ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Թելեթրիփ-4

04.09.2019

Սկիզբն այստեղ՝

Մաս 11

Առավոտյան աչքերս բացեցի մորու օշարակի անուշ բույրից: Վազեցի խոհանոց: Տատս մուրաբա էր պատրաստում: Նա կապել էր իր գեղեցիկ գլխաշորը, հագել մաքրամաքուր գոգնոցը և գդալով հավաքում էր մորու փրփուրը:

-Այսքան համեղ առավոտ դեռ չեմ ունեցել,- երջանիկ ծոր տվեցի ես:

-Ես արդեն բլիթներ եմ պատրաստել, հիմա կգա պապիկը, բլիթների վրա կքսեք մորու փրփուրը կամ օշարակն ու անուշ կանեք:

-Սիրով, սիրելի տատիկ,- ուրախացած պտտվեցի տեղում:

-Էնդա, նախաճաշից հետո կարևոր գործ ունես:

Ես չհասցրի իմանալ՝ ինչ գործ, որովհետև փնթփնթալով մտավ պապս:

-Ո՞վ է վեդցրել ատամնեդս,- բարկացած ասաց նա:

-Բարի լույս,- ասաց տատս այնպիսի  տոնով, ասես կոճկում էր պապիկի վերնաշապիկի կոճակները:

-Բարի լույս, պապիկ,- զրնգացի ես,- իսկ մենք բլիթներ ունենք:

-Բադի, բադի…,- պատասխանեց պապս:

-Շատ հետաքքիր է իմանալ՝ ինչո՞ւ բադի,- չհասկացա ես:

-Բադը հանգիստ թող, Էնդա, պապիկդ պարզապես դնովի ատամներն է կորցրել: Մենք մեղավոր չենք, որ ատամներդ կորցրել ես: Բայց աչքերդ հո վրադ են, չէ՞:

-Ու ի՞նչ,- նեղսրտեց պապս:

-Ոչինչ,- ասաց տատս, գդալը դրեց ու գլուխը բարձր դուրս եկավ՝ պապիս արհեստական ատամները բերելու: Պապիկը դրանք քնելիս միշտ հանում էր, պահում ջրով ամանի մեջ:

Պապիկս վերջապես նկատեց մորու մուրաբան ու լայն ժպտաց:

-Կադես թե օդն իսկապես բադի է:

-Կարծես չէ, պապիկ, օրն իսկապես բարի է….

Այդ պահին, բաժակի մեջ ատամները չխչխկացնելով, ներս մտավ տատիկս: Նա բաժակը հանդիսավոր դրեց պապիկի առաջ ու ասաց.

-Հագիր, սիրելիս, լվացվիր, նախաճաշում ենք:

-Լսում եմ ու հնազանդվում, հրամանատա՛ր,- արդեն ատամներով՝ լայն ժպտաց պապիկս ու պատիվ տվեց:

Վերջապես մենք նստեցինք սեղանի շուրջ ու սկսեցինք նախաճաշել:

-Գիտե՞ս, Էնդա՛, շուտով մեր հարևանուհու՝ տիկին Չեխովի ծննդյան տարեդարձն է,- ասաց տատիկս: Դա կլինի  ամենաարտառոցը նրա բոլոր ծննդյան տոներից:

-Ինչո՞ւ,- զարմացա ես:

-Որովհետև,- բլիթի վրա քամած մածուն քսեց տատս,- նա որոշել է այս տարի հրաժարվել իր մանկությունից:

-Ինչպե՞ս թե,- քիչ մնաց բլիթը կոկորդիս կանգներ:

-Այդպե՜ս,- հառաչեց տատիկս,- բոլորը չէ, որ ցանկանում են երկար մանկություն ունենալ, սիրելիս: Եվ ես որոշել եմ այդ տոնը հիշարժան դարձնել:

Ես հուզված էի, չգիտեի ինչ ասել:

-Տատի՛կ, իսկ կա՞ տարեդարձ, որ դու լավ ես հիշում,- սրտիս տրոփյունով հարցրի ես:

-Ով հիշում է իմ ատամների տեղը, հիշում է ամեն ինչ,- բերանը լիքը-լիքը հաստատեց պապս: 

