Բոլոր ժամանակներում էլ գրողների առջև ծառացող հիմնական խնդիրներից մեկը եղել է գրական և խոսակցական լեզուների միջև անջրպետի հաղթահարումը։ Մի կողմից՝ հեղինակները պետք է հավատարիմ մնան գրական խոսքի բարձր չափանիշներին, մյուս կողմից՝ պիտի խուսափեն արհեստական լեզվից՝ պահպանելու համար զանազան խոսքային իրադրությունների գեղարվեստական ճշմարտացիությունը։
Անշուշտ, յուրաքանչյուր գրող այս խնդրի իր լուծումն է որդեգրում՝ հաջող թե անհաջող, համոզիչ թե ոչ այնքան։ Սակայն այստեղ մենք նախ ընդգծենք հարցին առնչվող հետևյալ հանգամանքը։
Գոյություն ունի «գեղարվեստական պայմանականություն» երևույթը․ հաճախ այն, ինչը կարող է անբնական թվալ կենդանի հաղորդակցման ժամանակ, միանգամայն հավաստի ու համոզիչ է հնչում գրական տեքստում, որովհետև ընթերցողը նախապես գիտի՝ ահա՛ հիմա ինքը առօրեական վիճակից «անցնում» է ընթերցանություն կոչվող «ծիսակարգին», որտեղ գործում են բոլորովին այլ օրենքներ, այլ «պայմանավորվածություններ» լեզվարտահայտչական հարցերի շուրջ։ Եվ գրական խոսքը պետք է որոշակի «հանդիսավորություն» ունենա, լինի կոկիկ, հենց ինքը ներշնչի կոկիկություն, խոսքի ու կեցվածքի պարկեշտություն։
Միաժամանակ առօրյա-խոսակցական լեզվում կան այնպիսի արտակարգ ձևեր ու կապակցական կաղապարներ, որոնք մի կողմից աննշան շեղումներ են դրսևորում կանոններից, մյուս կողմից՝ այս շեղումներն իրապես այնքան անմեղ են, որ հենց իրենց այդ անմեղությամբ «համ ու հոտ» են բերում շարադրանքին, այն դարձնում են կենդանի, հավաստի ու հարազատ, երբեմն էլ՝ համեմում մեղմ հումորով։
Հայերենում այդպիսի բացառիկ առանձնահատկություն ունեն նախ և առաջ հարադրական բայերը, որոնց գերակշիռ մասը դարձվածք է, որոշներն էլ պարզապես տպավորիչ նրբիմաստներ ունեն․գլուխ կոտրել, գլուխը կորցնել, սիրտ տալ, սիրտը շահել, աչքդ լույս լինի, միտք անել, հայացքը կախել, հոնքերը կիտել, գլուխ բերել, ձեռք բռնել, ձեռ առնել, առյուծ կտրել, աչքը մտնել, խոսք տալ, աչք չփակել, սիրտ անել, սիրտը բացել և այլն, և այլն։ Այս բոլոր բառերն էլ գույն ու երանգ են հաղորդում խոսքին՝ միաժամանակ ի ցույց դնելով, թե սովորական ժողովուրդն ինչպես է արտահայտում իր զգացմունքները, ինչն է նրա համար արժեքավոր, ինչն է նվիրական:
Առհասարակ հայերենն առատ է հարադրական բայերով և ունի դրանք կազմելու լայն հնարավորություններ: Այսպես՝ կան նաև զուգադիր բաղադրիչներով հարադրական բայեր՝գալ հավաքվել, քայլել հասնել, գնալ հասնել, ելնել կանգնել, խոսել ու խոսել, ասել ու ասել, գնալ ու գնալ։ Կան և այսպիսի ձևեր․ սիրելով սիրել, մոռանալով մոռանալ, ծախսելով ծախսել։
Սակայն քիչ չեն նաև այլ խոսքիմասային պատկանելությամբ դարձվածքները՝ նուրբ հարց, ձեռքը բաց, սնդիկի նման, ոտքի վրա, խելքից դուրս և այլն:
Պատկերավոր խոսքի երկրորդ հնարքը կապերի գործածությունն է առանց կապվող բառերի՝ նրանց քերականական հատկանիշները «ինքնուրույն ստանձնած», օրինակ՝ «Մոտը մարդիկ եկան», «Վրայից հանեց վերարկուն», «Հետները գառ էին բերել» և այլն։ Ի դեպ, համապատասխան իրադրության մեջ նույն ազդեցությունն է ունենում նաև որոշակի խոսուն վերաբերականների ու միջանկյալ արտահայտությունների կիրառությունը․ «Ի՜նչ մի բարդ բան է որ», «Դա էլ ու վերջ», «Էլ մի ասա», «Էլ դու սուս», «Իսկը ժամանակին եկար» և այլն։
Եվ երրորդ հնարուկը («լայֆհաքը»), որ նախորդից շատ չի տարբերվում, կապերի գործածությունն է իրենց պատկերավոր իմաստներով․ մտածել հարցի վրա, ներս մտնել խոսքի վրա, գնալ ձայնի վրա, ջուր խմել հացի վրա, խոստովանել ճնշման տակ, մեկնել երեկոյան դեմ, խոսքի դեմ խոսք ասել և այլն։
Նշան Աբասյան