Ֆրանսաբնակ հավաքորդ Համլետ Հովսեփյանը «ժամանակի» ճամփորդ է․ Արևմտյան Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը ներկայացնող նրա եզակի հավաքածուն այլ կերպ է բացահայտում հայ վարպետների երևակայության և ճաշակի սահմանները։
— Համլե՛տ, ինչպե՞ս սկսեցիր հավաքորդությամբ զբաղվել։ Ինչո՞վ քեզ գրավեց արծաթագործությունը։
— 2012 թվականին 15 օրով Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում էի։ Անիում մի դրամ գտա․ չգիտեմ՝ պատահակա՞ն էր, թե՞ կողքիս հայտնված քուրդը միտումնավոր գցեց, երբ տեսավ իմ հետաքրքրությունը, գրպանից մի բուռ դրամ հանեց ու առաջարկեց, որ գնեմ (ժպտում է- հեղ․)։ Դրամը բավականին մաշված էր, բայց որոշ տառեր ընթեռնելի էին․ հայերենին նմանեցրի։ Երբ ուխտագնացությունից վերադարձա, սկսեցի համացանցով փնտրել Անիում հատված հայատառ դրամների պատմությունը, սակայն, ցավոք, ոչինչ չգտա։ Ավելի ուշ պարզեցի, որ Տաշիր-Ձորագետի տարածքում Կյուրիկյանների կողմից հատված հայատառ դրամից բացի՝ Բագրատունյաց թագավորության շրջանում ո՛չ Անիում, ո՛չ այլ բնակավայրում հայատառ դրամներ չեն հատվել։ Հետաքրքրությունս ավելի մեծացավ․ ընկերներիս խորհրդով դրամը ցույց տվեցի Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտության բաժնի պատասխանատուին։ Ասաց, որ վրաց թագուհի Ռուսուդանի կողմից 13-րդ դարում հատված դրամ է։ Վրացական դրամ՝ մայրաքաղաք Անիում․ այս ամենը շատ հարցեր ծնեց, ու Ֆրանսիա վերադառնալուն պես սկսեցի հին հայկական դրամներ փնտրել։ Առաջինը համացանցում աչքովս ընկան Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանում (1198-1375 թթ․) հատված նմուշները։ Հիմնականում մատչելի ու հասանելի են․ գինը սկսվում է 10 դոլարից։ Ինչ վերաբերում է Կիլիկիայի հայկական իշխանության օրոք (1080 -1198 թթ․) հատված և մեզ հասած սակավաթիվ դրամներին, ապա դրանց գինն աճուրդներում գերազանցում է 50 000 դոլարը։
Մի օր՝ հերթական փնտրտուքի ժամանակ, արծաթե գոտի գտա, որը գերմանացի վաճառողը ներկայացնում էր որպես թուրքական։ Ներքին ձայնս հուշեց, որ պիտի ձեռք բերեմ այդ գոտին․ չսխալվեցի։ Վրան հայերեն «ԵՄ» տառերն էին և արաբերեն գրություն, որը թարգմանվում է «Վան»։ Այդ օրվանից սկսեցի հայկական արծաթագործությամբ հետաքրքրվել։
— Ցեղասպանությունից անցել է 107 տարի։ Սերնդեսերունդ Էրգրի կենցաղի, բարքերի մասին հիշողությունն ավելի աղոտ է դառնում, մյուս կողմից՝ թուրքական իշխանությունն ակտիվ կեղծում է պատմությունը։ Որտեղի՞ց ես հավաստի տեղեկություն հավաքում։
-Արևմտյան Հայաստանում արծաթագործության արհեստին անդրադարձել է ամերիկաբնակ գրող Հովսեփ Թոքատն իր «Հայ արծաթագործ վարպետները» գրքում։ Նրա շնորհիվ եմ ծանոթացել հայկական զարդերին։ Ամեն անգամ Արևմտյան Հայաստանում թուրքական թանգարաններ այցելելիս մեծ ցավ էի ապրում․ հայ վարպետների աշխատանքները ներկայացված են որպես թուրքական կամ, լավագույն դեպքում, օսմանյան մշակույթի մաս։ Ի հեճուկս դրա՝ մեր թանգարաններում գրեթե ոչինչ չէիր գտնի, չնայած պահոցներում հարուստ հավաքածու ունենք։ Բարեբախտաբար, վերջին երկու տարիներին թե՛ Հայաստանի պատմության, թե՛ Սարդարապատի հայոց ազգագրության թանգարաններն ահռելի աշխատանք են տանում այդ ուղղությամբ։