-Իհարկե հիշում եմ,- շոյեց  հյուսքս տատիկը,- մի անգամ՝ տարեդարձիս, քո տարիքին էի երևի, քեզ նման նստած էի պապիկիս ու տատիկիս հետ: Մեկ էլ տան դուռը բացվեց ու ներս մտավ մեր սագանոցի ամենամեծ սագը: Սպիտակ մեծ սագ էր: Ներս մտավ թե չէ, տատիկիս ձեռքից ընկավ կաթով պնակը: Կաթը թափվեց հատակին: Դրանից վախեցած՝ սագը վեր թռավ, դուրս փախավ: Նրա սպիտակ փետուրը դանդաղ ընկավ կաթի մեջ, ու տատս ասաց. «Բուդդա, այսօր դու կդառնաս 18 տարեկան, շուտով կգնաս Երկիր մոլորակ: Բայց մինչ այդ, հավաքիր 111 սագի փետուր: Դրանցից ես թևիկներ կկարեմ 111 կատվի համար, որ դու երկրում բաժանես նրանց»:

Տատս մի այնպիսի խանդավառությամբ պատմեց, որ մենք լրիվ մոռացանք մեր նախաճաշի մասին:

-Տատիկ… ես չգիտեի այդ մասին: Իսկ տիկին Չեխո՞վը: Գուցե նրա համար է՞լ սագի փետուրներ հավաքենք:

-Հավաքենք, բայց բա՛դի փետուրներ, էնդա: Նախաճաշից հետո դու հավաքիր 22 բադի փետուր: Պապիկն էլ՝ 33: Դրանցով ես կկարեմ  տիեզերքի ամենափափուկ մեծ բարձը, որը կնվիրենք տիկին Չեխովին: Ու քնելիս նա երբեմն իր մանկությունից ինչ-որ բաներ կտեսնի երազում: Եթե երբեմն երազում մանկությունից ինչ-որ բաներ չտեսնի, շատ կիսատ կթվա ամեն ինչ : Հը՞, կհավաքե՞ս այդ բադիկների փետուրները:

-Ճիշտ այդպե՛ս,  հրամանատա՛ր,- նմանակեցի պապիկիս, ու մենք ծիծաղեցինք:

Պապս հաճույքով լպստեց քաղցրոտած շրթունքներն ու ասաց.

-Բուդդա, քո ամեն ինչն եմ սիրում, ամեն ինչը… բայց երբ դու այս չքնաղ մուրաբան լցնում ես դիմափոշուդ մեջ… դա, դա… վայրագություն է:

-Ոչինչ, սիրելիս, ինչպես ասում են երկրացիները՝ գեղեցկությունը զոհաբերություն է պահանջում: Եվ իմ դիմափոշին դրա ամենագեղեցիկ արտահայտությունն է:

-Լավ,- հաշտվեց պապս ու նոր բլիթ վերցրեց:

Երբ ավարտեցինք նախաճաշը, նա գնաց իր տրակատորը դուրս բերելու, որ դրանով գնանք փետրահավաքության: Որովհետև մի բան է, երբ դու մեկ բադի փետուր ես տանում, ուրիշ՝ երբ 22-ի…

-Էնդա, այսօր տրակտորը դու ես վարում,- հայտարարեց պապս:

Գժվելի՜ք, ղեկը ես եմ բռնելու…

-Բայց Էնդայի 18-ը դեռ չի լրացել,- անհանգստացավ տատս:

-Բուդդա, եթե դու ամեն ինչից այդքան վախենաս, վերջիվերջո մի փորձանքի կհանդիպես:

-Փորձանքի՝ չգիտեմ, բայց չար Պառավին հաստատ կհանդիպեք:  Եվ եթե նա տեսնի Էնդային ղեկի մոտ, կկարծի թոռնուհուդ 18-ը լրացել է… Աստված գիտի՝ ինչ կպատահի:

-Լավ, ես կվարեմ,- ասաց պապս ու ինձ թաքուն աչքով արեց:

Տատս սենյակից դուրս էր գալիս՝ փետուրները հավաքելու համար պարկեր բերելու:

-Ու չփորձես Էնդային թաքուն աչքով անել… Հակառակ դեպքում՝ մրգերը ոչ թե ծառերից, այլ երկնքից ձեր գլխին կընկնեն:

Ես ու պապս նայեցինք իրար. անիմաստ էր տատիկի հետ վիճելը:

Մաս 12

Հազիվ էինք մեր փողոցն անցել, պապս ասաց.

