(ըստ իրական կամ հնարովի դեպքերի)
Նա հիմարաբար ծամում էր իր առջև դրված մարդու մարմնի կտորները և գոհունակության խոսքեր էր ասում ինձ՝ մատուցողիս․․․ Ավելի շուտ՝ իր համար օր ու գիշեր այդ մարդու մսերը մի կերպ մասնատող ու համեմունքներով ինչ-որ կերպ ուտելիքի վերածողիս։ Իսկ ինչո՞ւ էր հենց «hիմարաբար» ծամում, քանի որ մսի համարյա կեսը թքում էր կողքը դրված դույլի մեջ։
-Լսի՛ր,- երկար ծամելուց հետո հոգնած ձայնով արտաբերեց հարգելի պարոն Ողորմելին,- ես երկար եմ մտածել մի առաջարկի շուրջ, որն ինձ երկու օր առաջ էին արել, և երևի թե կհամաձայնեմ ու կմտնեմ Եռանկյան մեջ։
-Պարոն, միգուցե բացեի՞ք չակերտները,- կեղծ ժպտացի՝ բաժակի մեջ լցնելով հատուկ պարոն Ողորմելիի համար թրմած արյունը։
-Չգիտեմ՝ ինչու եմ քեզ առհասարակ պատմում իմ գործերի մասին, բայց մի բան հաստատ է, որ վստահում եմ քեզ,- նրա կուլ գնացած արյունոտ աչքերը նայեցին ինձ, որոնք մի պահ սարսափեցրին, իսկ հետո հասկացա՝ որ նա ուղղակի շատ է մարդու միս ուտում:
Ի պատասխան նրա դրական կարծիքի, ես ժպտացի և նկատեցի, որ նրա վերնաշապիկի կոճակներից մի քանիսը, չդիմանալով փորի մեծության ճնշմանը, պոկվեցին։
-Գրողի տարած արտադրողնե՛ր,- հանկարծակիի գալով՝ սկսեց փնտրել կոճակները։
Անակնկալ զզվանք ու մեծ ցանկություն առաջացավ հենց այդ պահին արյունով լի շիշը գլխին հարվածելու, սակայն նրա բախտը բերեց, ու չգտնելով կոճակները՝ հայհոյեց ու շարունակեց կրծոտել ոսկորները։
-Եռանկյունը մեծ ու համաշխարհային կառույց է, որտեղ բնակվում են ոչ հասարակ մարդիկ։ Իսկ եթե առաջարկել են ինձ ևս ներառվել այդ կառույցում, նշանակում է, որ ես էլ եմ ոչ հասարակ,- նրա լկտի ծիծաղից քթիցս արյուն եկավ։- Անգամ քիթդ չդիմացավ այդ ճշմարտությանը,- նա սկսեց ավելի բարձր ծիծաղել, իսկ ես, գրպանիցս հանելով թաշկինակը, փորձեցի կանգնեցնել արյան հոսքը։
-Դե լավ, գնա այստեղից։ Չե՞ս տեսնում՝ հաց եմ ուտում։
Ես խոնարհվեցի ու դուրս եկա ճաշասենյակից։ Ծորակից հոսող ջուրը չէր կանգնեցնում արյան հոսքը, և որոշելով ընդամենը մի քանի րոպե կիսապառկել՝ հիշեցի Եռանկյունում անցկացրածս անցյալի մասին։
Եռանկյունում ամեն բան մռայլ էր, ցուրտ։ Անգամ էլիտաները իրենց դիմակավորված կանանցով ու փայլուն ճոխ զգեստներով մռայլ ու չար էին երևում։
Հերթական զոհաբերության օրն էր։ Ամենատես աչքը, որ փակցված էր շքեղ առանձնատան արտաքին պատին, ողջունում էր հրավիրվածներին։
Ավանդույթի համաձայն՝ զոհաբերության գիշերը իմ՝ կատվի աչքերով և սողունի դեմքով որմնադիր «ընկերները» պետք է թույն թքեին ապակյա բաժակների մեջ և լցնեին նորածնի վրա։ Զոհաբերվողները, ինչ խոսք, տարբեր սեռի և տարիքի էին լինում, սակայն իմ բարեհոգի «ընկերները» միշտ նախընտրում էին զոհասեղանին տեսնել նորածնի։ «Նրանց միսը թարմ ու համեղ է։ Ու նրանց վրայից միշտ լավ հոտ է գալիս»,- մի անգամ պատճառաբանեց նրանցից մեկը՝ հաստատելով բոլորի կարծիքը միանման ընտրության հարցում։
