ԳրաԴաշտ Վարդան Հակոբյան (Արտո)

Ծովափնյա հաղորդակցություն կամ յոթ ծովանկար երեք ակնթարթում

03.03.2022

Հաղորդակցություն շարքից

                                                           ԱԿՆԹԱՐԹ ԱՌԱՋԻՆ

            ՆԿԱՐ ԱՌԱՋԻՆ — ԽԵԼԱԳԱՐ  ԱԼԻՔԸ  

            Ծովի ալիքը զրնգուն-փռթկալով էր ծիծաղում քամու շոյանքներից: Խայտում էր թևերին, գրկում էր վիզն ու նեղացած ձևանալով` բաց թողնում: Խորամանկ ժպտում էր, հետո նորից վզից կախվելով՝ խնդմնդում ու համբուրում:

            Արդեն քանի՞ միլիոն տարի է, որ ալիքը սիրում է քամուն (ես չեմ վախենում այս բառի խայտաբղետ երանգներից, չեմ ուզում դնել այն համոզիչ կաղապարների մեջ, չեմ ուզում գեղազարդել կամ նոր ձև տալ դրան. գրում եմ՝ ենթադրելով ամենակոպիտ հնչողությունը): Ծովի ալիքը սիրում է ծովի քամուն իր ծննդյան պահից, իր հեղհեղուկ էության ամեն մի կաթիլով. սիրում է խելառ գանգուրներն ու խենթ շրթունքները, մեղմ-զեփյուռային ժպիտներն ու փոթորիկ հոգին: Եթե չսիրի, մի՞թե կալիքանա…

            ՆԿԱՐ ԵՐԿՐՈՐԴ — ՃԱՅԸ 

            Ճայը նույնիսկ ամենասարսափելի փոթորիկներին էր կարողանում մի կերպ պահել հավասարակշռությունն ու կուլ չէր գնում տարերքին. և ուժգնացող քամին, որ զգում էր փետուրների արմատներով, չէր վախեցնում նրան: Ծովափոշուն ու քամուն միայն մի բանի համար էր դիմադրում. հարկ էր ջրի վերին շերտերում լողացող ձկնիկներից մեկին փախցնել ծովի գրկից ու կուլ տալ… 

            ՆԿԱՐ ԵՐՐՈՐԴ —  ՄԻԱՅՆԱԿ ԿԻՆԸ        

            Միայն մերձափնյա զբոսաշրջության համար պիտանի դառած յոթանասունամյա նավի տախտակամած դուրս եկած քսանյոթամյա կինը հիանում էր ճայի թռիչքի սլացիկ գեղեցկությամբ, վայրկենական անշարժացմամբ ու դեպի ջուրն անսպասելի խոյանքներով: Վերհառնումով ընդհանուրից առանձնացման ձգտող ալիքների բազմության մեջ ճայը, կարծես, ծովից պոկվող ու նորից նրան միացող նրա մի մասը լիներ: Կինը միայն մեկ ակնթարթ ուշացմամբ էր վերապրում ճայի շարժումները՝ կորցնելով սեփական մարմնի զգացողությունը, դիմադրում էր օդի հոսանքներին, սլանում-խրվում-միաձուլվում էր ջրին ու առանձնանալով հառնում ջրափյունիկի պես։ Կինը, տրվելով  ինքնամոռացման ծայրագույն վայելքին, ամեն պահ մի քիչ ավելի  էր ճայ դառնում` աստիճանաբար  հրաժարվելով մարդ լինելու ճնշող հիշողությունից… 

            ՆԿԱՐ ՉՈՐՐՈՐԴ — ՄՏԱԵՐՋԱՆԻԿԸ 

            Զբոսանավի ապակեպատ դահլիճից կնոջը նայող երիտասարդը ոչինչ չէր տեսնում՝ բացի արևամուտը վերապրող հորիզոնը երկփեղկած էգի անդիմադրելի գեղեցիկ կազմվածքից: Թվում էր` առաջին անգամ է տեսնում մի մարմին, որը կարող է սիրել անվերապահորեն, թվում էր` այս պահից կյանքն այլ հունով կարող է գնալ, ու մինչև հիմա ապրածը միայն սրանից հետոյի նախապատրաստությունն է եղել: Մինչ ծովափնյա հանգստավայրն իր աշնանային արձակուրդի համար ընտրելը, մինչ զբոսանավ նստե՛լը գիտեր, որ լինելու է մի պահ, երբ իր կյանքն էլ՝ այն, որը երջանկությամբ է իմաստավորվում,  վերջապես սկսվելու է… 

            ՆԿԱՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ — ԾՈՎԱԿՈՐՈՒՅՍ ՆԱՎԱՊԵՏԸ 

            Նավապետի համար ծովը, իսկ դրա հետ՝ նաև առարկայական կյանքը՝ կանայք, հարստությունն ու վայելքը, դեռ տասը տարի առաջ կորցրել էին իրենց իմաստը: Այլևս չէր հիանում ո՛չ ալիքների խաղով, ո՛չ ճայերի թռիչքով, ո՛չ էլ հետաքրքրվում էր իրեն վստահված զբոսանավի ուղևորներով: Եթե մի հրաշքով տեղափոխվեր անապատ ու քարավան առաջնորդեր, տարբերությունը չէր էլ զգա:          

            Տասը տարի առաջ՝ իր հիսունամյակին, երբ հարբած դուրս եկավ նավի քթամաս, չհավատաց աչքերին։ Հանկարծակի հայտնված փոթորիկն իրեն դեմ հանդիման էր բերում մի հսկա ջրե պտտասյուն։ Սարսափի պահին, երբ տարերքը գրկեց ու իր մեջ վերցնելով՝ սկսեց  սարսափելի արագությամբ պտտեցնել մարմինը, զգաց, որ հոգին լքեց այն ու հրաժեշտ տվեց կյանքին։ Իսկ մի քանի վայրկյան անց, աչքերը նորից բացելով նավի ետնամասում, երբ գիտակցեց, որ կենդանի է մնացել, չկարողացավ համադրել իր մահվան կատարված փաստը և իր փաստացի կենդանությունը… ու… արդեն տասը տարի հապաղել էր այդ երկու վիճակների մեջ՝ չկարողանալով հասկանալ՝ ծովն իրեն նվեր էր տվել, թե պատժել էր…

             ՆԿԱՐ ՎԵՑԵՐՈՐԴ — ՀԱՎԱՏԱՐԻՄ ԿԻՆԸ 

            Արդեն իր երկրորդ թարմությունն էլ սպառած կինն արթնանալուց  քիչ անց միայն այն բանի մասին էր մտածում, թե ի՞նչ ճաշ եփի, որպեսզի գոհացնի իր նավապետ ամուսնուն: Հետո տունը մաքրի ու կարողանա մինչև ուշ գիշեր առանց որևէ մեկի հայացքը կռնակին զգալու՝ լվացք անել, մինչև կգար երանելի պահը, երբ հոգնած, ոչինչի մասին չմտածելով` կպառկեր քնելու: Ամեն գիշեր, երբ զգում էր, որ քունն իրեն հեռացնում է մարմնավոր կյանքից, սրտի զարկերը թաքուն վայելք սպասող կույսի պես էին տրոփում: Վախը, որ վաղուց հաճույք-սարսափի էր վերաճել ու դառել էր խելակորույս սպասման մի մասը, քնելուց մեկ պահ առաջ այլ իրականություն էր տեղափոխում միօրինակ կյանքը որպես միակ իրականություն այլևս չընդունող կնոջը… 

            ՆԿԱՐ ՅՈԹԵՐՈՐԴ — ՎԵՐՋԻՆ ՍՊԱՍՈՒՄԸ   

            Նավապետի մայրը հստակորեն չէր էլ հիշում հարսի դեմքը. թեև նույն փողոցում էին տները, որդուն էլ վաղուց չէր տեսել. չէր հիշում նաև վաղամեռիկ ամուսնուն, որի հետ երջանիկ երիտասարդություն էր ապրել (որը նույնպես չէր հիշում): Չէր հիշում ո՛չ իր մանկությունը, ո՛չ պատանեկությունն ու չէր հուզվում իր ապրած ավելի քան հարյուրամյա կյանքի և ոչ մի հուշով: Չէր ափսոսում, որ ծերացել է, ու ապրելու բան չի մնացել: Տարիներ առաջ գրել էր կտակն ու սպասում էր այն միակին, որին դեռևս անծանոթ էր` մահվանը… 

