Եղիշե Չարենցի 125-ամյակի առիթով լույս է տեսել «Գիրք ճանապարհի» ժողովածուի առաջին՝ 1933 թվականի հրատարակության բնագիրը՝ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի աշխատասիրությամբ: Գրականագետը օրերս ընթերցողին դատին է հանձնել նաև իր «Չարենց: Երեք ուսումնասիրություն» գիրքը: Գրքերը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։
Մայիսի 7-ին, ժամը 18:00-ին, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կանցկացվի «Չարենցին՝ Չարենցինը» միջոցառումը։ Չարենցի և Չարենցին նվիրված գրքերի շնորհանդեսին Արքմենիկ Նիկողոսյանը հանդես կգա նաև փոքրիկ դասախությամբ՝ նվիրված «Գիրք ճանապարհի» ժողովածուին:
«Իրականում մտահղացված ու իրացված լինելով որպես պետականության ու դրա կառուցման, պահպանման, հոգևոր-բարոյական կառույցի ու նկարագրի, պատմության փորձի ու գալիքի ուղերձների, ժողովրդի ու առաջնորդի վարքականոնների մատյան, յուրօրինակ սահմանադրություն, «Գիրք ճանապարհին», մանավանդ՝ «Արվեստ քերթության» և «Գիրք իմացության» բաժինների հարկադրյալ ներմուծմամբ, դարձավ պատմության, կյանքի, արվեստի ճանապարհների բանաստեղծականացում ու տասնամյակներով այդպես էլ մեկնաբանվեց: Այնինչ՝ «Գիրք ճանապարհի»-ի՝ 1933 թվականի առաջին հրատարակությունը իր կառուցվածքային և բովանդակային պարագրկումներով, ծածկագրերով ու ենթատեքստերով, այլազան հարցադրումներով հանդերձ, ըստ էության, նախևառաջ արտացոլում է հայոց ազգային պետականության չարենցյան տեսլականը: Հետագա տասնամյակներում Չարենցի երկերի հրատարակություններում «Գիրք ճանապարհ»-ի առաջին հրատարակության արգելված էջերը վերականգնվեցին, վերլուծվեցին և, բնականաբար, քաջածանոթ են ընթերցողին: Սակայն «Գիրք ճանապարհին» իր նախնական ու, ըստ էության, իրական կառուցվածքով ու հետևաբար ասելիքով՝ մնաց անծանոթ: 1934-ի հրատարակությանը հավելված գործերը, իրենց մեծ գեղարվեստական արժեքով հանդերձ, մշտապես խանգարել են Չարենցի բո՛ւն ասելիքի ընկալմանը»,-նշում է Արքմենիկ Նիկողոսյանը։
«Գիրք ճանապարհի»-ի այս հրատարակությունը, որ նվիրվում է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին, բովանդակային և կառուցվածքային առումով տառացիորեն կրկնում է 1933 թվականի առաջին՝ արգելված տարբերակը: Շտկվել են միայն ակնհայտ որոշ վրիպակներ և, բնականաբար, փոխվել է ուղղագրությունը:
No Comments