Թատրոն ՄշակութաԳիծ

Դերենիկ Դեմիրճյան, Հովնան մեծատուն (2)

Դերենիկ Դեմիրճյան, Հովնան մեծատուն (2)

     Դրամա 4 արարով                                     


Սկիզբը՝ այստեղ

Հովնան — (Նունուֆարին) Հա՛րս, առա՛ջ արի:

(Հյուրերը բացականչում են, և Հովնանն ու Նունուֆարը սկսում են պարել: Ներս է մտնում Հասան բեյը: Դռների մոտ հյուրերը հետ են քաշվում, հարգանքով բարևում, կանայք խմբվում են ձախ անկյունում և երեսները ծածկում: Տղամարդիկ մի քիչ շփոթվում են: Ոմանք ուզում են Հովնանին իմաց տալ Հասան բեյի գալը, բայց նա ձեռքով հասկացնում է, որ թույլ տան Հովնանին պարել: Նա ժպտում է այս տեսարանի դիմաց: Բայց հանկարծ դիտելով Նունուֆարի գեղեցկությունը՝ սկսում է շլանալ: Մինչ նա քարացած նայում է Նունուֆարին, հյուրերն անհանգստանում են. նրանք մե՛կ ուզում են Հովնանին կանգնեցնել, մե՛կ էլ կարկամում են):

Նազե — (Ներս գալով ձախ սենյակից և հանկարծ նկատելով Հասան բեյին՝ սարսափած հարձակվում է Հովնանի վրա): Կեցի՛ր, ի՞նչ ես անում:

Հովնան — (Հովնան կանգնում է): Ի՞նչ եղավ նորեն: 

(Նունուֆարը, նկատելով Հասան բեյին, փախչում է անկյունը):

Հասան բեյ — (Ժպտալով՝ Հովնանին) Ես եմ, Հովնա՛ն էֆենդի… Պարի՛ր, պարի՛ր:

Հովնան — Համեցիր, Հասա՛ն բեյ, բարի եկար: (Հյուրերին, կանանց) Ոչ մեկդ մի՛ քաշվեք, դուրս ելնելու հրաման չկա: Հասան բեյը տանու բարեկամ է, իմ եղբայրը: Այսօր մի ուրախություն է ինձ համար, որ էդ կարգն ու սովորույթը տեղ չունեն իմ տանը: (Կանայք դեռ խմբված ու պահված են անկյունում): Առա՛ջ եկեք, Հովնան ու Հասան բեյ միևնույն բանն են այս գիշեր: Դե՛հ: (Կանայք սկզբում անհամարձակ, բայց հետո կամաց-կամաց առաջ են գալիս: Նունուֆարին) Առաջ կանգնիր:

(Նունուֆարը միամիտ և անդիմադարձ կատարում է Հովնանի հրամանը: Հյուրերից ոմանք՝ դժգոհ, ոմանք՝ զարմացած, մի մասն էլ զվարճացած նայում են այս ամենին):

Հասան բեյ — Ներիր, որ տարաժամ ներս մտա… Անակնկալ է, գիտեմ… Կուզեի քեզ դուրս կանչել, բայց…

Հովնան — Առաջ մեկ համեցեք նստիր, Հասա՛ն բեյ:

Հասան բեյ — (Նստած է, աչքը՝ Նունուֆարին): Գործով եկա, և քո ու քո հյուրերի ներողամտությունն եմ խնդրում հատուկ:

Հովնան — Ի՞նչ ես ասում, Հասա՛ն բեյ, չէի իմանում, թե քաղաք ես եկել, եթե ոչ՝ ամենապատվավոր հյուրս էիր այս գիշեր:

Հասան բեյ — Քո ազնվությունն է այդ: (Մի կողմ քաշելով Հովնանին և ցած ձայնով) Աստված չէր կամեցել, որ քեզ այս գիշեր, քո պատվին ու սրտին հարմար հաճելի խոսք ասեի. շա՜տ եմ ցավում: Մենակ՝ բարեկամի պարտք կատարած լինելու համար քեզ մի բան պիտի ասեմ, որ մի քիչ այս ուրախությանը չի հարմարվում: Արդեն իսկ իմացած կլինես, և ժամանակն էլ սուղ էր, որ ուշացնեի… Տեղահանություն պիտի լինի:

Հովնան — Տեղահանությո՞ւն: Սխալ կլինի, բե՛յ:

Հասան բեյ — Այո՛, տեղահանություն, դեպի ներսերը:

Հովնան — Անշուշտ, արդարությունը պաշտպանված է, և հանցավոր տարրերը պիտի տեղահանվեն:

Հասան բեյ — Բոլոր քաղաքները, գյուղերը, ժողովուրդը՝ ամենքը պիտի տեղահանվեն:

Հովնան — (Սթափվելով) Ժողովո՞ւրդը… Ժողովուրդը ամբո՞ղջ…

Հասան բեյ — Ամենքը, ամենքը:

Հովնան — Սպասի՛ր, բե՛յ, ամենքը որ ասում ես, նաև… ես է՞լ…

Հասան բեյ — (Ժպտալով) Դո՛ւ էլ , Հովնա՛ն էֆենդի:

Հովնան — Ես է՜լ… (Լռություն) Մեր քաղա՜քը, ժողովո՜ւրդը, ե՜ս… հանցավո՞ր: Չէ՛, անշուշտ թյուրիմացություն կա: Թե չէ՝ ինչպե՞ս կարելի է, որ ե՛ս էլ:

Հասան բեյ — Սուլթանական իրադե եկած է: (Նայում է Նունուֆարին: Նազեն, նկատելով Հասան բեյի հայացքը, անհանգստանում է: Կարճ, խռովյալ լռություն: Նազեն, ինչ-որ չար բան գուշակելով, հանկարծ մոտենում է Նունուֆարին և հետ է մղում դեպի անկյունը): Հովնա՛ն էֆենդի, հարսդ շա՜տ գեղեցիկ է և վտանգավո՜ր գեղեցիկ…

Հովնան — (Խայթված) Գեղեցի՞կ… (Առաջվա մտքին դառնալով) Օրե՜նք կա, արդարությո՜ւն կա. ինչպե՞ս չէ…

Հասան բեյ — Հովնա՛ն էֆենդի, կուզե՞ս վաղը մտածենք այս մասին: Հարսդ շա՜տ գեղեցիկ է…

Հովնան — Վաղը մտածե՞նք…

Հասան բեյ — (Նունուֆարով հափշտակված՝ պատասխանը ուշացնում է): Այո՜: (Սթափվելով) Հատուկ ներեղություն եմ խնդրում, ուրախությունդ խանգարեցի. եթե իրավունք կտաս, կմեկնեմ: (Վեր է կենում): Պաշտոնական գործեր ունեմ: Մնաս բարյավ: (Ներս մտնող հյուրերին բարևում է): Համեցե՛ք: 

Հովնան — (Տխուր) Գնաս բարյավ, Հասա՛ն բեյ:

Հյուրեր — (Ճամփու գցելով Հասան բեյին) Հասա՛ն բեյ, օրենք կա, Աստված կա:

Հասան բեյ — Ճակատագիր է:

(Հասան բեյը դուրս է ելնում: Նրա գնալուց հետո հյուրերը, զգալով դժբախտությունը, շփոթված նայում են Հովնանին):

Հյուրեր — (Հովնանին) Հովնա՛ն էֆենդի, ի՞նչ է եղել:

Հովնան — Մե՜ծ դժբախտություն…

Եղո — Ես ասո՜ւմ էի…

Աբրո — (Որ դուրսն էր այդ ժամանակ՝ ներս ընկնելով): Տնա՛վերներ, ձեր տուն չավերի, ի՞նչ բանի եք:

Հյուրեր — Ջանը՛մ, մի ասեք իմանանք, ի՞նչ բան է…

Աբրո — (Ընկնելով Հովնանի ոտները) Ամա՜ն, ափա՜ր, զուլո՜ւմ է, անձդ ազատե՜…

Հյուրեր — Ջա՞րդ է…

Աբրո — Խո՞ւլ եք, չե՞ք իմանա զուլումի ձենը…

(Հովնանը մնացել է տեղնուտեղը քարացած: Հյուրերը շարժվում են դեպի դուռն ու պատուհանները: Ոմանք ավելի առաջանում են դեպի Հովնանը և կուչ գալիս: Ճնշված, անհանգիստ լռություն: Մի չարագույժ ձայն է լսվում փողոցից՝ ժանգոտ և կերկերուն, որ դեռ հեռվից ձգվում է իբրև ձայն, բայց երբ մոտենում է, արդեն վերածվում է պարզ բառերի):