Ինչպե՞ս էին թույն թքում, եթե նրանք սովորական մսից ու արյունից էին․․․ Չէ, նրանք հասարակ մարդիկ չէին։ Նրանք միայն տեսքով են մարդու նման, իսկ ներսում սողուն էին։
Երբ առաջին անգամ ինձ քնեցրին, որ ներարկեն թույնը, արթնացա սարսափելի մղձավանջներից։ Նրանք ասացին, որ դա նորմալ է, և նման մղձավանջներ հաճախ են լինելու։
Առաջին զոհաբերությունս անցավ ծանր պայմաններում։ Ինձ տարան անտառ, որտեղ համաշխարհային ճանաչված աստղերը, դերասանները, բիզնեսմենները և այլք հետևում էին ինձ՝ իրենց երջանիկ աչքերով։ Դիմացս հինգ տարեկան քնած աղջիկ էր, որը ուներ երկար շեկ մազեր, մաշկը սպիտակ էր։ Չեմ նկարագրի զոհաբերման մանրամասները, սակայն դրանից հետո երկար ժամանակ ուշքի չէի գալիս, և նրանցից մեկը տվեց ինձ դեղահաբ։ Խմեցի ու․․․ սիրտս հանգստացավ, աշխուժացա ու անտարբեր դարձա ամեն ինչի հանդեպ։
Ես դարձա նրանցից մեկը ու երջանիկ էի։ Ամբողջ աշխարհը գիտեր իմ անձի մասին։ Ազդագրերում իմ նկարներն էին՝ որպես ամենաշատ սիրված հեղինակի։ Նրանք ինձ խոստացան ընտիր առանձնասենյակ՝ իր բոլոր հարմարություններով, օրումեջ ցանկացած աստղի հետ հարաբերություն ունենալու թույլտվություն և ամենակարևորը՝ ամեն օր քարտիս ավելանում էին զրոները։ Ա՜խ այդ զրոն, որ թվաբանության մեջ ո՛չ մեծն է, ո՛չ էլ փոքրը։ Զրոն ցանկացած թվի սկիզբն է և ավարտը։ Զրոն անվերջությունն է, կլորն է, ինչպես ինձ վրա հաճույք ստացող աստղերից մեկի կրծքերը։ Ես սկսեցի սիրել այդ թիվը։
Ամեն բան հրաշալի էր, մինչև չեկավ այն պահը, երբ գիտակցությանս վրա գրոհ կատարեց․․․ այդ զզվելի․․․ արյունով պատված սիրտը։
Ճիշտ է, ես անընդհատ օգտագործում էի իմ տեքստերում այն խորհրդանիշները և ենթատեքստերը, որոնք առաջարկում էին իմ որմնադիր ընկերները, բայց մի օր ես հասկացա, որ պարզապես խեղդվում եմ ինքնախաբեության անվերջանալի ու անդունդ տանող ծովում։
-Ինչո՞ւ չես թքում, — մի անգամ հարցրեց որմնադիրներից մեկը՝ նկատելով, որ իրենց հետ հավասար աշխատանք չեմ կատարում և, այսպես ասած, գլուխ եմ պահում։
-Այսօր չեմ մասնակցի զոհաբերման արարողակարգին,- անտարբեր հայտարարեցի ու գնացի դռան կողմը, սակայն նրանց գլխավորը արագ եկավ իմ կողմն ու սեղմեց կոկորդս։
-Սա արդեն գլուխպահոցի չէ, այլ դավաճանություն։
-Ի՞նչն է պատճառը, որ այսօր չես թքելու,- շեկ որմնադիրը շանթեց իր շողացող աչքերով։ Մարմնովս թեթև սարսուռ անցավ։ Ես հրեցի գլխավորին, թափ տվեցի շորերս, ուղղեցի փողկապս և խնդրեցի, որ գլխիցս հանեն այն փոքրիկ սարքը, որով իրենց հետ հաղորդակցվում էի։
-Փաստորեն, որոշել ես հրաժեշտ տալ,- խոր շունչ քաշելով՝ ասաց շեկ որմնադիրը և աչքով անելով մնացածներին՝ մոտեցավ ինձ։ Մյուսները ևս, մոտենալով ու շրջապատելով ինձ, թույնով լի բաժակները լցրին վրաս։ Այրոցներին չդիմանալով՝ տեղում ուշաթափվեցի։
