Փաբային տրամադրություն սովորաբար չեմ ունենում, բայց այդ օրը որոշել էի մի քանի շիշ գարեջուր խմել, մինչև կգար ժամանակը, որ այդ փաբից 300 մետր հեռավորության վրա գտնվող այգում հորս ընկերոջը գումար փոխանցեի: Փաբում երաժշտությունը սովորականից շատ բարձր էր, ես էլ այդ օրը, բախտի բերմամբ, նստած էի հենց բարձրախոսների մոտ: Սկզբից հաճելիորեն Ֆլոյդ էի լսում և հաճույք ստանում: Մտքումս անվերջ կրկնում` «Run, rabbit run․ Dig that hole, forget the sun»: Սովորություն դարձրած՝ ամեն սիրելի երգի հետ երգում էի բառերը, և այս անգամ էլ պատահականություն չէր: Եվ կարծես սա հաղորդագրություն լիներ ինձ ինչ-որ աշխարհից․ կանգնել ոտքի և վազել հաջողությունների հետևից։ Բայց հաջորդիվ սկսվեց հիասթափությունների շարքը: Սկսեցին անտանելի ռեմիքս արված դմփ-դմփները, ու այդ ամենից մի քիչ ազատվելու համար որոշեցի ուսումնասիրել շուրջբոլորս և բավականին գեղեցիկ աղջիկների նկատեցի։ Անգամ խնդրեցի իմ հաշվին նրանցից մեկին դուդու հյուրասիրել, սակայն դուդուն հաճույքով խմեց, իսկ ինձ ուշադրություն չդարձրեց, երևի իմ օրը չէր: Բայց բնավորությանս համաձայն՝ չհանձնվեցի դեռևս որսի սկզբնական փուլում և «Tequila Sunrise» հյուրասիրեցի ինձնից մի քանի մետր ձախ նստած աղջկան, և դարձյալ մերժվեցի: Այսպես երկու գեղեցկուհիների մերժման ձեռքսեղմումների զուգորդումներով էլ անցավ ժամանակը, փակեցի հաշիվը և շտապեցի այգի՝ փողը տալու: Ճանապարհին, իմ կամքից անկախ, վայելեցի սպիտակ Նիվայից եկող ենթադրելի լակած և ծակված տղայի լալահառաչ կլկլոցը և ուշադրությունս շեղելով՝ ձեռքիցս գցեցի կրակայրիչս: Մինչև ուզում էի վերցնել՝ գետնին նկատեցի 200-դրամանոց, ուրախությամբ վերցրի կրակայրիչս, նաև այդ մետաղադրամը և ինքս ինձ հույս տվեցի, որ այսօրվա հաջողությունն էլ վաղվա տրանսպորտի գումարը գտնելն է, թեև գումարից ընդհանրապես չէի նեղվում: Այդ օրերին մի շարք ֆուտբոլային հանդիպումների բացարձակ գուշակումներ էի արել և ընկերներիս շրջապատում ստացել էի «շաբաթվա խաղամոլ» բարձր կոչումը: Դեռևս 15 տարեկանից, երբ մեզ արգելված էր բուքմեյքերական կետերում խաղադրույք կատարելը, մեզ հաջողվում էր մեր արտաքինի շնորհիվ, առանց անձնագրի կատարել խաղադրույքներ և հաղթել։ Իհարկե, ժամանակի ընթացքում խստացումներ սկսվեցին, բայց մեզ հաջողվել էր արդեն մեծանալ: Եվ արդեն այդ տարիքից էլ եկել էր այս կոչման պատվավոր հանձնումը, որը տրվում էր մեկ շաբաթվա ընթացքում ամենաշատ հաջողություններ գրանցած խաղամոլին: Թերևս խաղամոլ բառը մեզ համար այնքան էլ հատկանշական չէր, քանի որ մենք սովորաբար փոքր խաղադրույքներ էինք կատարում, սակայն շահումները իրոք շատ հաջողված էին լինում: Մեծանալուն զուգընթաց մեծանում էր նաև կատարված խաղադրույքների գումարի չափը, բայց այն երբեք ու երբեք չէր հասնում շատ մեծ թվերի: Սակայն, ինչպես ասում էր Վիվառոյից հայտնի Գուրգեն ձյան՝ «Երբեք մի ասա երբեք, մինչև չես պարտվել տունդ»: Այգի հասնելով՝ նկատեցի ծառերի արանքում կանգնած հորս ընկերոջը և մոտեցա նրան, փոխանցեցի գումարը և որոշեցի մի քիչ նստել: Նստարաններից մեկին հարմար տեղավորվեցի, սկսեցի ծխել և մտածել՝ ի՞նչ կարելի է անել հիմա: Բազում մտքեր կային և․․․ բոլորը կապված էին նորից փաբ գնալու, խմելու և հաջողության դեպքում աղջկա հետ ծանոթանալու հետ: Սակայն մինչ ծխախոտիս քուլաները բարձրանում էին օդ և անհետանում, ինչպես սովորաբար անհետանում էին իմ կյանքից սիրելի մարդիկ, նկատեցի ինձնից գրեթե տասը մետր հեռու նստած մի աղջկա, որը գլուխը կախել և կարծես թե լաց էր լինում: Ու մինչ փորձում էի մտքերս ուղղել միայն նրա կողմը և հասկանալ՝ ինչպես մոտենալ նրան և հատկապես ինչ ասել, կատարվեց անսպասելին: Մտածում էի՝ այդպիսի բաներ լինում են միայն ֆիլմերում, բայց նա եկավ, ուշադիր նայեց աչքերիս և ասաց.
