ԳրաԴաշտ Միքայել Բադալյան

Միքայել Բադալյան․ Հավատա…

01.06.2020

«Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսններինն է» (Մատթ. 19:14)

Երևանն ահնար է պատկերացնել՝ առանց իր տարածական խճանկարի՝ առանց թաղերի: Ամեն մի թաղ ունի իր գույնը, ձևն ու բովանդակությունը, պատվիրաններն ու փիլիսոփայությունը:

 Դպրոցի դռները սկսվում էին շենքերի կամ էլ սեփական տների մուտքից դուրս՝ դեպի մանկություն բացվելով: Ամեն մի թաղ ուներ իր մանկական ծեսերը, որոնք խաղեր էին կոչվում: 

Մենք ցելլա էինք գցում և սկսում զգալ, որ պարզ ափով, թե՝ ոչ, դու հավասար ես. մի քիչ բախտ է պետք, որ ճիշտ պահը կանխորոշես: Վանկարկում էինք «Ալա, բալա նիցա, դուրս կաբալնիցա…» ՝ կարծես վերարտադրելով ինչ-որ մոգական բառեր՝ իրենց կազմած մոգական շրջանի մեջ:

Պախկվոցին մեզ սովորեցնում էր թաքնվել ու լինել ազատարար: Ով հնարամտություն և ճարպկություն ուներ ձեռքի ափը մի քանի անգամ խփելու պատին ու հպարտ ազդարարել. «Թու ես ազատում եմ բոլորին, կարմիր աստղ գագաթին» արտահայտությունը, դառնում էր հերոս, փրկության ազատարար և ավետող:

«Գետնից բարձր» խաղը հուշում էր լինել բարձունքում: «Անուն գոռոցի» էինք խաղում ու գնդակը շպրտում վերև՝ մեր անունները ձոնելով երկնքին:

Մենք սովորում էինք իրար հետ «ոտ քցել» ու «ոտ» տրորել: Սովորում էինք գիտակցել, թե ով է էշը, իսկ ով՝ մըլիցեն: «Կռիվ-կռիվ» էինք խաղում ու հասկանում, որ եթե դու չխփեցիր, հաստատ քեզ են խփելու: Դե իսկ խմբովի արտաբերած ամեն մի «հալամուլան» վերածվում էր ինիցիացիայի:

«Չինգաչունգ» խաղալիս թուղթը ծածկում էր քարը, քարը ջարդում էր մկրատը, իսկ մկրատն էլ իր հերթին կտրում է թուղթը: Յուրաքանչյուրն ունի իր ուժեղ ու թույլ կողմերը: Նույնիսկ ամենահզորին կարելի է հաղթել: Միայն թե պետք է նրան «իմանալ» և ընտրել ճիշտ միջոցը: «Չինգաչունգ»-ի ժամանակ կար նաև ամենազորը՝ Աստված: Լինում էր, որ մեկն անընդհատ պարտվում էր, և մեկ էլ, ձեռքի շարժումը ցույց էր տալիս ո՛չ քար, ո՛չ մկրատ և ո՛չ էլ թուղթ, այլ՝ Աստված: Ու դա անողը ասում էր. «Ես Աստված եմ արել, Աստված բոլորին հաղթում ա»: Մանկական պարզ ճշմարտություն, որ Աստվածն է ամենակարող է, և չկա նրանից զորեղ որևէ մեկը:

Այս ամենը գիտակցելու և զգալու համար հարկավոր չէր իմաստուն դերվիշ լինել, ուղղակի պետք էր ծնվել Երևանի թաղերից որևէ մեկում:

***

Իհարկե, տղաների համար թաղային խաղերի տարերքը ֆուտբոլն էր: Թաղ-թաղ ֆուտբոլ խաղալը կարծես մի բանակի արշավանքը լիներ դեպի թշնամական երկիր: Ճակատամարտում պարտությունը խորը հիասթափություն էր, բայց նաև՝ պարտվել սովորելու կարողություն: Իսկ հաղթանակը նման էր հին ժամանակներում ճակատամարտում հաղթած հզոր բանակի ցնծությամբ վերադարձին հայրենի երկիր. մեր դեպքում՝ թաղ:

«Կրեցի՜նք, կրեցի՜նք»,- բարձր գոռալով՝ վերադառնում էինք թաղ, ու բոլորը պետք է լսեին մեր փառապանծ հաղթանակի մասին:

***

Երևանում ապրած յուրաքանչյուր տղա իր մանուկ հասակում դժվար թե մասնակցած չլինի ցոգոլ գողանալու ծիսակատարությանը: Որքան էլ ցոգոլի ծառ ունեցող մեր հարևանները աչալուրջ հետևում էին մեզ ու իրենց ծառերին, մենք աննկուն էինք: Մեկը միշտ նայում էր ծառերի տիրոջ պատուհանին, իսկ մյուսներով քարերով նշան էինք բռնում ու խփում ցոգոլներին: Մեկ, երկու, երեք… ցոգոլները ընկնում էին, ու հետո բոլորով հավասար կիսվում էինք:

Հիշում եմ, մեր շենքի դիմացի հաց ու պանրի ծառը, թթի ծառը, որի վրա բարձրանում ու թառում էինք: Յուրաքանչյուրն ուներ իր տեղը թթի ծառի վրա՝ իր սեփական տարածքը: 

Հիշում եմ մեր շենքի հետևի գառաժները: Դեպքը, որ պատմելու եմ, սկսվեց մեր հարևան Վրեժ ձյաձյայի գառաժի վերնամասից: Այն պատված էր խաղողի թարմաներով: Հասունացած խաղողի ճթերն արգելված պտուղի նման գայթակղում էին մեր կայծկլտացող մանկական աչքերը: Թաղի տղերքով բարձրացանք գառաժի վերնամաս ու սկսեցինք ճութ-ճութ խաղող վայելել: Երբ գիտակցում ես, որ կարող ես բռնվել, խաղողի համն ավելի քաղցր է դառնում: Այնքան խաղող կերանք, որ էլ փորներումս տեղ չմնաց: Տղերքի մի մասը գարաժի վերնամասից իջան ներքև, իսկ մենք վերևից սկսեցինք նրանց նայել:

-Տղե՜րք, խաղող շպրտեք մեզ, խաղո՜ղ շպրտեք:

Սկսեցինք խաղողի ճթերը քաղել ու շպրտել տղերքին: Ու այսպես՝ մի հինգ րոպե: Հետո մենք էլ իջանք: Բոլորս գոհ էինք, կուշտ ու բավարարված:

Սակայն հաջորդ առավոտ մեզ հետաքրքիր զարգացումներ էին սպասում: Երբ բոլորով իջանք բակ ու հավաքվեցինք մեր մուտքի մոտ, նկատեցինք, որ մեր ընկեր Արմանը շատ տխուր էր: 

-Տղե՛րք, Լյովա պապիս ասեց, որ Վարուժանը երկրորդ հարկից տեսել ա ոնց ենք Վրեժ ձյաձյայի խաղողներն ուտում ու հետո իրար վրա շպրտում: Դիմել ա ոստիկանություն: Էսօր մեզ խաղողի գողության համար գալու են բռնեն ու տանեն բանտ նստացնեն:

Բոլորիս դեմքը վախից սպիտակեց: Սկսեցինք ամենավերջին պախարակումներն ուղղել Վարուժան պապիին, որ մեզ վրա «գործ էր տվել», ու մեզ հիմա բանտ էին տանելու:

Երկար քննարկումներից հետո եկանք այն եզրակացության, որ գողության համար մեզ մոտ չորս տարի կնստեցնեն: Իսկ մենք՝ երկրորդ, երրորդ դասարանի աշակերտներ: Որոշեցինք սուս ու փուս քիչ հետո գնալ տուն, կարևոր շորերը վերցնել, որ բանտում հագնենք: Բայց ամենակարևորը ֆուտբոլն էր:

-Տղե՛րք, բանտում տեսնես կթողնե՞ն՝ ֆուտբոլ խաղանք:

-Ինձ թվում ա՝ կթողեն: Անպայման գնդակը հետներս կտանենք: Ինձ թվում ա՝ մեզ բոլորիս իրար հետ են նստեցնելու: Էդ սենյակի պատին գոլեր կգծենք ու միգոլանի կխաղանք,- ասացի ես:

Բոլորը համաձայնեցին իմ հանճարեղ մտքի հետ, բացի մեկից: 

