ՄՐՐՈ հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի տեղի է ունենում «Գութան» ազգային-ավանդական երգի-պարի փառատոնը: «Արար» հայ ազգային արվեստի պահպանման և հանրահռչակման ծրագրի ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, փառատոնի հիմնադիր Արսեն Գրգորյանն ասում է, որ «Գութանը» միշտ կարևոր է եղել և հիմա էլ նույնքան կարևոր է․ «Ուղղակի, Հայաստանում իրողություններն են մի քիչ ավելի փոխվել՝ հասկանալի պատճառներով: Եթե ուզում ենք մեր պետությունը պահել՝ իբրև ազգային պետություն, ուրեմն՝ ամենակարևորն ինքնությունը պահելն է: Եվ հենց ինքնության պահպանումն է մեր փառատոնի հիմքում: Ընդհանրապես, ինքնություն պահելու համար շատ կարևոր զենք է ազգային մշակույթի պահպանումը: Ազգային մշակույթի բոլոր ճյուղերն այսօր ամենքս պարտավոր ենք պահել ու անդրադառնալ մեծ նվիրվածությամբ: Սա այն ոլորտն է, որտեղ չպետք է մտածես՝ ի՞նչ շահ ունեմ, այլ պետք է մտածես՝ ի՞նչ ներդրում կարող եմ անել, որ այսօրվա մատաղ սերունդը կրողը դառնա ազգային մշակույթի, այլ ոչ թե ունկնդիրը»։
Երգիչը նկատում է նաև, որ այսօր շատ հզոր «ժողովրդավար» պետություններ փորձում են գլոբալիզացիա տարածել մեր երկրում, մինչդեռ նրանք իրենց ազգային ինքնությունն ամեն կերպ պահում են: «Օրինակ, Անգլիան բոլորին ասում է՝ պետք է ժողովրդավար լինեք, բայց իրենք ազգային են, իրենց ընտանիքը պետք է մեծ լինի, երեխաները՝ շատ: Իսկ ուրիշներին հորդորում են, որ պետք է քիչ երեխա ունենալ, որ լավ կրթություն ստանան, ու սա սերմանում են ամեն տեղ: Ես ուզում եմ, որ իմ երեխաներն ավելի շատ ճանաչեն իրենց մշակութային ժառանգությունը և տերն ու կրողները լինեն: Դեմ չեմ, որ պետք է նաև ծանոթ լինել աշխարհի տարբեր տեսակի մշակույթների հետ, այդ թվում՝ երգարվեստում, պարարվեստում և այլն: Բայց նախ քո ազգային երգը պետք է իմանաս և չհնչի հարց՝ «Սարի աղջիկը», «Դլե յամանը» հայկակա՞ն է, թե՝ ոչ: Դրա համար մեր «Գութանը» շատ կարևոր խնդիր է լուծում: Այս 8 տարիների ընթացքում հսկայական արխիվ ունենք արդեն, ընդ որում՝ որակյալ, որ մեր լեզուն երկար լինի և կարողանանք ասել՝ մեր մշակույթի վրա ոչ թե փոշի է դրած ու չգիտենք՝ վաղը կկորի, թե՝ ոչ, այլ մենք վեր ենք հանում այն՝ որպես կենդանի մշակույթ, ոչ թե՝ իբրև հնացած: Եվ փաստացի լուծում ենք ոչ միայն պահպանության խնդիր, այլև տարածման»։
Երկար մտածելուց և խորհրդակցելուց հետո որոշել են խոնարհումի ու ոգեկոչման «Գութան» իրականացնել՝ հարգանքի տուրքը տալու մեզ համար զոհված հերոս տղաներին: Բնականաբար, ծրագիրն ամբողջությամբ կլինի հայրենասիրական երգ ու պարով: Փառատոնի հիմնադրի խոսքով՝ շատ զոհեր ենք տվել և նման միջոցառումները ոչ թե պետք է միայն արդարացված լինեն, այլև իմաստավորված: Միգուցե այն արցախյան զորամասերում իրականացնեն, Գորիսում կամ Երևանում, բայց կարևորն այն է, որ միջոցառումները լինեն ոգեկոչող ու ապրեցնող: «Իրականում, ամենակարևորը փառատոնը չէ, այլ պետք է այսօր լուծել երկրի անվտանգության խնդիրները, ուստի՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով՝ զինվել է պետք»,- ընդգծում է Արսեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ավանդական երգի-պարի «Գութան» ամենամյա փառատոնը 2020-ին մեկնարկել էր Տավուշի սահմանապահ 14 համայնքներում, սեպտեմբերի 25-26-ին՝ Հայ-ադրբեջանական նոր պատերազմի նախօրեին։
No Comments