-Շարժի՛ր հետույքդ, ես կարիք ունեմ ինչ-որ մեկի հետ խմելու:
Մինչ ես ցանկանում էի ինչ-որ բան ասել, մոտեցավ ինձ և սկսեց ձեռքիցս քաշել, միայն այդ ժամանակ խոսեցի.
-Ես , դու , մենք, հա, հարց չկա,- չէի կարող, իհարկե, հիմարի տպավորություն չթողնել:
-Վերջապես կպոկվե՞ս տեղիցդ, թե՞ դեռ երկար ես նստելու։ Ես Սառան եմ, ու ինձ ընդհանրապես չի հետաքրքրում քո անունը, միայն խնդրում եմ՝ արագ ինձ տար մի տեղ․ ես պետք է խմեմ: Հա՛, մեկ էլ սիգարետ տո՛ւր:
Ես առանց ոչ մի բառ ասելու ոտքի կանգնեցի, փոխանցեցի նրան ծխախոտի տուփը և կրակայրիչը: Դա իմ երկրորդ սխալն էր առաջին հիմարությունից հետո: Նա ինչ-որ կատվային հայացք ուղղեց իմ կողմը։ Այդ պահին իսկույն ահասարսուռ դող անցավ մարմնովս, ու մինչև ուզում էի բառեր գտնել, մտավ թևս և ասաց.
-Իսկ դու, փաստորեն, ջենթլմեն էլ չես, սիգարետս ես պետք է վառե՞մ:
-Չէ, իհարկե, դու, է՜, ես: Կներես, հիմա կվառեմ:
Սակայն չթողեց: Վառեց: Ինչ-որ տարօրինակ հայացքով նայեց և սրամտեց.
-Բախտավոր տղա ես, հա՛, ինձ նման հրեշտակը երկնքից ընկավ մոտդ, հիմա գնում ենք, չէ՞, խմելու:
-Այո՛, բա ո՜նց, էստեղ մի լավ փաբ կա:
Քայլերս ինքնաբերաբար ինձ տանում էին այն փաբը, որտեղից եկել էի այստեղ, ես չէի խոսում, շոկի մեջ ուզում էի հասկանալ՝ այս ինչ խաղ է, մի՞թե թաքնված տեսախցիկ է, թե իրոք Երևանում կա մի աղջիկ, որ կարող է էսպես մոտենալ և առանց ինձ ճանաչելու, անգամ առանց անունս իմանալու այսպիսի առաջարկ անել: Փաստորեն կար: Մենք հասանք փաբ, նստեցինք, նա ձեռքիցս նորից վերցրեց ծխախոտը, վառեց, սկսեց ծխել և ծուխը փչել դեմքիս: Մի երկու րոպե քարացած նայում էի նրա սևացած աչքերին, երևում էր, որ լացել է, հետո ինքնաբերաբար նայում էի նրա գեղեցիկ բացվածքով շորի տակից երևացող կրծքերին։ Պապս ասում էր, որ չի կարելի կնոջ կրծքերին այնպես նայել, որ նա հասկանա, եթե այդպես լինի, ուրեմն ամեն ինչ կորած է։ Հետո մտքումս նրան հենում էի փաբի պետքարանի պատին և անում այն բոլոր հնարավոր բաները, որոնք պատկերացրել էի իմ սեքս ֆանտազիաներում կամ տեսել պոռնոֆիլմերում: Իհարկե, այդ ֆանտազիաներից շատերն էլ փորձել էի, բայց այս մեկը թվում էր անգերազանցելի է լինելու: Մեր երկուսի լռությունը խախտեց մատուցողուհին, որ վստահ մոտեցավ մեզ և նույնքան վստահորեն էլ հարցրեց՝ ի՞նչ եք ուզում: Նրա ընտրությունն ինձ ուղղակի շոկի ենթարկեց, քանի որ տարօրինակ պատահականությամբ ասաց այն, ինչ ես նույնպես շատ եմ սիրում:
-Մեզ երկու բակարդի բերեք, ա՛յ սրանից՝ ցույց տալով «Bacardi Party Drinks Zombie»-ին:
Նա անգամ չհարցրեց, թե ինչ նախասիրություն ունեմ, թերևս իդեալական ընտրություն էր կատարել: Ես շարունակում էի մտքում տիրանալ նրա անթերի մարմնին, կանաչ երանգով, բայց ոչ այնքան էլ կանաչ աչքերը նրա շողում էին փաբային լույսերի տակ, նրա ոչ հաստ, բայց յուրօրինակ լայնությամբ շուրթերը ամեն ծխի հետ ավելի ու ավելի սեքսուալ էին դառնում, այդ ամենին համապատասխան, նրա փոքրիկ և համաչափ քթիկը և մի քիչ փոսիկով այտերը ավելի էին գեղեցկացնում նրա դեմքը, բարակ իրանը, որի վրա արտահայտված կապույտ երակները և արդեն ուսերին հասնող ոսկրային հատվածը, որը կարծես թե նոր ծնված երեխայի փափուկ ձեռքերի էր նման, իջնում էր դեպի նրա կրծքերը, որտեղից էլ իջնում էր դեպի նրա գոտկատեղը, որտեղ, անգամ փակ շորի տակից, զգացվում էր նրա փորի ներդաշնակությունը կրծքավանդակի և գոտկատեղից իջնող երկար բաց ոտքերի, կլորիկ և մի քիչ արտահայտված հետույքի հետ: Մինչ ես դետալ-դետալ ուսումնասիրում էի նրա խենթացնող կերպարը, բերեցին պատվերը, և նա ձեռքը մոտեցրեց և վերցրեց իմ դիմաց դրված բաժակը, հետո լեզվով մի կաթիլ համտեսեց և սկսեց ժպտալ: Ակամա ես էլ սկսեցի ժպտալ և առաջին անգամ դեռևս ոչ հասուն տարիքից հետո զգացի, որ չեմ կառավարում մարմինս: Միանգամից ցանկություն առաջացավ ինչ-որ ռիսկային քայլ անելու, սակայն մինչ մտածում էի դրա մասին՝ նա իր դիմաց դրված բաժակը իր նուրբ ձեռքերով հրեց իմ կողմն ու ասաց.
