ԳրաԴաշտ Սահակ Գալոյան

Օգոստինոս Երանելի, Աստծո քաղաքի մասին

17.08.2024


Միջնադարյան փիլիսոփա, աստվածաբան, Հիպոյի եպիսկոպոս Սուրբ Օգոստինոս Երանելու (կամ Սուրբ Ավգուստինուս Ավրելիուս)  413–426 թթ. գրած (որոշ աղբյուրներում նաև 427թ) De civitate Dei contra paganos  (Աստծո քաղաքի մասին՝ ընդդեմ հեթանոսների) խորագրով  տրակտատը՝ արևմտյան աշխարհի աստվածաբանական, քրիստոնեաջատագովական (որոշակիորեն հակաճառական),  փիլիսոփայական (ինչ-որ իմաստով նաև պատմական) մտքի վսեմաշուք մարմնացումն է։ Այն գրվել է ի պատասխան հեթանոսական պնդումների, որ 410 թ. բարբարոսների (վեստգոթերի) կողմից Հռոմի երրորդ պաշարումն ու թալանումը (իրադարձությունը մաս էր համարվում Արևմտյան Հռոմեական կայսրության անկման) հեթանոսական պաշտամունքի վերացման հետևանքներից մեկն էր: Օգոստինոսը, ի պաշտպանություն քրիստոնեական հավատի, պատասխանում է՝ պնդելով հակառակը, որ քրիստոնեությունը փրկեց քաղաքն ու կասեցրեց դրա լիակատար կործանումը, և որ Հռոմի անկումը ներքին բարոյական քայքայման հետևանք էր։

Աստծո քաղաքը նշանավորվում է այն մարդկանց կողմից, որոնք հրաժարվում են երկրային վայելքներից՝ ի նվիրում աստվածային հավերժական ճշմարտության, և անարգվում նրանց կողմից, որոնք տուրք են տալիս երկրային այժմեական ու փութանցիկ վայելքներին, թիկունք դարձնում Տիրոջն ու ընթանում մոլորության բավիղներով։

Օգոստինոսն իր այս նշանավոր աշխատությունը գրել է մոտ տասներեք տարում, ըստ էության, կործանվող ու բարոյալքված Հռոմեական կայսրության օրինակով ցուցանելու մարդու կամ մարդկային ցեղի ամբարիշտ մղումներն առ ախտավորն ու խոտորը, կամ, ասենք, մարդու հողակիպ (ասել կուզի՝ երկնայինը մերժող) ու լույսի ուղղությամբ քար նետողի կեցվածքը։

ԳԼՈՒԽ Ա

Նախաբան

Այս աշխատության մեջ իմ թեման Աստծո հրաշափառ քաղաքն է, որը դու ինձ առաջարկեցիր, ո՜վ սիրելի որդի Մարսելինուս, և որը գրում եմ այն խոստման շնորհիվ, որ տվել եմ քեզ։ Ես ձեռնամուխ եղա պաշտպանելու Աստծո հրաշափառ քաղաքը նրանցից, ովքեր իրենց աստվածներին գերադասում են այս քաղաքի Հիմնադրից, մի քաղաք, որը հույժ փառահեղ է, անկախ նրանից, թե մենք համարում ենք, որ այն դեռ ապրում է հավատքով այս վաղանցուկ ժամանակի մեջ և oտար է ի շարս անաստվածների, թե ինչպես նա կլինի հետագայում, նրա հավերժական գահի անփոփոխ կայունությունը, որին նա այժմ համբերությամբ սպասում է.  «արդարությունը պիտի վերադառնա դատաստանի», և նա իր գերազանցության շնորհիվ ձեռք կբերի վերջնական հաղթանակ և կատարյալ խաղաղություն: 

Ահռելի ու տաժանելի սխրանք է այդ, սակայն Աստված է ինձ զորավիգ: Հավաստյավ  ես գիտեմ, թե ինչ ուժեր են պահանջվում ամբարտավաններին տարհամոզելու համար, որ խոնարհության առաքինությունը վիթխարածավալ է, որը բարձրացնում է մեզ ոչ թե զուտ մարդկային գոռոզությամբ, այլ աստվածային ողորմությամբ համայն երկրային առաքինությունների վրա, որոնք տարուբերվում են այս փոփոխական տեսարանում: Քանզի այս քաղաքի Թագավորն ու Հիմնարկուն, որի մասին մենք խոսում ենք, Սուրբ գրքում իր ժողովրդին թելադրել է աստվածային օրենքը հետևյալ խոսքերով. «Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս»։ 

Բայց սա, որ Աստծո բացառիկությունն է, նույնպես ազդում է հոգու փքված փառասիրության վրա, և նա քնքշորեն սիրում է, որ այն դասվի իր հատկությունների շարքում. 

