Կրեատիվ Անի Անտոնյան ԳիտաՆյութ

Կողբա աշխարհը՝ հին խաղողագործական շրջան

09.09.2023


2017-2019 թվականներին խաղողագործներ Գագիկ Մելյանն ու Գագիկ Աղաբաբյանը էնդեմիկ խաղողների հայտնաբերման նպատակով գիտական հետազոտություն են կատարել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ Բերդավան, Կողբ, Արճիս գյուղերում և տեղի անտառներում: Նոր խաղողի տեսակներն այժմ գենետիկ ուսումնասիրության փուլում են: Սահմանամերձ համայնքներում խաղողագործության և զբոսաշրջության զարգացման հեռանկարների մասին ardi.am-ին պատմում է Գագիկ Աղաբաբյանը։ 

Խաղող հայտնաբերելն ու դրա տեխնոլոգիական մշակման ուղղությունն ուսումնասիրելը տարբեր բաներ են 

Մեր տարածաշրջանում խաղողի յուրահատուկ տեսակներ կան՝ Ջրջրուկ, Ջրալի, Կանաչ կենի ու Լալվար, որոնց մասին քիչ բան է հայտնի: Քանի որ խաղողի գիտական ուսումնասիրությունը և բազմացումը մեծ ներդրում է պահանջում, օգնության համար դիմել էինք պատկան մարմիններին, սակայն վերջիններս միայն ոգևորվեցին գաղափարով:

Կազմակերպեցի հետազոտական արշավ, հրավիրեցի գիտնականների, բայց ինձ միացան միայն Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Քրիստինե Մարգարյանն ու Գագիկ Մելյանի քույրը՝ Ագրարային համալսարանի խաղողագործության գիտահետազոտական կենտրոնի լաբորատորիայի վարիչ Գայանե Մելյանը: Անտառներում հայտնաբերեցինք 5 սև ու սպիտակ խաղողի ոչ վայրի տեսակ, որոնք ամերիկյան ծագման չեն: 

Ենոքավան գյուղի անտառներում հայտնաբերված խաղողի երկու տեսակի հետ կապված լեգենդ կա: Իբրև զորավար Վարդան Մամիկոնյանն այդ տարածքով արշավանքի ժամանակ Ակնաղբյուր գյուղի մոտ կաղնու ծառ է տնկել, իր ունեցած ոսկին տվել Հովհաննես անունով մի մարդու, որը սնդուկը թաղել է անտառում, տեղում սև ու սպիտակ խաղողի վազ տնկել ու մատուռ կառուցել: Մոտ 10-15 տարի առաջ մեկը Հայաստանի պատմության թանգարանի ձեռագրերից տեղեկացել է ոսկու մասին, գիշերով եկել ու ավերել է խաղողի վազերը: Տեղացիները կարողացել են փրկել բույսի մատներն ու նորից տնկել: Համոզված ենք, որ մեր գտածը հենց նույն խաղողներն են՝ բավականին հաստատուն, հիվանդադիմացկուն, մոտ 20-30 սմ բնով: Քանի որ դրանք աճում են ծովի մակերևույթից 1000 մետրից ավել բարձրության վրա, կարելի է նույն բարձրության վրա օրգանական այգի հիմնել և յուրահատուկ բերք ստանալ, իսկ հետագայում՝ նաև գինի: Այս խաղողները տարբերվում են թե՛ կոթունի կազմով, թե՛ տերևակազմությամբ: Արդեն բազմացրել ենք, սրտատրոփ սպասում ենք աշնան բերքահավաքին: 

Սև ու սպիտակ խաղողի 2 տեսակ էլ հայտնաբերել ենք Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանին: Աննախադեպ տեսակներ են. ըստ իս՝ սպիտակը Լալվար խաղողի նախատիպն է, տերևի կազմությամբ ու համային հատկանիշներով նման է: Հստակ պատասխանը կտա Քրիստինեն. ի դեպ, նա կարողացել է խաղողի շատ տեսակներ հայաֆիկացնել՝ «խլելով» վրացիներից ու ադրբեջանցիներից: 

Հինգերորդ տեսակը Կողբենին է: 1915 թվականին Վանա լճին հարակից Կողբ գյուղի բնակիչները գաղթելիս իրենց հետ Հայաստան են բերել Կողբենի սև խաղողի տեսակը և փորձել Էջմիածնի տարածաշրջանի գյուղերում բազմացնել: Բայց քանի որ Վանա լճի կլիման խոնավ ու ոչ շատ տաք է եղել, խաղողը չի աճել: 