-Միանգամից քաշի՛ր գլուխդ:
Մինչև կփորձեի բաժակի պարունակությունը դատարկել ստամոքսս, նա արդեն կլլեց իր ամբողջ բաժակը, և մեկ ակնթարթ անգամ չփոխվեց նրա դեմքի արտահայտությունը: Պահի լրջությունը հասկանալով և վերջնականապես խայտառակ չլինելս ըմբռնելով՝ իմ բաժակի ամբողջ պարունակությունը լցրի բերանս: Ահա այստեղ էլ առաջին անգամ խիզախեցի հարց տալ.
-Իսկ դու իրոք չե՞ս ուզում իմանալ անունս:
— Եթե պնդում ես, կարող ես ասել, բայց անծանոթով քեզ դիմելը ինձ ավելի է դուր գալիս:
— Լավ, թող ես լինեմ անծանոթը, բայց քո Սառա անունը շատ գեղեցիկ է:
-Օ՜, ինչ նրբանկատ ես,- սարկազմով ասաց նա և ձեռքով կանչեց մատուցողին:
-Այդպես են սովորեցրել,- փորձեցի ինչ-որ սուր պատասխան տալ:
-Հա՛, սրամիտ էլ ես փաստորեն, թե չէ սկզբից մտածում էի, որ խոսել չգիտես,- ասաց քմծիծաղ տալով և շարունակեց․- Մատուցող, մեզ երկու հատ էլ սրանից բեր, հա՛, մեկ էլ մի երգ պատվիրենք էս դիմացիս հմայիչ տղայի անունից:
Ես մինչ փորձում էի հասկանալ, թե ինչքան գումար եմ այսօր ծախսելու, մատուցողը արագ լսեց երգի անունը, ընդունեց պատվերը և հեռացավ: Ինձ համար անծանոթ«Connie Francis — Tango Italiano» երգը: Այդ պահին անգամ չկարողացա կռահել, թե ինչ է փչել նրա մտքին․ թեև երգի անունից պետք է պարզ լիներ: Իսկ երաժշտությունը միանալուն պես իր կրակոտ աչքերով նայեց ինձ և ասաց.
-Հուսամ՝ տանգո պարել գիտես:
Ես ամբողջովին շփոթվեցի: Ծիծաղելով մոտեցավ ինձ՝ անելով այն հայտնի շարժումը, որ սովորաբար անում են տղաները աղջիկներին տանգո պարելու հրավիրելիս: Այս անգամ ինձ չկորցրի, և բոլորի աչքին հիմար ու խենթ երևալն էլ ինձ չվանեց նրա հետ տանգո պարելու մտքից․ ո՞ր մի ապուշն է փաբում տանգո պարում: Թերևս, կարծում եմ, սա նման էր բռնաբարության․ նա հաստատ, իմ կամքից անկախ, կստիպեր պարել: Եվ մենք սկսեցինք պարել: Ի զարմանս ինձ՝ բոլոր սեղաններից սկսեցին ծափահարել, անգամ մի զույգ էլ միացավ մեր պարին: Երբ առաջին անգամ ձեռքս զգացի նրա գոտկատեղին, այդ ժամանակ արդեն կորցրի ինքնատիրապետումս և չգիտակցելով պարեցի կյանքիս լավագույն տանգոն: Թեև միշտ էլ լավ եմ պարել և շատ եմ սիրում պարել: Պարելուց հետո նորից նստեցինք մեր տեղերը, և ինձ ցնցող հարցադրում արեց.
-Իսկ դու հավատո՞ւմ ես,- մեր պարից ոգևորված՝ ասաց Սառան:
-Ինչի՞ն կամ ո՞ւմ:
-Օրինակ՝ ինչ-որ կրոնի:
-Ինձ ասել են, թե ես ագնոստիկ եմ:
-Հա, ես կարծում եմ, որ կրոնը ստեղծել են մեզ կառավարելու համար, ինչպես օրինակ՝ ես կառավարում էի քեզ պարի ժամանակ։ Իհարկե, ես կրոն չեմ, բայց դու քեզ թեթև էիր զգում։ Կարծում եմ՝ կյանքում առաջին անգամ մի կողմ դրեցիր կասկածամտությունդ, մի կողմ դրեցիր ամոթդ և անգամ առանց գիտակցելու պարեցիր կյանքիդ պարը:
Հոգուս ներսում այս տողերը ազդարարում էին իմ հերթական պարտությունը, քանի որ նա ակնհայտորեն հասկացրեց, որ կառավարում է ինձ, և կարծես թե փորձեց հասկացնել, որ դեռ պետք է կառավարի: Այս ամենը հասկանալով՝ որոշեցի նրան զարմացնող պատասխան տալ:
-Իրականում իմ նախկին սիրելին քեզնից լավ է պարում, և դու ինձ չզարմացրիր, Սա՛ռա, իհարկե, մենք չենք պարել փաբերում, բայց ռեստորանում մի լավ շոու ենք արել:
-Երևի դրա համար էլ կորցրել ես նրան,- շատ կտրուկ և մի քիչ դիվային հայացքով ասաց նա:
-Երևի,- մի քիչ վիրավորված, սովորականից կամաց, ասացի ես:
-Իսկ ի՞նչ ես կարծում՝ մարդիկ կարող են աչքերիդ մեջ նայելով ստե՞լ, թե՞ մարդիկ այնքան ստոր չեն: Ավելի ճիշտ՝ մի՛ պատասխանիր, հենց նոր դու լավ դեր խաղացիր:
-Այսի՞նքն:
-Ինչպես կեղծ հավատացյալն է գովում իր հավատքը, այնպես էլ դու գովեցիր նախկինիդ:
-Ուզում ես ասել, թե ես ստո՞ւմ եմ, որ նա քեզնից լավ է պարում:
-Այո՛, ուզում եմ ասել, որ դու ոչ միայն ստում ես, այլև լավ դերասան չես, անծանո՛թ ջան:
Այս ծանր պատասխանը լսելուց հետո իմ մեջ ծնվեց այն եսը, որի շնորհիվ միշտ կարողանում էի կառավարել դիմացինիս, և մեր մեջ սկսվեց մի նոր յուրահատուկ պատերազմ: Ես քմծիծաղ տվեցի և ուղիղ նայելով նրա աչքերի մեջ՝ ասացի.