-Էնդա, ղեկը քոնն է:

-Ուռա՜, պապի՜կ: Մնաց, որ տատիկը բան չիմանա:

-Տատի՜կը, տատի՜կը… Հո իսկական Բուդդան չէ՞, որ ամեն ինչ իմանա՝ կասեն երկրացիները,- փնթփնթաց պապիկը:

Մենք ծիծաղեցինք ու տեղներս փոխեցինք. ես՝ պապիկիս, պապս էլ իմ տեղը նստեց:

Եթե դուք ուզում եք իմանալ՝ ինչ է իսկական երջանկությունը, իմացեք՝ այն չորս անիվանի, մեկ ղեկով հսկա՜ գեղեցկություն է, որ սահուն գնում է ճանապարհով ու սեփական արժանապատվության գիտակցումից ուրախ տռտռացնում է: Եվ ես վարում էի իմ երջանկությունը: Պապս չիբուխից օճառի պղպջակներ էր բաց թողնում, ես տրակտոր էի վարում, բոլորը  մեզ ուրախ ողջունում էին… Ի՞նչը կարող էր ավելի գեղեցիկ լինել: Բայց մեկ էլ, չգիտես որտեղից, հայտնվեց Տուկանը, նստեց մեր արանքն ու մեծ կտուցը բացեց.

-Վայը եկե՜լ, վրա՜ է հասել, Էնդա՜: Հենց նոր լսեցի, որ Պառավը նկատել է քեզ: Քանի որ ղեկը ձեռքդ է, կարծում է՝ տասնութդ լրացել է: Գյուղի վերջին տան հետևը կանգնել, քեզ է սպասում: Ոչ ոք չգիտի՝ ինչ կարող է պատահել:

-Պահո՜, կրակն ընկանք,- ասաց պապս,- Բուդդան է մեղավոր: Տատդ ինչ ասում է, կատարվում է:

-Վա՜յ, պապիկ ջան, ճիշտ կլիներ՝ լսեինք տատիկին: Տե՜ս, մոռի ամպեր են հավաքվում, վա՛յ թե մոռի տեղատարափ լինի:

-Վե՛րջ, Բուդդայի ձեռքից չենք պրծնի,- ամպերի պես շիկնեց պապս:

Հազիվ էր պապս խոսքն ավարտել, մեկ էլ մոռի անձրև սկսվեց: Թելեթրիփում հայտնի բան կա. սուտ խոսես՝ կընկնես մրգի կամ հատապտղի անձրևի տակ: Նայած ինչ աստիճանի սուտ ես ասել…  ովքեր չեն ստել, կփրկվեն, բայց սուտ խոսողի  գլխին եթե միրգ ընկնի, կդառնա կանաչ խոզուկ: Իմ ու պապիկիս տուն դառնալու հեռանկարն այնքան էլ մխիթարող չէր: Մեկ օրում երեք թարս բան՝ Պառավը ճակատիս քսելու է իր այդ զզվելի չգիտեմինչը… Սա՝ մեկ: Եթե մոռի անձրև գա, իսկ այն հաստատ կգա,  բադերից փետուր չենք հավաքի: Սա՝ երկու: Եվ երրորդը՝ մենք անխուսափելիորեն կընկնենք դրա տակ… Տատս կհասկանա, որ ստել ենք… ու առավոտվա բարձր տրամադրությունից միայն տրակտորի թողած հետքը կմնա: Վե՛րջ:  

-Լա՜վ,- հառաչեց ընկերս՝ Տուկանը,- ես գնամ վերջին տան մոտ, փորձեմ Պառավին քշել: Դուք էլ տուն դարձեք. զգուշությունը երբեք ավելորդ չի լինում:

Տուկանը թևերը բացեց, թռավ, երկինքը ճայթեց ու մոռրև սկսվեց. այդպես են անվանում մոռի անձրևը:  Ես ու պապս սուսուփուս տրակտորը շրջեցինք տուն տանող ճանապարհի կողմն ու հետ դարձանք: Երբ մտանք տուն, տատս կայծակնահար եղավ… Բայց երևի շատ խղճալի տեսք ունեինք, ու նա մեղմացավ.