«Գթալ խոնարհներին 

Եվ ճնշել հպարտության որդիներին»։ 

Եվ այսպես, ինչպես պահանջում է այս աշխատության ծրագիրը, որը ստանձնել ենք, և ինչպես հանգամանքներն են պահանջում, մենք պետք է խոսենք նաև երկրային քաղաքի մասին, որը, չնայած ազգերի տիրուհին է, ինքնին ղեկավարվում է իր ղեկավարելու բաղձանքով:

 Քրիստոսի անունը կրող ախոյանների մասին, որոնց  խնայեցին բարբարոսները ի սեր Քրիստոսի, երբ ներխուժեցին քաղաք

Քանզի այս երկրային քաղաքին են պատկանում այն ​​թշնամիները, որոնց դեմ ես պետք է պաշտպանեմ Աստծո քաղաքը: Նրանցից շատերը, արդարև, ազատվելով իրենց ամբարիշտ մոլորությունից, դարձել են այս քաղաքի բավական պատվական քաղաքացիներ. սակայն շատերը բորբոքված են նրա դեմ այնպիսի բուռն ատելությամբ և ապերախտ նրա Փրկչի այնպիսի ակնհայտ բարիքների համար, որ այսօր նրանք վատ չէին խոսի նրա մասին, եթե թշնամու սրից մազապուրծ լինելով՝ չփրկեին սուրբ վայրերում այն կյանքը, որի համար այսօր ամբարտավան են:

Մի՞թե հենց այդ հռոմեացիները, որոնց բարբարոսները խնայել են ի հարգանս Քրիստոսի, թշնամի չեն դարձել Քրիստոսի անվանը։ Այս մասին են վկայում նահատակաց նշխարները և առաքելոց եկեղեցիները. քանզի քաղաքի պարկի մեջ նրանք բաց սրբարան էին բոլոր նրանց համար, ովքեր փախչում էին իրենց մոտ՝ քրիստոնյա թե հեթանոս։ Հենց նրանց շեմին էր մոլեգնում արյունարբու թշնամին. այստեղ էր վայրագ կատաղության սահմանը։ Այնտեղ թշնամիներից նրանք, ովքեր մի փոքր խիղճ ունեին, խնայվածներին տարհանեցին այս վայրերից, որպեսզի մյուս անխիղճների ձեռքը չընկնեն։ Եվ իսկապես. երբ այն մարդասպանները, որոնք ամենուրեք իրենց անգութ էին դրսևորում, եկան այն վայրերը, ուր արգելված էր այն, ինչն այլ վայրերում օրինական էր պատերազմի իրավունքով, սպանդի նրանց կատաղի ժանտը սանձվեց, և մարեց գերեվարելու նրանց ցանկությունը:

Այսպիսով՝ շատերը փրկվեցին, որոնք այժմ դատապարտում են քրիստոնեական կրոնը և Քրիստոսին վերագրում իրենց քաղաքին պատուհասած բոլոր դժբախտությունները. բայց սեփական կյանքի պահպանումը, որը նրանք պարտական են բարբարոսների՝ Քրիստոսի հանդեպ պատկառանքին, նրանք վերագրում են ոչ թե մեր Քրիստոսին, այլ իրենց իսկ բախտին:

Ավելի շուտ, եթե նրանք ողջամտություն ունենային, ապա իրենց թշնամիների պատճառած դաժանություններն ու զրկանքները պետք է վերագրեին աստվածային նախախնամությանը։ Նա, սովորաբար, պատերազմների միջոցով արմատապես բարեփոխում է անհատների ապականված սովորությունները, ինչպես նաև փորձարկում է մարդկանց գովելի ազնիվ կյանքը նման դժբախտություններով և այն փորձարկելուց հետո կա՛մ ողջունում է նրանց ավելի լավ աշխարհում, կա՛մ թողնում է այս աշխարհում այլ փորձությունների համար: Եվ նրանք պետք է դա վերագրեն քրիստոնեական այս ժամանակների ոգուն, որ հակառակ պատերազմի սովորույթին, այս արյունարբու բարբարոսները խնայեցին նրանց և խնայեցին Քրիստոսի սիրույն, անկախ այն բանից, թե այդ ողորմությունը ճշմարտապես դրսևորվեց այն վայրերում, ուր անառակ կապեր էին գործում, թե այն վայրերում, որոնք հատուկ նվիրված էին Քրիստոսի անվանը, և այն բանից, որ ամենամեծերն ընտրվել են որպես սրբավայրեր, որպեսզի այդ կերպ հնարավոր լինի լիովին դրսևորելու բացսիրտ կարեկցանք, որ մեծ թվով մարդիկ կարողանան ապաստան գտնել այնտեղ:

Ուստի նրանք պետք է շնորհակալություն հայտնեն Աստծուն և անկեղծ խոստովանությամբ անկեղծորեն դառնան Քրիստոսի անվան հետևորդներ՝ մշտնջենական հրի տառապանքներից խուսափելու համար, նրանք, որոնք ստախոս շուրթերով իրենց վրա վերցրին այս անունը, որպեսզի կարողանան դուրս պրծնել ներկայիս կործանման պատժից։ Որովհետև նրանց մեջ, ում դուք տեսնում եք, որ լկտիաբար և անամոթաբար վիրավորում են Քրիստոսի ծառաներին, կան բազմաթիվ մարդիկ, որոնք չէին խուսափի այս կործանումից և կոտորածից, եթե չձևացնեին, թե իրենք են Քրիստոսի ծառաները:  Սակայն այժմ, անշնորհակալ հպարտությամբ, ամենաամբարիշտ խելագարությամբ և հավիտենական խավարի մեջ պատժվելու վտանգի տակ, նրանք այլասերված կերպով ընդդիմանում են այն անվանը, որով նրանք խաբեությամբ պաշտպանվել են՝ իրենց այս կարճատև կյանքի լույսը վայելելու համար:

Թարգմանությունը՝ Սահակ Գալոյանի