-Իսկ դու ի՞նչ գիտես իմ կյանքի մասին:
-Ես գիտեմ, որ դու երջանիկ չես:
-Կարծես թե իմ աչքերը չեն, որ տխուր են: Այդ ինչպես մեկ պարից իմացար, որ ես երջանիկ չեմ։ Թեև մտածում եմ, որ երջանիկ կյանք չի լինում, լինում են միայն երջանիկ պահեր:
-Հա՛, Տերյե ես փաստորեն ցիտում:
-Փաստորեն կարդալ սիրում ես, իսկ ես մտածում էի միայն անհասկանալիորեն հայտնվել, խմել և պարել ես սիրում:
-Կզարմանաս, բայց ես շատ բաներ եմ սիրում, միայն կյանքը չեմ սիրում, քանի որ հասկացել եմ, որ այն իմաստ չունի:
-Ինձ չի թվում, թե դու կյանքից ամեն ինչ հասկացել ես:
-Էդ ո՞նց:
-Է՞դ, էսպես՝ կարծում եմ, որ մարդիկ հասկանում են ամեն ինչ միայն այն ժամանակ, երբ մեռնում են: Իսկ դու դեռ ողջ ես:
Լսելով իմ պատասխանը՝ Սառան գունատվեց, մատուցողին հասկացրեց ձեռքի շարժումով, որ կրկնի պատվերը, և ես առաջին անգամ անհանգստություն զգացի նրա հայացքում, կարծես նա ևս սկսում էր հասկանալ, որ դիմացինը պատահական երիտասարդ չէ: Այդ պահին ինձ թվում էր, թե ի վերջո խայտառակ չեմ լինում, և որպեսզի վերջնական նոկդաունի հասցնեի նրան, շարունակեցի խոսել.
-Գիտե՛ս, երբեք ուշ չէ նորից սիրել կյանքը:
Ահա սա այն սխալն էր, որը ես չպետք է անեի։ Այս լսելուց հետո նա տարօրինակ ոգևորություն ապրեց, ձեռքը դրեց ձեռքիս, նայեց ուղիղ աչքերիս մեջ և սկսեց իր նոր հաղթական սկիզբը:
— Սովորաբար մենք չենք սիրում կյանքը, մենք սիրում ենք այնտեղ ապրող մարդկանց, կենդանիներին, վայրեր, որոնց հետ հիշողություններ են կապված, սիրում ենք, ի վերջո, արվեստը՝ երաժշտությունը, պարը, գրականությունը: Սակայն կան մարդիկ, որոնք ամեն ինչի իմաստը տեսնում են մեկ մարդու մեջ, և նրա անհետանալով՝ նրանք սկսում են ատել ամեն ինչ, և այն բաները, որոնք նրանք սիրում էին, չեն պահում իրենց, իրենք շրջապատված կարող են լինել հազարավոր մարդկանցով, բայց այդ մարդիկ զուտ դեկորացիա են մի մարդու ստվերի տակ: Ու էստեղ քեզ հյուր է գալիս մոռացումը, ուզում ես միայնակ մնալ, բայց մեկ էլ ասում ես, տե՛ս, այս այգում ինչ-որ անհետաքրքիր մարդուկ է նստած, էն էլ պարզվում է՝ լավ էլ հետաքրքիր է:
Այս վերջին նախադասությունից հետո Սառան սկսում է խելագարի պես ծիծաղել, այնպես է ծիծաղում, որ ինձ մի պահ թվում է, թե կարող է ուշագնաց լինել, իսկ իմ ներսում մի կողմից՝ հպարտություն է, որ ես հետաքրքիր եմ, իսկ մյուս կողմից՝ հիասթափություն, որ նրա տողերի մեջ ես տեսնում էի ինձ: Սակայն ինձ ամենաշատը այդ պահին անհանգստացնում էր իմ հասցեին ուղղված «մարդուկ» մականունը:
-Մարդո՞ւկ, լո՞ւրջ, դու փաստորեն կույր ես:
-Ես մարդուկ ասում եմ անհետաքրքիր մարդկանց, թե չէ տեսնում եմ, որ իմ քաշի մի երեք չափը ունես, հա՛, ու նաև բարձրահասակ ես:
-Քեզ մի՞շտ է թվում, որ դու ամենախելացին ես,- վստահորեն խոսեցի։
-Միշտ,- խրոխտ պատասխանեց նա։
Այդ ժամանակ էր, երբ հասկացա, որ նրան այս պատերազմում հաղթելու միակ միջոցը ոչ թե անկողին տանելն է, այլ մտավոր բռնաբարելը։ Չկա աշխարհում մեկը, որ կարող է ինձ հաղթել բանավիճելիս, չկա մեկը, որ կարողանա ինձ հաղթել ֆլիրտի դարաշրջանում։ Այս ամենը լավ գիտակցելով, որոշակիորեն հաղթահարելով նրա հանդեպ թուլությունը՝ ես անցա ամենակարևոր հարձակմանը։ Բռնեցի նրա ձեռքից, հանեցի նրան պարահրապարակ և անհասկանալի ռիթմային դմփ-դմփ-ի տակ սկսեցի թեժ պարը։ Հիմա հարց է առաջանում․ մի՞թե սա մտավոր հաղթանակ է։ Իսկ կյանքում ձեզ երբևէ 140 կգ-ոց երիտասարդը պարային հրապարակում խայտառակ պարտության մատնե՞լ է։ Ես ոչ միայն աննորմալ շարժումներ էի անում, այլև ընթացքում օգտվում էի նրան հպվելու, նրա մարմինը ինչ-որ չափով զգալու մոգությունից։ Ակներև էր, որ նա արդեն հասկանում էր, որ այս երիտասարդը, եթե այսպես պարում է, ապա հիասքանչ է նաև այն ոլորտներում, որտեղ նա լավ է։ Այս պահին էր, երբ նա իմ ականջին շշնջաց․