Երբ արթնացա, հասկացա, որ ինձ պառկեցրել են դիասեղանին և առաստաղին փակցված էկրանից տարբեր՝ մե՛կ բռնության, մե՛կ բարության տեսարաններ են ներկայացնում։
Սարսափելին այն էր, որ ես գիտեի այս հնարքի մասին։ Մենք այս հնարքը կիրառում էինք այն գերաստղերի վրա, որոնք պայմանագիր կնքելով մեզ հետ՝ իրենց «անձը» վաճառում էին մեզ, դրա դիմաց ստանալով մեծ ճանաչում և լավ կյանք։ Նրանք կատարում էին այն հանձնարարությունները, որոնք մենք էինք տալիս, իսկ դրանք ամենևին էլ բարի չէին։ Այնտեղ առկա էին սեռական բնույթի տեքստեր, ենթատեքստեր, փողամոլություն և այն ամենը, ինչը կարող էր հասարակության աչքում «արգելված ու քաղցր պտուղը» դարձնել սովորական երևույթ։
Տեսարանների նման տեղատարափը անջատեց բանականությունս, և ես, փակելով աչքերս, հասկացա, որ համակարգին դեմ գնալը սպանելու և ոչնչացնելու է անձս։ Այո՛, նրանք միգուցե հասան մարմնիս, ենթարկեցրին ու բռնություն գործադրեցին մարմնիս նկատմամբ, բայց գիտակցությանս երբեք էլ չկարողացան հասնել, որովհետև այնտեղ է միշտ թաքնվում այն փոքրիկ «եսը», որը փրկում է քեզ հոտում ոչխար դառնալու սպառնալիքից։
Նրանք ինձ համոզում էին, որ կգա հակաՔրիստոսը, կհամոզի բոլորին, որ նա է իրական Քրիստոսը, անգամ բազում ապացույցներ կբերի, հասարակությունը կընկալի ու կհավատա հակաՔրիստոսին։ Կկատարի հակաՔրիստոսի ցանկացած քմահաճույքները ու կերկրպագի նրան։ ՀակաՔրիստոսը դանդաղ ու համբերատար կխժռի հասարակության գիտակցությունը ու կխմի նրանց արյունը այնպես, ինչպես այն մեծ փորով պարոնը։
Հա՜, ինչ վերաբերում է մեծ փորով պարոնին։ Նա ընդամենը զենք դարձավ որմնադիրների ձեռքում, կատարեց նրանց բոլոր ցանկությունները, իսկ հետո՝ կեր դարձավ։ Լավն այն էր, որ նրան չփրկեց սեփական խելքը, որն իրականում բացակայում էր, իսկ ես մասնակցեցի նրա թաղմանը ու նկատեցի ծանոթ որմնադիրներիցս մեկին, որը գոհունակ ժպիտով մաքրեց արյունոտ բերանն ու հեռացավ։
Որմնադիրնե՜րը․․․ Նրանք ամենուր են՝ գովազդում, արվեստում և քաղաքականության մեջ։ Նրանք սիրում են զգուշացնել իրենց ծրագրերի մասին արվեստի ու քաղաքականության միջոցով, իսկ հետո իրագործել՝ համոզելով հասարակությանը, թե պատահականության կամ ահաբեկչության հետևանքով կատարվեց ողբերգությունը։ Որպես խամաճիկ օգտագործում են քաղաքական գործիչներին, երաժիշտներին (ի դեպ, երաժշտությունն ուժեղ զենք է համարվում՝ մարդուն ենթագիտակցորեն հպատակեցնելու և հիպնոսացնելու համար), ռեժիսորներին և գրողներին։
Ինչևէ․․․ Մնաք բարյավ ու հիշեք ամենատես աչքի գոյության մասին, որը հետևում է ձեզ հեռախոսի, համակարգչի, հեռուստացույցի, սմարթ փոշեկուլների միջոցով։ Նա լսում է ձեզ անլար ականջակալներից և բջջային ծրագրերից։ Ճանաչում է ձեր դեմքը, ունի ձեր գենետիկ դրոշմավորումը։
Հասմիկ Կարապետյան