                                                 ԱԿՆԹԱՐԹ   ԵՐԿՐՈՐԴ      

            …Կարիք կա՞ արդյոք ասել, որ քամին էլ ալիքին էր սիրում. թափառում էր աշխարհով մեկ, ամպեր էր ցրում կամ հավաքում, սերմեր էր բաժանում արձակ դաշտերին ու դարավոր կաղնիներ տապալում, հետո կրկին ու կրկին ետ էր գալիս ծով, գտնում էր ի՛ր ալիքին` կարոտն առնելու և հոգին մաքրելու հույսով: Սակայն ամեն անգամ տեսնում էր նրան՝ այլ ալիքների հետ գրկախառնված-խառնակված, ինքնամոռաց սիրախաղում: Ամեն անգամ փոթորկում էր ի՛ր ալիքին առանձնացնելու, նրա հետ միայնանալու համար. բայց երբ շոյում էր, զգում էր ուրիշների մատնահետքերը, երբ գրկում էր, զգում էր ուրիշների հոտը: Ու սերը մոլեգնություն էր դառնում, շոյանքը` ապտակ, գորովանքը` ծեծ: Իրեն ձուլելով՝ փոշիացնում էր ալիքին ու վանելով ամբողջացնում, մեծարելով բարձրացնում էր ու վայր շպրտում զզվանքով: 

            Ամեն անգամ անավարտ թողնելով իր սերը՝ փախչում էր դրանից` ամպեր ցրելու կամ հավաքելու, սառն ու տաք օդերն իրար խառնելու, մոռանալու, կրկին կարոտելու, կրկին վերադառնալու, կրկին…

            …Ճայը վերևից պարզորոշ տեսնում էր ստորջրյա հոսանքում լողացող ձկնիկների վտառը. գիտեր նաև իր անելիքը, ու մնում էր միայն զոհին ընտրելը: Եթե առաջնորդին՝ երամակը կցրվեր, խուճապահար ձկնիկներից շատերը կեր կդառնային ավելի խոշոր գիշատիչների, մինչև նոր առաջնորդը նոր տարմ կազմեր: Գուցե վերջից քաշ եկողի՞ն, որպեսզի մյուսներն իսկի չնկատեին էլ. իսկ եթե նա լի էր ձկնկիթո՞վ: Հավանաբար կենտրոնում լողացողին. խոյանալ-կտցահարել ու վեր բարձրանալ՝ նայելու, թե փրկվածները, չընկալելով արհավիրքի աղբյուրը, ինչպես են խուճապահար փախչում, հետո թե ինչպես է առաջնորդը կրկին բոլորին հավաքում վտառում` հեշտությամբ նրանց հիշողություններից ջնջել-անտեսելով եղածը:

            Ճայն ապշում էր այն անարդարությունից, որ ինքը հանգիստ հետևում է որսին, գիտի մի քանի պահ անց կատարվելիքը, իսկ իրեն չէին նկատում: Նրա մտքովն էլ չէր անցնում, որ այդ պահին իրենով հիացող կա… 

            …Կինն անտեսում էր ահագնացող քամին, անզգայացած ոտքերն ու ձեռքերը. մոռացել էր ափն ու նրա վրա ապրող մարդկանց, իր ութամյա աղջնակին ու նրա կորած հորը: Մարմինն արձանացել էր, ու միայն կրծքի խորքում մի թևածող-թպրտացող ճայ էր զգում, որն ամեն ինչ կաներ մերկ-անկաշկանդ, ալիքների ու քամու հետ խաղացողի հայացքին արժանանալու համար: Դրա թևերը խայտում էին կնոջ կրծքերը մինչև պտուկներն ու կնոջը թվում էր, թե ինքը…  ներսից…  տրվում է այդ ճային… 