-Իսկ ես կինոռեժիսորություն եմ սովորում։
-Ուրեմն գիտես, որ շատ հաջողված ֆիլմերում գլխավոր հերոսի պարը առանցքային դրվագ է։
-Իսկ ի՞նչ կինոներ կհիշես։
— Ես քեզ կասեմ միայն պարից հետո։
Այդ պահին էր, երբ ես գրկում եմ նրան, բարձրացնում օդ և սկսում ամբողջ պարահրապակով պտտել, փաբի ժողովուրդը սկսում է զիջել պարահրապարակը, նրանք բոլորը ցանկանում են վայելել իմ շոուն։ Շոուի ավարտից հետո մենք նստում ենք նորից մեր տեղը, և զգում եմ, որ նա այլևս ինձ չի նայում այն հաղթական հայացքով, թե ես ինչ-որ հասարակ մեկն եմ։
-Մարդո՛ւկ, իսկ ի՞նչ ֆիլմ էիր ուզում ասել։
-Կարծում եմ՝ բարդ չէ գուշակել, որ խոսքը «Pulp Fiction»-ի մասին է։
-Կարծում եմ՝ դու որոշել ես այսօր զարմացնել ինձ, մարդո՛ւկ։
-Արի էսպես պայմանավորվենք․ երբ դու սկսես ինձ անունով դիմել, կնշանակի՝ սիրահարվել ես ինձ, բայց ես քեզ չեմ ասի իմ անունը այնքան ժամանակ, քանի դեռ չես սիրահարվել ինձ։
-Փաստորեն, դու այնքան վստահ ես, որ ես սիրահարվելու եմ քեզ, որ նման պայման ես դնում, դու այսպես մարդուկ էլ կմնաս, հավե՛րժ,- շեշտելով վերջին բառը՝ ասաց նա։ Իսկ հետո շարունակեց․- Ես էլ պայման ունեմ․ այն, ինչ քո մտքում արդեն մի հազար անգամ արել ես ինձ հետ, կանես միայն, երբ ինձ սիրահարվես։
— Դու հենց նոր որոշեցիր կյանքումդ երբեք չզգալ իրական տղամարդուն։
-Ես մեկ անգամ զգացել եմ, և դրանից հետո այլևս ինձ ոչ մեկը պետք չէ։
— Իրականում քո պայմանն այնքան հեշտ է հաղթահարել․ ես հանգիստ կարող եմ խաբել քեզ, և մենք կքնենք իրար հետ։
— Ես մտածում էի՝ դու այն տղաներից ես, որը չի վախենում «սեքս» բառից, բայց, փաստորեն, վախենում ես։
Սա այն պահն էր, երբ որոշեցի պատերազմում հաղթանակն ինձնով անել և արեցի մի բան, որը ոչ մի դեպքում և երբեք խորհուրդ չեմ տա ոչ մեկին անել։ Վերհիշելով սիրելի ֆիլմերիցս մեկից մի դրվագ (ֆիլմում հերոսները այգում բարձրաձայն գոռում են առնանդամ)՝ ես ամբողջ փաբով սկսեցի բարձր գոռալ․
-Սե՛քս, սե՛քս, սե՛քս։
Նա փակեց բերանս և սկսեց նորից խենթորեն ծիծաղել։
-Չէ՛, դու իմ մաստի մարդ ես։
Փաբում հավաքված ժողովուրդը, լսելով իմ բացականչությունները, սկսեց բարձրաձայն ծիծաղել, իսկ հետո արդեն բոլորը սկսեցին ինչ-որ բաներ գոռալ։ Բայց ես ոչինչ չէի լսում, որովհետև Սառան սկսել էր ինձ պատմել այն ֆիլմի մասին, որը երազում էր նկարել։
-Ուրեմն իմ ֆիլմի հերոսները ինձ և քեզ պես խելագարներ են, նրանք սիրում են իրար, և վերջում տղան մեռնում է։
-Ինչպես հասկացա ակնարկդ, ես պետք է մեռնեմ մեր ֆիլմի վերջում։
-Չէ՛, հիմար, սա իրական պատմություն է, որտեղ տղան մեռնում է։
— Քեզ հետ է եղե՞լ։
— Այո՛։
Ահա այստեղ էր, որ ուզեցի նրան պատմել իմ պատմությունը, բայց վախեցա, քանի որ կարող էր մտածել, որ ես իր հետ եմ միայն անվան պատճառով։ Դրա համար ես նրա պատասխանից հետո կտրուկ փոխեցի խոսակցության թեման։
-Էլի կխմե՞ս։
-Եթե մտադրություն ունես ինձ հարբեցնելու և ինչ-որ բանի հասնելու, ապա քեզ զգուշացնեմ, որ բոլորից լավ եմ խմում։ Էլի պատվիրիր, բայց վերջում տե՛ս՝ չլվանաս այս փաբի ամանները։
-Ո՛չ, ես այնքան գումար ունեմ, որ կարող ենք հանգիստ լուսացնել այստեղ։
-Ուրեմն ինձ պատմի՛ր քո պատմությունը։
-Այսի՞նքն։
