1. Եթե ծնողներին լսեր՝ Պիեռ-Օգյուստ Ռենուարի կյանքը կարող էր այլ կերպ դասավորվել, և միգուցե լավ երաժիշտ դառնար։ Մանուկ հասակում նա երգում էր եկեղեցական երգչախմբում և այնքան շնորհալի էր, որ ընտանիքը պնդում էր ուսումը շարունակել այդ ուղղությամբ։ Պատանին սիրում էր երգել, բայց նկարչությունն ավելի էր ձգում, և նա դա ընտրեց։
2. Ռենուարի կարճ կենսագրության մեջ նշվում է նրա նկարչության ժանրը՝ իմպրեսիոնիզմը։ Եվ իսկապես, նա հայտնի դարձավ հենց որպես իմպրեսիոնիստ՝ դառնալով այդ ոճի առաջին ներկայացուցիչը։ Սակայն իր ստեղծագործական ճանապարհի կեսից նա թողեց իմպրեսիոնիզմն ու վերադարձավ կլասիցիզմին։
3. Երիտասարդ տարիքում ապագա նկարիչը գումարի խիստ կարիք ուներ, բայց միևնույն ժամանակ ցանկանում էր այնպիսի աշխատանք գտնել, որ կարողանար օգտագործել իր տաղանդը։ Նրա բախտը բերեց. սկսեց ճենապակյա սպասքներ նկարազարդել։ Այդ գումարով նա ապրում էր և վճարում նկարչական դպրոցի վարձը, ուր հաճախում էր երեկոները։
4. Դեռ երիտասարդ տարիքում նա գայթակղեց ընկերոջ՝ Ժյուլ դե Կյորայի աղջկան, և շուտով նրանք դուստր ունեցան։ Ճիշտ է, Ռենուարը երբեք պաշտոնապես չընդունեց հայրությունը։
5. Իր ժամանակակիցների համար Օգյուստ Ռենուարը հայտնի էր հիմնականում որպես աշխարհիկ դիմանկարչության վարպետ: Նրան ամենից շատ հենց դիմանկարներ էին պատվիրում, որովհետև նկարում էր արագ և հմուտ։ Այսպես, օրինակ, մեծ կոմպոզիտոր Վագների հայտնի դիմանկարը նա նկարել է քառասուն րոպեից էլ քիչ ժամանակում։
6. Մի անգամ նկարիչը ընկնում է հեծանվից ու կոտրում աջ ձեռքը։ Անկարող լինելով բաժանվել նկարչությունից, թեկուզ կարճ ժամանակով, Ռենուարը սովորում է նկարել ձախ ձեռքով։ Ավելի ուշ, երբ նկարչի ձեռքը մի քանի վիրահատություններից հետո կաթվածահար է լինում, նա շարունակում է աշխատել վրձնով, որը սպասուհին նրա ձեռքի մեջ էր ամրացնում։
7. Ռենուարը նաև քանդակներ էր կերտում, այն էլ բավականին արհեստավարժ։ Ճիշտ է, ժամանակակիցները չգնահատեցին դրանք և ընդունում էին միայն որպես նկարչի: Ի դեպ, դեռ կենդանության օրոք, նրա նկարները ցուցադրվում էին Լուվրում։
8. Նա անձամբ ծանոթ էր ժամանակի հայտնի նկարիչների, հիմնականում իմպրեսիոնիստների՝ Կլոդ Մոնեի, Բազիլի, Պոլ Սեզանի, Պիսարոյի հետ։ Ճիշտ է, նրանց ճանապարհները հեռացան, երբ Ռենուարն ինքը հեռացավ իմպրեսիոնիզմից։
9. Հիասթափվելով սեփական մի քանի նկարներից, նա ինքն իր ձեռքով ոչնչացրել է դրանք։ Մասնավորապես, առաջին հայտնի նկարը՝ «Էսմերալդան պարում է թափառաշրջիկների մեջ», ոչնչացրել էր ցուցահանդեսի մասնակցելուց և վերադարձվելուց անմիջապես հետո։
10. Հանրահայտ նկարչի որդիներից մեկը հայտնի ռեժիսոր Ժան Ռենուարն է, որի կինոժապավեններից երկուսը՝ «Մեծ պատրանքը» և «Խաղի կանոնները», մտան բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի ցանկը։ Իսկ անձամբ ռեժիսորը, ըստ որոշ կարծիքների, համարվում է պատմության լավագույն տասը ռեժիսորներից մեկը։
Թարգմանությունը՝ Իսրայել Ասրյանի
Աղբյուր՝ faktoved.ru