Սկիզբը՝ այստեղ
…Լուսաբացին նետվեցի գիշերային սառնության մնացորդներով թարմացնող ալիքների գիրկն ու դուրս եկա․ նա իսկապես անհետացել էր, ինչպես ցողը կեսօրին։ Մի պահ դա պակաս հավանական թվաց, քան եթե ընդհանրապես եղած չլիներ, միայն իմ երևակայության, այս դեպքում՝ ակնհայտորեն հիվա՛նդ երևակայության ծնունդը լիներ։ Բարձրացա հյուրանոցի ադմինիստրատորի մոտ․ նա իրական էր, մեկնել էր երեկ առավոտյան, տաքսի էր պատվիրել օդանավակայանի ուղղությամբ, ոչինչ չէր մոռացել, ոչ մեկին նամակ չէր թողել… Նա իրական էր, ու ես սկսեցի մանրամասներ հիշել, ամենաչնչին մանրուքները, որ կարող էին օգնել ինձ գտնել նրան, կարևորը, որ իրական էր։ Ուրեմն իրական էր, և հագուստներիս կպած նրա օծանելիքի բուրմունքը, անկողնուս սավանը մենակ չէի ճմռթել, ու գուցե… իսկապես հղի էր, թեև… գիտելիքներս թույլ էին տալիս ենթադրել, որ նման եզրահանգման համար անցած ժամանակը կարճ էր…
Իսկույն էլ սկսեցի որոնումները. նախ՝ օդանավակայան։ Ընկերոջս միջոցով ձեռք բերած ուղևորների ցուցակից պարզեցի, որ ինձ հայտնի նրա անուն-ազգանունով մարդ վերջին երեք օրերին ոչ մի տեղ չէր թռել։ Մի քանի օրից գտա տաքսու վարորդին. լճափնյա ուղևորուհուն հիշում էր, իջեցրել էր մետրոյի կայարանի մոտ։ Հենց այստեղ էլ կտրվում էր հետքը։ Նրան գտնելու հավանականությունը շատ էր փոքրանում, սակայն գոնե սահմանափակվում էր մեր՝ ընդամենը մեկ միլիոնանոց քաղաքի շրջանակում։
Հասցեների տեղեկատուում իմացա, որ քաղաքում չորս հարյուրից ավելի նույն անուն-ազգանունով մարդ կա, որոնցից միայն յոթն էր տարիքով մոտ։ Յոթին էլ ստուգեցի ու նրան չգտա. հավանաբար այլ քաղաքում էր գրանցված… Միաժամանակ շրջում էի քաղաքի բոլոր այն վայրերով, որտեղ կարող էր լինել. զգում էի, որ քիչ ժամանակ է մնացել, բայց ինչու՝ չգիտեի։
Նրա պակասը մարմնապես սկսեցի զգալ մեր բաժանման քսանմեկերորդ օրը. արյունս, կարծես, մի քիչ ջրիկացել էր ու չէր կարողանում լիովին կատարել իր դերը։ Հաջորդ օրը մի քիչ ավելին զգացի։ Միայն այդ պահին հասկացա, որ իմ զգացումներն ու զգայությունները միայն ինձնից չեն բխում, որ այս ողջ ընթացքում նա իրականում ինձ հետ էր, ինձ պես զգացել է ինձ իր մեջ, իր երակներում, իսկ հիմա… պիտի որ ինչ-որ բան պատահած լիներ… կամ ինչ-որ մի ավելի հզոր բան պիտի հեռացներ նրան ինձնից… Այն ժամանակ չգիտեի ու չկարողացա հասկանալ, թե ինչն էր կարող այդպես ազդել…Ինչևէ, մի քանի օրից ինքս էլ անհետընթաց փոփոխությունների ենթարկվեցի… գունատվում ու թուլանում էի ժամ առ ժամ, գլխումս աղմուկ էր, ավելի ստույգ՝ ամայի ափին զարնվող ալիքների ձայն, որ բժժեցնում-ապուշացնում