ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Թելեթրիփ 6

15.09.2019

Սկիզբը՝ այստեղ
Մաս 16

Երբ բոլորը հանդարտվեցին, պարոն Ստրադիվարիուսը իջավ հեռագրասյան վրայից:  Տուկանը նորից թռավ-նստեց իր տեղն ու ասաց.

-Սիրելի՛ թելեթրիփցիներ, դուք, իհարկե, գիտեք, որ մենք ամեն անգամ, Թելեթրիփում բացահայտված բոլոր հրաշքները գրանցելուց բացի, փորձում ենք առաջացած խնդիրները լուծել:

-Իսկ մի՞թե առաջացած խնդիրներ կան,- զարմացավ պարոն Կոպեռնիկոսը:

-Բարեբախտաբար, Թելթրիփում չկան: Բայց ա՛յ Երկիր մոլորակում լուրջ խնդիր կա, և մենք արդեն խոսեցինք դրա մասին: Սակայն, նորից բարեբախտաբար, կա նաև դրա լուծումը: Խոսքը Երկրագնդի կենդանիների պաշտպանության մասին է: Անչափ հրատապ խնդիր է: Հարկավոր է օգնել երկրացիներին: Հակառակ պարագայում անվերականգնելի բաներ կկատարավեն մոլորակի վրա:  Իմ ունեցած հավաստի տվյալների համաձայն՝ ընդամենը մեկ գարուն հետո կարող են վերանալ փղերը… դա… աներևակայելի ողբերգություն կլինի ողջ տիեզերքի համար…

-Իսկ ի՞նչ պիտի անենք,- սարսափեց մեր հարևանը՝ պարոն Վեռնը:

-Մեզանից ինչ-որ մեկին պետք է ուղարկենք այդ մոլորակ: Նա, ով հանձն կառնի այդ խիստ կարևոր առաքելությամբ գնալ Երկիր մոլորակ, պետք է լինի գերբարի, գերպատասխանատու անձնավորություն: Անկեղծ ասած՝ ես ամբողջ Թելեթրիփում միայն մեկին եմ ճանաչում, որ լիովին համապատասխանում է այդ թեկնածությանը: Սակայն անունը տալու իրավունք չունեմ: Եթե այդ անձնավորությունն ի՛նքը ցանկանա, եթե ի վիճակի լինի կրելու այդ խի՛ստ կարևոր, խի՛ստ պատասխանատու առաքելությունը, նա իր սրտի մեջ դա կզգա և ինքնակամ կարտասանի իր անունը:

Տիրեց համատարած լռություն: Բոլորը լուռ-լուռ էին:  Ես միայն լսում էի՝ ինչպես է սիրտս անսովոր արագ բաբախում: Արագ-արագ, ուժեղ, ավելի ուժեղ… «Մի՞թե ես եմ, մի՞թե իմ հերթը եկավ»,- սրտիս ամեն զարկի մեջ լսում էի ներքին ձայնս: Գլուխս պտտվում էր հուզունքից: Գնալ ինչ-որ ժամանակով Երկիր մոլորակ, որի մասին այդքան պատմել է պապիկդ… բավական չէ տեսնել այդ չքնաղ մոլորակը, նաև օգնել երկրացիներին… Օ՜, մեծ ու փոքրիկ փղեր, օ՜, աստվածներ… Հանկարծ աչքս ընկավ տատիկիս ու պապիկիս: Նրանք չէին կարողանում թաքցնել արցունքները: Խաղողի հատիկերի չափ արցունքները խոշոր-խոշոր գլորվում  էին, թրջում նրանց դեմքերն ու հագուստը: «Ես քեզ այնքան շատ կկարոտեմ, էնդա»,- հանկարծ լսեցի տատիկիս միտքը: Իմ սիրտն ավելի արագ սկսեց բաբախել… «Մենք ամեն ծագող արևի հետ քեզ կողջունենք, սիրելի թոռնիկ»,- լսեցի պապիկիս միտքը… Ես ամեն ինչ հասկացա: Ամեն ինչ առանց այդ էլ վճռված էր: Ես խոր շունչ քաշեցի ու բարձր ասացի. «Ե՛ս եմ: Ես պատրա՛ստ եմ գնալ, սիրելի Տուկան: Ես գիտեմ, որ Թելեթրիփում դու ի՛նձ ես ճանաչել: Վստահ եմ՝ իմ մասին էիր ասում: Շնորհակալ եմ՝ ինձ այս մե՜ծ պատվին արժանացնելու համար: Այո՛, տիեզերքում ամեն մեկն ունի իր դերակատարումը: Եվ այո՛, ես պատրաստ եմ ընդունել իմ բաժին առաքելությունը: Ընդունել սիրով, ընդունել խոնարհությամբ»:

Բոլորը հուզված ոտքի կանգնեցին ու սկսեցին հենց այդպես՝ հոտնկայս ինձ ծափահարել: Տուկանը մեղմ ժպտում էր:

-Սիրելի Էնդա, իմ սիրելի ընկեր… ես անասելի հուզված եմ: Ես վստահ էի, որ դու չես հրաժարվի քո առաքելությունից… Մենք բոլորս կկարոտենք ու կսպասենք քո վերադարձին: Հիմա կանչենք տիկին Կախարդին:

Ծեր վհուկը՝ Էնդային Երկիր ուղարկելուց առաջ

Թելեթրիփցիները քաշվեցին մի կողմ, ճանապարհ բացեցին կախարդի համար: Ծեր վհուկը, կավե փոքրիկ ամանը ձեռքին, մոտեցավ ինձ: Ես գլուխս խոնարհած սպասում էի: Պառավը գրպանից հանեց ոսկեմազ վրձինը, թաթախեց գորտի թքի ու խխունջի մեջ, ապա լուռ մոտեցավ ինձ, քսեց ճակատիս: Վրձնի մի հարվածով ևս յոթ տարի թռցրեց: Ես նորից զգացի՝ ինչպես է հագուստը մեծանում հագիս: Տատիկս գրկեց ինձ և հյուսիկներիս ժապավենով մաքրեց իր աչքերի արցունքները:

-Ուղիղ մեկ գարուն հետո՝ Արևագալի օրը, սիրելի Էնդա,- ասաց Տուկանը,- մենք կխնդրենք տիկին Կախարդին, որ քեզ նորից փոքրացնի: Այդ ժամանակ դու ճանապարհ կընկնես: Իսկ մինչ այդ՝ այս վերջին գարնանն էլ, վայլեիր քո մանկությունը, տատիկի, պապիկի, բոլորիս ներկայությունը, որ այս ամենը լավ հիշես ու հանկարծ չմոռանաս: Բոլոր նրանք, որ մոռանում են, չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենի մոլորակը: Ես վստահ եմ, դու ամեն-ամեն ինչ կհիշես ու կպատմես երկրացիներին նույնպես: Եվ եթե կլինեն իրենց մանկությունը մոռացած մարդիկ, քո շնորհիվ կվերհիշեն: Իսկ մինչ այդ մենք քեզ համար ծնողներ կըտրենք, և Արևագալի օրը դու արդեն կգնաս նրանց մոտ: Այսպիսով, Հրաշքների հանդիսությունն այսօր համարում եմ փակված:

Այս խոսքի վրա հայաստանցին, որ առաջին ագամ էր մասնակցում Հրաշքների հանդիսությանը, սկսեց հրավառությունը: Այդ մեծ պատիվն էլ նրան էր վստահված: Նա  երջանիկ արձակում էր բազմերանգ հրավառություն, որը չէր հանգչում: Այդ հրավառության կայծիկները դառնում էին տարբեր աստղեր ու ցրվում երկնքով մեկ: Թվում էր՝ երկինքը բոցավառվել է բազմերանագ աստղերով…

Մաս 17

Ուշ երեկոյան ես, տատիկս ու պապիկս վերադառնում էինք տուն: Պապիկս խելամտորեն վերցրել էր լապտերը, մեջը գցել  մի քանի լուսատտիկ, ու հիմա այդ փոքրիկ լուսատտիկները լուսավորում էին գիշերվա մեր ճանապարհը: Մեր տունը գյուղի ամենածայրին էր:  Հերթով անցնում էինք բոլոր տնակների մոտով: Ես  մտքում արդեն  բոլոր հարևաներին  հրաժեշտ էի տալիս: Բոլորի ծխնելույզներից ծուխ էր բարձրանում: Թվում էր, թե երկնքում բոլոր աստղերը ծածկվում են վերմակներով: 

Հանկարծ ծառի սաղարթին խճճված մի ամպիկ տեսանք: Մի կռունկ իր փոքրիկին օրորում էր: Երբ վերջապես փոքրիկ կռունկը քնեց, մայր կռունկն իր պոչիկից մի քանի փետուր հանեց, սկսեց դրանցով ամպերն ավլել: Ամպիկները փետուր-փետուր թափվում էին ցած:

-Ահա և վերջ, — հառաչեց տատիկս,- ձմեռ է գալիս, այս տարի  դարձյալ շուտ եկավ:

-Իսկ Երկրի վրա ձյուն գալի՞ս է, տատիկ,- հարցրի ես:

-Դե, իհարկե,- ժպտաց տատս:

-Էնդա՛, եթե Երկիր մոլորակում մի օր մեկը գա ու հանկարծ քեզ բողոքի, թե մոլորակում քնքշություն չկա, հիշեցրու նրան առաջին ձյան մասին,- լուրջ-լուրջ ասաց պապս:

-Լավ,- ժպտացի նրան:

-Վաղը գնանք Տուկանի մոտ: Հարկավոր է քեզ հայրիկ ու մայրիկ գտնել,- լրջացավ տատս:

-Ինչպե՞ս պիտի ընտրենք:

-Ճիշտ այնպես, ինչպես մոլորակներ կամ աստղեր են հայտնաբերում՝  հեռադիտակով: Դու կընտրես մի հայրիկ ու մի մայրիկ: Եվ եթե նրանք միասին չեն ապրում, մինչև քո գնալը  անպայման իրար կհանդիպեն, որպեսզի, երբ գա ժամանակը, քեզ դիմավորեն իրենց տանը:

-Հրաշալի է… Տատիկ, իսկ ե՞րբ կվերդառնամ ձեզ մոտ:

-Հասնենք տուն, հիշեցրու՝ այգում Փնթրեքից հոտ քաշեմ, որ իմանամ: Էսպես չեմ կարող ասել:

-Լավ,- նորից ժպտացի ես:

Լուսատտիկները կամաց երգում ու լուսարձակում էին: Երկինքից փետուր-փետուր թափվում էին ամպիկները:

Տուն հասնելուն պես պապիկս բարի գիշեր ասաց, գնաց պառկելու: Ես համբուրեցի պապիկիս, տատիկիս ու նույնպես անցա իմ սենյակ: Այնքան հուզված էի, որ չէի կարողանում քնել: Գիշերազգեստով քայլում էի իմ սենյակում, պատուհանից նայում իջնող ճերմակ փետուրիկներին: Հանկարծ նկատեցի տատիկիս, որ լուսատտիկներով լապտերը ձեռքին իջել էր մեր այգի: Նա մի ձեռքով բռնել էր լամպը, իսկ մյուսով պահում էր փոքրիկ բահը: «Տեսնես՝ ինչ պիտի անի»,- զարմացա ես՝ վարագույրի հետևից նրան հետևելով:

Տատիկս մտավ այգի, լապտերը կախեց ծառից, մոտեցավ Փնթրեքին, շոյեց նրա ամեն մի թերթրիկը, ապա ձեռքի փոքրիկ բահով զգուշությամբ մի բան հանեց. դրան հայերեն ասում են բնահող, կարելի է և՝ հող: Փնթրեքն ու հողը տեղափոխեց դեղին կավե ամանի մեջ: Հետո գրկեց ծաղկով ամանը, վերցրեց լապտերն ու վերադարձավ տուն: Ես զարմացա, բայց ոչինչ չասացի, գնացի վերջապես քնելու:

Հաջորդ առավոտ մտքիցս թռել էր գիշերվա տեսածս: Ամբողջ տունը լցվել էր տատիկի բլիթների անուշ բույրով: «Գուդդա՜, ես քեզ պաշտում եմ, հատկապես այն օրերին, երբ դու դարչինով այս բլիթներն ես պատրաստում»,- լսվում էր պապիկի ձայնը խոհանոցից:

Տատս ծիծաղեց. «Միայն թե գնա, ատամներդ հագիր, այլապես դու չես հասկանա, ինչ համեղ ես ինձ պաշտում»:

«Վա՜յ, վա՜յ, վա՜յ»,- նորից լսեցի պապիկիս ձայնը, ապա նրա չստերի քսքստոցը:

Ես արագ իջա խոհանոց: Տատիկս հագել էր իր խատուտիկներով գոգնոցն ու քթի տակ երգելով՝ բլիթներ էր պատրաստում: Օջախից քիչ հեռու՝ պատուհանագոգին, նկատեցի Փնթրեքը՝ կավե ծաղկամանի մեջ:

-Վա՜յ, տատ, ի՞նչ լավ էր հիշեցի,- ի՞նչ էիր անում գիշերն այգում, ինչո՞ւ էիր Փնթրեքը տեղափոխում:

-Ի՞նչ էի անում, բերում էի նրան տուն: Մինչև ուշ գարուն նա կմնա տանը՝ իր այս գեղեցիկ ծաղկամանում: Ճիշտ է, նրա հրաշագործությունը մի ամբողջ ձմեռ կքնի, սակայն փոխարենը չի ցրտահարվի: Իսկ ուշ գարնանը կտեղափոխենք այգի, և մեր կախարդական ծաղիկը նորից կծաղկի:

-Տատ, իսկ դու նրան հարցրի՞ր, թե ես երբ կվերադառնամ ձեզ մոտ,- անհանգստացա ես:

-Ախ, Էնդա՜… ինչ անուշադիր ես դու… ու ինչ մոռացկոտ եմ ես: Իհարկե՝ չհարցրի: Ու մենք այդ մասին չենք կարող իմանալ: Որովհետև նա այս ամբողջ ընթացքում խոր քուն է մտել… ճիշտ երկրի արջուկների պես:

-Ու մենք չենք իմանա՞:

-Իհարկե ոչ, սիրելիս: Բայց դա սարսափելի չի: Կարևորը՝ դու միշտ կհիշես, որ ուր էլ լինես, ինչ էլ պատահի, տիեզերքում կան մարդիկ, որ քեզ միշտ կարոտում են:

-Լավ, լավ,- հաշտվեցի ես:

Ինչ կարող էի անել: Ես միայն վերցրի բլիթը, որ մխիթարվեմ: Այդ պահին դուռը բացվեց: Ու դռան մոտ կանգնած պապիկս լայն ժպտաց:

-Դե, սիրելի Բուդդա, հիմա, երբ ես զինված եմ այս հրաշալի գործիքով, կարծում եմ՝ դու չես կասկածում, թե որքան եմ քեզ պաշտում… ա՜խ, այս անուշաբույր բլիթները, օ՜ փղեր , օ՜ աստվածներ…

Տատիկս ծիծաղեց: Պապիկս ակտիվ ոչնչացնում էր բլիթները, ես աշխատում էի հետ չմնալ: Իսկ տատս երգում էր… նա միշտ էր հավատում, որ լավ երգերն ավելի են համեղացում պատրաստվող ուտելիքը: Անկեղծ ասած՝ ես էլ դրան անվերապահ հավատում էի:

Վերջաբան

Մոտենում էր Արևի օրը: Բոլոր մարդիկ հավաքվում են մեծ հրապարակում, որ արևին ողջունեն: Բոլորը գալիս են սև ու սպիտակ ձիեր նստած: Սպիտակները լուսնի մարդիկ են: Սևերը` արևի: Նրա ստվերները պիտի այդ գույնն ունենան: Երկրում ընդունված է մտածել, որ լուսինը երևում է արևի շնորհիվ: Մեզ մոտ այդպես չէ: Մեկը մյուսի հետ կապ չունի կամ ունի. դրանք իրար հավասար բաներ են: Ամենավերջում գալիս է փիղը: Երկրում դրան աստված են ասում, մենք պարզապես փիղ ենք ասում: Նա երկրագնդի բոլոր փղերից ամենամեծն է: Իր բարությունից է այդպիսին: Դե պատկերացրեք, այնքան մեծ, որ Թելեթրիփը տեղավորվում է իր սրտում:  Բայց անգամ Թելեթրիփում քչերը կարող են դա զգալ:  Ես իսկապես բախտավոր եմ. մի անգամ նստել էի փղի վրա և զգում էի Թելեթրիփ երկիրը: Երկիր մոլորակը պտտվում է արևի շուրջ: Իսկ Թելեթրիփը պայծառանում է: Փղի սրտի ամեն զարկից նա ավելի է պայծառանում: Զենդո՜ւկ: Հիմա դուք հասկացաք՝ ինչու է մեր գերբն այդպիսին… Գարունը եկել էր: Ես կանգնել էի հրապարակում: Բոլորը ճանապարհ էին բացում Կախարդի առաջ: Պատկերացնո՞ւմ եք, երբ նա ինձ մոտեցավ ու նայեց աչքերիս, ես հասկացա, որ նա տիեզերքի ամենաչքնաղ փերին է: Ու ինչպե՞ս մինչ այդ չէի նկատել: Այդ չքնաղ փերին վերցրեց ոսկեմազ վրձինն ու թաթախեց ձեռքի փոքրիկ ամանի մեջ: Հետո քսեց այն ճակատիս: Ես սկսեցի փոքրանալ: Թելեթրիփցիները մեծանում էին, ես՝ ավելի փոքրանում: Հետո տեղավորվեցի արևի լույսի մեջ: Մի քանի ակնթարթ հետո այդ արևի լույսն ընկնելու էր Երկիր մոլորակի ինչ-որ տան մեջ, ու… հայտնվելու էի ես: Թելեթրիփում այդ պահին բոլորը սկսում են երգել: Գիտե՞ք, այդ երգը շատ  է հիշեցնում երկիր մոլորակի ծղրիդների ճռռոցը: Հավատացեք, 100 տոկոսանոց ճշմարություն եմ ասում: Դա աշխարհի ամենագեղեցիկ երգն է, որ երբևէ կարելի է լսել…

Լիլիթ Հակոբյան
Մայա Պետրոսյան
Էլզա Պետրոսյան


Վերջ 1-ին գրքի

                                                   

No Comments

Leave a Reply