            …Տղան մշուշոտ  զգացողություն ունեցավ, թե դուրս եկավ տախտակամած, մոտեցավ կնոջն ու շշնջաց ականջին` ես եկա: Հետո վախենալով, որ արբածին տեսիլքը կցնդի, ձեռքը զգուշորեն մոտեցրեց քամուց ալիքվող մազերին, սակայն վախեցավ դիպչել-անէացնել, ու միայն դրանց ուրվագիծը շոշափեց: Թմրածին պատրանքում կնոջ ստվերը մեղմորեն նայեց իրեն, հին-սիրելի բարեկամի պես սեղմվեց, թույլ տվեց գրկել ուսը, գլուխը խանդաղատանքով սեղմեց իր կրծքին ու մի քիչ կծկվեց: Տղայի երևակայության մեջ նրանք երջանիկ էին միմյանց գոյությամբ, սրտերը միասին էին բաբախում ու նույն աչքերով էին նայում մայրամուտվող հորիզոնին: Ձեռքի մկանները լարվում, ավելի պինդ էին գրկում կնոջ ուսը, և նրանք, աստիճանաբար կորցնելով իրենց մարմնական ինքնությունը, միաձուլվում էին՝ մեկանում… 

            …Այն օրվանից նավապետն իրեն հայելու մեջ նայելու կարիք չուներ ու անտեսում էր, որ իր մորուքն ու մազերը դադարել են աճել-երկարել։ Տասը տարվա մեջ ոչ մի կնճիռ չէր ավելացել, սակայն աչքերը խամրած էին դիակի աչքերի պես: Ո՛չ ծարավ էր զգում, ո՛չ էլ սով, իսկ մեքենայորեն կերած-խմածի էլ համը չէր զգում: Ո՛չ մեկին, նույնիսկ իր կնոջը որպես էգ չէր նայում ու ոչ էլ անհանգստանում էր դրանից: Մանկան պես էր երջանիկ, իսկ իր հետ կատարվող տարօրինակություններն ուրիշ ոչ ոք չէր նկատում։

            Սկզբում թվում էր, թե հայրը եկել ու անընդհատ կողքին է. երբեմն-երբեմն՝ ինչպես փոքր ժամանակ, հուշում է, թե այդ պահին ինչ է անհրաժեշտ անել, զբոսնում է հետը նավահանգստից մինչև տուն, պառկեցնում քնելու ու առավոտյան արթնացնում, դպրոցի փոխարեն նավահանգիստ տանում: Մի քանի օրից հայրը սկսեց մտովի զրուցել հետը, հարցեր էր տալիս այն ամենի մասին, ինչը հայտնվել էր աշխարհում վերջին քառասուն տարիներին` իր մահվանից հետո: Ապա աստիճանաբար դարձավ լուռ ու մոլորված հայացքով, ինքն էլ վերածվեց երեխայի պես մի բանի, որդու կողքից անբաժան՝ նայում էր աշխարհին ու մեկ-մեկ քթի տակ քրթմնջում` ու՞ր էի այսքան ժամանակ…    

            …Նավապետի կինը չէր տեսնում ամուսնու հորը, թեև զգում էր տանը ինչ-որ մի երրորդի լուռ ներկայությունը. սակայն դա այլ երևույթի էր վերագրում, կապում էր իր ամեն առավոտ մոռացվող մանրամասներով, սակայն ապրելու, ավելի ստույգ` սովորական կենցաղով գոյատևելու ուժ տվող գիշերային երազներին: «Իսկ գուցե,- մեղմ ժպտալով ասում էր մտքում,- գուցե հենց նա է…  միայն թե,- տարակուսած երկմտում էր,- ինչու՞ է միշտ ամուսնուս հետ հայտնվում»: Եվ իսկապես, ինչու՞ պիտի երազում իր հետ ցերեկայինից բոլորովին այլ, իրադարձություններով ու կրքերով լի կյանք ապրողը միայն ամուսնու գալուց  իր ներկայությունը զգալ տար: Գուցե խանդում-պահպանում է ինձ` եզրակացնում էր ինքնագոհ սեթևեթանքով: Ինքը գոհ էր ամուսնուց, նույնիսկ շնորհակալ էր նրան` սառն անտարբերության ու խաղաղ գոյակցության համար. անգամ քույրական կամ հարազատական սիրո պես մի բան էր զգում նրա հանդեպ, որը թեթևացնում էր լվալ-եփել-թափելու իր պարտականությունների կատարումը… 

