Կինո Սիրանույշ Գալստյան

«Ռուբեն Մամուլյան արվեստագետը և հայը»

01.04.2022

(Արծվի Բախչինյանի նոր գիրքը)

Օրերս Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ) տեղի ունեցավ հայագետ, կինոյի պատմաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանի «Ռուբեն Մամուլյան արվեստագետը և հայը» մենագրության շնորհանդեսը, որը լույս է ընծայել ԳԱԹ հրատարակչությունը: Հեղինակի հետաքրքրությունների լայն շրջանակում հատուկ տեղ ունի կինոն: Դեռևս 2004-ին լույս էր տեսել նրա «Հայերը համաշխարհային կինոյում» ստվարածավալ աշխատությունը, որտեղ աշխարհի տարբեր երկրներում կինոգործունեություն ծավալած հայորդիների մեջ ուրույն տեղ էր հատկացված ամերիկյան թատրոնի և կինոյի մեծագույն նորարար Ռուբեն Մամուլյանին, որին անվանել են Բրոդվեյի «ծանր հրետանի» և կինեմատոգրաֆի` «յոթերորդ արվեստի» հայրերից մեկը:

Հեղինակն այս գրքի վրա աշխատել է երկար տարիներ` ուսումնասիրելով մեծաքանակ գրականություն և այլ աղբյուրներ, մասնավորապես՝ մեծատաղանդ ռեժիսորի` Կոնգրեսի գրադարանում պահվող անձնական արխիվը և իհարկե, ԳԱԹ-ում պահվող Ռուբեն և Վերժինե Մամուլյանների անհատական ֆոնդի թիվ 24 ալբոմը, որտեղ հավաքված են 1920-1950-ական թթ. Ռուբեն Մամուլյանի մասին հայ և ռուս մամուլում հրատարակված նյութերը: Թանգարանում շնորհանդեսի օրը ներկայացված էր լուսանկարների և արխիվային այլ իրերի տպավորիչ ցուցադրություն:

Մամուլյանի մասին թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Եվրոպայում գրվել են հազարավոր հոդվածներ, մի շարք գրքեր, մենագրություններ, նաև նկարահանվել են հաղորդումներ և ֆիլմեր, որոնցից արժե հիշատակել հատկապես ֆրանսիացի վավերագրող Պատրիկ Կազալսի «Մամուլյան. Բրոդվեյի և Հոլիվուդի ոսկեդարը» (2006) փաստագրական կինոհետազոտությունը, որի երևանյան պրեմիերան «Մոսկվա» կինոթատրոնում տարիներ առաջ տեղի է ունեցել հեղինակի ներկայությամբ, սակայն որքան էլ տարօրինակ թվա, այն անհասկանալի կերպով բացակայում է ռեժիսորի տարբեր կայքերում ներկայացված ֆիլմացանկում, ներառյալ՝ IMDb-ը: Չսևեռվելով այս փաստի վրա, անշուշտ, պատահականություն կարող էինք այն համարել, եթե բազմիցս առնչված չլինեինք նույն երևույթի տարբեր դրսևորումների հետ, որոնք ակամա մղում են հետևյալ ընդհանրացմանը. Մամուլյանի անվան և գործունեության գնահատականների առումով գործ ունենք զուգահեռ երկու իրականության հետ: Առաջինում մեծատաղանդ կինոռեժիսորին և նրա արվեստին տրվել են արժանի գնահատականներ ու հիացական բնորոշումներ, իսկ երկրորդում նրան միտումնավոր «մոռացել են»: Ցավոք, ուրացման օրինակները շատ են թե՛ անցյալում, թե՛ վերջին տարիներին: Մի՞թե կարելի է պատկերացնել, որ պատահական է, երբ Բրոդվեյի պատմությունը ներկայացնող չորսմասանի ֆիլմում մոտ 15 րոպե խոսվում է Ջորջ Գերշվինի, նրա «Փորգի և Բեսը» մյուզիքլի մասին և ոչ մի խոսք` բեմադրիչի մասին, կամ «Օքլահոմա» լեգենդար, ռեկորդակիր բրոդվեյյան մյուզիքլի առնչությամբ հպանցիկ է հիշատակվում բեմադրիչի անունը և լոկ մի ակնթարթ ցուցադրվում  «ծննդով` Թիֆլիսից» Մամուլյանի լուսանկարը, ոչինչ ավելի:

Մեկ ուրիշ օրինակ. ամերիկյան հատուկ էֆեկտների պատմությունը ներկայացնող փաստավավերագրական ֆիլմում խոսվում է Մամուլյանի «Դոկտոր Ջեքիլը և միստեր Հայդը» կինոնկարում (որն իրավամբ Մամուլյանի հերթական գլուխգործոց համարելով` Արծվի Բախչինյանը գտել է ճշգրիտ բնութագրում. «Կինոնկարն օժտված է բիրտ գեղեցկությամբ…») մտահղացված և տեխնիկապես իրագործված այն բացառիկ` առանց մոնտաժի, մեկ պլանով նկարահանված կերպարանափոխման մասին, որը երեք տասնամյակ համարվել է հոլիվուդյան կինոյի պատմության ամենամեծ առեղծվածներից մեկը, սակայն նշվում է այդ փայլուն դերակատարման համար «Օսքարի» արժանացած դերասանի` Ֆրեդրիք Մարչի անունը, կարծես նա, այլ ոչ թե ռեժիսորն է այդ գյուտի հեղինակը… 