-Այ դո՛ւ, չարաճճի՛ պապիկ, չես կարողանում ոչ մի բան նորմալ անել, նույնիսկ՝ անձրևից թաքնվել:

Պապս միայն տխուր խռխռացրեց:  Տատս ձեռքերը դրեց կոնքերին ու այդպես երեք անգամ պտտվեց մեր շուրջը: Հետո հոգոց հանեց.

-Դե, խոզուկներ, բուժվելու միակ հնարը 100 սրսկիչ հակամոռի ստանալն է:

Պապս վախեցած նայեց տատիկին: Լավ էր, որ ես հիշեցի.

-Սպասիր, տատիկ: Խը՜ռ: Մի անգամ կարդացել եմ, որ մոռրևից կանաչ խոզուկ դառնալու դարման, խը՜ռ, կարող է լինել կիտրոնների անձրևի տակ մեկ ոտքի վրա թռչկոտելը: Եթե թափվող կիտրոնները բռնես, ուտես, սուտասան խոզուկից՝ կվերածվես մարդու:

-Ծը՛,- ծպպացրեց տատս,- իսկ ուրիշ բան չես կարդացե՞լ:

-Կարդացել եմ,- խռխռացրի ես,- գրքում գրված էր նաև, որ սև թթի հետքը մաքրում են՝ վրան սպիտակ թութ քսելով:

-Լսիր, դու ճիշտ խռխռացրիր… ներողություն… ասացիր: Միայն թե, ե՞րբ կգան կիտրոնի ամպերը:

Բայց բախտներս բերեց… Տատս չհասցրեց խոսքն ավարտել, մեկ էլ կիտրոնների անձրևը հերթափոխեց մոռրևին: Ես ու պապս միանգամից մեզ դուրս գցեցինք: 

Կիտրոնների տեղատարափ անձրև էր: Բայց մենք մեկ ոտքի վրա հերոսաբար ցատկոտում էինք, փորձում որսալ կիտրոններն ու ուտել: Այո՛, սուտ ասելը խիստ անհարմարություններ է ստեղծում: Դրանից բերանդ թթվաշահամ է դառնում… բայց ի՞նչ արած, հո չե՞ս ուզում կանաչ խոզուկ մնալ ողջ կյանքում: Երբ մենք՝ կիտրոնահար ու կիտրոնահամ, մի լա՜վ թթված տուն եկանք, արդեն մարդացել էինք: Հեշտ ճանապարհ չի մարդ դառնալը: Պապս հոգնած ընկավ հենց բազմոցի վրա, աչքերը փակեց ու սկսեց խռռացնել: Այս անգամ՝ քնի մեջ: Տատս ինձ աչքով արեց ու ասաց.

-Էնդա, կարծես մեր կանաչ խոզուկն այնքան էլ լավ չի բուժվել, աչքիս՝ բերես սրսկիչները…

Պապս քնի մեջ լսեց տատիկի ձայնն ու սարսափած վեր թռավ:

 -Հե՜յ, ո՞ւր ես փախչում,- ձայն տվեց տատս պապիկի հետևից:

Բայց պապիկը մեզ չէր լսում: Նա արդեն ճանապարհի ամենածայրին էր: Ես ու տատս ծիծաղից կոտորվել էինք:

-Գուցե մի քիչ դաժան էր, բայց ես վստահ եմ՝ մեր պապիկն այլևս երբեք չի համարձակվի ստել,- ասաց տատիկս:

-Ես էլ,- համաձայնեցի ես,- տատ, այսօր մի բան հասկացա… դեռ պատրաստ չեմ Երկիր գնալու:  Այնքան էի սարսափել Պառավին տեսնելիս:

-Հնարավոր է… Ես քեզ մի շատ կարևոր բան կասեմ, անուշս,- լրջացավ տատիկս,-գուցե՝ կյանքիդ մեջ լսելիք ամենակարևոր բանը:  Գիտե՞ս ինչ, Էնդա՛, փոքր լինես, թե մեծ, միշտ հիշիր շա՛տ, շա՛տ կարևոր մի բան. երբեք ոչ մեկից ու ոչնչից մի՛ վախեցիր: Երբե՛ք: Երկրում կլինես, թե այստեղ՝ մի՛ վախեցիր: Զգույշ՝ պարտավոր ես լինել,  բայց վախենալ՝ երբե՛ք:

Ես չգիտեմ՝ ինչ կատարվեց, բայց ինձ թվաց անհանգստություններս հալվեցին, ու սրտիս մեջ ծիածան բացվեց:

-Տա՜տ, գիտե՞ս՝ ինչ եղավ…

-Գիտեմ, անուշս, գիտեմ: Յոթգույնանի, հրաշք ծիածան: Պահիր դա սրտումդ ու երբեք ոչնչից մի վախեցիր:

Տատս սա ասաց, գրկեց ինձ, ես էլ՝ նրան: Հետո գնացի քնելու: Յոթնագույն հրաշքը սրտիս մեջ:

Մաս 13

Հաջորդ առավոտյան գարուն եկավ: Թելեթերիփի ամեն գարնան առաջին օրը հրաշքների քննության օրն է: Գյուղի բոլոր բնակիչները քննություն են հանձնում: Բոլորն իրենց հրաշքները բերում են գյուղի հրապարակ, իսկ քննող երեխաների հանձնաժողովը ընդունում է դրանք: Լավագույնները գրանցում են մատյանում, որպեսզի հետո ներկայացնեն հրաշքների տոնին: Այդ օրը բոլորն են հուզվում: Բայց ինձ այնպես էր թվում, որ այդ օրը տատիկս բոլորից շատ է հուզված: Մենք միասին այգու ծաղիկներն էինք ջրում, ու մեկ էլ ասաց.

 -Այս գարուն քննությունից կտրվելու եմ:

Ես զարմացած նայեցի նրան:

-Տատի՜կ, ինչու՞ …

-Ինչո՞ւ… Ա՛յ, հիմա հուզվեցի ու անգամ ծաղիկները չեմ կարողանա խնամել…

-Տատ, հենց երեկ ասում էիր, որ երբեք չվախենամ:

-Չէ՛, սիրելիս, հուզվում եմ… դրանք տարբեր բաներ են:

-Իսկ դու քննությանը համեղ ֆեյխուայով կիսել պատրաստիր, շատ լավ է ստացվում,- առաջարկեցի ես:

Հենց խոսքիս վրա այգի եկավ պապիկս՝ կիսելի բաժակը ձեռքին:

-Եթե իմ սիրելի Բուդդան այդքան խելք ունենար, փոխանակ մեկ ամիս դդում աճեցնլու՝ էս մի բաժակ անմահական կիսելը կպատրաստեր:

-Կիսել պատրաստել է ի՛մ տատիկը, սրանից դեռ … տասներեք գարուն առաջ: Ես պիտի նոր բան ստեղծեի: Կիսելը տատիկիս մենաշնորհն է,- բացատրում էր տատիկս:

-Տասներեք գարուն… ո՞վ կհիշեր այդ վաղեմության կիսելը, եթե տաք-տաք, անուշաբույր կաթսան ձեռքիդ ներս մտնեիր… Գնանք տուն, ես մի բաժակ էլ եմ ուզում:

Տատիկը լուռ վերցրեց պապիկի պարզած բաժակը, մենք տուն գնացինք: Ու արդեն խոհանոցում նա բաժակների մեջ լցրեց  կարմիր հաղարջի անուշաբույր կիսելը: Հետո հուզված նորից պնդեց.

