Կապույտ երկինքն օրերով չէր երևում։ Նոյեմբերի ամեն մի նոր օրը մոխրագույնի մի նոր երանգ էր, մի նոր մթություն ու ծանր մթնոլորտ։ Եթե բախտներս բերում էր, էդպես էլ մնում էր։ Բայց հաճախ անձրև էր գալիս, անդադար, անձայն, մանր անձրև, ու անպայման օրը մի քանի անգամ թրջվում էի։
Նոյեմբերը կարծես վերջ չունենար։ Բեռլինում շատ տարբեր չէր. ձմեռային ժամանակին անցնելուց հետո օրերը նոր թափով էին կարճանում, ու մեկ էլ նկատում էիր, որ աշխատանքի գնալիս մութ է, դուրս գալիս մութ է. ամբողջ ցերեկային լույսը վատնում ես գրասենյակում, լսարանում կամ լաբորատորիայում։ Նոյեմբերի հետ սկսվում է անքնությունը. մարմինս շփոթվում է, խառնում մութն ու լույսը, անտանելի սրտխփոց, միգրենի նոպաներս ավելի հաճախակի են դառնում։ Մի անգամ, երբ ասպիրանտուրայիս վերջերում էի, ու որակյալ քնի ամեն ժամն ատենախոսությանս մի էջի էր հավասար, բժշկիս խնդրեցի, մելատոնին նշանակեց։ Դեղը, իհարկե, օգուտ չտվեց. էդպես էլ նորմալ չքնեցի, մինչև ատենախոսությունս չհանձնեցի, իսկ այդ ժամանակ օրերն արդեն նորից էին սկսել կարճանալ։
Օրհուսում ավելի սարսափելի մթության ու ավելի անտանելի անքնության էի պատրաստ։ Ձմեռային ժամանակի անցնելուն նախորդած շաբաթվա ընթացքում անսովոր քնկոտ էի։ Նույնիսկ բռերով վիտամին D–ն չէր օգնում։
Նոյեմբերին Արամն անընդհատ ինձ իրենց տուն էր հրավիրում։ Ասում էր, որ Մարիամը շատ կուզեր ինձ տեսնել, մանավանդ որ Օրհուսում շրջապատ չունի. մենք կարող էինք հրաշալի ընկերներ լինել։ Ասում էր՝ մթությանը դիմանալու համար հայկական ջերմություն է պետք, միայն վիտամին D-ն քիչ է։ Չգիտեմ, թե ես ու համալսարանը միայն օժիտի համար ավարտած տնային տնտեսուհին ինչ ընդհանրություններ ունեինք, բացի հայ լինելուց, ու չգիտեմ՝ ոնց էր «հայկական ջերմությունն» ինձ պակաս քնկոտ դարձնելու։ Դրա համար անընդհատ խուսափում էի հրավերն ընդունելուց։ Բայց Կարոլինի պաշտպանությունից օրեր անց, երբ Արամին տեսա ինստիտուտի խոհանոցում՝ սուրճի ապարատի մոտ, ասաց.
— Էդ Կարոլինի փարթի-մարթիներին գնում ես, մեր տուն չե՞ս գալիս։
— Կգամ,- փորձեցի խուսափողական պատասխան տալ։
— Շաբաթ օրը։ Կսպասենք։
Փախչելու տեղ չունեի։ Ինքս ինձ համոզեցի, որ միայն մի երեկո է, մի կերպ կդիմանամ։ Մի շիշ գինի գնեցի, նստեցի ավտոբուս ու գնացի նրանց տուն։
Արամն ու Մարիամը քաղաքի հարավում էին ապրում․ կայարանն անցնում ես, մի քիչ քայլում, ու լայն փողոց է՝ մեջտեղում այգի։ Արամենց պատուհանները հենց այգուն են նայում՝ երրորդ հարկից։
Ուղիղ ժամը յոթին այնտեղ էի, բայց չգիտեի՝ զանգը տա՞լ արդեն, թե՞ մի քիչ էլ սպասել։ Եվրոպայում ապրող հայերի հետ երբեք չգիտես, թե ինչքանով են պարտաճանաչ դարձել ու ինչքանով են հայ մնացել, չգիտես՝ ճիշտ ժամին հյուր գնալը քաղաքավարությու՞ն է, թե՞ անհարմարություն։ Ասենք, Արամին լավ իմանալով ու նկատի ունենալով կնոջ իր ընտրությունը՝ ավելի շուտ հակված էի կարծել, որ տեղական բարքերը շատ չի յուրացրել։
