1. Ցլամարտեր
«Ցլամարտը» իսպանական մշակույթի կարևոր բաղադրիչներից է: Թեև շատերը դեմ են այս խաղամարտին, ոմանք այն համարում են երկրի մշակույթի հիմնարար մաս: Ճշգրտորեն հայտնի չէ, թե ինչպես է սկսվել այն, բայց ենթադրվում է, որ նախահիմքերը գտնվում են հունա-լատինական մշակույթում, ավելին՝ Սեգովիայում ցլամարտերի մասին 1215 թ. թվագրված գրառումներ են հայտնաբերվել։
Այսպիսով, ինչ է իրենից ներկայացնում ցլամատրը։ Դա շոու է, որի երկրպագուները հազարավոր իսպանացիներ են: Խաղամարտի ընթացքում ցլամարտիկները կռվում են ցուլերի հետ՝ ձիով կամ առանց ձիու: Նպատակն է ենթարկեցնել կենդանուն, քանի դեռ չի սատկել: Հետևաբար, շատերը իսպանական մշակույթի այս ավանդույթը համարում են կենդանիների շահագործում:
Ցլամարտ
2. Տոնակատարություններ՝ ի պատիվ Սան Ֆերմինի
«Սանֆերմինսը» փառատոն է՝ կազմակերպված ի պատիվ Սան Ֆերմին դե Ամիենսի (իսպանական սուրբ, հոգևորական)։ Այս ավանդույթի ծագումը պայմանավորված է մի քանի անկախ տոնակատարությունների համադրությամբ՝ ցլամարտեր, առևտրի տոնավաճառներ և Սան Ֆերմինի պատվին անցկացվող կրոնական միջոցառումներ։ Տոնակատարություններն սկսվում են հուլիսի 6-ին և ավարտվում հուլիսի 14-ին: «Սանֆերմինսին» իր «Ֆիեստա» վեպում անդրադարձել է Էռնեստ Հեմինգուեյը, ինչի շնորհիվ էլ փառատոնը մեծ համբավ է ձեռք բերել։
Սան Ֆերմինի տոնակատարությունները ազդարարվում են Պամպլոնայի քաղաքապետարանի պատշգամբից հրթիռի արձակումով։ Հնչում են ավանդական բացականչություններ։ Փառատոնի ընթացքում, ցլավազքի ժամանակ մասնակիցները իսպաներեն և բասկերեն լեզուներով երգում են ավանդական երգ՝ «Մենք խնդրում ենք Սան Ֆերմինին՝ որպես մեր հովանավորի, առաջնորդել մեզ ցլերի վազքում՝ տալով իր օրհնությունը… Կեցցե՛ Սան Ֆերմինը…»: Իսպանական մշակութային այս տոնակատարության ավարտին երգում են հրաժեշտի երգ։
Սան Ֆերմինի տոն
3. Երեք իմաստունների շքերթը
Իսպանացիների մշակութային կյանքը ամեն տարի՝ հունվարի 5-ին, հարստանում է Երեք իմաստունների ավանդական շքերթով։ Սա բավականին գունեղ իրադարձություն է, որը կարող է գրավել այս երկրում գտնվող զբոսաշրջիկներին: Մելչորը, Գասպարը և Բալտասարը պատրաստվում են իսպանացիների հետ հանդիպմանը։
Երեք մոգերը շրջում են իսպանական քաղաքների գլխավոր փողոցներով՝ հագած յուրօրինակ զգեստներ։ Նրանք կարծես լողում են վառ գույների մեջ: Այս շքերթները անցկացվում են 1866 թվականից ի վեր, մթնշաղին: Տպավորիչն այն է, որ իմաստունների ժամանումն իրականացվում է տարբեր ձևերով: Օրինակ՝ Պիրենեյան շրջաններ նրանք հասնում են դահուկներով, Պամպլոնա՝ Մագդալենայի կամրջով, իսկ Լոգրոնյո՝ ուղղաթիռով։
Երեք իմաստուների շքերթը
4. Վալենսիական Ֆալաս