       …Նավապետի մայրն առավոտից մինչև ուշ երեկո նստում էր իր խարխուլ տնակի դռանն ու հարևանուհու բոված արևածաղկի սերմն էր վաճառում. գումարը երբեք չէր հաշվում, իսկ իր աշխատածն իսկի չգիտեր էլ, չէր հիշում, թե ուր է դրել: Պարզապես դա էր նրա սպասելու ձևը: Ժամերով նայում էր ծովի կողմը, քանի որ վստահ էր` ծովափնյա ավաններում մահն այնտեղից է գալիս: Նայում, բայց ոչինչ չէր տեսնում, որովհետև վաղուց արդեն քթի տակից այն կողմը չէր երևում, իր առավոտվա արածից հեռուն չէր հիշում, ցուրտ էր թե տաք` ավելին չէր զգում…

ԱԿՆԹԱՐԹ ԵՐՐՈՐԴ

            …Արարչագործության երկրորդ օրվանից սկսած՝ ալիքը քամուն նվիրեց, ինչքան որ սեր ու գորովանք ունի: Մերկացավ, որպեսզի տրվի-վայելի, փոշիացավ, որպեսզի ձուլվի-ամբողջանա, բայց միայն ցավ զգաց: Որքան ուժգնանում էին քամու գուրգուրանքները, այնքան ավելի վեր էր բարձրանում ալիքն ու ավելի անտանելի ցավ զգում վայր ընկնելուց։ Ծիծաղը՝ ճիչ ու աղաղակ, ուրախությունը` տառապանք, երջանիկ հևոցը` ցավագար ոռնոց են դառնում: Ամեն անգամ ալիքն անիծում է իր գոյությունն ու որոշում ո՛չ ուրախանալ, ո՛չ տառապել, ո՛չ ալեկոծվել, ո՛չ տապալվել, ո՛չ սիրել, ո՛չ տանջվել. թեկուզև` ճահճանալ: Բայց և անզոր են նրա ցանկությունները, որոշումները` ունայն, բողոքները` անիմաստ:

            Ալիքն էլ, քամին էլ սիրում են իրար իրենց ողջ էությամբ, անվերապահ, անմերժելի՝ հանդիպման պահին։

            …Ճայը, թեև կուշտ էր ու ոչ մի ձկնիկի կարիք էլ չուներ, միևնույն է, կրկին փնտրեց որսը, գտավ հարմար պահն ու խոյացավ դեպի ջուրը. կտցեց դժբախտին ու վեր բարձրացավ: Իսկ երբ բերանում զգաց թպրտացողի տվայտանքները, ամեն անգամվա պես վերգիտակցական ցանկություն ունեցավ մոռանալ կենդանական սկիզբն ու բաց թողնել խեղճին: Հետո՝ վայրկյանի հարյուրերորդականում, դեմառդեմ կանգնելով իր գիշատիչ բնույթին, քարացավ օդում. և միայն գոյության-չգոյության սահմանին հասնելով՝ բնազդաբար թափահարեց թևերը, ձգեց թուլացած կտուցն ու մի երիցս ակամա շարժումով կուլ տվեց զոհին: 