Մեր բակի Մարիամը մեզնից մոտ տասը տարով փոքր էր։ Ես ու Արամն արդեն ձևավորված մարդիկ էինք, երբ մեր հարևան Վարսիկը հսկայական փորով խանութի գնումները ձեռքին մոտենում էր շենքին, ու Արամն առանց մի բառ ասելու վազում էր մոտը, տոպրակները վերցնում, բարձրացնում չորրորդ հարկ։ Տեսնես այն ժամանակ գիտե՞ր, որ իր ապագա զոքանչին էր օգնում, ու որ իր ապագա կինը հենց այդ փորի մեջ էր։
Յոթ անց տասնհինգ Արամենց մուտքի զանգը տվեցի։
— Վայ, արդեն հասա՞ր,- բարձրախոսից լսեցի Մարիամի ձայնը,- արի վերև։
Ինձ ասել են, որ դանիական բոլոր տներն իրար նման են․ աղբարկղը լվացարանի տակ, գիտես խոհանոցի կոնկրետ որ դարակում են բաժակները, որում՝ համեմունքները։ Հյուրասենյակում պարտադիր բազմոց կա առանց բազկաթոռների՝ մոխրագույն կամ սև, ունի երկու միմյանց ուղղահայաց հատված։ Կան նաև պարտադիր գրքեր, որոնք անպայման կգտնես ամեն դանիական տան գրապահարանում․ Ֆրոկեն Յենսենի բաղադրատոմսերի գիրքը, Հարի Փոթերի հատորները, եթե տանը երեխա կա, ու Յուսի Ադլեր-Օլսենի դետեկտիվները։
Տեսնես հայկական տնե՞րն էլ ունեն էդպիսի ընդհանրություն։ Օրինակ, պատին գորգ, սերվանտ, որտեղ դասավորված է միայն հյուրերի համար նախատեսված սպասքը, սովետական հանրագիտարաններով ու Չարենցի հատորներով գրապահարաններ։ Համենայնդեպս, ճիշտ այդպիսին էր Արամի օրհուսյան տունը։ Երբ հարցրի սերվանտի մասին, Մարիամն ասաց, որ ծանոթ հայ հյուսն ունեն Օրհուսում, որի մոտ պատվիրել են այն, իսկ գորգը Հայաստանից են բերել։ Տեղափոխությունը թանկ էր, թղթաբանությունը՝ անտանելի, բայց դե հո առանց գորգի չէի՞ն մնալու։
Թեև միայն երեքով էինք լինելու, սեղանին տեսակ-տեսակ ուտելիքներ էին դրված, որ Բեռլինում մի յոթ-ութ հոգու համար կնախատեսեին։ Մի մասն էլ Մարիամը դեռ եփում էր։ Ես, որ գերմանական ընթրիքներին էի սովորել, մոռացել էի հայկական հյուրասիրությունը։
— Տեղավորվե՞լ ես արդեն,- հարցրեց Մարիամը՝ խոհանոցից հերթական ուտեստը բերելով։
— Դե հա, առայժմ հա, հետո տեսնենք,- պատասխանեցի։
— Բուսաբանական այգու մոտ ա մնում,- ասաց Արամը, որ հարմար փռվել էր սեղանի մոտ դրված աթոռներից մեկին։
Ես դեռ կանգնած էի։ Չգիտեի՝ պետք է գնայի Մարիամի՞ն օգնելու, թե՞ Արամի հետ նստեի, սպասեի, մինչև վերջացներ Մարիամը։ Ու մինչ կփորձեի հասկանալ, թե տվյալ իրավիճակն ինչ էր պահանջում, Արամն առաջարկեց նստել։
Ընթրիքին ամենազարմանալին այն էր, որ ոնց որ Հայաստանում լինեի, եթե չհաշվեինք ուտելիքի բաղադրիչների անհամությունը։ Ասենք, պոմիդոր-վարունգը դեռ կգտնես սուպերմարկետներում, բայց լավաշ ու բաստուրմա՞։
— Լավաշը ես եմ թխել,- հպարտությամբ հայտարարեց Մարիամը, երբ վերջապես ամեն ինչ պատրաստ էր, ու երեքով նստել էինք սեղանի շուրջ։
— Բեռլինում թուրքական խանութներից էի առնում,- ասացի։
Երկուսն էլ մռայլվեցին։
— Թուրքական խանութից բան չառնես,- ասաց Արամը։
— Ինչի՞ որ։ Ամեն ինչ ունեն։ Սև սուրճն էլ էի իրանցից առնում։ Մշակույթով մեզ շատ մոտ են։
— Դու հա՞յ ես։ Ո՞նց ես տենց բան ասում,- Արամը ձայնը բարձրացրեց։
— Վաղու՞ց եք էս տանն ապրում,- փորձեցի թեման փոխել։
— Երկու տարի կլինի,- ասաց Արամը։ Մարիամը վեր կացավ, ձևացրեց խոհանոցում գործ ունի, գնաց։
— Օգնելու բան կա՞,- Մարիամի հետևից ես էլ գնացի։