Իսպանացիների մշակույթը ներառում է նաև «Վալենսիական Ֆալաս» տոնակատարությունը։ Դրա ծագումը կապված է ջահերի հետ, որոնք տեղակայված են հռոմեական դիտաշտարակների գագաթին։ Այստեղից էլ առաջացել է տոնի անվանումը, որը լատիներեն facula բառից թարգմանաբար նշանակում է ջահ։ Իսպանական մշակույթի այս ավանդույթը նշվում է մարտի 15-ից 19-ը ընկած ժամանակահատվածում՝ ատաղձագործների հովանավոր սուրբ Սան Խոսեի պատվին, որի ընթացքում անցկացվում են պիրոտեխնիկական շոուներ, վառվում են լուսատուներ, ջահեր և խարույկներ: Այս ծեսը ստացել է «կրեմ» (crema) անվանումը։
Վալենսիական Ֆալասը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես մարդկության ոչ նյութական ժառանգություն։
Վալենսիական Ֆալաս
5. Ֆլամենկո
Ֆլամենկոն երաժշտական ժանր է, որը ծագել է 18-րդ դարում։ Այն Անդալուսիայում զբոսաշրջությունը խթանելու, զբոսաշրջիկներին գրավելու լավագուն միջոցն է, թեև կարողացել է նվաճել նաև Իսպանիայի տարածքի մնացած մասը։ Իր գեղարվեստական հարուստ արտահայտչականության շնորհիվ այն նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն:
Ֆլամենկոն պատմության ոլորտում բավական մեծ ճանաչում ունի։ Աշխարհում կան հազարավոր ակադեմիաներ, որոնք ուսուցանում և ուսումնասիրում են գեղարվեստական այս ճյուղը: Կարելի է հանդիպել ֆլամենկոյի տարբեր տեսակների՝ ըստ հատվածների չափումների, երաժշտության չափումների և նույնիսկ երաժշտական հյուսվածքի:
Ֆլամենկո
6. Տոմատինա
Բունյոլ քաղաքում է տեղի ունենում իսպանական մշակույթի կարևոր ավանդույթներից համարվող «Տոմատինան»: Սա զվարճալի միջոցառում է, որի մասնակիցները լոլիկ են նետում միմյանց վրա: Թեև առաջին հայացքից այս տոնակատարությունը թվում է անկարգ ու խառնաշփոթություն առաջացնող իրադարձություն, բայց կան կանոնակարգեր, որոնք ապահովում են մասնակիցների անվտանգությունը։
Իսպանական մշակույթի շատ ավանդույթների պես Տոմատինայի ծագումը հստակ հայտնի չէ: Ոմանք հավաստիացնում են, որ ամեն ինչ սկսվել է կատակից, իսկ մյուսները նշում են, որ ավանդույթի սկիզբը դրվել է Տարասոնա քաղաքում անցկացվող ամենամյա փառատոնի սիմվոլ Սիպետոգատոյի կողմից։ Հստակ է միայն, որ Տոմատինան անցկացվում է 1949 թվականից և տեղի է ունենում օգոստոսի վերջին չորեքշաբթի օրը: Այսօր նմանատիպ միջոցառումներ են անցկացվում Կոլումբիայում, Չիլիում և Հարավային Կորեայում։
Տոմատինա
7. Սոնսոնետ
Մոլախաղերը նույնպես տեղ ունեն Իսպանական մշակույթում։ Այդ առիթով ամեն տարի դեկտեմբերին անցկացվում է Սուրբ Ծննդյան վիճակախաղի կամ «Սոնսոնետի» (Sonsonete) խաղարկությունը, ինչպես այն անվանում են հաճախ: Սա իսպանական ընտանիքների համար լրացուցիչ գումար վաստակելու հետաքրքիր միջոց է։