-Էս անգամ քննությունից կտրվելու եմ:

-Օ՜ֆ, շա՜տ համեղ է,- հաստատեց պապս:

-Տատ ջան, ամեն բան լավ կլինի: Կպատմես դդումիդ մասին, կկտրես այն, կհյուրասիրես… դեռ նրա օգտակար հատկությունների մասին էլ պատմիր: Խոսքդ ավելի ծանրակշիռ կդառնա: Ու… ամեն ինչ լավ կլինի:

Պապիկը հիացած ինձ նայեց: Բայց, եթե անկեղծ… ես ու պապս դեռ է՜ն գլխից կասկածում էինք, որ քննությանը դդում ներկայացնելը լավ  գաղափար է: Տատս դդմի պես անդրդվելի էր: Գլուխն էր մտցրել, ու վե՛րջ. կա՛մ դդում, կա՛մ ոչինչ: Պապիկն ավելի պարզ բան էր մտածել: Սուլի՛չ: Նա ծիրանի կորիզից սուլիչ էր պատրաստելու: «Ամենաարագն է ու պարզը,- բացատրում էր տատիկին պապիկս,- իսկական երաշխավորված հրաշք»: Հրաշքը ցուցադրելուց բացի, պիտի դրա պատրաստման եղանակն էլ ներկայացնես: Գուցե մեկը կհավանի ու ինքն էլ կցանկանա պատրաստել: Օ՜, իսկ պապս ներկայացնել կարող էր…

-Եվ այսպես,- անցյալ տարի հանձնաժողովի առաջ ոգեշնչված ներկայացնում էր պապիկս,-  հասած, շողշողուն ծիրան: Վերցնում ենք այն ու սառնորակ աղբրի ջրով լվանում: Ահա այսպե՜ս: Հրաշալի է: Թարմ լվացված, անուշաբույր ծիրանը բացում ենք: Ահա այսպե՜ս. ա՜խ, որքան ախորժելի տեսք ունի… Ապա այդ ծիրանն ուտում ենք, ա՜խ, ինչ քաղցր է այն… Հայկական ծիրանից համեղ բան Թելեթրիփում չեք գտնի: Օրհնվի այն այստեղ հասցողը: Կորիզն ամուր պահում ենք: Անձեռոցիկով  մաքրում ենք մեր բերանը, չորացնում կորիզը: Խնամքո՜վ, համբերատա՜ր: Իսկ հիմա վերցնում ենք ողորկ քարն ու սկսում կորիզը քարին քսելով՝ տաշել… տաշում ենք, տաշում, տաշո՜ւմ… ու երբ կորիզին արդեն մաշվում է այնքան, որ վրան անցք է գոյանում, միջուկը զգույշ հանում ենք: Այն տալիս ենք տանտիկնոջը, որպեսզի նա դրանով կարկանդակ պատրաստի, իսկ մենք… Մենք կորիզով  սկսում ենք սուլե՜լ»:

Եվ զմյալված հանձնաժողովի աչքերի առջև պապս սուլում էր… Պապս չի սխալվում՝ ծիրանի կորիզի սուլիչը երաշխավորված հրաշք է: Եվ վստահաբար այս տարի նույնպես նրա նո՛ւյն հրաշքը նու՛յն հաջողությունն է ունենալու: Ուրիշ բան է տատիս դդումը… Պիտի ցանես, ջրես, խնամես… ու դեռ անհասկանալի է՝ կտրելուց հետո ինչ դուրս կգա միջից: Ծիրանի կորիզից աշխարհի ամենագեղեցիկ մեղեդիները կարող են դուրս գալ… Դդմից՝ չես կարող ասել: Ու հիմա տատիկս գաղտնաշատ դդումը դրել էր սեղանին ու նայում էր:

-Տատիկ, գիտե՞ս, նա այնքան անուշ է բուրում, որ ես վստահ եմ՝ ամեն ինչ հրաշալի է:

-Լավ , սիրելիս, հուսով եմ:

Այդ ժամանակ մեր դռան զանգակը հնչեցրին:

-Օ՜, չլինի՞ թե ժյուրին է,-  սփրթնեց տատս ու մտավ սեղանի տակ:

-Տիկնա՛յք և պարոնա՛յք, ժամանակն է հրաշքները տեղափոխել հրապարակ,- դռան հետևից ասաց պարոն Վեռնը ու հեռացավ:

Ես չհասցրի դուռը բացել: Պապս գնաց սուլիչի համար ողորկ քարը բերելու, իսկ տատիկս դուրս եկավ սեղանի տակից:

Լիլիթ Հակոբյան
Մայա Պետրոսյան
Էլզա Պետրոսյան

Շարունակելի

No Comments

Leave a Reply