16-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հյուրընկալել է նշանավոր կինոգործիչների: Կարևոր հյուրերից է մեքսիկացի հանրահայտ ռեժիսոր Կառլոս Ռեյգադասը: Կինոփառատոնի կազմակերպիչները վաղուց էինք փորձում նրան հրավիրել Հայաստան, և երազանքն իրականացավ տարի: Նա մասնակցում է «Ոսկե ծիրանին» իր նոր՝ «Մեր ժամանակը» ֆիլմով և նախորդների հետահայաց ցուցադրությամբ: Հետաքրքիր ձևաչափ ուներ նրա և հայազգի ռեժիսոր, մոսկվաբնակ Արթուր Արիստակիսյանի հանդիպումը: Արթուր Արիստակիսյանն ունի երկու ֆիլմ ընդամենը: Արիստակիսյանն ու Ռեյգադասը հեռվից հեռու հիացած են եղել միմյանցով, և անգամ փորձ են արել համատեղ նախագիծ իրականացնելու, բայց փորձը չի հաջողվել: Եվ ահա, «Ոսկե ծիրանը» դարձավ հանդիպման, շփման հարթակ նրանց համար, գուցե և՝ համագործակցության սկիզբ: Բավական հետաքրքիր կինոգործիչներ կան ժյուրիի կազմում: Միջազգային լիամետրաժ ֆիմերի ժյուրիի նախագահն է Ալեքսանդր Մինդաձեն: Նրա անունը հայտնի է խորհրդային և հետխորհրդային ռուսական կինոյի ասպարեզում, առավել ճանաչված է որպես սցենարիստ: Թրայբեկա ինստիտուտի գործադիր տնօրեն, Tangerine Entertaiment կինոընկերության համահիմնադիր Էյմի Հոբին է մյուս նշանավոր հյուրը, որի այցը շատ կարևորվում է մասնավորապես այն առումով, որ նա հետաքրքրված է սուղ հնարավորություններ ունեցող երկրների և տարածաշրջանների կինոյով և այդ ոլորտում համագործակցություններ ձևավորելով: Բնականաբար, կինոփառատոնի կազմակերպիչներն ակնկալում են, որ նրա այցը չի սահմանափակվի ընդամենը ժյուրիի կազմում աշխատելով, նա նաև իր արդյունավետ գործունեությունը կծավալի ֆիլմարտադրության հարթակում: Մյուս նշանավոր հյուրն է բազմում միջազգային մրցանակների դափնեկիր «Քերոլ» ֆիլմի և մի շարք այլ հայտնի ֆիլմերի պրոդյուսեր Էլիզաբեթ Կարլսենը Մեծ Բրիտանիայից: Նա կինոմրցանակներով հարուստ կենսագրություն ունի: Նշանավորների շարքում է վրացական ծագում ունեցող Նինո Կիրտաձեն, որը դերասանուհի է և վավերագրող ռեժիսոր: Ռեժիսոր Ռեզա Միրքարիմին է անվանիների շարքում, որը Իրանի «Ֆաջր» միջազգային կինոփառատոնի տնօրենն է արդեն չորս տարի: Այս տարի աստղային դերասանի չի հյուրընկալում «Ոսկե ծիրանը»: Հասկանալի է, որ ֆինանսավորման կրճատումը պիտի հանգեցներ ինչ-ինչ ծրագրերից հրաժարվելուն: Եվ կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը նշում է. «Աստղերին հրավիրելն ու հյուրընկալելը բավական թանկ հաճույք է, որը մենք այս տարի չկարողացանք մեզ թույլ տալ: Իհարկե, նրանց ներկայությունը կինոփառատոնի այս տարվա կոնցեպտի հետ այնքան էլ համահունչ չէր: Եթե 16-րդ «Ոսկե ծիրանը», սկսած իր դիզայնից, լոգոյից, պաստառներից, վերջացրած փառատոնային ծրագրերով, կազմակերպվում էր մինիմալիստական մոտեցումների մեջ, ապա տրամաբանական էր, որ աստղային հյուրի վրա մեծ փողեր ծախսելու փոխարեն ներդրում անեինք այլ ծրագրերի վրա, որոնք ավելի կարևոր են փառատոնի գաղափարախոության առումով և ավելի քիչ գումարներ են պահանջում: Սա մեր՝ երիտասարդ աշխատակազմի առաջին քայլն է «Ոսկե ծիրանի» կազմակերպման գործում, նաև նոր ծրագրերի մեկնարկ է տրված այս տարվա փառատոնի շրջանակներում, և մենք նպատակահարմար գտանք չտրվել ավելորդ շռայլությունների»:
ardi.am
No Comments