Թանգարան Լիլիա Շատվերյան

Ազգայինն ավելի լավ ճանաչելու մղումը առաջին պլան եկավ

07.01.2022

Ardi.am-ի զրուցակիցը Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանն է։ 


— Թանգարան այցելությունն ավելացե՞լ է, թե՞ պակասել, եթե համեմատենք վերջին տարիների հետ՝ մինչև 2020-ի համաճարակն ու պատերազմը։ 

— Ինչպես գիտեք, մեկ տարուց ավելի է, ինչ օդափոխության համակարգերի անցկացման պատճառով Հայաստանի պատմության թանգարանը փակ է այցելուների համար։ Ուստի այցելությունների թվաքանակի մասին մի փոքր դժվար է խոսելը։ 

— Ի՞նչ փոխեց պատերազմը ցուցադրությունների և հետաքրքրության առումով։

— Պատերազմի ավարտից անմիջապես հետո թանգարանը հանդես եկավ «Հավերժի ճամփորդներ․․․ անուններ, պատմություններ և երազանքներ, որ մեզ հետ են․․․» նախաձեռնությամբ․ սկսվեցին  մերօրյա Արցախյան հերոսամարտում անմահացած տղաների կյանքի և գործունեության մասին լուսանկարների, բանավոր պատմությունների, հուշային իրերի և այլ նյութերի հավաքման աշխատանքները: Նյութերը թանգարան էին բերում հերոսների հարազատները, ծնողները, ընտանիքի անդամները։ Բերում էին իրենց զավակների ամենանվիրական մասունքները․․․ սա թերևս  թանգարանի հանդեպ վստահության ամենակարևոր դրսևորումն էր։ Պատերազմից հետո մեծացավ հետաքրքրությունը մշակութային արժեքների հանդեպ, դեպի արմատները վերադառնալու, ազգայինն ավելի լավ ճանաչելու մղումը կարծես թե առաջին պլան եկավ։ Հատկապես մեծ էր արձագանքը թանգարանի կայքում և սոցիալական ցանցերում տեղադրված նյութերի՝ ազգային տարազներին, ավանդական կենցաղին ու սովորույթներին անդրադարձող հրապարակումների նկատմամբ։ Հենց այդ ժամանակ էլ ծնվեց  նյութերը առցանցից իրական կյանք տեղափոխելու գաղափարը,  և 2021-ի հուլիսին բացվեց «Դրվագներ ինքնության․ տարազ» ցուցահանդեսը՝ Կառավարության թիվ 2 շենքում (արտաքին գործերի նախարարության նախկին շենք)։ Ներկայացվեցին թանգարանի հիմնական հավաքածուից ընտրված տարազներ, առանձին զգեստի մասեր, արդուզարդի պարագաներ, ագանելիք, արխիվային լուսանկարներ, որոնց մի մասն առաջին անգամ էր ներկայացվում։ Չորս ամիս տևած ցուցադրությունն ունեցավ ավելի քան 7000 այցելու, որոնց գերակշիռ մասը մեր հայրենակիցներն էին և այցելում էին հիմնականում ընտանիքներով։ 

—  Ուրիշ ի՞նչ ցուցադրություններ, հիշարժան միջոցառումներ եք ունեցել։

— Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունը փակ է այցելուների համար, շարունակել ենք ակտիվորեն աշխատել և՛ առցանց, և՛ թանգարանի շենքից դուրս։ Թերևս նախորդ տարվա ամենահիշարժան իրադարձությունը «Դրվագներ ինքնության․տարազ» ցուցահանդեսն էր, որի մասին  արդեն վերը հիշատակեցինք։
Ցուցադրության շրջանակում կազմակերպվեցին հայկական տարազի և տարազային առանձին բաղադրիչների վերաբերյալ 16 դասախոսություն, ինտերակտիվ կրթական ծրագրեր դպրոցականների համար և հատուկ հուշանվերային տեսականի։


ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ Հայաստանի պատմության թանգարանը նախաձեռնեց եռօրյա համապետական գիտաժողով՝ հնագիտություն, ազգագրություն, Հայաստանի նոր և նորագույն շրջանի պատմություն, մշակութաբանություն, թանգարանագիտություն թեմաներով։ Ի դեպ, շուտով լույս կտեսնեն գիտաժողովում կարդացված զեկուցումները՝ «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերականի 8-րդ համարում։


Անկախության միջոցառումների  շրջանակում թանգարանի դիմահայաց կամարաշարի ներքո բացվեց նաև «Պետականություն․ իրողություններ և խորհրդանիշներ» խորագրով ցուցահանդեսը՝ տասը մեծադիր պաստառների և կրկնօրինակ ցուցանմուշների տեսքով։ Ցուցադրված են այն կարևոր պատմական դրվագները և թանգարանում պահվող ցուցանմուշների պատկերներն ու կրկնօրինակները, որոնք վկայում են պետականության ավանդույթները՝ վաղ  կազմավորումից մինչև մեր օրերը:
2021 թվականին թանգարանը համալրվեց ավելի քան 650 հնագիտական, ազգագրական և Հայաստանի նորագույն պատմությանը վերաբերող արժեքավոր նմուշներով, որոնց թվում են Շենգավիթ հուշարձանի պեղումներում հնագետ Սանդրո Սարդարյանի հայտնաբերած նյութերը,  ՀՀ Ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) անձնական իրերից, սիրիահայ ոսկերիչ վարպետի  պատրաստած և գործարանային արտադրության ոսկերչական գործիքներ, օժիտի կարպետը Հադրութից, Կարինի մշակութային ավանդույթներով պատրաստված տարազային համալիրը և այլն։

Տարվա երկրորդ կեսից սկսեցինք իրականացնել նաև «Թանգարանը դպրոցում» կրթական ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանի կրթական ծրագրերի և մեկնաբանման աշխատանքների կազմակերպման բաժնի աշխատակիցներն այցելեցին հանրակրթական դպրոցներ և հատուկ այս ծրագրի համար պատրաստված թանգարանային արկղիկով և  կրկնօրինակ նմուշներով իրականացրին կրթական ծրագրեր։

Ի՞նչ ծրագրեր ունեք այս նոր տարում։

— Տարեսկզբին նախատեսում ենք մշտական ցուցադրության մի հատվածի բացումը, որպեսզի մեր հայրենակիցներն ու զբոսաշրջիկները վերջապես կրկին հնարավորություն ունենան այցելելու Հայաստանի պատմության թանգարան և վերստին հաղորդակցվելու մեր բազմադարյա պատմության և մշակույթի տարբեր շերտերի հետ։ Կունենանք հայկական զարդերի ժամանակավոր ցուցադրություն՝ կանանց տոների առթիվ, ինչպես նաև տարվա ընթացքում առանձին ցուցադրությամբ կներկայացնենք զենքի ֆոնդից բացառիկ հավաքածու՝  նվիրված հայոց բանակի կազմավորման 30-ամյակին։ Հուսով ենք՝ այս տարի վերջապես կիրականացնեք նաև համավարակի պատճառով հետաձգված ժամանակավոր ցուցադրությունը Նիդերլանդներում ՝ «Արարատի հմայքի ներքո. գանձեր հնագույն Հայաստանից» խորագրով։ 

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ կունենանք չորս գրքի շնորհանդես, որոնք տպագրվել են  տարեվերջին։

Տարվա ընթացքում այլ ծրագրեր և միջոցառումներ ևս նախատեսված են, սակայն դրանց կանդրադառնանք ավելի ուշ։

Զրուցեց Լիլիա Շատվերյանը

No Comments

Leave a Reply