Երբեք չէի մտածի, որ կկարողանամ նման հավաքածու ստեղծել։ Բավականին դժվար է հայ վարպետների աշխատանքները գտնելն ու գնելը ինձ պես հասարակ աշխատավարձով ապրող մարդու համար։ Ահռելի ժամանակ և համբերատարություն պահանջող աշխատանք է։ Կարող ես օրերով նստել համակարգչի դիմաց և ոչինչ չգտնել։ Եղել են իրեր, որոնք ձեռք բերելու համար գրեթե մեկ տարի սպասել եմ, մինչև վաճառողը համաձայնել է գինն իջեցնել։
Ի սկզբանե փորձեցի թուրքական տրամաբանությամբ շարժվել և անտիկ իրեր վաճառող առցանց խանութներում փնտրել թուրքական, քրդական, օսմանյան, պարսկական, արաբական և այլ իրեր։ Շատ հաճախ չիմացության պատճառով հայ վարպետների ձեռքով պատրաստածը վերագրվում է այլ երկրներին։ Ժամանակին նրանց աշխատանքներն այնքան հարգի են եղել, որ արտահանվել են աշխարհով մեկ։ Զարդերը, սակայն, ձեռք եմ բերում հիմնականում թուրք վաճառականներից։ Սա պարզ բացատրություն ունի․ օրինակ՝ Ցեղասպանության ժամանակ տատիկիս հայրն ու հորաքույրը փրկվել են զարդերի շնորհիվ։ Հորաքույրը, զարդերը տալով քուրդ հարևաններին, կարողացել է մի քանի օր շահել ու եղբոր հետ թաքնվել խոտի դեզի մեջ, մինչև սպանդը վերջանա։ Շատ են պատմությունները, որ կոտորածի ժամանակ քրդերը զբաղվել են հայուհիների զարդերի թալանով։ Ցեղասպանությունից 100 տարի անց դեռ հնարավոր է փրկել այս իրերն օտարումից կամ վերջնական անհետացումից։ Երջանիկ եմ, որ կարողանում եմ մեր մշակույթից մի փոքրիկ մաս վերադարձնել մեզ, հայկական զարդերը ճանաչելի դարձնել օտարազգիներին։
— Խնդրում եմ, ներկայացրու՝ ինչ կա հավաքածուում։ Մեր նախորդ զրույցում պատմել էիր քո կյանքում Վանի կարևորության մասին։ Ըստ քեզ՝ ինչո՞վ է առանձնանում վանեցի արծաթագործների ձեռագիրը։
— Լինի Վանից, Կարինից, Երևանից, Արցախից թե Ջավախքից՝ հին հայկական զարդերը միշտ տարբերվել են նուրբ աշխատանքով ու յուրահատուկ ոճով։ Վանում պատրաստված զարդերն ուսումնասիրելով՝ հասկացա, որ գերակշռում են ուրարտական մասնիկները՝ կենաց ծառը, կիսալուսինը և այլն։ Հետաքրքիր է, որ Կիլիկիայի հայ արքաներն իրենց դրամների վրա՝ խաչի կողքին, նույնպես պատկերել են կիսալուսին։ Այն կանացիություն, պտղաբերություն և լուսնի հետ կնոջ կապվածությունն է խորհրդանշել։