-Դե, ինձ թվում է, ես շատ լավ եմ հասկացել, որ դու էլ ինչ-որ սիրո պատմություն ունես, որից խուսափում ես, դրա համար չուզեցիր իմը լսել։ Ես վաղուց էլ երեխա չեմ, ինձ և քեզ նման մարդիկ դժբախտություն տեսած մարդիկ են, նրանք գիտեն՝ ինչ է ցավը, դրա համար էլ ցավեցնում են ուրիշներին։ Թեև չգիտեմ էլ՝ մեր կինոյում ես եմ քեզ ցավ պատճառելու, թե դու՝ ինձ։
-Դե, ինչպես քո պատմության մեջ, այնպես էլ՝ իմ, մեկը մահացել է։
-Մահացե՞լ է, այսինքն՝ այլևս չկա՞, թե պարզապես քո կյանքից է անհետացել։
-Այլևս չկա, թեև միշտ կա։
Այլայլվեցի այդ պահին, անտանելի մի կսկիծ պատեց ինձ, և ես նոր բերած բաժակը միանգամից քաշեցի գլուխս, չնայած դեռ միտք ունեի նրան բացատրելու, որ կան խմիչքներ, որոնք պետք է վայելել կում-կում, ոչ թե միանգամից քաշել գլուխը։ Ես կարող էի շատ երկար խոսել նրա մասին, ում անունը կրում էր նա, բայց որոշեցի լռել։
-Հասկանում եմ քեզ, նա 26 տարեկան էր, երբ մահացավ․ մահացավ գերդոզավորումից։
-Իսկ ինչո՞ւ տխուր բաներից խոսենք,- միանգամից խուսափելով թեմայից՝ ասացի ես և շարունակեցի․- Ինչ կարևոր է, թե ինչ ենք մենք կորցրել, եթե հիմա գտել ենք իրար։
-Երբեք չասես ինձ, թե ինչ կարևոր է ինչ-որ մեկի կորուստը, ես շատ լավ հասկանում եմ, որ անցյալը հետ չես բերի, բայց ներկայում պետք է խոսել անցյալի մասին, պետք է հիշել նրանց, ում կորցրել ենք, պետք է խուսափենք միայն այնտեղ հավերժորեն մնալուց։
— Ես, օրինակ, մարսել եմ անցյալում ամբողջ եղածը,- նայելով նրա աչքերին՝ ստեցի, վերացնելով այն տեսությունը, թե մարդու աչքերին նայելով՝ անհնար է խաբել։
Սա այն պահն էր, երբ իրականում իր ներսում հասկացավ, որ թաքցնում եմ մի շատ մեծ ճշմարտություն, բայց նա էլ տեսության զոհ էր, նա էլ հասկանում էր, որ եթե նայել եմ իր աչքերին, ուրեմն չեմ կարող ստել, թեև ինքն էլ վաղուց հասկանում էր, որ աշխարհում բոլոր տեսությունները սուտ են։ Գուցե պարադոքս է, բայց նա միաժամանակ և՛ հավատաց ինձ, և՛ չհավատաց։ Սառան սկսեց ուշադիր զննել իմ ոչ այնքան վայելուչ մորուքը և ձեռքը տանելով դրա կողմը՝ սկսեց թեթևակիորեն քաշել այն՝ ուշադիր նայելով աչքերիս մեջ։ Այդպես աղջիկները սովորաբար անում են այն ժամանակ, երբ ցանկանում են, որ իրենց համբուրեն։ Բայց ես չէի մոռացել պայմանը․ նրան կարող էի համտեսել միայն սիրահարվելուց հետո։ Իսկ ես թեև գերվել էի նրա չքնաղ տեսքով, բայց, հաստատ, չէի սիրահարվել։ Վաղուց սովոր էի ես տոգորման, երբ մարմնական ցանկությունները խեղդում են կոկորդդ, բայց դու պետք է զսպես քեզ, քանի որ դեռ ժամանակը չէ։ Եվ այս ամենը քաջ գիտակցելով՝ ես չկարողացա զսպել այն մոլեգին կիրքը, որը կրծքիս տակից բուռն պոռթկում էր՝ պատրաստ դուրս հորդելու։ Համբուրեցի Սառային։ Նա չմերժեց։ Նայեցինք իրար։ Ժպտացինք։ Նորից համբուրվեցինք։ Նորից ժպտացինք։ Այդպես հինգ րոպե։ Ես ինչ-որ անսովոր զգացողություն ունեցա, որը չէի ունեցել նրա մահվանից հետո։ Առաջին անգամ ինչ-որ աղջկա հետ այսքան արագ ինչ-որ լուրջ շփման մեջ մտնելուց հետո, ես չմտածեցի, որ սա հերթական մի բան է, հերթական ցավազրկողը։ Երկար ժամանակ էր, որ ես չէի կարողանում հաշտվել այդ կորստի հետ, և լավագույն լուծումը գտել էի անկանոն հարաբերությունների, խմելու, ծխելու, սեքսի մեջ։ Այդ պահին էր, որ նա հարցրեց իմ անունը և խախտեց առաջին պայմանը։ Նույն պահին ես նրան առաջարկեցի մեր շփումը շարունակել այլ վայրում՝ խախտելով արդեն երկրորդ պայմանը։ Ճանապարհը մեզ տարավ իմ սիրելի հյուրանոցը, որտեղ ինձ այնքան լավ էին ճանաչում, գիտեին, թե ինչպիսի սենյակ եմ ուզում, ինչ պատվեր պետք է բերեն, ինչքան ժամանակով է այն ինձ պետք։ Իհարկե, լինում էր նաև այնպես, որ իմ ցանկալի տարբերակները բացակայում էին, և նրանք ինձ առաջարկում