ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Հայրենի՛ք, ես քեզ կվերաշինեմ

23.04.2021

Հայրենի՛ք, ես քեզ կվերաշինեմ,

Թեկուզև հոգուս  նուրբ աղյուսներով։

Քո տանիքի տակ սյուներ կդենեմ,

Անգամ թեկուզև իմ ոսկորներով։

Կրկին քեզանից բույր կառնեմ վարդի՝

Ցանակություններով քո նոր սերնդի։

Կրկին կլվամ արյունը քեզնից,

Հեղեղի նման իմ արցունքներով։

Կրկին լուսարվոր ու պայծառ մի օր

Տանից կգնա սև մութը մռայլ,

Երգս գունավոր կդարձնեմ կրկին՝

Երկնի կապույտից երանգ առնելով։

Թե մեռած լինեմ ես հարյուր տարի,

Վեր կխոյանամ իմ գերեզմանից,

Որ պատռեմ սիրտը մեր չար թշնամու՝

Իմ ուժերից վեր աղաղակելով։

Նա՝ հարյուրամյա «փտած ոսկորը»[i],

Կրկին կարարի սիրով  ու հոժար,

Ինչպես լեռը իր շուքն է  նվիրում,

Երկնային դատին իմ քննությունով։

Չնայած, որ ես ծեր եմ, բայց, եթե

Դեռ կարողանամ լինել ուսուցիչ,

Կյանքիս գարունը նորից նոր կապրեմ՝

Իմ մանուկների կողքին լինելով։

«Հայրենիքի սեր»[ii] հեքիաթը սիրով

Ես մանուկներին այնպես կավանդեմ,

Որ հենց բերանս բացեմ ու խոսեմ,

Հոգի կդառնա խոսքս հոգեթով։

Դեռևս կրծքիս մեջ այնքան կրակ կա,

Որ դրա բոցի ջերմությունը կեզ,

Իմ նախնիների մեծ ջերմությունից

Չեմ կարծում՝ լինի պակաս իր հրով։

Ու կրկին դու ինձ ուժ կպարգևես,

Արյունոտվել է քնարս թեկուզ,

Անգամ թող լինի իմ ուժերից վեր,

Կվերաշինեմ ես քեզ իմ հոգով։   

Սիմին Բեհբահանի

Սիմին Բեհբահանի, կենսագրական տեղեկություններ

Իրանցի ժամանակակից բանաստեղծուհի  Սիմին Խալիլին, որ հայտնի է Սիմին Բեհբահանի անունով, ծնվել է 1929թ. հուլիսի 19-ին, Թեհրանում: Իրավաբանական և բանասիրական բարձրագույն կրթություն է ստացել:  Երբեք չի աշխատել որպես իրավաբան, 30 տարի (1951-81թթ.) դասավանդել է պարսից լեզու և գրականություն: Ժողովուրդը և մասնագետները Սիմինին արժանացրել են «Գազելի տիկին», «Գազելի Նիմա[iii]», «Ազգային բանաստեղծ» և «Իրանի առյուծ կին» տիտղոսներին: Նա գրական աշխարհ է մտել դեռևս պատանեկան տարիներին՝ իրանական դասական լիրիկական քառյակներով՝ «չարփարեհներով», որոնց առաձնահատկությունն այն է, որ յուրքանչյուր բանաստեղծական տող ունենում է 11 վանկ։ Անցյալ դարի 60-ականներին, թերևս չափածո գրականության մեջ ի հայտ եկած նորարարական հոսանքների ազդեցությամբ, նա սկսեց գրել գազելներ՝ նոր ու աննախադեպ տաղաչափությամբ, նոր ռիթմիկ միավորներով, սկզբնական շրջանում՝  նաև ռոմանտիզմին հատուկ մտածողությամբ։ Սակայն ավելի ուշ շրջանում նա գազելին հաղորդեց նաև բովանդակային փոփոխություն՝ արծարծելով  հասարակական լայն հնչեղություն ունեցող խնդիրներ՝ հայրենասիրության, հեղափոխության, աղքատության դեմ պայքարի, խոսքի ազատության, կանաց իրավահավասարության, մարմնավաճառության և այլ թեմաներով։ Նա գրել է ավելի քան 600 գազել, որոնք զետեղված են 20  հատորում։ 1969թ. Սիմինն անդամակցել է «Բանաստեղծություն և երաժշտություն» խորհրդին և մի շարք հայտնի բանաստեղծների հետ ղեկավարել այն, իսկ 1979թ. դարձել է Իրանի գրողների միության անդամ։ Սիմինը շատ ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել. թերևս, «Իրանի առյուծ կին» տիտղոսին արժանացել է հենց դրա պատճառով։ Եվ ինչպես բոլոր հայրենասեր ու առաջադեմ մտավորականները, Սիմինը մշտապես եղել է իշխանություններին ընդդիմադիր՝ թե՛ նախահեղափոխական և թե՛ հետհեղափախական շրջաններում: Նա բոլոր ժամանակներում հադես է եկել սուր քննադատությամբ։ Բեհբահանիի առաջին գիրքը՝ «Կոտրված սեթարը», լույս է տեսել 1951թ., այստեղ զետեղված են նաև արձակ ստեղծագործություններ։ Ապա հրատարակել է լիրիկական, սիրային գազելների երկու ժողովածու՝ «Ոտնահետք»-ը (1954թ.) և «Մարմար»-ը (1961թ.)։ 1971թ. լույս տեսած «Վերածնություն» ժողովածուն արդեն ակնհայտորեն առանձնանում էր նոր բովանդակության ու նոր տաղաչափության վառ դրսևորումներով։ Սիմինը, տիրապետելով ֆրանսերենին, պարսկերեն է թարգմանել ֆրանսիացի բանաստեղծների ստեղծագործություններ, որոնք զետեղված են 1992թ. լույս տեսած «Ֆրասիայի արդի բանաստեղծներ» ժողովածուում։ Նա  հեղինակել է նաև գրականագիտական  աշխատություններ,  ինչպես օրինակ՝ «Արվեսի և գրականության մասին» գիրքը, որը լույս է տեսել  1989թ.։

Բեհբահանին արժանացել է նաև մի շարք գրական մրցանակների։ Նա վախճանվել է 2014թ. օգոստոսի 19-ին, Թեհրանում։

Տեքստը և պարսկերեն բնագրից թարգմանությունը՝ Էմմա Բեգիջանյանի


[i] Բառակապակցությունը վերցված է Հաֆեզի հանրահայտ գազելներից մեկի՝ «Հարյուր տարի հետո, եթե անցնես գերեզմանիս մոտով, // Պար գալով՝ հողից վեր կհառնեն իմ փտած ոսկորները» երկտողից։

[ii] Վերցված է Մոհամեդ Մարգարեին վերագրվող՝ «Հայրենիքի սերը հավատից  է» ասույթից։

[iii] Նիմա Յուշիջը, հրաժարվելով ավանդական տաղաչափերից, առաջինն էր, որ ստեղծագործեց ազատ, չհանգավորված ձևաչափով՝ Իրանի գրականության մեջ հիմնադրելով «Շեր-ե նո» (նոր բանաստեղծություն) ուղղությունը. նա հայտնի է  «Շեր-ե նո»-ի հայր»  անունով։

No Comments

Leave a Reply