1970-ականներին գիտնականներ Պողոսյանը, Սոսիկյանն ու Նալբանդյանը Կողբենու մի քանի վազ փորձնական տեղայնացրել են Նոյեմբերյանի տարածաշրջանում: Մեր «պեղումների» արդյունքում հայտնաբերել ենք իսկական Կողբենու 7 վազ, ինչպես նաև Կողբենի Սիրուն տեսակը: Կախանի մեթոդով բուն Կողբենուց արդեն գինի եմ ստացել, փորձում եմ այս տեսակը բազմացնել։ Այս պահին լուրջ ուսումնասիրություն ենք կատարում Լալվարի երեք տարատեսակի դասակարգման համար, փորձում ենք գիտականորեն ուսումնասիրել դրանց բնույթը, աճեցման պայմանները, տալ համային հատկանիշների ճիշտ նկարագրությունը։ 

 Գենետիկ հետազոտության հաջորդ փուլը խաղողների բազմացումն ու անհետացումից փրկելն է

Պետք է ունենալ պրոֆեսիոնալ տնկարան ու կոլեկցիոն այգի, որտեղ այս բոլոր տեսակները մի տեղում կլինեն և կենթարկվեն հատուկ մշակության։ 

Շատ խաղողի տեսակներ այսօր ոչնչացման եզրին են: Օրինակ՝ իմ հայտնաբերած Ջրջրուկը, որից 8-10 վազ է մնացել։ Նույն վիճակում են Կանաչ կենին ու Ջրալին։ Մեկ այլ խնդիր էլ կա՝ 1970-ականների հին հայկական «Ամպելոգրաֆիայում» (խաղողագրության հանրագիտարան, հեղ․) հանդիպում են սխալ նկարագրություններ, որոնք բարդացնում են դասակարգման գործը, ինչպես Ջրջրուկ և Ջրալի տեսակների դեպքում է։

Մեր գիտարշավից հետո Մելյանը նոր «Ամպելոգրաֆիա» է թողարկել։ Ցավոք, նա մահացավ և իրենից հետո թողեց անտիպ ձեռագրեր, որոնցում նկարագրել է մեր ուսումնասիրության արդյունքները։ Անկախ նրանից՝ ֆինանսական հոսք կգտնեմ, թե ոչ, իմ պարտքն եմ համարում մեր գտած խաղողները տեղայնացնելը, նոր այգիներ հիմնելը, ինչպես նաև Մելյանի աշխատանքը շարունակելը: Հասկանում եմ՝ շատ պատասխանատու գործ է, բայց արդեն այդ գիտական աշխատության վերնագիրն եմ տեսնում՝ «Խաղողից գինի»։ Բարդ ու կիրառական ձեռնարկ է լինելու։

Մեր տարածքը Ռոբինզոնի կղզին է՝ չուսումնասիրված խաղողագործության և անտառային պտղաբուծության իմաստով

Ոչ մեկին հետաքրքիր չէ Երևանից 200 կմ հեռավորության վրա գտնվող այս շրջանը, որը չի կարող մրցակցել, օրինակ, Արենիի հետ՝ որպես լուրջ զբոսաշրջային գոտի։ Բայց այն կարող է գրավել էկոտուրիզմի իր հնարավորություններով։ Այս մոլորյալ շրջանում մարդիկ իսկապես դժվար են ապրում, պետք է օգնել նրանց գոնե մի քիչ հեշտացնել ապրելակերպը։

Մենք այսօր բարոյական խնդրի առաջ ենք կանգնած։ Հայաստան առաջին անգամ ոտք դրած և խաղողագործությամբ հետաքրքրված զբոսաշրջիկին անմիջապես տանում են Արարատյան դաշտ կամ Վայոց ձոր, բայց ոչ ոք չի ասում, որ Կողբա աշխարհը հին խաղողագործական շրջան է։ Իմ նպատակն է ապացուցել, որ Գուգարաց աշխարհի Կողբափոր գավառը եղել է խաղողագործության կենտրոն: 

Վերցնենք թեկուզ մեր Բանանց խաղողի տեսակը, որն ադրբեջանցիներն այսօր իրենց են վերագրում՝ կոչելով Բայանշիրի: Ասում են՝ այս խաղողի մշակությամբ զբաղվում են 7-րդ դարից, այնինչ բոլորս գիտենք, որ 7-րդ դարում Ադրբեջան չի եղել: Այն տարածքը, որը նրանք մատնանշում են որպես Բայանշիրիի հայրենիք, երբեմնի Կողբափոր գավառն է։ 

Ստույգ տվյալներ ունեմ նույնիսկ Բանանցի անվան ծագումնաբանության վերաբերյալ։ Այս խաղողը բոլոր տեսակներից ուշ է հասունանում և շատ նուրբ պտղամաշկ ունի։ Երբ գյուղացին գնում է բերքը հավաքելու, պտղամաշկն արդեն ճաքած է լինում, այսինքն՝ խաղողը տեխնիկապես որակազրկվում է։ Այստեղից էլ առաջացել է «բանանց» անվանումը, այսինքն՝ բանն անց է կացել։ 