            …Կինն անտեսում էր ծովափոշուց ամբողջովին թրջվելը, անտեսում էր զբոսանավն ու զբոսաշրջիկներին, անտեսում էր անիմաստ դարձած հագուստն ու իրական աշխարհը…  ճայն ու ինքն էին այդ պահի աշխարհը, իրենց վայելքն էր տիեզերքի կենտրոնը: Իր ներսից իր հետ կենակցողի ամեն ճիգը լուծում-միասնականացնում, ավելի ստույգ` իր էությանն էր ձուլում-ենթարկում կնոջ հոգին: Էգի մարմինն էլ էր ձգտում ճայանալ, թռչել-հասնել ազատորեն ճախրողին, կողքին լինել, թեկուզ՝ այլևս չմարդանալ… թեև…  համաձայն էր նույնիսկ ձուկ լինել նրա բերանում, թպրտալ կտուցում` կուլ գնալ ու գոնե այդպես դառնալ նրա մի մասը, ճախրել երկնքի-երկրի սահմանագծում:

            …Ու նրա կրծքից ծայրագույն վայելքի գագաթնակետի մի հիասքանչ-աղիողորմ ճիչ դուրս թռավ, ինչպիսիք նույնիսկ ճայերն արձակում, աշխարհին են ուղղում իրենց ողջ գոյության ընթացքում  միայն մեկ անգամ:

            …Տղան ցնցվեց ներքին ականջներում հնչած ճիչի ուժգնությունից ու իրեն բռնեցրեց այն բանում, որ աչքերը փակ են ու բոլոր մկանները՝ ձգված, թեև ապակեպատ սրահում էր, բայց հագուստները թաց են, կարծես ալիքի բախված լիներ: Կոպերը դանդաղորեն վեր բարձրացան, ու տեսիլային աշխարհը կամաց-կամաց ցնդեց` աստիճանաբար պարզեցնելով հայացքը: Ուժասպառ աթոռին փլված՝ կարծեց, թե ապակուց այն կողմ կանգնած ուրուն հիմա կանէանա, սակայն քարացած կնոջ մազերը շարունակեցին ալիքվել քամուց, իսկ շորի թաց փեշերը դանդաղորեն վեր ու վար էին անում`ցուցադրելով գայթակղիչ ոտքերը: Իրականն ու երևութականը, առարկայականն ու վերբանականը միախառնվեցին տղայի մտքերին ու զգացմունքներին, բարդույթներին ու ձգտումներին, մի տարօրինակ մեղեդու վերածվեցին, որում նրա հոգին մի երկարաձգված լյա դարձավ` անընդհատ սահելով երաժշտական հնգատողին, հետո էլ տետրից դուրս` անտեսանելի գծերով անընկալելի հեռուները… Իսկ մարմինը մնաց հավերժության ու ոչնչության սահմանագծին:

            …Կնոջ` ճային ու ծովին ուղղված, ալիքից արձագանքված ճիչը վերադարձավ, շեղված անկյունով հարվածեց, ավելի ստույգ` ապտակեց-ցնցեց նավապետին: Շփոթահար՝ մի պահ կարծեց, թե հայրն է, սակայն շուրջը նայելով՝ չգտավ նրան: Հայացք հայացքի, ապակու արտացոլման մեջ հանդիպելով իրեն` հիպնոսացած հետևեց, թե ինչպես են իր մազերն աչքի առաջ աճում: Չէր ուզում, բայց ստիպված որպես փաստ ընդունեց ակնհայտը, երբ դեմքը կնճռոտվեց, բեղ-մորուքն էլ հասավ տասը տարվա երկարության: Ինքը մի քիչ կուզիկացավ, հասակը կարճացավ: Ավելին՝ հագուստներն ակնհայտորեն գունաթափվեցին, կեղտոտվեցին, մաշվեցին: Չապրած տասը տարին մեկ րոպեում լրացնելով՝ նավապետը մի կերպ քայլեց դեպի տախտակամած, որպեսզի, երբ ափ հասնեն, անվերադարձ հեռանա ծովից, մոտեցավ նավի ճաղերին ու չկարողանալով ոտքերի վրա պինդ կանգնել` ընկավ ծովը. ջրի հատակը գնալուց պարզեց, որ մկանները մոռացել են լողալը, ինքը մոռացել է ապրելը։ «Նվեր չէր»՝ արտաբերեց ծովի հատակին թոքերում մնացած օդի վերջին շնչով։