Խոհանոցում Մարիամը դեսերտի սեղանն էր պատրաստում։ Որոշեցի սուրճ սարքելն ինձ վրա վերցնել։
— Հայաստանից ենք բերում,- ասաց։ Ջազվեն ու սուրճը տվեց ինձ,- ես ու Արամը նորմալ ենք խմում, դու՞։
Ես սուրճ ընդհանրապես չեմ խմում։ Հայաստանում դա լուրջ խնդիր էր ինձ համար, երբ կանայք հավաքվում էին, սրճում, բամբասում, բաժակ շուռ տալիս, բաժակ նայում։ Ինձ միշտ հետաքրքրում էր՝ իմ բաժակի մեջ ինչ կլինի, բայց էդպես էլ չէի կարողանում խմել։ Իմ սուրճը մնում, սառում էր, մինչ մյուսները մրուրի նկարած ճանապարհներից ու սիրտ բացելուց էին խոսում։
— Ուրեմն սաղիս համար նորմալ կսարքեմ,- ասացի ու չափեցի սուրճը, չափեցի ջուրը, չափեցի շաքարավազն ու ջազվեն դրեցի գազօջախին, մինչ Մարիամը միրգ էր կտրտում ու տեսակ-տեսակ խմորեղեն շարում մեծ ափսեի մեջ։ Արամը պատշգամբում էր, երևի ծխում էր։
Երբ սուրճն ու դեսերտը մատուցեցինք, Արամը ներս մտավ։ Սկսեցինք Կարոլինի պաշտպանությունից խոսել, որի միայն պաշտոնական մասին էր Արամը ներկա եղել։ Մի քանի բառով ամփոփեցի, թե ոնց էր խնջույքն անցել, պատմեցի, որ Զեհրա անունով մի կնոջ հետ եմ ծանոթացել։
— Ահ, մեր փիեյչդին էր,- ասաց Արամը,- գլխացավանք։ Չադրան գլխին կապած գալիս էր գործի, բայց որ ասում էինք՝ դուք մահմեդական կանայքդ, տեսնեիր ինչ դեբոշ էր սարքում։ Հիմար աղջիկ դուրս էկավ, ակադեմիայի համար էլ լրիվ անպետք։ Աղջիկը չպիտի ջանջալաբան դառնա։
Ձեռքերս բռունցք արեցի, եղունգներս խրեցի ափերիս մեջ, որ որևէ վատ բան չասեմ։
— Բայց վատ աղջիկ չէր երևում,- ասացի։
Մարիամը մի հայացք գցեց Արամի վրա։
— Վատ աղջիկն էլ ո՞նց ա լինում։ Դու բայց շատ թրքասերը դուրս էկար,- ասաց Արամը։
— Դու էլ պակասը չես,- Մարիամը նայեց Արամին։ Ուզեցի ասել, որ Զեհրայի մասին սխալ կարծիք ունեն, որ նա մահմեդական չէ, որ հիջաբն ուղղակի մարդկանց ջղայնացնելու համար է։ Բայց ձայն չհանեցի։
— Ուրիշ էլ ո՞վ կար Կարոլինի փարթիին,- հարցրեց Արամը։
«կտորե տոպրակ» գրքի մասին
Սիրանուշը Դանիայի Օրհուսի համալսարանից աշխատանքի առաջարկ է ստանում։ Տարիներ առաջ Սիրանուշը Երևանից տեղափոխվել է Բեռլին՝ կրթություն ստանալու, գիտությամբ զբաղվելու, փնտրելով ընկերություն, սեր և, ամենից շատ, պատկանելություն, սակայն այդպես էլ դա նրան չի հաջողվել։ Դանիայում կյանքը նորից ու ավելի լավ սկսելու հնարավորություն է բացվում։ Բայց Սիրանուշն Օրհուսում ոչ ոքի չի ճանաչում իր մանկության ընկեր Արամից բացի։ Բախվելով դանիական կլիմայական ու մշակութային առանձնահատկություններին ու լինելով քառասունին մոտ՝ Սիրանուշը դժվարանում է մտերիմ կապեր ստեղծել տեղացիների հետ։ Սակայն շուտով մի խնջույքի ժամանակ ծանոթանում է Դանիայում ծնված-մեծացած Զեհրայի հետ։ Զեհրան խորհրդավոր է, անդրդվելի և ձգող։ Բայց նաև թուրք է։ Երբ նրանք միասին են, ավելի պակաս օտար են զգում Օրհուսում։ Սակայն գալիս է կորոնավիրուսի համավարակը, հետո՝ 44-օրյա պատերազմը։ Հնարավո՞ր է արդյոք օտար երկրում գտնվող հայ և թուրք կանանց միջև ընկերություն։
Գլխավոր լուսանկարի աղբյուրը՝ «Զանգակ» գրատուն
No Comments