էր, ձեռքերս ու մատներս ոչինչ չէին զգում, միայն հիշողություններ էին վերապրում՝ նրա՛ մարմնի հետ կապված հիշողություններ։ Աչքերս միայն նրան էին որոնում՝ ուր էլ նայեի, ականջներս միայն նրա ձայնն էին լսում, իսկ մնացած ամեն ինչն ընկալում էին՝ որպես աղմուկ։ Ռնգերումս նրա ու լողափի միախառնված բուրմունքն էր։ Հենց փորձում էի քնել, արթնանում էի երազախաբությունից ու ոռնում էի բարձրաձայն, երբ նրան կողքս չէի գտնում։
Հինգերորդ օրը գամվեցի անկողնուն, ու ծնողներս անհանգստացան. բժիշկների մի հսկա շարան, անհեթեթ ու տանջալից հետազոտություններ, սրսկումների ու դեղահաբերի անիմաստ քանակություն, որ միայն բթացնելու, հետո էլ խթանելու, թեկուզ չնչինս հետ՝ կյանք վերադարձնելու նպատակ ունեին։ Իսկ ինձ միևնույն էր․ անտարբեր էի ու թուլակամ։
Տեր Աստված… եթե երկու-երեք հարյուր տարի առաջ պատահեր սա, գուցե բնագիտական գիտելիքներից թերի, բայց դրանց տեղը մետաֆիզիկայով լրացնող մի գյուղական բուժակ կարողանար ճշգրիտ ախտորոշել՝ «ցավ սիրո». գուցե, խոտաբույսերից թուրմ տար, խմեի, տրվեի սովորական՝ անսեր կենցաղին ու մի հիսուն տարի էլ էդպես ապրեի… բայց ոչ։ Մեր լուսավորյալ դարի բժիշկներն ավելի դատապարտեցին, քան ախտորոշեցին. «անհայտ պատճառներ ունեցող արյան ջրիկացում, կարմիր ու սպիտակ գնդիկների նվազում»։ Պառկեցրին անկողին, երակս փականով ասեղ խրեցին, սկսեցին օտար արյուններով սնուցել մարմինս։ Ու չէին էլ ուզում հասկանալ, որ արյանս անպիտան դառնալը կարող էր հոգուցս լինել… առանց նրա ապրել չցանկացող հոգուցս…
Ու հիմա անկողնուս գամված, չգիտես ու՞մ արյան հաշվին «կյանքիս» օրեր գումարելով՝ նա ամեն վայրկյան մի քիչ ավելի թանկ հիշողության էր վերածվում, սպեղանի-հիշողության, որ մեղմում էր սմքող-չորացող մարմնիս ցավերը… Սակայն մեջս դատարկություն էր, բացարձակ ունայնություն, որ ձեռքս տարավ դեպի Աստվածաշունչ, բացեց ժողովողի էջերը, կարդացրեց ունայնությանը դեմ կանգնող այն տարօրինակ տողերը…
Նա չկար, լքել էր արյունս, հեռացել էր իմ անձնական տիեզերքից, իմ տարածություն-ժամանակից ու հետն էլ ինչ-որ բան էր տարել ինձնից, առանց որի չեն ապրում, նույնիսկ երկար չեն գոյատևում, ուրեմն… այլևս նշանակություն չուներ, թե ումից կծնվեր շարունակությունս, միևնույն է, նրա մորը զոհ էի համարում:
Որոշեցի դիմել առաջին իսկ ինձ հիշողին, նրանցից մեկին, որ իբր հյուր էին գալիս՝ իբր հիվանդ օրերս կարճելու, բայց իրականում գալիս էին ինձ կենդանի-կենդանի հրաժեշտ տալու համար։ Թող իմ փոխարեն ճակատագիրը որոշի` այսպես էի մտածում և… ստացա պատիժս:
Շարունակելի
Վարդան Հակոբյան (Արտո)
No Comments