Երևանի մնջախաղի պետական թատրոնի բեմում մայիսի 6-ին Նաիրա Եդիգարյանը հանդես կգա իր իսկ բեմադրած «Դեպի ներս» ներկայացմամբ։ Մեր զրույցի թեման սպասվող ներկայացումն է, և ոչ միայն։
— «Դեպի ներս»-ը նաև 2020-ի ամռանը կայացած «Արմմոնո» թատերական փառատոնում էր ընդգրկված։ 2020-ի ամռանն այլ մտահոգություններ ունեինք։ Մենք դեռ պայքարում էինք վիրուսի դեմ, սահմանափակումների, տանը մնալու և դիմակ կրելու։ Ի՞նչ շեշտադրումներ ուներ Ձեր ներկայացումը։
— Անցյալ տարի ներկայացումը Արմմոնոյի թատերական փառատոնում ընդգրկված էր, բայց չկայացավ սաստիկ քամու պատճառով, քանի որ բացօթյա էր խաղացվելու: Ինձ հետաքրքրող թեման շարունակում է մնալ մարդը՝ իր բոլոր դրսևորումներով, ինչն էլ փորձում եմ ներկայացնել: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ կյանքի տարբեր փուլերում անհրաժեշտություն ունեցել է փակվելու իր մեջ, վերագտնելու, կերպարանափոխվելու, վերաիմաստավորելու զգացողությունները, ապրածը, անցած ճանապարհն ու անցնելիքը: Եվ այդ պարզաբանման ժամանակ նորովի ես ծանոթանում ինքդ քեզ հետ, ինչքան էլ հիասթափեցնող լինի կամ՝ հակառակը։
— Պատերազմից հետո թատրոնները կարիք ունե՞ն վերանայելու իրենց խաղացանակը։ Փոխվե՞լ են հետաքրքրող թեմաները, խնդիրները, ասելիքը։
— Խաղացանկը նույնն է։ Այս տարի համալրվել է նոր ներկայացումներով: Բնականաբար, պատերազմից հետո թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես դժվար էր վերադառնալ նախկին վիճակին: Մենք կորցրեցինք հրաշալի արտիստի՝ մեր շատ սիրելի խաղընկերոջը՝ Հովհաննես Հաջինյանին: Եվ կորստի, բացակայության այդ զգացողությունը երբեք չի անցնի: Ստեղծագործելն է դժվարացել, երբեմն թվում է՝ անիմաստ է ամեն բան, բայց դա միջոց է նորից ապրելու և ապրեցնելու:
— Օրինակ, Ձեր այս ներկայացումը ի՞նչ կարող է ասել հանդիսատեսին այսօր։ Որտեղ՞ է ավելի վտանգավոր՝ ներսո՞ւմ, թե՞ դրսում։
— Կարծում եմ՝ «Դեպի Ներս»-ում ամեն մարդ իրենը կգտնի:
Վտանգավոր է ամեն տեղ, երբ դու այլևս քեզ հետ չես, և չկա ներդաշնակություն, երբ դեռ չես հասկացել սեփական առաքելությունդ, երբ տևական է անհանգստությունդ, մտքերդ սեփական դահիճներն են ու քեզ ուրացողը:
— Մնջախաղը դիտող հանդիսատեսը տեսնում է արտիստի ներաշխա՞րհը, թե՞ ինքն իրեն։
— Բեմը այն միջավայրն է, որտեղ ոչինչ չես կարող թաքցնել, ամբողջովին բաց է հոգիդ ու մերկ: Բնական է՝ հանդիսատեսը տեսնում է ամեն բան, գուցե և վերապրում, եթե կարողանում ես անկեղծ մատուցել, և քեզ հետ հայտնվում է բեմում՝ քո մարմնում, լսում սրտիդ ամեն մի զարկը ու քո աչքերով նայում: Կամ հակառակը՝ բացակայում է, երբ բեմում ինքդ էլ ես բացակա:
— Դուք նաև գրական գործերի հեղինակ եք։ Դրանց հիման վրա ներկայացումներ բեմադրե՞լ եք։
— Իմ 2 մոնոներկայացումները սեփական մտահղացումներ են՝ «Անհայտ ժամանակների մարդը» և սա՝ «Դեպի ներս»-ը։
— Մնջախաղային ներկայացումներն ի՞նչ արձագանք են գտնում դրսում։
— Դրսում Երևանի մնջախաղի պետական թատրոնի նկատմամբ վերաբերմունքը հիացական է, գրեթե միշտ արտերկրից մեր թատրոնը վերադառնում է մրցանակներով:
— Համավարակի սկզբնական շրջանում ակտիվություն նկատվեց առցանց հարթակում։ Ի՞նչ կարծիք ունեք այդ ձևաչափով հանդիսատեսի հետ շփվելու մասին։ Ինքներդ օգտվո՞ւմ եք այդ հարթակից։
— Կենդանի շփման ժամանակ դու հանդիսատեսին տալիս ես քո էներգիան և ինքդ էլ ստանում էներգիա հանդիսատեսից: Համավարակի ընթացքում փորձում էի արվեստը ներկայացնել փոքրիկ տեսահոլովակներով, բայց միևնույն է բեմի կարոտը մնում էր: Պատերազմի օրերին անդրադարձ կատարեցի պոեզիային, և ստեղծվեց «Թիթեղապատ մարդիկ» ժողովածուն: Դեռ չեմ տպագրել: Պատերազմի, մեր ապրումների մասին է:
— Առաջիկա ծրագրերի մասին։
— Ծրագրերի մասին չեմ մտածում, ինչ-որ բան պլանավորելը մեզանից կախված չէ, լինում է այն ինչ լինում է:
Զրուցեց Արմինե Սարգսյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
No Comments