ՄշակութաԳիծ ԳիտաՆյութ

Մի սերնդի ճակատագիր

02.10.2019

Հայ ընթերցողի սեղանին է Վաղարշակ Մադոյանի «Մեր սերնդի ճակատագիրը» ժողովածուն, որն ընդգրկում է հեղինակի այն ստեղծագործությունները, որոնք կարելի է համարել նրա արձակի անկյունաքարերը: Գրական արժեքավոր երկերի ծնունդը կապված է գրական օժտվածության, նյութի իմացության, հայացքների, գեղագիտական իդեալի ամբողջության հետ, ինչը իմաստավորվում է ժամանակի պահանջով: Այդ ամենը բորբոքում է գրողի ներաշխարհը, և անհրաժեշտ բոլոր տարրերի շաղախից  ծնվում է ներշնչանքը: Մադոյանը գտել է իր աշխարհը, հերոսների շրջանը և համարձակորեն մտել է կյանքի հորձանուտը:

«Մեր սերնդի ճակատագիրը» վեպ-ժամանակագրության թեման 1990-ականների իրականությունն է, որն արտացոլում է պատմական-քաղաքական բարդ անցումները` Արցախյան պատերազմից մինչև անկախ պետականության հաստատում, և այդ ամենի արձագանքներն ու հետևանքները շարքային մարդկանց ճակատագրերում:

Մեծ հաշվով վեպի բուն հերոսը Հայաստանն է, իսկ Հայաստանը նախևառաջ այնտեղ ապրող մարդիկ են` իրենց բազմաթել ու բազմազան ցավերով, խնդիրներով` պատերազմ, խեղված ճակատագրեր, նորանկախ երկիր, խառնաշփոթ, պետական ունեցվածքի թալան… Բացահայտումները մեզ ծանոթ հարաբերություններն են` հերոս-ընտանիք, հերոս-աշխատավայր, հերոս-շենք ու բակի մարդիկ, հերոս-ծննդավայր և այլ ուղղություններով:

Ամենահրատապ ու հիմնական խնդիրները, որ Արցախյան գոյամարտի ու անկախացման տարիներին տեղ էին գտել հայության կյանքում, բազմաբնույթ ու ստվարաթիվ էին, ուստի առաջադրված հարցերի ծավալով վեպը հավակնում է լինելու նշված ժամանակաշրջանի հայ կյանքի համապատկերը: «Այդ տարվանից ամեն ինչ փոխվեց,- գրում է հեղինակը:- Իշխանությունը: Կյանքը: Եղանակը: …Վառելիք չկար, լույսը հովհարային անջատումներով  էր: …Սկսվեց իսկական քաոս, որի համեմատությամբ Շիրվանզադեի քաոսն ընդամենը թատերական ներկայացում էր: Առաջացան նոր հասկացություններ` երկրի նախագահ,  ապօրինի լարանցում, գործազրկություն…»[1]: Նշված պատմաշրջանի դեպքերի ու իրադարձությունների արտացոլումն ուղեկցվում է հայտնի քաղաքական գործիչների` վիպական գործողություններին մասնակցությամբ: «Հայաստանն ամբողջովին սեփականաշնորհվում էր` գործարան, մեքենա, էլեկտրակայան… Ամեն ինչ վաճառվում էր: Վաուչերով: Միայն պետությունը սեփականաշնորհվեց առանց վաուչերի, դարձավ Վազգենինն ու Վանոյինը: Զարմանալի բան չկար: Անկախություն էր… Տեր-Պետրոսյանն էլ, իրենից անկախ, Բաղրամյան 26-ում հայկական նոր գաղափարախոսություն էր մշակում ժողովրդավարական ոճով…» (7): «Աշխարհը շեղվել էր», ու երկիրը ոչ թե երկիր էր դառնում, այլ «հանցագործների որջ»: Սովը ժողովրդին էր մնացել, Հայաստանը` միայն իշխանավորներին: Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը պայքարում էր կոմունիստների դեմ. «Ստալինը գլուխը պատովն էր տվել, չնայած Ստալինն էլ լիներ, քարերի արանքով մկան ծակն էր մտնելու. ով հայկական քոչարի պարելիս ոտքի թաթը ՀՀՇ-ի գծից դուրս դներ, հաջորդ օրն իրենից անկախ դիարանում էր կամ  սեփական տան սեղանին պառկած` ձեռքերը  փորին…» (7): Բարձունքում են հայտնվում անարժան ու սուտ, երբեմն անգամ տարրական կրթություն չունեցող մարդիկ, որոնց թվում էր, թե իրենք «քայլող սրբություն են» կամ «յոթ սրբի տված»:  Գրականագետ Տ. Աշչյանը նման պատմելաոճը համարում է հեղինակի «անկեղծ ու համարձակ» քայլը. «ընթերցողն այլևս կարիք չունի ընդհանրացումների և նույնականացման, քանի որ վեպի հերոսները իրական պատմական դեմքեր են…, այլևս հարկ չկա կերպարները տիպականացնելու և կռահելու, թե ում մասին է խոսքը, և ուր է ուղղված հեղինակի քննադատության սլաքը»[2]:

Վախի  ու ամենաթողության մթնոլորտի շրջագծից դուրս գալու միակ ելք էր մնում արտագաղթը: Մարդիկ, «որտեղ հաց, այնտե´ղ կաց» սկզբունքին հետևելով, կոպեկներով վաճառում էին ամբողջ կյանքի ընթացքում  ձեռք բերածն ու մեկնում` իրենց «տունը քանդողի տանը ծառա դառնալու»: Ոմանք էլ «չքավորությունից դրդված «համեստ» գողություն էին անում, հետո մեկնում ռազմաճակատ, կատաղի մարտնչում: Մահացողները դառնում էին նահատակ, վերադարձողները մեղքերի թողություն էին ստանում: Ապրելու միջոց էր…» (262):

Իսկ պատերազմում զոհված զինվորի մորը պետությունը 15 000 դրամ թոշակ էր նշանակում. «Արմինեն նայեց փողին ու… բարձրաձայն լաց եղավ. նա առաջին անգամ հավատաց, որ տղան չկա՜… Արմինեն ի՞նչ աներ: Փոստատարը թողեց գումարն ու առանց ստորագրությունը ստանալու դուրս եկավ… Փոստատարն ի՞նչ աներ…» (259): Արմինեն 15 000-ով գնեց մի հաց, մի ձեթ, տասը ձու, բայց հետո դա էլ դրեց գետնին ու հեռացավ:

Մադոյանը զգայուն է ժամանակաշրջանի ներքին պահանջների նկատմամբ. ամբողջ խորքով ընկալում է դեռ նոր-նոր ծլարձակող, բայց արագորեն արմատներ գցող երևույթների ներքին խորհուրդը:

Վեպի գլխավոր հերոսը` Երևանի հոգեբուժարանի` ծանր հոգեկան խանգարումների բաժանմունքի վարիչ Կայծակ Հովհաննիսյանը, որի «ամսվա աշխատավարձը մեկ օրվա ապրուստի փող էր» (16), ընտանիք պահողի պատասխանատվությամբ գտնում է երկրորդ` զուգարան մաքրողի աշխատանք: «Երկու հարյուր դոլար… Անգրագետ մարդկանց համար նախատեսված այս աշխատանքն արժեր ավելի, քան իր բժշկությունը,- մտածում է հերոսը:- Սարսափելի էր… Յոթանասուն տարի կոմունիստները (հազա՜ր ողորմի նրանց) պայքարեցին, որ զուգարան մաքրողները բժիշկ, գիտնական ու գրող դառնան, իսկ հիմա արվում է հակառակը… Թե այսպես գնաց, կրթություն ստանալն էլ հարամ է» (179):