            …Նավապետի կնոջ մտքերն օրվա ընթացքում այն մեկի՝ երազում իր հետ կյանքը կիսողի հետ էին: Ամեն ինչ կտար՝ գոնե մեկ անգամ, մեկ-երկու րոպեով նրա դեմքն արթմնի տեսնելու և հիշելու համար. կթողներ ամեն ինչ ու նրա ետևից կգնար աշխարհի ծայրը, եթե իրականում հանդիպեր։ Եթե հույսը կորցներ, որ երբևէ հանդիպելու է, ընդմիշտ կքներ` անդեմի կողքին գոյատևելու համար: Եվ քանի որ երազայինի մասին մտմտելով՝ կարոտեց նրան, կիսապառկեց բազմոցին ու ննջեց-քնեց՝ օրը-ցերեկով կյանքը զգալու հույսով…  ու անսպասելիորեն, առանց որևէ լուրջ ճիգ թափելու դեռ նոր էր փակել աչքերը, երբ ըղձալիի դեմքն աստիճանաբար պարզվեց-հստակվեց, դիմագծերը որոշակիացան ու դիմացը կանգնեց…  ամուսինը: 

            Չէր ուզում հավատալ,  սակայն ակնհայտ էր, որ նա է. տասը տարի, տասը տարի ամուսնուց գաղտնի սեր էր  արել նրա հետ երազներում ու ոչ մի անգամ այդ ընթացքում` արթմնի: Վեր թռավ տեղից, առաջին անգամ թաքուն մեղքի տասը տարիներին թողեց բոլոր գործերը, հագավ տոնական հագուստներն ու դուրս եկավ տան դարպասից, նստեց դրա կողքի նստարանին ու սկսեց սպասել նավապետին…  սրանից հետո` իր կյանքի նավապետին:

            …Պառավին թվաց, թե ակնթարթորեն շուրջն ամեն ինչ սկսեց փայլել անաղբյուր, կուրացնող-սպիտակ լուսավորությամբ, ու միանգամից էլ հուսաց-ենթադրեց, թե դա իր կյանքի վերջն է․ անխուսափելի-սպասելին վերջապես եկավ՝ իրեն տանելու: Բոլո՛րն էին հավաքվել. դեռ տասնութ տարի առաջ կաթվածից մահացած ավագ որդին, ծովում խեղդամահ եղած դուստրը, պատերազմում զոհված թոռներն ու նույնիսկ իրենից մի քանի տուն հեռու ապրող նավապետ որդին. նրանց  դեմքերին ոչ մի դիմախաղ կամ զգացում չկար. պարզ էր, որ չեն հասկանում-կիսում երկար սպասված այս վերջին` միայն ի՛ր իրադարձություն-ուրախությունը: Իսկ ինքը, դերի մեջ մտնելով, վեհապանծ հայացքը հառեց հեռուն, դեպի անսահմանը,  ուր պիտի ուղեկցեր իրեն Անկասելին: Երանությամբ զգաց-վայելեց, թե ինչպես է կորցնում մարմնական ծանրության վերջին մնացորդն ու պոկվում ձյունասպիտակ անկողնուց… 

            -Տատի՛կ, տատի՛կ,- մի զուլալ մանկական ձայն շանթահարեց ականջը,- ինձ երկու բաժակ տու՛ր,- տկլոր-շիկահեր մի տղա էր, որ պարզել էր մանրադրամն ու հայացքն ուղղել պարկին:             Ի պատասխան` մի հուսալքված հոգոց դուրս թռավ պառավի կրծքից: Տեսիլքը միայն երազ էր՝ քաղցր ու երջանիկ, բայց միայն երազ: Իսկ նա, ում սպասում էր տարիներ ի վեր, գալիս է առանց դուռը թակելու, առանց որևէ բան` նույնիսկ տարիք կամ մեծ ու փոքր հաշվի առնելու. և եթե չուզենա գալ, միևնույն է, ստիպված կլինի մի հարյուրամյակ էլ սպասել:

Արտո (Վարդան Հակոբյան)

No Comments

Leave a Reply