Ունեմ զարդեր, ծիսական առարկաներ, սպասք, ծխախոտատուփեր, մատանու զարդատուփեր և նախորդ դարի վերջին առօրյայում օգտագործվող տարատեսակ այլ իրեր։ Զարդերի շարքում գերակշռում են Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում պատրաստված գոտիները՝ կնիքված հայ վարպետների անձնական կնիքներով։ Բացառիկ են վզնոցները, ճակատնոցները, ապարանջանները, հմայիլները և այլն։ Արծաթե իրերից բացի՝ ձեռք եմ բերել նաև հայկական մշակույթը ներկայացնող այլ առարկաներ՝ փոստային բացիկներ, հին լուսանկարներ, արևմտահայ վարպետի պատրաստած բացառիկ «քանոն», 16-րդ և 19-րդ դարեր թվագրվող ձեռագիր ու տպագիր երկու աղոթարաններ, որոնք պատկանել են վանեցի հոգևորականի։ Գրքերից մեկը, որից, եթե չեմ սխալվում, միայն 5 օրինակ է պահպանվել, Վենետիկում 1851 թվականին տպագրված «Գրիգորի Նարեկայ վանից վանականի Ողբերգութիւն»-ն է։
— Հմայիլների մասին հիշատակեցիր։ Ովքե՞ր և ի՞նչ նպատակով են դրանք կիրառել։ Կա՞ն հմայիլների հետ կապված ավանդազրույցներ։
— Շատ հնագիտական զարդեր փաստում են, որ դեռ անտիկ ժամանակներից հայկական լեռնաշխարհում թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք կրել են հմայիլներ, որոնք չարխափան դեր են կատարել։ Ծառայել են զանազան հիվանդություններ բուժելու համար, եղել են պտղաբերության ու վերարտադրության խորհրդանիշ։ Միջնադարում հմայիլների նշանակությունը, կարծես թե, մոռացության է մատնվել, և միայն 18-րդ դարում հատկապես Վասպուրականում և Տարոն գավառում հմայիլները կրկին «վերածնվեցին»։ Մեզ են հասել 18-20-րդ դարերի թվագրությամբ եռանկյունաձև հմայիլներ, որոնց անվանել են «հեքիալ»։ Հեքիալները եղել են կանացի սկզբի խորհրդանիշ: Հմայիլ-պահպանակների խմբին են դասվում նաև «նոր» անունով կիսալուսնաձև կախիկները, այսինքն՝ նորալուսինները։ Նորերը կանայք կրում էին չարքերից պաշտպանվելու և զավակ ունենալու համար: 19-20-րդ դարերում հայտնի են եղել «խիար» անվանումով հմայիլները, որոնք նույնացվում էին տղամարդու արական սկզբի` ֆալոսի հետ: Կանայք այն կրում էին որպես պտղաբերության խորհրդանիշ։ Որպես չարխափան՝ գործածվել են նաև գորտի պատկերներով զարդերը` ճարմանդներ, ճակատազարդեր, գոտիներ, ականջօղեր: Գորտաձև զարդերը, որոնց նշաձև, շեղանկյուն նախշերը կնոջ պտղաբերություն էին նշանակում, կրում էին հատկապես նորապսակները և հղիները։
Ի դեպ, պարոն Հովսեփ Թոքատը մի գեղեցիկ ավանդույթ է մեզ փոխանցել նոր կազմավորվող ընտանիքի մասին։ Փեսայի ընտանիքի քահանան նրա ձեռքից վերցնում էր արծաթե տուփի մեջ դրված ու մետաքսե թաշկինակով փաթաթված նշանդրեքի մատանին, տանում տվյալ շրջանի հոգևորականների առաջնորդ եպիսկոպոսին: Վերջինս, մատանին օրհնելով, տալիս էր ապագա հարսի ընտանեկան քահանային, որն էլ տուփը փոխանցում էր աղջկա ընտանիքին: Այս ավանդույթը, ցավոք, ժամանակի հետ անհետացել է մեր մշակույթից։
— Համլե՛տ, քո հավաքածուի լուսանկարները պարբերաբար տարածում ես համացանցում։ Ո՞րն է նպատակը։ Արդյո՞ք մարդիկ այդ ամենը միայն որպես զարդ կամ թանկարժեք իր չեն դիտարկում, այլ իսկապես հետաքրքրվում են մեր կորցրած մշակույթով։
— Եթե չլինեին այս զարդերը, չէի լինի ես․ միգուցե չլիներ ոչ ոք։ Քանի՜ կյանքեր են դրանք փրկել կոտորածների ժամանակ։ Թե քանի տոհմական պատմություն են թաքցնում այս զարդերն իրենց մեջ, միայն Աստծուն է հայտնի։