Դրսի աշխարհից, սակայն, տարբերվող է հոգեկանների` ժամանակի խառնաշփոթի թոհուբոհում տակնուվրա եղած կյանքի հարվածներից հոգեկան հավասարակշիռ վիճակը կորցրած մարդկանց աշխարհը, որոնց մտքերում էլ «հայելու պես» արտացոլվում են ժողովրդի երազանքները: Կարող է պարադոքս թվալ, բայց հեղինակի պնդմամբ «խելառը խելացիից հեռատես էր…» (16): Հենց նրանք են արձանագրում փաստը` «օրենքը կորել է» (115), և իշխանության հասնելու միակ միջոց է մնացել «բազմաֆունկցիոնալ  օճառը»:

Փոքր Հայաստանի վերելքի և գալիքի խնդիրը պահանջում է նախ կռիվ բացել ոչ վաղ անցյալի քաղաքական ու հոգեբանական ճնշող լիցքերի դեմ, որ ավելի հեշտ հաղթահարվեն դատապարտված, բայց  դեռ գոյատևող մոլորություններն ու սխալները: Շենշող ապագայի տեսլականով հեղինակը կապակցում է հայ  ժողովրդի ամբողջ կենսագրության հին ու նոր էջերը, հիշատակում երևելի թագավորների, հերոսների անուններ, որոնք խենթի պես սիրել են հայրենիքը և պայքարել նրա բարգավաճման ու հզորացման համար: Նա կապ է հայտնաբերում հեռավոր անցյալի ու ներկայի միջև` ցույց տալու համար, որ հայ ոգու հզորությունը բնավ չի անհետացել և տակավին գործում է Կայծակ Հովհաննիսյանի ու էլի շատերի երակներում: Մադոյանը չի երկնչում նաև հայ ժողովրդին դիտարկել համաշխարհային մեծությունների արժեհամակարգում` երբեմն բավարարվելով միայն որոշ այլաբանական դրվագներում նրանց անունները տալով` Նյուտոն, Էյնշտեյն, Գագարին, Նապոլեոն… Հոգեբուժարանի հիվանդների «Ազգային ժողովը, …որտեղ եղանակ են ստեղծում Քաջ Անդրանիկն ու Վարդան Մամիկոնյանը», ուղենշում է աշխարհում ամենամեծ` «հարմարվողական կուսակցությունից» հրաժարվելու, «ամեն մարդ պետք է իր հարցերը լուծի» սկզբունքը մերժելու վճռական դիրքորոշումը` հաստատելով «Ավարա՜յր, ով հայրենիք է ուզում, դեպի Ավարա՜յր. կա´մ մահ, կա´մ ազատություն» կարգախոսը (116):  Եվ հիվանդներն առաջինն են ցույց տալիս օրինակը` ըմբոստանալով հիվանդանոցի անմարդկային կարգուկանոնի և պայմանների դեմ. «Նույն օրը` երեկոյան, երեսուն «ազատամարտիկ» փակվել էին առաջին և երկրորդ պալատներում ու պահանջում էին Մարոյի (Մարոն հիվանդանոցի նախկին անբարո հավաքարարն էր, իշխանափոխությունից հետո` գլխավոր տնօրենը.- Ա. Չ.) հրաժարականը: Վարդան Մամիկոնյանը զգուշացրել էր, որ եթե հիվանդանոցի մնացած բնակչությունը խելոք կրի իր խաչը ու չմիանա իրենց խմբին, իրենք կգահազրկեն Մարոյին և Արծրունիների դրոշի փոխարեն կբարձրացնեն Բագրատունիներինը: Այն ջերմությունը, որն ստանում են մնացած պալատները, կուղղվի առաջին և երկրորդ պալատներ (խոսքը ջեռուցման մասին է.- Ա. Չ.), քանի որ իրավունքներ ունենալու համար պետք է պայքարել. ոչ ոք չի մարտնչելու ուրիշի փոխարեն» (151):