էին նոր տարբերակներ․ բայց սա այդ դեպքը չէր։ Սառան գիտակցում էր, որ ինքը հերթական աղջիկն է, քանի որ երբ հյուրանոցի աշխատողը ինձ տվեց մեր համարի բանալին, գրեթե առանց որևէ հարցի, նա հասկացավ, որ ես այստեղ շատ եմ լինում։ Հյուրանոցի համարը հասնելուն պես նա ուշադիր սկսեց զննել սենյակը, որտեղ մեկ անկողին էր, կողքին մեկ բազկաթոռ, բազկաթոռի կողքին մի սեղան, որի վրա ծաղիկներ էին, մի քանի աթոռ, շատ փափուկ և ոտքերին հյուրընկալ բամբակե մի գորգ, պատերին մի քանի շքեղ նկարներ բնության տեսարաններով։ Հետո գնաց լվացվելու և նկատեց ջակուզին։ Ինչպես բոլորը, որ սովորաբար տեսնում էին ջակուզին, ցանկանում էին այնտեղ մի քիչ ժամանակ անցկացնել, բայց նա տարբերվեց․ նրան հետաքրքրում էր, թե ես ինչ նոր խմիչք եմ պատվիրելու։ Ասացի, որ անակնկալ է, բայց իրեն դուր կգա։ Քիչ անց դուռը թակեցին և բերեցին մեկ շիշ վիսկի և մեկ տուփ շոկոլադ։ Այստեղ էլ սկսեց անկեղծության ժամը։ Սառան սկզբից ամուր գրկեց ինձ, իսկ հետո խնդրեց լսել իրեն։ Այդժամ արդեն շատ էի ցանկանում տիրել նրա պերճ մարմնին, զգալ նրա մարմնի ամբողջ ջերմությունը, վայելել նրան ինչպես համաշխարհային գրականության ամենահանճարեղ գիրքը կվայելեի՝ էջ առ էջ, ինչպես համակ ուշադրությամբ կլսեի հազվագյուտ երաժշտությունը, ինչպես կնայեի համաշխարհային կինեմատոգրաֆիայի ամենաշենշող ֆիլմերից մեկը՝ դետալ առ դետալ։ Բայց կան գրքեր, որոնք անավարտ են մնում, կան երաժշտություններ, որ կիսատ են գրվում, կան ֆիլմեր, որ կիսատ են դիտվում։
-Մարդուկ, նա մահացել է, քանի որ ես իրեն չեմ ներել։
-Այսի՞նքն։
-Հա՛, հենց էդպես, մի օր անգիտակից եկավ ինձ մոտ, գլուխը դրեց ոտքերիս և անզոր սկսեց հեկեկալ, որ մեծ մեղք է գործել։ Ասաց, որ ստիպել է իր սիրուհուն աբորտ անել։
Այս լսելուց հետո հասկացա, որ հիմա ոչնչի պատրաստ չեմ, կարող եմ միայն ավելի ամուր գրկել նրան։ Այդպես էլ արեցի։
-Հասկանում ես, ինքը ոչ միայն ինձ դավաճանել էր, այլև կյանք էր խլել, իսկ հետո զղջացել, բայց ես չներեցի նրան, չէի կարող, ուժ չունեի էդ օրերին, թեև դավաճանությունը և մարդասպանությունը չի կարելի ներել։ Իսկ մեկ շաբաթ անց իմացա, որ գերդոզավորումից մահացել է։ Իսկ այսօր այգում լաց էի լինում, քանի որ նորից հիշել էի նրան, իսկ դեպքերը եղել են ընդամենը 2 շաբաթ առաջ։
-Իմ դեպքը երկար տարիների պատմություն ունի։ Ես 16 տարեկան էի, երբ սիրահարվեցի այդ կնոջը, որի մոտ անգլերեն էի պարապում։ Էնպես ստացվեց, որ ինքն էլ մահացավ՝ ինֆարկտից։ Իսկ նա իմ կյանքի առաջին կինն էր։ Եվ ես քեզնով այսպես հետաքրքրվեցի, քանի որ դուք անվանակից եք։
Չգիտեմ՝ ինչ հասկացավ Սառան այս ամենից, բայց ավելի ամուր գրկեց իմ տկար մարմինը, ավելի ամուր սեղմեց ինձ իր սքանչելի մարմնին։ Այդ ամբողջ գիշեր մենք խմեցինք և շոկոլադ կերանք։ Դե, արդեն պարզ էր, որ առավոտյան արթնանալու էինք ավելորդ քաշով, քանի որ այդպես էլ ամբողջ գիշեր ոչինչ չարեցինք, ինչը կարող էր կալորիայի դեֆիցիտ ստեղծել։
Առավոտյան ես նրան տուն ճանապարհեցի։ Եվ միաժամանակ սարսափեցի մի մտքից։ Նա առաջին աղջիկն էր, որին ես տարա հյուրանոց և որի հետ սեքսով չզբաղվեցի, նա առաջին աղջիկն էր, որ նման տարօրինակ ծանոթությունից հետո մտավ իմ սիրտը։ Չգիտեմ՝ սեր էր, թե՝ ոչ, քանի որ պատահել էր, որ մտածել էի, թե սիրում եմ, իսկ հիմա չգիտեի էլ, թե որն է սերը։
