանիների արյան հոսելու համար ժայռափոր ակոսներ: Արևի աստծո ամսին՝ Խալդիի գալստյան օրը, հասարակ ժողովուրդը մասնակցելու էր այդ տոնախմբությանը, ցնծալու, և այդ օրը ուրարտական դիցարանի տարբեր աստվածությունների պատվին կենդանիներ էին զոհաբերվելու: Իսկ պատվանդան-հարթակը չէ՞ր կարող հանդիսանալ եկեղեցու բեմի, իսկ փակ ժայռափոր դուռը՝ փակվող վարագույրով խորանի նախատիպը: Այս առումով, ուշագրավ է, որ Տիրոջ Հարությունը գրեթե համընկնում է նույն ժամանակատվածին:

Ընդհանրապես, ձմեռը կարող էր ընկալվել որպես երկրագործական տարվա մահ: Իրանական առասպելներից մեկում ձմեռն այն ժամանակատվածն է, երբ չար ուժերը հասնում են իրենց գագաթնակետին: Եվ ահա ձմռանը ծնված հերոս աստվածը ուղևորվում էր դեպի անդրաշխարհ, պայքարում չար ուժերի դեմ, հաղթում նրանց և այնտեղից վերածնվելով՝ դուրս գալիս ու բերում Նոր տարի, պտղաբերություն, տոն և սեր:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ Մեծ Ավետիս
  

Միքայել Բադալյան
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, պ․գ․թ․, հնագետ


No Comments

Leave a Reply