Պետական պաշտոնյաների շատ եմ դիմել ու մերժվել։ Չեմ վհատվում, ուզում եմ մասնավոր ընկերությունների ներգրավել։ Արդեն Իտալիայից ու Գերմանիայից ներդրողներ կան։

Այժմ զբաղվում եմ նաև անտառների բուսականության ուսումնասիրությամբ։ Նոյեմբերյանի անտառներում աճում են բնական թանկարժեք դեղատոմս համարվող սև ու սպիտակ սիզը, որոնցից ոչ մի տեղ չկա։ Վարդազգիների տարբեր տեսակներ են հանդիպում, որոնք հնադարում բժիշկներն օգտագործել են թոքաբորբի դեմ։ Յուրահատուկ հոտով էնդեմիկ կանաչ ուրցը նույնպես ոչնչացման եզրին է: 

էնդեմիկ խաղողի տեսակներից ստացված գինիների սպառումը տարածաշրջանում  

Այսօր Հայաստանում մոտ 200 գինի արտադրող գործարան կա, բայց Կանաչ կենուց, Ջրջրուկից, Լալվարից ու Բանանցից գինի ոչ ոք չի պատրաստում։

Մեզ մոտ աճող տեսակները տերուարային են (կլիմայի, հողի, հանքային ռեսուրսների և այլ պայմանների միավորմամբ)՝ յուրահատուկ թթվայնությամբ ու բուրմունքով։ Տեղումներից առաջացող ծաղկաջրերը, քամին, արևի ճառագայթների սակավությունը, վաղաժամ վեգետացիան ազդում են խաղողների համի վրա։ Մեր գինիների թթվայնությունը մարդկանց քիմքին անծանոթ է, բայց դա չի նշանակում, որ դրանք վատն են։ Ի վերջո, հիշենք Չերչիլի հայտնի «Դվին» կոնյակը, որը, ըստ տեղեկությունների, ստացել են մեր տարածքից ներկրված խաղողից։ Որպես գինեգործ՝ մտադիր չեմ գինիների համը փոխել. դրանք կնվաճեն իրենց շուկան։ 

Համայնքային զարգացման հեռանկարներ

Երբ խաղողների գենետիկ ուսումնասիրության արդյունքները պարզ լինեն, մեծ գիտարշավ եմ հրավիրելու։ Այս ընթացքում գտել եմ հնձան, կարաս և այլ իրեր, որոնք ներկայացնելու եմ հնագետներին։ Սրանից առաջ շատ գտածոներ է հայտնաբերել պատմաբան հայրս: Դրանք հիմա Հայաստանի պատմության, Սարդարապատի եւ Կողբի թանգարաններում են:

Միտք ունեմ ստորերկյա մառան հիմնել՝ գինիների հնեցում կատարելու համար։ Սա նույնպես կարող է գրավել զբոսաշրջիկներին: 

Փորձում եմ ամեն տեղ համախոհ գտնել։ Դպրոցականներից լավ թիմ եմ ստեղծել, հետս ցուցահանդեսների եմ տանում։ Երեխան սկսում է հասկանալ ու գնահատել իր հայրենի բնաշխարհը, եզակի խաղողների հարստությունը: 

Նոյեմբերյանի պետական քոլեջում գինեգործության ու խաղողագործության դասեր եմ տալիս, «Կրթություն արտադրության հետ» դուալ ծրագրով արդեն երեք կուրս եմ ճանապարհել։ Ուզում եմ, որ մեր երիտասարդները մայրաքաղաքում բարձրագույն կրթություն ստանալուց հետո անպայման գյուղ վերադառնան:  

Նոր ծրագիր  եմ մշակել, որով կրթելու ենք տարեց խաղողագործներին, ծանոթացնենք գինեգործության ժամանակակից մեթոդներին։ Այսօր ամենաառաջին սահմանապահը գյուղացին է, որը հակառակորդից 150 մետր հեռավորության վրա խաղողի այգի է մշակում։ 

Երբեք չեմ պատկերացրել՝ ինչպես կամ ում թողնել այս տարածքը. հակառակորդի ուզածը հենց դա չէ՞: Իմ փոքրիկ գործարանը միայն 67 տնտեսության հետ է աշխատում։ Այս մարդիկ իմ մարդիկ են, ես էլ՝ այս ամայի կղզու Ռոբինզոնը (ծիծաղում է, հեղ.):

Անի Անտոնյան

No Comments

Leave a Reply