Այս արտասովոր խաղարկության համար վաճառված տոմսերը կրում են կրոնական պատկերներ՝ համաձայն վիճակախաղերի և բուքմեյքերական գրասենյակների նախնական որոշման։ Առաջին անգամ խաղարկությունը տեղի է ունեցել 1812 թվականին, Կադիսում՝ դառնալով իսպանական մշակույթի մասնիկ։ Հաղթողների անունները ավանդաբար ներկայացնում են Սան Իլդեֆոնսոյի դպրոցի աշակերտները։
Սոնսոնետ
8. Բոլոր սրբերի օր
Իսպանական և մեքսիկական մշակույթների (նաև Լատինական Ամերիկայի տարբեր շրջանների մշակույթների) միջև ընդհանրություններից է «Բոլոր Սրբերի օրվան» նվիրված հիշատակի տոնը: Այն կրոնական ծագում ունի և կապված է Արևմտյան եկեղեցու հետ։ Տոնը նշվում է ամեն տարի նոյեմբերի 1-ին, որի ընթացքում իսպանացիները հարգանքի տուրք են մատուցում հավերժական կյանք մտած հարազատների հիշատակին։
9. Սան Իսիդրո Լաբրադորի տոնակատարություններ
Սան Իսիդրո Լաբրադորի (իսպանական Սուրբ՝ աղքատների և կենդանիների պաշտպան) պատվին տոնակատարությունները իսպանական մշակույթի մի մասն են կազմում և մեծ հետաքրքրություն են վայելում Մադրիդի բնակչության շրջանում: Այս տոնակատարության ժամանակ անցկացվում են փառատոներ, ցլամարտին առնչվող տոնավաճառներ, սպորտային և կրոնական միջոցառումներ։ 1619 թվականին Մադրիդի Պլազա Մայոր հրապարակի բացումը, իրականում, հենց այս տոնակատարությունները նշելու նպատակով էր:
Սան Իսիդրո Լաբրադորի փառատոների միջոցառումները մեծ ճանաչում ունեն, դրա մասին իսպանացի գրող Բենիտո Պերես Գալդոսը անդրադարձել է իր Mayo y los Isidros աշխատության մեջ, նշելով, որ այս փառատոնի ժամանակ փողոցները հեղեղվում են օտարերկրացիներով։ Այս մշակութային միջոցառման շրջանակներում, ավանդույթի համաձայն, մասնակիցները խմում են «սուրբ ջուրը», որը բխում է Սան Իսիդրո մատուռի մոտ գտնվող աղբյուրից։
Սան Իսիդրո Լաբրադորի տոնակատարություն
10. Գինու ճակատամարտ
«Գինու ճակատամարտը» իսպանական մշակույթի մասնիկ է, որը նման է «Տոմատինային»: Միջոցառման ընթացքում մասնակիցները միմյանց վրա գինի են շփում այնքան ժամանակ, մինչև հագուստն ամբողջությամբ վարդագունի։ Այն անցկացվում է հունիսի 29-ին ՝ Սուրբ Պետրոսի տոնին, Արո (Հարո) քաղաքում՝ այն վայրում, որտեղ վեցերորդ դարում ապրել և մահացել է Սան Միլանի մեծ ուսուցիչ Ֆելիս Դե Բիլիբիոն: Այս տոնը ի սկզբանե ուխտագնացության խորհուրդ ուներ, բայց 1949-ին վերափոխվեց գինու ճակատամարտի:
Գինու ճակատամարտ
Նյութի աղբյուր՝ https://elviajerofeliz.com/cultura-espanola/
Լուսանկարները՝ ըստ նյութի և google.com որոնման համակարգի
Գլխավոր լուսանկարում՝ Բոլոր սրբերի օրը տոնակատարության ծեսը
Իսպաներենից թարգմանությունը՝ Շուշաննա Ալեքսանյանի
No Comments