Եվս մի տարակուսելի փաստ. կինոյի 100-ամյակի առթիվ 1995-ին նկարվել է 3 ժամ 38 րոպե տևողությամբ մի շատ հետաքրքիր կինովավերագրություն` «Անհատական ճամփորդություն ամերիկյան կինոյով` Մարտին Սկորսեզեի հետ», որը կարծես ամերիկյան ֆիլմարվեստի պատմության կինոհանրագիտարան լինի: «Նոր» Հոլիվուդի սյուներից մեկը համարվող ռեժիսորը վերլուծական հիրավի ցնցող շրջագայության է տանում հանդիսատեսին` ուրվագծելով իրենց կինոյի անցած ուղին: Ընդ որում, նա անդրադառնում է առանձին ժանրերին, տալիս հայտնի և ոչ այնքան հայտնի անուններ` զուգահեռ ցուցադրելով հատվածներ ֆիլմերից, հերթով խոսում է գանգստերական, երաժշտական ֆիլմերի, նկարահանող խցիկի շարժման, ձայնի և գույնի կիրառման առանձնահատկությունների և նրբությունների, այսինքն` այն ամենի մասին, ինչում Ռուբեն Մամուլյանն է եղել առաջինը և շատ առումներով անգերազանցելի այն ժամանակ, սակայն Սկորսեզեն հաջողեցնում է ամեն անգամ շրջանցել հայազգի ամերիկյան ռեժիսորի բոլոր գյուտերն ու ֆիլմերը, ինչը պարզապես անխուսափելի պիտի լիներ իր իսկ շեշտադրումների համատեքստում: Որքան էլ զավեշտական թվա այդտեղ միտումնավորություն, «դավադրություն» տեսնելը, այլ բան չի մնում: Օրինակներ էլի կան, բայց սահմանափակվենք այսքանով:    

Անդրադառնանք ավելի կարևոր մի հարցի. Հայաստանում այսօր արդյո՞ք լայն ճանաչում ունի Ռուբեն Մամուլյանը: Խորհրդային տարիներին, իբրև օտար ափերում ստեղծագործող, նա քչերին էր հայտնի պատմական հայրենիքում և ողջ խորհրդային երկրում: 1971թ. Հայաստան կարճատև ու միակ այցելության ընթացքում ռեժիսորը հանդիպել է մեր մի շարք արվեստագետների հետ, իսկ կինեմատոգրաֆիստների միությունը կազմակերպել է մի քանի երթուղիներ, որպեսզի մայրաքաղաքից բացի, Մամուլյանը հասցնի տեսնել Հայաստանի գոնե որոշ տեսարժան վայրեր: Սակայն ցավոք նրան պետական ընդունելություն այստեղ չի ցուցաբերվել: Ծրագրված էր նաև այցելել իր ծննդավայր` Թիֆլիս: «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության մեքենան հասցրել է Մամուլյանին մինչև Վրաստանի սահման, որտեղ նրան արդեն սպասում էր սև «Վոլգա» մակնիշի մեքենաների շքախումբը…»,- գրում է կինոգետ Սվետլանա Գուլյանը 2014 թ. Երևանում լույս տեսած «Մամուլյանի նշանը» ռուսերեն մենագրության մեջ, որը հեղինակի տասնամյակների աշխատանքի սրտառուչ արդյունքն է և նշանակալի ներդրումը հայ կինոգիտության մեջ:

Սվետլանա Գուլյանից բացի, Հայաստանում Մամուլյանի մասին հոդվածներով խորհրդային տարիներին հանդես են եկել նաև Սաբիր Ռիզաևը, Հակոբ Թահմիզյանը և Անահիտ Կարաքեշիշյանը, որոնց հիշատակում է և Արծվի Բախչինյանը իր նոր հրատարակված գրքի առաջաբանում: Նա նշում է նաև, որ իր «առաջնային նպատակն է եղել գրել առավելապես պատմաբանասիրական մի ակնարկ Մամուլյանի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ, քան զուտ կինոգիտական-թատերագիտական հետազոտություն»: Պետք է ասել, որ հեղինակին հաջողվել է ոչ միայն իր առջև դրված խնդիրն իրագործել` շրջանառության մեջ դնելով ուշագրավ կենսագրական փաստեր և ընթերցողին ներկայացնելով Մամուլյան մարդուն, արվեստագետին և հային, այլև հանգամանալից ներկայացնել Մամուլյան ռեժիսորի բեմական և կինոարվեստը, որը պարունակում է բազմաթիվ նորարարություններ ու գյուտեր, վերջապես, պարզապես կրում է այդ անկրկնելի անհատականության տաղանդի և վարպետության կնիքը: Արվեստասեր ընթերցողի, հատկապես, արվեստի բուհերի ուսանողների համար այս աշխատությունը կարևոր ներդրում է` Մամուլյանի օրինակով է՛լ ավելի լավ ճանաչելու, ընկալելու համար բեմադրական և կինեմատոգրաֆիկ արվեստը, միևնույն ժամանակ՝ հայի տեսակի՝ գուցե և մեզ անհայտ կողմերը:

Ինչ վերաբերում է Ռուբեն Մամուլյան ֆենոմենին, ապա նրբաճաշակ տաղանդից և բարձր պրոֆեսիոնալիզմից բացի, առանց չափազանցության, նրան կարելի է բնութագրել իբրև Հոլիվուդի ամենաինտելեկտուալ և ամենաառաքինի ռեժիսորը: Times Literary Supplement բրիտանական ամսագիրը մի քանի տարի առաջ հրապարակել էր 1972 թ. մի լուսանկար, որտեղ Ռուբեն Մամուլյանի կողքին նստած էին Ալֆրեդ Հիչկոկը, Լուիս Բունյուելը, Բիլի Ուայլդերը, վերևում կանգնած էին Ուիլյամ Ուայլերը, Ջորջ Կյուքորը, Ռոբերտ Ուայզը, Ժան-Կլոդ Կարիերը և Սերժ Սիլվերմենը… Եվ ահա թե ինչպիսի մեկնաբանություն էր գրված. «Նրա ներկայությունն այստեղ, իբրև ամերիկյան մեծագույն ռեժիսորներից մեկի, միանգամայն տեղին է: Լուսանկարում նա փոքր-ինչ առաջ է իր կոլեգաներից, և կյանքում նույնպես նրանցից առաջ է ընկած…»:

Հիրավի, մարգարեաբար ճիշտ էր Ռուբեն Մամուլյանը, երբ ասում էր. «Գլխավոր քննադատը ժամանակն է»:            

Իսկ մենք, գնահատելով այն մշակութային տարածությունը, երկիրը, որը նման հնարավորություն է ընձեռել, միաժամանակ պիտի գիտակցենք, որ եթե անգամ ճակատագրի բերումով մեր հայրենակիցն օտար ափերում է կայացրել իր տաղանդը, միևնույն է, չպիտի անմասն մնանք այդ ժառանգությանը: Ավելին, հայ հետազոտողների դրսևորած հետաքրքրությունը նույնպես կարող է խթան հանդիսանալ Միացյալ Նահանգներում և այլ տեղերում մեծ ռեժիսորի վաստակի հիշեցման և վերագնահատման համար:  

Ա. Բախչինյանի գիրքը հարուստ է ռեժիսորի վերաբերյալ մի շարք ուշագրավ կենսագրական փաստերով, որոնք առաջին անգամ են գիտական շրջանառության մեջ դրվում: Այն կարդացվում է մեծ հետաքրքրությամբ` կլանելով անգամ այն ընթերցողին, որ բավականաչափ ծանոթ է Մամուլյանի կյանքին ու արվեստին: Դա ապացուցում է նաև, որ ճշմարիտ տաղանդի ապրածն ու ստեղծածը շարունակում են անսպառ մնալ անգամ բազմաթիվ ուսումնասիրություններից հետո:

Սիրանույշ Գալստյան

Արվեստագիտության թեկնածու, դոցենտ

Արծվի Բախչինյանը՝ գրքի շնորհանդեսի ժամանակ

Ներկայացնում ենք հատվածներ Արծվի Բախչինյանի գրքից՝ հեղինակի ընտրությամբ

Կինոյի Նապոլեոնը

Համաշխարհային կինոյի պատմության և քսաներորդ դարի ամերիկյան մշակույթի խոշորագույն դեմքերից մեկը՝ Ռուբեն Մամուլյանը (1898–1987), մնում է մեծ մասամբ անծանոթ իր ծնած ժողովրդին: Դա բացատրվում է նրա՝ թատերական բեմադրիչ լինելու հանգամանքով, նրա ֆիլմերի մեծ մասը Հայաստանում լայնորեն չցուցադրվելու, մասամբ նաև` խորհրդային վարչակարգի համար անցանկալի անձ լինելու պատճառով: Ու թեև 1997-ին Հայաստանում նույնպես նշվեց Ռուբեն Մամուլյանի ծննդյան 100-ամյակը (իրականում նա ծնվել է 1898-ին), նրա անունը դարձյալ ծանոթ է մնում միայն մասնագետների և արվեստասերների սեղմ շրջանակին:

Ընդամենը 16 կինոնկար՝ սակայն խորին հետք համաշխարհային կինոյի պատմության մեջ: Չկա կինոարվեստի պատմություն՝ առանց Մամուլյանի: Բնածին ճաշակի տեր, մեծ գեղագետ և անխոնջ փորձարար Ռուբեն Մամուլյանը հազվադեպ մի երեւույթ է՝ իր կենսագրությամբ և թողած մշակութային ժառանգությամբ, որն իր կարեւորությամբ և արժեքով դուրս է զուտ ազգային հետաքրքրության սահմաններից:

Սկիզբը

Գողթան գավառ և Գուգարաց աշխարհ՝ Հայաստանի այս շրջաններում են Ռուբեն Զաքարիայի Մամուլյանի արմատները, սակայն նա ծնվել է Թիֆլիսում, 1898-ին: Վաղ մանկուց դրսեւորվել են նրա արտակարգ ընդունակությունները. տղան լավ նկարում էր, գրում, հմուտ էր երաժշտության և լեզուների մեջ: Բանկիր հայրը ցանկացել է, որ որդին ճարտարագետ կամ իրավաբան դառնա: Սակայն տղան ժառանգել էր մոր՝ սիրող դերասանուհի Վերժինե Մամուլյանի սերը արվեստի և մասնավորապես թատրոնի հանդեպ: Փարիզում և Թիֆլիսում միջնակարգ կրթությունը ստացած Ռուբենը, հոր խոսքերին անսալով, 1915–1917 թթ. ուսանել է Մոսկվայի Կայսերական համալսարանի իրավաբանության բաժնում: Սակայն մեծ սերը թատրոնի հանդեպ հաղթել է, և Ռուբենը սկսել է հաճախել իր հռչակավոր հայրենակցի՝ Եվգենի Վախթանգովի երեկոյան թատերական դասընթացներին: Հոկտեմբերյան հեղաշրջումը ստիպել է նրան կիսատ թողնել համալսարանը և վերադառնալ Թիֆլիս: Այստեղ նա ղեկավարել է բեմական ստուդիա, թատերախոսություններով աշխատակցել հայ և ռուս մամուլին, կատարել առաջին փոքր բեմադրությունները: Հասկանալով, որ Ռուսաստանում մնալն անհեռանկար է՝ ինքնավստահ, արվեստում մեծ ձգտումներ ունեցող Ռուբենը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության անձնագիր և մեկնել Եվրոպա: 1921-ի հունվարի 1-ին նա հանգրվանել է Լոնդոնում, որտեղ բնակվում էր շոթլանդացի զինծառայողի հետ ամուսնացած նրա քույրը: Դժվար, կիսաքաղց օրեր է անցկացրել երիտասարդ Ռուբենը, կատարել ամեն տեսակ աշխատանքներ՝ լուսանկարչությունից մինչեւ Մակարովի ռուսական երգչախմբում երգելը: Մինչև որ նրան, վերջապես, բախտն անակնկալ ժպտացել է:

Մակարովը Անգլիայում կայանալիք շրջագայության համար բեմադրիչ է փնտրել, և Մամուլյանն առաջարկել է իր թեկնածությունը: Մակարովը քրքջացել է՝ ասելով, որ դերասանները չեն վստահի 24-ամյա բեմադրիչի: «Մի° ծիծաղիր,– ասել է Ռուբենը,– չէ՞ որ ես Վախթանգովի մոտ եմ սովորել: Այսպես պայմանավորվենք. ես քեզ մոտ անվճար կաշխատեմ, մինչև դու հարմար բեմադրիչ կգտնես»: Սակայն աշխատանքի երրորդ օրն իսկ դերասանները պարզապես սիրահարվել են Մամուլյանին, և աշխատանքը կայացել է: Որոշ շրջան փորձասենյակի վերջին նստարաններին երկու անծանոթներ են սկսել երեւալ: Դրանցից մեկն անգլիացի թատերագիր Օսթին Փեյջն էր: Նա հայտնել է, որ թատերախաղ է գրել ռուսաստանյան թեմայով, սակայն անգլիացիները հարկ եղած կերպով չեն բեմադրում, ուստիև ինքը խնդրել է Մակարովին ու նրա ընկերներին, որպես ռուսաստանցիների, օժանդակել իրեն պիեսը հարազատորեն ներկայացնելու գործում: Այս հանդիպման շնորհիվ Մամուլյանը հնարավորություն է ստացել բեմադրել Փեյջի՝ բոլշևիկյան կյանք պատկերող «Դռան թակոցը» պիեսը: Անգլիական պահպանողական թերթերը բողոքել են, թե ինչպես է գրաքննությունը թույլ տվել նման մի պիես բեմ հանել: Սակայն Մամուլյանի անունը ճանաչում է ստացել: Չլիներ այս բեմադրությունը, Մամուլյանը հավանաբար չէր հայտնվի Ամերիկայում:

…1923 թվականին Անգլիայից շոգենավով Նյու Յորք վերադառնալիս ամերիկացի գործարար և բարեգործ Ջորջ Իսթմենն իր բարեկամին՝ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի երբեմնի տենոր Վլադիմիր Ռոզինգին պատմել է վերջերս բացած երաժշտական դպրոցի մասին՝ Նյու Յորք նահանգի Ռոչեսթր քաղաքում: Ռոզինգը նրան առաջարկել է դպրոցին կից բացել օպերային ստուդիա: Իսթմենը հավանություն է տվել այդ գաղափարին, միաժամանակ նկատելով, որ դժվար է գտնել բանիմաց գեղարվեստական ղեկավար… «Խորհուրդ կտա՞ք որևէ մեկի»,– հարցրել է նա: Ռոզինգն անմիջապես պատասխանել է. «Ես գիտեմ այդպիսի մարդու՝ Ռուբեն Մամուլյանը: Այդ երիտասարդը մեծ ապագա ունի»:

Մամուլյանն անմիջապես ընդունել է Իսթմենի հրավերը և նույն 1923-ին ոտք դրել Ամերիկա: 1924–1925 թթ. Ռոչեսթրի երաժշտության և դրամայի «Իսթմեն» ստուդիայում նա բեմադրել է դասական օպերաներ և օպերետներ: Սակայն նրա ամերիկյան հռչակը կապվում է 1927-ին Բրոդվեյի «Գիլդ» թատրոնում Դյուբոուզ եւ Դորոթի Հեյուարդների «Փորգի» չորս գործողությամբ պիեսի բեմադրության հետ: Ամերիկայի հարավի սևամորթների կյանքը պատկերող այս թատերախաղը նա բեմադրել է Ստանիսլավսկու մեթոդով, որը մեծ նորություն էր ամերիկյան թատրոնի համար: Նա հրաժարվել է բեմ հանել դիմահարդարված սպիտակամորթ դերասանների: «Գիլդում» բոլորը թերահավատորեն են նայել «խենթ հայի» արկածախնդրությանը, որը պատրաստվել է պրոֆեսիոնալ թատրոնի բեմ հանել թատերական արվեստին երբևէ չառնչված սևամորթ նավահանգստային բանվորների: Ներկայացումն ունեցել է աննախադեպ հաջողությունª մեկ գիշերում Ամերիկայում նշանավոր դարձնելով երկու օր առաջ իր 30-ամյակը լրացրած Ռուբեն Մամուլյանին: Թատերական քննադատները չեն վարանել «Փորգին» համարել ամերիկյան թատրոնի հաղթանակը, մեծ իրադարձություն ամերիկյան բեմարվեստի պատմության համար, իսկ բեմադրիչինª «թատերական փայլուն զորավար»: Միլիոնավոր հանդիսատեսների խորապես հուզել է կաղ Փորգիի սիրո, կրքերի եւ սարսափների պատմությունը: Ներկայացումը բարձր են գնահատել ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Մորիս Ռավելը, գերմանացի թատերական գործիչ Մաքս Ռեյնհարդթը և ուրիշներ:

Երբ 1935-ին ամերիկացի նշանավոր կոմպոզիտոր Ջորջ Գերշվինը «Փորգիի» հիման վրա գրեց «Փորգի եւ Բես» օպերան, թվում էր, թե Մամուլյանից բացի ուրիշ ոչ ոք չպետք է լիներ նրա բեմադրիչը: Սակայն Թատերական գիլդիան չի ցանկացել առաջին ամերիկյան ազգային օպերայի բեմադրությունը վստահել ոչ ամերիկացու: Միայն Գերշվինի պնդումով նրանք, ի վերջո, տեղի են տվել: Այն ներկայացվել է Բոսթոնում և Նյու Յորքումª դառնալով շրջադարձային ամերիկյան թատրոնի և երաժշտության պատմության մեջ: «Ով որ «Փորգի եւ Բեսը» դիտելու առիթը բաց թողնիª խելագար է»,– գրել է «Հոլիվուդ րիփորթըրը»: Անշուշտ, փառքի մեծ բաժինը հասել է Գերշվինին, սակայն Մամուլյանը ևս մեկ անգամ անմահացավ ամերիկյան մշակույթի պատմության մեջ ռահվիրայի իր դերով:

Մամուլյանը 1920–1940-ական թթ. իրականացրել է մի շարք այլ բեմադրություններ ևս, որոնք գրեթե բոլորն էլ նոր խոսք են համարվել: Դրանց ամենաբնորոշ առանձնահատկությունը ռիթմով ոճավորված երգ-երաժշտության, պարերի և երկխոսությունների համադրությունն է, ուստիև միանգամայն բնական է 1930 թվականին Մամուլյանին տրված «ռիթմի հանճար» բնորոշումը:

Կինոյում

1920-ականների վերջին Հոլիվուդի մագնատներն աշխարհով մեկ տաղանդներ էին փորձում որսալ: Եվ բնականաբար նրանց աչքից չվրիպեց իր թատերական բեմադրություններով Բրոդվեյը ցնցած Ռուբեն Մամուլյանը: Նոր էր ծնվել հնչուն կինոն, և խոսող ֆիլմերն ըստ էության դարձել էին խոսող թատերական բեմադրություններª անշարժ խցիկով: Մամուլյանն էր պետքª հասկանալու համար, որ հնչուն կինոյի գյուտը պետք է այլ կերպ գործածվի, ազատություն տրվի կինոխցիկին և վերադարձնի նրան այն շարժունությունը, որը նա ուներ համր կինոյում: Այս ամենին Մամուլյանը հասավ իր առաջին իսկª «Ծափահարություններ» շարժանկարում (1929), որ ստեղծեց Նյու Յորքում: Հոլիվուդում նա հայտնվեց 1931-ին, որտեղ նույն թվականին կյանքի կոչեց իր, մեր համոզմամբ, առաջին գլուխգործոցը՝ «Քաղաքի փողոցները»: Սա մի պատմություն է սիրահար զույգի մասին, որ ակամա մասնակից է լինում ավազակային հարձակման: Այս ֆիլմում առաջին անգամ կինոպատմության մեջ գործածվել է արտակադրային ձայնը: Հերոսուհին պատկերված է լուռ, փակ շուրթերով, մինչդեռ նրա հնչող ձայնն արտահայտում է իր մտածմունքները: Այսօր չափազանց պարզունակ թվացող այս հնարքը դարձավ հնչուն կինոյի տեխնիկայի բաղկացուցիչ տարրերից մեկը:

Մամուլյանի երրորդ ժապավենն էր «Դոկտոր Ջեքիլը եւ միսթր Հայդը»ª ըստ Ռոբերթ Լուիս Սթիվենսոնի վիպակի, որտեղ գեղարվեստական տեսանկյունից մեկնաբանվում են մարդու մեջ գոյություն ունեցող չար և բարի նախասկիզբները: Ո°չ հանդիսականները, ո°չ մասնագետները տասնամյակներ շարունակ չէին հասկանում, թե ինչպես է էկրանին դերասան Ֆրեդրիք Մարչի գեղեցկատես հերոսն իրենց աչքի առաջ փոխակերպվում կապկանման չար հրեշի: Որոշ կինոքննադատներ հավատացած են, որ Սթիվենսոնն այնքան հաջողված չէ, որքան Մամուլյանի ստեղծած գրական հենքը, որը խորացրել և կատարելագործել է ստեղծագործությունը: Այս ֆիլմի հաջողության առթիվ բեմադրիչի մայրըª Վերժինե Մամուլյանը, վկայել է մի անձնական նամակում. «Հոլիվուդի ողջ կինեմատոգրաֆիական աշխարհը Ռուբենին բարձրացրել են լեռան գլուխը: Փարամաունթը հարստացրել է իր դրամարկղերը (գրում են, որ անհավանական հասույթ է), իսկ Ռուբենը ստացավ նոր փառք և դափնիներ: Դա փողից թանկ է: Բոլոր նշանավորներն ատամ են կրճտացնում, որ հենց եկավ երիտասարդ Ռուբեն Մամուլյանըª իրենց հետ մղեց: Մամուլը գրեց, որ ոչ մի նշանավոր բեմադրիչ չի իրագործել այնպիսի հանճարեղ մի բեմադրություն, ինչպես Մամուլյանը, որը նոր միայն երրորդ ֆիլմն է նկարահանում, այն դեպքում, երբ ուրիշները 20-25 տարի աշխատում են»:

1932-ին «Սիրիր ինձ այս գիշեր» կինոֆիլմով Մամուլյանը փորձել է իր մեկ այլ նախասիրությունը, այս անգամª երաժշտական կատակերգության բնագավառում: Ֆրանսիական կյանքից վերցված այդ մյուզիքլը դարձավ 1930-ականների ամերիկյան երաժշտական կինոյի ամենանշանակալից գործերից մեկըª մեծ ազդեցություն ունենալով ժանրի հետագա զարգացման վրա:

Հոլիվուդյան էկրանի երկու առասպելական աստղերª Մառլեն Դիթրիխը և Գրետա Գարբոն, նորովի բացահայտվեցին Մամուլյանի «Երգ երգոց» և «Քրիստինա թագուհին» ֆիլմերում: Հմայիչ կինոթագուհի Գարբոն, որ միշտ մերժել էր նկարահանումներից առաջ տեսարանները փորձել (գտնելով, որ դրանք զրկում են խաղը թարմությունից), առաջին իսկ նկարահանման ժամանակ տեղի է տվել Մամուլյանի առաջ£ Նրանց հարաբերությունները հետզհետե այնքան են ջերմացել, որ ֆիլմի նկարահանումներից հետո ուղևորվել են Արիզոնա, որն առիթ է տվել մամուլին հայտարարել երկու նշանավոր կինոգործիչների հավանական ամուսնության մասին: Իսկ Մամուլյանին սկսել են անվանել «միսթր Գարբո»: Մի լրագրող նույնիսկ այնքան է առաջ գնացել, որ գրել է, թե իբր Մամուլյանը շուտով վերադառնալու է Հայաստան, բայց մեծ ապերախտություն է գործում Հոլիվուդի հանդեպª իր հետ տանելով նաև իր հարսնացու Գրետա Գարբոյին, որն իբր ասել է, թե իր հայրենի Շվեդիայի կարոտն ինքն առնելու է նմանապես բարձրադիր և անտառաշատ Հայաստանից…

Զարմանալի պատահականությամբ գունավոր հեռատեսիլի և կինոյի հիմքերում կանգնած են երկու հայորդիներ: Հովհաննես Ադամյանին վիճակվեց դառնալ գունավոր հեռուստատեսության հինմադիրը: Ռուբեն Մամուլյանին վիճակվեց դառնալ գունավոր կինոյի հիմնադիրը: «Շատ տրամաբանական էր, որ երբ Հոլիվուդում գեղարվեստական մի հեղափոխություն տեղի ունենաª Ռուբեն Մամուլյանը պիտի այն ղեկավարեր»,– գրել է «Նյու Յորք հերալդ թրիբյունը»: 1935-ին նկարահանված Մամուլյանի «Բեքի Շարփը»ª ըստ Վիլյամ Թեքերեյի «Սնափառության տոնավաճառ» վեպի, եղավ առաջին ամբողջովին գունավոր ֆիլմն աշխարհում: Այս շարժանկարում վառ գույները ոչ թե սոսկ գեղեցիկ էֆեկտ էին, այլ ունեին միանգամայն հուզական, դրամատիկ նշանակություն: Մամուլյանը գույները հուզական նշանակությամբ հաջողապես  գործածել է նաև «Արյուն և ավազ» (1941) ֆիլմում:

Իր հաջորդ և հատկապես վերջին ֆիլմերում («Ուրախ ավազակը», «Բարձր, ընդարձակ և գեղեցիկ», «Ոսկե տղան», «Զորրոյի նշանը», «Ամառային արձակուրդ») Մամուլյանն արդեն պակաս նորարար էր թվում, թեև պարի օգտագործումը նրա ամենավերջինª «Մետաքսե գուլպա» (1957) ֆիլմում, նոր կինոլեզվի որոնման մի փորձ էր:

Ամերիկյան թատրոնի համար Մամուլյանը դրսից եկած մի բարեբախտություն էր, որ թարմ շունչ ներարկեցª զուտ ամերիկյան թեմայով թատերախաղերը բեմադրելով ռուսական թատերարվեստից սնված սկզբունքներով: Քառասունի հասնող նրա բեմադրությունները մեծապես նպաստել են Բրոդվեյի վերելքին: Իսկ համաշխարհային կինեմատոգրաֆի համար Մամուլյանի ի հայտ գալն օրինաչափություն էր: Տարբեր ժանրերում նա փորձեց գեղարվեստական ձևերով հասնել նոր արտահայտչամիջոցների ու գեղարվեստական մեկնաբանությունների: Նա ամերիկյան արվեստ ներմուծեց ռուսական դպրոցի ավանդույթներ, եվրոպական ճաշակ և հայկական քնարականություն:

Գեղարվեստական հնարանքների վարպետ գործածությունը, որոնցով առատ են Մամուլյանի ֆիլմերը, արդեն 1950-ականներին հնացավ, ասպարեզ իջավ իրապաշտությունը, կինոարարումը դադարեց արվեստի լեզվին տուրք տալ£ Ուստիև այսօր Մամուլյանին կինոարվեստի պատմության մեջ հիշում են առավելապես որպես տեխնիկական նորարարություններով աչքի ընկած արվեստագետ, որի գյուտերը ժամանակին հեղաշրջում էին համարվում, մինչդեռ այսօր ստացել են սոսկ պատմական արժեք: Կինոյում խորհրդապաշտական մտածողությունն իր հետագա դրսևորումներում պիտի այլ, նոր որակ ստանար՝ ի դեմս, հեղինակային կինոյի խոշոր դեմքերի, որոնք, սակայն, սնվում էին այլ ակունքներից և ունեին բոլորովին այլ արտահայտչամիջոցներ:

Հուլիվուդյան խոչընդոտներ

Համառ և անզիջում Մամուլյանի անկախությունը կատաղության է հասցրել Հոլիվուդի մագնատներին: Այդ մեծահարուստ հրեաները չէին կարող հաշտ աչքով նայել մի հայի հաջողություններին: Մամուլյանը հեռացվել է գրեթե նույնքան թվով ֆիլմերից, որքան որ նկարահանել է: Դրանց թվում էին «Լորան», «Փորգի և Բեսը», «Օքլահոման» և ի վերջո, «Կլեոպատրան»: 1957-ի նոյեմբերին «Մետրո Գոլդուին Մեյերը» համաձայնագիր է կնքել Մամուլյանի հետª «Փորգի եւ Բես» օպերան նկարահանելու համար: Սակայն մի կողմից բեմադրիչի հետ եղած տարաձայնությունների, մյուս կողմից 1958-ի հուլիսի 2-ին ստուդիայում ծագած հրդեհի պատճառով, որին զոհ են գնացել ֆիլմի դեկորները, արտադրիչը հուլիսի 27-ին աշխատանքից հեռացրել է Մամուլյանին: Գոլդուինը նրա փոխարեն նկարահանումը հանձնել է իր ազգակից Օտտո Փրեմինգերին, որին վճարվել է 150 հազար դոլարª կրկնակի, քան Մամուլյանին: «Ռուսն ի±նչ գիտի Քեթֆիշ Րուուի կյանքի մասին»,– հայտարարել է Գոլդուինըª տեղյակ չլինելով Մամուլյանի «Փորգիի» և «Փորգի և Բեսի» փայլուն բեմադրության մասին: Սա ցավագին հարված էր Մամուլյանի համար, ուստիև նա սկսել է Գոլդուինի դեմ ուժգին իրավական պայքար: Ու թեև ֆիլմը սպասված հաջողությունը չի ունեցելª Մամուլյանը պահանջ է դրել ամերիկյան բեմադրիչների սինդիկատի առջև, որ իր անունն էլ գրվի կինոնկարի մակագրերում: Սակայն սինդիկատը միաձայն վճռել է զրկել Մամուլյանին այդ իրավունքից: Մամուլյանի հեղինակությունը Հոլիվուդում զգալիորեն տուժել է:

Այս անհաջողությունից հետո Մամուլյանը ներգրավվել է մեկ այլ մեծ նախագծիª «Կլեոպատրայի» մեջ, տասնութ ամիս աշխատել այս սցենարի ու նկարահանման վրա: Նրա պահանջով է Կլեոպատրայի դերում հաստատվել անզուգական Էլիզաբեթ Թեյլորը: Մամուլյանը պահանջել է ֆիլմը նկարահանել Եգիպտոսում եւ Իտալիայում, սակայն արտադրիչը իտալական կառավարական հարկերը շատ բարձր է համարել և որոշել է ֆիլմն իրագործել Անգլիայում՝ պատճառաբանելով հարկերի նվազ լինելը: 1961-ի սկզբին Մամուլյանը հրաժարվել է ֆիլմից£ Էկրան բարձրացած և մեզ քաջ ծանոթ «Կլեոպատրայում» Մամուլյանը նկարահանել է մոտ 11 րոպեանոց դրվագª Կեսարին գորգի մեջ փաթաթած Կլեոպատրային ներկայացնելու և Անտոնիոսի ու Կլեոպատրայի ձիավարելու տեսարանները: Ի դեպ, Մամուլյանը ցանկացել է ֆիլմում ընդգրկել նաև գերված հայոց Արտավազդ թագավորի կերպարըª ոսկե շղթաներով, որը նրան փոխարինած բեմադրիչ Ջոզեֆ Լ. Մանկիևիչը գերադասել է չնկարահանել…