Նրբագծի ու նրբերանգի սուր զգացողությամբ՝ Մադոյանը դրսևորում է դիտողական բացառիկ շնորհ, մանրուքներից մոտենում է ընդհանուրին, և ծնվում են հերոսներ` հոգեկան մեծ ու փոքր տեղաշարժերով, մինչև այն պահը, երբ ոչ վաղ անցյալում մի քիչ հուսահատ ու դառնացած հերոսը իրեն զգում է երկրի տեր:  Հեղինակի կյանքի բեկորներից, հատվածներից հավաքված, շաղախված ու հունցված գեղարվեստական պատկերներում շատ լավ երևում է նաև գրողի հոգու շարժումն ու վերածնունդը: Կյանքը կառավարելու ընթացքից դուրս մղված, կյանքի ապտակներից պաշտպանվող և միայն գոյատևել փորձող հայրենանվեր, կարող ու գիտակ ուժերի հատվածին Մադոյանը հակադրում է մի կողմ քաշված ապրել չցանկացողներին, որոնք ուզում են «իսկական կենսագրություն» ունենալ: Թե չէ, ինչպես հերոսներից մեկն է նշում, «…եթե ինքն ինստիտուտ ավարտած չլիներ, կենսագրությունից երեք տող էլ կպակասեր: Ծնվեց, աշխատեց, մեռավ… Առվի ջուր էր, եկավ, գնաց, ցամաքեց: Գոնե մի ջրաղացի ուս տված լիներ» (257):

Գլխավոր հերոսի` «սա կա´մ աշխարհի վերջն է, կա´մ գուցե նոր աշխարհի սկիզբը» դատողությունը հեղինակը զարգացնում է իբրև կողմնորոշում դեպի «նորի սկիզբը», և ուղենշվում է հայրենիքին «ուս տալու», «իսկական կենսագրությամբ», ասել է թե՝ որպես ճշմարիտ քաղաքացի ապրելու գաղափարը, որպեսզի «յոթանասուն տարի թեյի գդալով հավաքածը հիմա խոշոր շերեփով դուրս չտանք» (298):

1990-ականների դեպքերից, իրադարձություններից 20-25 տարի անց հյուսված վիպական դիպաշարում առաջադրված գաղափարները ոչ թե անցյալին են վերաբերում, այլ ներկային ու ապագային և միանգամայն արդիական նշանակություն ունեն: Վեպի գաղափարը հանգում է հայ ժողովրդի ֆիզիկական, հոգևոր ու բարոյական հարստության բացահայտմանը: Մադոյանը կարևորում է ինքնաճանաչման հարցը, որն էլ օգնելու է ազատագրվել անցյալի սխալներից և հաստատուն քայլերով շարժվել առաջ:

Կասկած չկա, որ ստեղծագործական լիցքերը բխում են հոգեբանական դառը ապրումների խառնարանից: Գրքի յուրաքանչյուր էջում այդ խառնարանում թաթախված գրչի հետքերն են, ցավի` լույսով շաղախված բեկբեկումները, որ վկայում են ասելիքի խորությունն ու հասունացած լինելը:

Բնաբուխ շնորհով կերտված պատկերները, որ երբեմն աչքի են ընկնում հրապարակախոսության չափաբաժնի փոքր ավելցուկով, իրապատում երանգ են տալիս հերոսների բնավորությանն ու գործերին: Մադոյանական անմիջական, շատ հաճախ հումորային պատումի կերպը իրագործվում է գունեղ, հոգեպարար հայերենով, առողջ ու բնական խոսքով: Վեպի առաջին ընթերցողներից բանասեր Կարինե Ասատրյանն իր գրառումներում ընդգծել է պատումի գրավչությունը, աշխարհաշեն, արտահայտիչ խոսք ու զրույցի առկայությունը` երկը բնութագրելով իբրև <<հայոց բառ ու բանի հմայիչ շտեմարան»[3]: Երգիծաշաղախված գրչով Մադոյանը կարողանում է դժվարին ժամանակների հասարակական–քաղաքական կյանքի մթնոլորտի մռայլը ցրել` համադրելով առաջին հայացքից անհամադրելի թվացող հուսահատությունն ու ոգևորությունը, լացն ու ծիծաղը, թախիծը և ուրախությունը: Երգիծանքը մասնակցում է մարդկանց առօրյային ու կյանքի պայքարին, կապվում է ժամանակի հոգեբանությանն ու քաղաքական մտածողությանը: Նա ստեղծում է հումորապատ կենցաղային ինքնատիպ հենք, որը բնական երանգներ է տալիս հերոսների բնավորությանն ու գործերին, ընտանեկան վեճերին: Մի առիթով գրականագետ Վ. Գաբրիելյանը մադոյանական արձակը բնորոշելու համար ընտրել է «Իրական պատմություններ: Համոզիչ պատում»  խորագիրը` ընդգծելով, որ այս հեղինակը իրադարձություններն այնքան հանգիստ ու անբռնազբոս է շարադրում, «կենդանի,  ժողովրդախոսակցական լեզվով, դարձվածքներով ու ասացվածքներով համեմված, որ ընթերցողը չի էլ մտածում կասկածել դրանց վավերականությանը…»[4]:

Բաց, անկեղծ զրույցի ձևով շարադրանքը թույլ է տալիս օգտագործել լեզվական տարբեր շերտեր` բարբառ, ժարգոն, գռեհկաբանություն ու օտարաբանություն:

Իսկ այդ ամենին զուգահեռ` որպես հեղինակի մշտական ուղեկից ու ընկեր է մնում իրականությունը` իր ապրեցնող թրթիռներով: Մարտական գործողությունների ժամանակ ոտքը կորցրած բժիշկ Կայծակ Հովհաննիսյանը վերականգնողական բուժում է ստանում Ֆրանսիայում, բայց ուզում է օր առաջ հայրենիք վերադառնալ ու նոր Հայաստանի կայացման մասնակիցը դառնալ` երազելով այն գալիքի մասին, երբ հպարտ կասի` «ես հայաստանցի եմ»: «Մեր սերնդի  ճակատագիրը» վեպը հայ մարդուն ուղղված հրավեր է՝ ամուր կառչել հողից, վերստեղծել նոր Հայաստան և կապվել աշխատանքին: Պահելով գեղարվեստական որակը` Մադոյանը հասնում է սոցիալ-քաղաքական ու հոգեբանական մտածողության ընդհանրացման, խտացման: Ընթերցողը հերոսներից յուրաքանչյուրի մեջ տեսնում է իրեն ու իրեն շրջապատողներին: Սա է մարդուն գրականությանը մերձեցնող ճանապարհը: Վ. Մադոյանը այդ ճանապարհը կառուցող շինարարներից է: Ճիշտ է ասված՝ աշխատանքն ու որոնումը չեն ավարտվում, վաղվա օրն էլ միշտ կա, ուստի ընթերցողը վստահ սպասելու է նոր ու հետաքրքիր ստեղծագործական հայտնությունների:


[1] Տե´ս Մադոյան Վ., Մեր սերնդի ճակատագիրը, Եր., 2018, էջ 5: Հետայսու սույն գրքից կատարվող մեջբերումների էջերը կնշվեն տեղում`փակագծերի մեջ:

[2] Տե´ս https://gmpress.am/2019/08/18mer-serndi-chakatagiry-karciq-2/ :

[3] Տե´ս https://gmpress.am/2019/07/24/mer-serndi-chakatagiry-karciq2/ :

[4] Գաբրիելյան Վ., Իրական պատմություններ: Համոզիչ պատում, (Մադոյան Վ., Մեր օրը, Եր., 2007, էջ 3):

Ազնիվ Չիլինգարյան
Բանասիրության թեկնածու, դոցենտ

No Comments

Leave a Reply