Նազե – Ամա՜ն, ի՞նչ է ասում…

Ձայնը — (Մոտենալով) Պատրաստվեցե՜ք…

Ա հյուր — Թալա՞ն է…

Աբրո — Թալա՜ն է… զուլո՜ւմ, մեր զմանուկ պիտի ուրանա… (Մոտենալով Հայկին) Երթանք, տղա՛ս: (Դուրս է տանում Հայկին աջ կողմից): Երթանք քնիր: 

Ձայնը — (Որ մոտ է դռանը) Պատրաստվեցե՜ք… երեք օր ժամանա՜կ… հրամա՜ն է… պիտի երթանք Արա՜բիա… մնացողը սրի՜ կանցնի… (Հեռանում է): Պատրասվեցե՜ք…

Նազե — Ամա՜ն, ամա՜ն… (Ծնկներն է ծեծում): Աստված պատիժներս տվեց:       

(Ձայնը հեռանում է և կտրվում: Հովնանը և հյուրերը մեջտեղ են գալիս, արձանանում: Ամենքը սարսափած են):

Մարե — (Խուլ ու խռպոտ) Հովնա՞ն…

Հովնան — (Հազիվ զսպելով իրեն) Ի՞նչ է, մարե:

Մարե — Հարսնիքն ինչո՞ւ կտրեց:

(Ճնշող լռություն: Ամենքը վախեցած նայում են մարեին, որ մի գերբնական ոգու պես կույր աչքերը տարածության մեջ չռած՝ աշխատում է որսալ ձայները: Ամենքը վախենում են կարծես, որ մարեն կիմանա դժբախտությունը՝ համարելով դա մի սարսափելի աղետ):

Մարե — (Որ անհանգստանում է լռությունից, գերեզմանային ձայնով) Մարդ չկա՞… Հովնա՞ն… (Լռություն): Հարսնիքը վերջացա՞վ…

Հովնան — Հարսնիքն սկսվե՜ց, մարե՛…

Նազե — (Չոքելով մարեի առջև՝ գրկում է նրա ոտները): Հարսնիքը վերջացա՜վ, մարե՛…

Մարե — (Չարագույժ ձայնով, անհանգիստ) Վերջացա՞վ… Ի՞նչ եղավ…

Նազե — Տներս քանդվեց, մարե՜, Սուլթանը մեզ քշում է Արաբիա:

Մարե — Քշո՞ւմ է, Արաբիա՞, ինչո՞ւ…

Նազե — Չգիտեմ, պիտի երթանք, մարե՛… Ողջ քաղաքը տնով-տեղով քշում է…

Մարե — (Վեր է կենում տեղից, բուի պես մեջտեղ գալով, բռունցքը սեղմած, սպառնալից հայացքը սևեռած, սկսում է պար գալ): Էհե՜յ… հարսնի՜ք է, պա՜ր բռնեցեք, քեմանի զարկեցեք, ծափ տվեք, հող լցրեք գլխիս, տղիս հարսնի՜քն է… տեսա՞ք… տեսա՞ք… Թագավորնե՜ր, հարսնիք արեք, արեք տեսեք զուլումի թագավորին… Ամա՜ն, ամա՜ն… 

(Մարեն կանգնում է, լռություն):

Թալալ — (Հեռվից) Պատրաստվեցե՜ք…

                        (Ձայնը գնալով խլանում է և կորչում):

Հյուրեր — (Հանկարծ սթափվելով) Եկե՛ք, եկե՛ք երթանք տներս…

Զարդար — Ո՞ւր երթանք, գնալով ի՞նչ կլինի: Մեծ ունենք էստեղ, կացեք մի ճամփա հարցնենք: (Հովնանին) Հովնա՛ն էֆենդի, ի՞նչ անենք:

(Բոլորը կանգնում են):