Շատերը կարծում են, թե ես պարզապես հավաքորդ՝ կոլեկցիոներ եմ, սա զուտ հոբբի է ինձ համար։ Այդպես չէ։ Նախնիներիս պատմությունն է ոգեշնչել ինձ փնտրել գրեթե մոռացության մատնված հայկական զարդերն ու այլ իրեր, վերադարձնել դրանք իրենց արմատներին։ Դեռ անտիկ ժամանակներից զարդեր պատրաստող ժողովուրդ ենք, բայց աշխարհին ներկայանալու համար մինչ օրս մեկ ամբողջական գիրք-կատալոգ չունենք, որում կլինի մեր նախնիներից ժառանգած զարդերի շքեղ հավաքածուն։ Տեսնելով ներկայիս անփույթ վերաբերմունքը, որ տածում ենք մեր մշակույթի հանդեպ, նույնիսկ անիմաստ է բարձրաձայնել զարդերի թանգարան ունենալու մասին։ Պատմությունը ցույց է տալիս, որ սեփական մշակույթից հեռացած ժողովուրդները դատապարտված է ինքնաոչնչացման։
Հայոց ցեղասպանությունից խոսելիս հաճախ մոռանում ենք այն հազարամյա հարուստ մշակույթի մասին, որը թողել ենք Ախուրյանից այն կողմ։ Օտարազգի զբոսաշրջիկներն այցելում են Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթանում կատարված ողբերգությանը, ցավում են ու վերջ։ Հրաշալի կլիներ, օրինակ, նույն այդ զբոսաշրջիկներին պատմել, թե ինչ առօրյայով էին ապրում մեր երկուսուկես միլիոն հայրենակիցները մինչև կոտորածը։ Անցած ամռանը Հայաստանի պատմության թանգարանը հայկական տարազին վերաբերվող ցուցահանդես էր կազմակերպել։ Մի անգլախոս, որը նմանատիպ տարազներ տեսել էր Իրաքի քրդաբնակ քաղաքներից մեկի թանգարանում, զարմացավ, թե ինչու ենք ուրիշինը գողացել։ Հայկական մշակույթը մեկն է, սակայն, կարծում եմ, պարտավոր ենք Արևմտյան Հայաստանի տարբեր շրջանների մշակույթը ներկայացնել առանձին թանգարանի տեսքով, որտեղ կլինեն արծաթագործության, ասեղնագործության, կավագործության, գորգագործության նմուշներ և, ընդհանրապես, արևմտահայ բնակչության առօրյա կյանքը բնութագրող դրվագներ։ Թանգարանների պահոցներում ցեղասպանությունից փրկվածների կողմից նվիրաբերված հսկայական նյութեր ունենք, որոնք չգիտես թե ում համար են պահվում։ Չենք կարող աշխարհից պահանջել ցեղասպանության ճանաչում ու հատուցում, քանի ինքներս մեզ չենք վերագտել։
Հուսով եմ՝ մի օր երազանքս կկատարվի ու այսքան տարվա աշխատանքս՝ փրկված մասունքները, իրենց տեղը կգտնեն Արևտյան Հայաստանի մշակութային ժառանգությանը նվիրված թանգարանում։
— Ցուցահանդես անելու մտադրություն չունե՞ս։
— Ստրասբուրգին կից մի փոքրիկ քաղաքում ցուցահանդես ունեցել եմ, բայց միայն ընկերներիս համար։ Այն ժամանակ դեռ զարդեր չունեի։ Վերջերս դիմեցի Ստրասբուրգի քաղաքապետին (ազգությամբ հայ), որ սրահ տրամադրեն ու օգնեն ցուցահանդես կազմակերպել։ Պատրաստակամություն հայտնեց օգնելու և ուղղորդեց քաղաքապետարանի այն բաժինը, որը զբաղվում է մշակութային գործունեությամբ։ Հավանաբար աշնանը կկազմակերպենք։ Սակայն ամենամեծ ցանկությունս հավաքածուս Հայաստանում ցուցադրելն է։
Անի Անտոնյան
No Comments