Տարակուսանքի և մորմոքների կիզակետում վառեցի վերջին սիգարետս և խոր հոգոց քաշելով՝ սկսեցի մտածել աշխարհի բոլոր Սառաների մասին և չգտա ավելի կատարյալ մեկին, քան նա էր, ոչ թե նա, ով եղել էր իմ մեծագույն սերերից և մահացել, այլ նա, ով երեկ եկավ իմ կյանք։ Կյանքս, եթե ասեմ՝ գույներ ստացավ, կստեմ, բայց սրտումս ինչ-որ բան սկսեց հավատալ, որ այն կարող է նոր գույներ ստանալ։ Բայց ես մոռացել էի, որ իմ մարմինը շատ այլասերված է, որ իմ հոգին շատ այլանդակված է, որ ես շատ կոտրված եմ․․․
Մեկ օր էլ չէր անցել, երբ զանգեցի նրան։ Սառան պատասխանեց լացակումած ձայնով։ Ես վախեցա, որ մի բան այն չէ, բայց նա ինձ ասաց, որ դրանք երջանկության արցունքներ են, քանի որ նա չէր սպասում իմ զանգին։ Ես ասացի նրան առանց մտածելու, որ ցանկանում եմ, որ նա դառնա իմ ընկերուհին։ Սառան չմերժեց։ Իմ և նրա շփումը երկար չտևեց, ցավոք։ Քանի որ մեր իդեալական թվացող շփումից 3 շաբաթ անց նա եկավ այնպիսի տեսքով, որ ես վախեցա անգամ հարցնել, թե ինչ է պատահել։ Սառայի այլայլված հայացքը ջարդուփշուր արեց իմ ներսը, Սառայի արցունքները խոցեցին իմ մարմնի ամեն ծալքը, ինձ թվաց ինչ-որ մեկը մարմնիս ամեն հատվածին հերթով ծխախոտ է հանգցնում։ Չգիտես ինչու չէի կարողանում խոսել։ Երկար լռությունը խախտեց Սառան և խոսեց․
-Ես գիտեմ, որ դու ուրիշի հետ ես քնել։ Մտածում էի, թե գոնե դու ինձ չես դավաճանի, մտածում էի, որ դու ինձ հետ փոխվել ես։
Արդարացումներ չկարողացա գտնել, քանի որ ես իրոք նրան դավաճանել էի մի աղջկա հետ, որի հետ 5 տարի երազել էի սեքսով զբաղվել և հնարավորության դեպքում չէի կարող այն չօգտագործել։ Նրա խռովահույզ հայացքում ես ներման ոչ մի ակնկալիք չէի կարող տեսնել և միայն մեկ բառ կարողացա ասել, որը, ցավոք, ամենաթույլ, չսփոփող և ոչինչ չլուծող բառն է նման դեպքերում․
-Կներես․․․
Սառան չներեց ինձ։ Եվ նա ճիշտ էր․ ես արժանի չէի սիրո, արժանի չէի, որ ինչ-որ մեկը ինձ նորից հնարավորություն տար երջանիկ լինելու, որովհետև վաղուց էի խորացել այս ճահճի մեջ, վաղուց էի դարձել սեքս-մեքենա, որը ուղղակի գնում ու գալիս է նույն տեղը, գրեթե միշտ նույն ժամին, անում է նույն գործողությունը և հետո ինքն իրենից բավարարված վերադառնում է տուն։ Ես ինձ չէի մեղադրում այս ամենի համար, հպարտ էի, որ կարող էի անվերջ նոր աղջիկներ քարշ տալ իմ անկողին, բայց մեղավոր չէի, որ սիրել էի ժամանակին և կորցրել, մեղավոր չէի, որ այնքան էի սիրել, որ չգիտեի ինչը սեր կոչել, մեղավոր չէի, որ այլևս չէի կարողանում ոչ մեկի հետ լուրջ հարաբերությունների մեջ մտնել, մեղավոր չէի․ գոնե այդպես էի մտածում։
Ժամանակի անիվը ինձ շատ հիշեցրեց իմ կյանքի երկրորդ Սառային։ Ժամանակի ընթացքում փոխվեցի նաև ես, ժամանակի ընթացքում նաև հասկացա, որ աղջիկները, կանայք առարկաներ չեն, հասկացա, որ նրանք մեղավոր չեն իմ չստացված հարաբերությունների համար, հասկացա, որ օրգանիզմս մեղավոր չէ իմ կյանքի տառապանքների համար, և փորձեցի ամեն ինչ փոխել, սակայն մինչև այդ փոփոխության սկիզբը դնելը ես մի բան գիտակցեցի, որը ինձ գամեց մեղքի ամենածանր դատին։ Հասկացա՝ մեղավոր էի, շատ մեղավոր էի, մեղավոր եմ․․․
Բայց երբ սկսեցի քիչ-քիչ փոխել կյանքս, սկսեցի փորձել փոխել մտքերս, արդեն ուշ էր, անցյալի ուրվականը վաղուց տնօրինում էր իմ մարմինը, իմ մտքերը, իմ սերը, նրանց, ում ես խաբել էի, նրանց, ում ես սիրել էի, նրանց, ում ես դավաճանել էի, նրանց, ում ես ցավեցրել էի․․․
Ես ցավ զգացի․ մի քանի գրամ արցունք, մի քանի գրամ ռոմ, մի քանի հատ սիգարետ և հիշեցի բոլոր իմ սիրելիներին և որոշեցի հանդիպել նրանց բոլորին փոխարինող մեկին՝ մոռանալով երկու կարևոր տեսություն։ Առաջին՝ փոխարինողներ երբեք չկան, երկրորդ՝ սերը չեն գտնում, այն գալիս է անխուսափելի, անհավատալի և անկրկնելի պատահականությամբ․․․
No Comments