Մամուլյանը մեռա՞ծ հայության համար

Մի առիթով սփյուռքահայ մտավորական Երվանդ Ազատյանը «Մենք ենք մեր մեծագույն թշնամիները» հոդվածում («Ազգ», 2006, նոյեմբերի 25) վկայել է. «Տարիներ առաջ Ամերիկա-հայկական միջազգային քոլեջը պատվեց հռչակված կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանինª շնորհելով նրան պատվավոր դոկտորի աստիճան: Երբ նրա հասցեին գովաբանական խոսքեր արտասանելուց հետո գլխավոր զեկուցողը իջավ բեմից, մեկ ուրիշ հայ, որը երկար տարիներ Հոլիվուդում էր աշխատել, մոտեցավ նրան և ասաց. «Ինչո±ւ եք այդքան մեծարում այդ մարդուն: Նա կինոասպարեզում ոչ մի հայի չի օգնել»: Տպավորություն է ստեղծվում, թե Ռուբեն Մամուլյանը միտումնավոր կերպով չի օգնել հայրենակիցներին, և միայն այդ պատճառով հայերը չպիտի մեծարեին համաշխարհային կինոարվեստի խոշորագույն դեմքերից մեկին, որին ողջ աշխարհն է մեծարում: Հոլիվուդում երկար տարիներ աշխատած վերոհիշյալ հայը, իր բազմաթիվ այլ հայրենակիցների պես չի ընկալել մի կարևոր ճշմարտություն՝ Մամուլյանը միայն իր անձով և գործով շատ ավելին է արել հայի ու հայկականի միջազգայնացման ու ճանաչման համար, քան հարյուրավոր ազգային գործիչներ: Պետք է հաշվի առնել նաև կինոյում և մասնավորապես Հոլիվուդում աշխատելու առանձնահատկությունը: Նման գիշատիչ միջավայրում, կատաղի մրցակցության և օտարազգիների ամեն կերպ խոչընդոտող մագնատների անբարյացակամության մթնոլորտում Մամուլյանը նախևառաջ ինքն իրեն պաշտպանելու խնդիր է ունեցել: Չմոռանանք նաև տխուր պատմական իրողությունը, որ ամերիկյան կառավարությունը, անսալով Թուրքիայի պահանջներին, 1935-ին Ռուբեն Մամուլյանին արգելել է էկրան բարձրացնել Ֆրանց Վերֆելի նոր լույս ընծայված վեպը՝ «Մուսա լեռան քառասուն օրը», որին նա երկար և մանրակրկիտ կերպով նախապատրաստվել էր:

1971-ին հայաստանյան իր այցի ժամանակ Մամուլյանն ասել է. «Դուք հարցնում եք, թե ես ինչո՞ւ մինչև հիմա չեմ ստեղծել իմ «Մարդկային կատակերգությունը» (Վիլյամ Սարոյանի վեպը– Ա. Բ.), որ բոլորին ի տես հաստատեի իմ հայ լինելը: Մի՛ մոռացեք, սակայն, որ ֆիլմ ստեղծելը գիրք գրել չէ: Ֆիլմն ինձ պատվիրում են, ֆիլմն արտադրություն է, իսկ գիրքը՝ սեփական նախաձեռնություն»: Քիչ հայազգի արվեստագետներ են իրենց ունակություններն ու տաղանդն ամեն առիթով վերագրել իրենց ծնած ժողովրդին: Եվ թե՛ ազգային, թե՛ մշակութաբանական տեսակետից չափազանց կարևոր են Մամուլյանի՝ կյանքի ընթացքում բազմիցս կատարած խոստովանություները. «…երջանիկ եմ, գիտակցելով, որ եթե ունեմ արվեստագետի որևէ արժանիք, դրա համար ես պարտական եմ առավելապես ծնողներիս և ազնվական մեր հայ ազգին, որից մենք բոլորս ժառանգել ենք նրա հարուստ հոգեկան և մտավոր արժանիքները»:

Այնպես որ, հայ ժողովուրդն այսօր իրավունք չունի չընդունել Ռուբեն Մամուլյանին և փորձել ամեն կերպ կտրել նրան ազգային նկարագրից՝ առաջնորդվելով վայ-հայրենասիրական ինչ-ինչ պատկերացումներով: Մամուլյանը եղել և մնում է ամերիկյան բեմադրիչ, ամերիկյան մշակույթի մեծ տիտան, սակայն նաև՝ հայկական ուրույն նկարագիր ունեցող անհատ, ինչը, անշուշտ, անհնար է ուրանալ:

No Comments

Leave a Reply