Հովնան — (Խորասույզ, անճանաչելի, ոչ մարդկային ձայնով) Գե՜շ տեղը մթնեց… Խախտվում է հաստատության հիմը… Գալիս է մարդու գազանը: (Լռություն):  Աստվա՛ծ հասնի…

(Հյուրերը երկյուղած խաչակնքում են): 

Երեց — (Խաչակնքելով) Տերն Մեր Հիսուս, Խաչեցյալն Ամենափրկիչ զորավ մեզ:

Հովնան — Ժողովրդի արմատն է պոկվում: Հի՜ն ուրվականները վեր կացան գերեզմաններից: (Լռություն): Չէ՛, այսպես կարելի չէ՛. օրենք կա, Աստված կա…

Զարդար — Ի՞նչ անենք, Հովնա՛ն էֆենդի:

Հովնան — Ես կդիմեմ օրենքին և արդարությանը:

Հյուրեր — Աստված օգնականդ:

Հովնան — Եկեք ձեզնից վաղը մի քանի մարդ էլ. ես ժողովրդի կողմից կերթամ կառավարության դուռը, կխոսեմ: Արդարություն կպահանջեմ:

Հյուրեր — Հա, եղա՜վ, էդպես էլ արեք: Սահակ, Ջնդո, Եղո, Զարդար էֆենդիներ, գնացեք:

Սահակ, Ջնդո, Եղո, Զարդար — Կերթանք Հովնանի հետ:

Հովնան — (Դուռը ծեծելով) Հարսանիքը վերջացա՜վ, գնաք բարով…

(Հյուրերը ցրվում են շփոթված. կանայք՝ գլխիկոր, հեծկլտալով):

Երեց — Տերն Մեր Հիսուս Քրիստոս Ի՛նքն հասնի, Աստվածածի՛նը բարեխոս:

(Խաչակնքում է և հեռանում: Մնացել են Հովնանը, Նազեն, Հերիքը, Նունուֆարը, Սահակը և մարեն: Նունուֆարը գունատ արձանի պես, Խորենը գլխիկոր կանգնած են մեջտեղում: Նազեն չոքած է գետնին՝ ոսկիների վրա, և լուռ ծնկներն է ծեծում: Նունուֆարը, Խորենը և Հերիքն անցնում են ձախ սենյակը: Նրանց հետևում է Սահակը):

Հովնան — Հա՜… Աշխարհքս հաստատուն չէ՜ր եղել: Մրջյունի պես ճամփի մեջտեղ բուն էինք շինել, կարծում էինք, թե ապահով ենք… Հիմի ոտնե՜ր են եկել մեզ կոխկռտելու: 

(Լռություն):

Նազե — Ի՞նչ ասավ Հասան բեյը:

Հովնան — Էլ չգիտեմ: Կարծեմ Նունուֆարին գեշ նայեց:

Նազե — (Խորամիտ) Չէ՞… Ես էլ նկատեցի: Ուրի՞շ, ի՞նչ ասավ…

Հովնան — Չգիտեմ, գեշ բան:

Նազե — Գեշ բա՞ն… ի՞նչ… ասա՛, Աստծո՛ւ սիրուն:

Հովնան — Հասկացրեց, որ… Նունուֆարին հավանում է…

Նազե — (Վեր թռչելով) Ամա՜ն, տնե-օջախե հեռու: Է՞ս ինչ զուլում էր…

Հովնան — Մեծ զուլում: 

(Լռություն):

Նազե — (Զգաստացած) Կեցի՛ր: Կեցի՛ր: Վնաս չունի: Դրա համար քեզ մի՛ կորցնի: Կեցի՛ր: (Մոտենում է ձախ դռանը): Խնամի՛: (Ներս են մտնում Սահակը, Նունուֆարը, Հերիքը և Խորենը): Խնամի՛, Նունուֆարին տար ձեր տունը:

Սահակ — Աստծու կապածը մարդ չի քանդի, խնամի՛: Եղածը եղած է:

Նազե — Դրա ժամանակը չէ: Տա՛ր:

Հովնան — Ինչե՞ր ես ասում, ո՞ւր պիտի տանի: Նունուֆարը մեր հարսն է:

Սահակ — Ա՜խ, Հովնան խնամիս էլ չի ուզում: Ո՞ւր տանեմ, կին չունեմ, մարդ չունեմ տանը: (Հովնանին) Աչքիս լույսի պես եմ պահել աղջկաս: Քեզ եմ հավատում մենակ… Խորենս ջահել է… (Լցվելով) Ճամփան… Հովնան խնամի… ի՞նչ պիտի անես Նունուֆարիս… (Հովնան լուռ է): Հույսս դո՛ւ ես… թե չէ՝ աղջիկս կորա՜ծ է…  (Արցունքները կուլ է տալիս: Նունուֆարին) Արի… (Գրկում է Նունուֆարին, որ հեծկլտում է հոր գրկում): Աստված էսպես ուզեց, որ հարսանիքդ սև լիներ, աղջի՜կս… Է՜հ, Աստծուն աղոթեցեք՝ ճանփուն տղան ու աղջիկը անփորձ մնան: Հովնան, էլ ես ու դու կորա՜նք… (Լաց է լինում): Է՜հ, երթամ դատարկ տունս նայեմ: Հովնա՛ն, զավակս՝ քեզ, քեզ էլ Աստծուն եմ հանձնում: Բարի գիշեր:

(Դուրս է ելնում դիմացի մուտքից):

Մնացյալները — Բարի գիշեր:

                        (Հերիքը, Նունուֆարը և Խորենն անցնում են ձախ սենյակը):

Նազե — (Հովնանին) Լա՛վ, հիմի ի՞նչ է միտքդ:

Հովնան — Չգիտեմ:

Նազե — (Անհանգիստ) Չգիտե՞ս, ի՞նչը չգիտես:

Հովնան — Չգիտեմ, տեսնենք. խելքս շաղվում է: Խելք կորցնելու բաներ են:

Նազե — Ի՞նչ պիտի տեսնես: Աղջիկը չպիտի՞ ազատես ձեռքից:

Հովնան — Տեսնե՜նք: (Ըստ երևույթին անտեղի սրտնեղելով) Տեսնե՛նք: Պիտի երթամ կառավարության դուռը. պաշտպանություն պիտի պահանջեմ:

Նազե — (Անհանգստանալով) Հա՛, դե էդպե՛ս ասա:

Խորեն — Է՛դ է ճամփան, էդպես կհաջողվի:

Հովնան — (Նույն սրտնեղությամբ) Մի՛ ասեք, մի՛ ասեք: Աստված հեռու տանի. մարդ կյանք փրկելու համար գեշ բաներ է անում: Ասա թե վաղը Աստծով գործը գլուխ բերեմ… թե չէ… Մի՛ ասեք, մի՛ ասեք, լինելիք որ լինի՜…

Նազե — Դե, հույս Աստված, էդ լինելիքը չի լինի:

Հովնան — Հը՜մ, ո՞վ գիտե, Աստված տա, որ չլինի:

Խորեն — Լինի՜. է՜հ, ե՞ս ուր եմ: Թե մեռնելու ենք՝ մեռնենք:

Հովնան — Դու մահը չգիտես, լռի՛ր:

Մարե — (Վեր է կենում և առաջ գալիս: Կերկեր ձայնով և կույր աչքերը տարածության մեջ) Հովնա՞ն…

Հովնան — Քովդ եմ, մարե:

Մարե — (Սպառնալից, դողդոջուն ձայնով) Չէրթա՜ս, իմացա՞ր…

Հովնան — (Սրտահույզ) Չէրթա՜մ…

Մարե — (Ավելի խիստ) Չէրթա՜ս, մարեին հողը չդրած՝ չէրթա՜ս… (Լռություն: Բոլորը ազդված են մարեի խստահայաց և խորամիտ դեմքից: Նա հեռանում է Հովնանից և իր կույր աչքերով նայում է չորս կողմ, ապա կարծելով, թե իր դեմ Հովնանն է կանգնած, խոսում է դատարկ օդի մեջ՝ դաժան անեծքի սպառնալիքի ձայնով): Մարեին չթաղած՝ չէրթա՜ս…

                        (Բոլորը սարսափահար նայում են նրան):

                                                  Վարագույր

                                                 Շարունակելի