-Ես ձեզ հետ չեմ գալիս: Ես մի հատ խաղողի ճութ եմ պոկել-կերել, կտանեմ իզալենտով տեղը ուրիշ խաղող կկպցնեմ: Նենց որ, ես ձեզ հետ չեմ գալիս: Ես Վարուժանին տենց էլ կասեմ:

Մենք նրա դավաճանական խոսքերից այդքան էլ չտխրեցինք: Մեզ համար միևնույն էր նրա բանտ գալ կամ չգալը. նա ֆուտբոլ խաղալ չգիտեր:

Այդ պահին մեզ մոտեցավ մեր ընկեր Արայիկի քույր Արմինեն: Նրանք ապրում էին կվարտալներից մեկում ու ամառները միշտ գալիս էին իրենց պապիկի ու տատիկի տուն: 

-Երեխեք, էս ի՞նչ ա էղել, էս ինչի՞ եք սենց տխուր:

Ու մենք Արմինեին պատմեցինք, որ մի քանի ժամից ոստիկանները գալու են ու մեզ տանելու են բանտ: Լյովա պապին Արմանին ասել էր, որ անպայման ոստիկանները գալու են: Արմինեն ևս շատ տխրեց: Քիչ հետո եկավ Արայիկը ու նույն հարցը տվեց:

-Արայիկ ջան, հեսա մեզ բանտ են տանելու: Պիտի գնանք շորներս ու գնդակը վերցնենք, որ պատրաստ լինենք, որովհետև հեսա միլիցիաները գալու են՝ մեզ տանեն: Մենք բանտ ենք նստելու:

Արայիկը առավել քան ինքնավստահ նայեց մեզ ու ասաց. 

-Տղե՛րք, ես ձեզ կփրկեմ, էնպես բան կանեմ, որ ձեզ ոչ մեկը չի կարող բանտ տանել: Հաստատ եմ ասում: Էկեք գնանք շենքի հետև: Նրա աչքերն ու ձայնը այնքան հավատ էին տալիս, որ չէինք կարող չհետևել:

«Ով որ այս մանկանն ընդունի Իմ անունով, Ինձ է ընդունում, իսկ ով որ Ինձ ընդունի, ընդունում է Ինձ ուղարկողին»: (Ղուկաս 9:48)

Հասանք շենքի ետևի ծառերից մեկի մոտ, ու Արայիկը կանգ առավ, սկսեց ծառից տերևներ պոկել:

Ծննդոց անտառի սոսիների տարևների շարժումով գուշակություններ կատարող քրմի պես արև ճառագող աչքերով մեզ էր կանչում:

— Դե՛, մոտի՛կ էկեք, էս տերևներով ես ձեր ճակատներին խաչ կանեմ ու էս խաչը ձեզ կպաշտպանի: Էլ ոչ մեկը չի կարող ձեզ բռնել ու բանտ տանել:

Մաքրագործման ծեսը սկսվեց: Բոլորս մեկ առ մեկ մոտենում էինք, կանգնում Արայիկի դիմաց ու նա, ճզմելով կանաչ տերևները, դրանց հյութով խաչ էր անում յուրաքանչյուրիս ճակատին:

-Վե՛րջ, տղե՛րք, դուք հիմա փրկված եք:

Արդեն կեսօրն էլ էր անցել: Գիտեինք, որ ոչ մի ոստիկան չէր գալու, որովհետև մեր ճակատին խաչ ունենք: Շենքի առջև ֆուտբոլ էինք խաղում, ու աշխարհը մերն էր: Անցնում էր Լյովա պապին, որ հատուկ ոստիկանների պատմությունը հորինել էր, որ էլ խաղող չգողանայինք: Բակով քայլում էր Վարուժանը: 

Մենք դիտավորյալ վազում էինք, կանգնում նրանց առջև ու սկսում անվախ ժպտալ: Նայում էին մեր ճակատների խաչերին, նորից զարմացած նայում ու չէին հասկանում՝ ինչ էր կատարվում:

 Բայց մենք հո՛ հիմա հաստատ գիտենք, որ մեր ճակատին խաչ կա. մենք պաշտպանված ենք, ու ոչ ոք մեզ ոչ մի վատ բան չի կարող անել…

No Comments

Leave a Reply