Անի Անտոնյան Թատրոն ՄարզաԴիտակ

Արվեստն է լրացնում այն տարածությունը, որ կոչվում է «կյանք»

03.09.2024

Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի 91-րդ թատերաշրջանը կազդադարվի «Արտիստը» ներկայացման առաջնախաղով՝ Շիրվանզադեի համանուն պատմվածքի մոտիվներով։ Բեմադրիչն ամերիկահայ ռեժիսոր, Համազգային հայ կրթական և մշակութային միության «Լևոն Շանթ» թատերախմբի գեղարվեստական ղեկավար Վարդան Հովհաննիսյանն է (Վարդան Գառնիկի)։ Նկարչական ձևավորումը կատարել է Մարիամ Մուրադյանը, երաժշտականը՝ Կարեն Խաչատրյանը։ 

Զրուցել ենք Վարդան Հովհաննիսյանի հետ։ 

—Պարո՛ն Հովհաննիսյան, ինչպե՞ս սկսվեց համագործակցությունը թատրոնի հետ։ 

-Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին առաջարկեցի բեմադրություն անել Հայաստանի մարզային թատրոններից մեկում։ Նրա պայմանը մեկն էր, որ դա պետք է լինի դասական գործ։ Ի սկզբանե ընտրվել էր Հրազդանի դրամատիկական թատրոնը։ Սկսեցի ուսումնասիրել մեր ամենադասական հեղինակ Շիրվանզադեի պիեսները՝ «Արմենուհին» և «Եվգինեն»։ «Եվգինեի» կառուցվածքն ինձ աղոտ թվաց, կոնֆլիկտը պատճառաբանված չէր, իսկ «Արմենուհին» ավելի պինդ «ողնաշար» ուներ։ Շուտով տեսարաններն ու ձևավորումը պատրաստ էին, սակայն որոշում կայացվեց փոխել թե՛ թատրոնը, թե՛ պիեսը։ 

Արտաշատի դրամատիկական թատրոնը դպրոցական ծրագրին համահունչ բեմադրություն էր ուզում, որը կմտնի հիմնական խաղացանկ։ Ընտրվեց «Արտիստը», և սկսեցի աշխատել հեռավար։  

Հայաստանում մոտ 10 օրվա փորձերից հետ միանգամից բարձրացանք բեմ։ Ճիշտ է՝ եղան ստեղծագործական վեճեր (ժպտում է, -հեղ․), բայց իրար հետ հեշտ լեզու գտանք։ 

-Ի՞նչ փոփոխություններ եք արել պիեսում։ 

— Առաջին հերթին՝ մաքրել եմ լեզուն, դարձրել ավելի խոսակցական։ Լեզուն բեմի ու հանդիսատեսի ուղիղ կապն է․ դրանից է կախված, թե մարդիկ ներկայացումն ինչպես կընկալեն։  

Ավելացրել եմ տեսարաններ, որոնք տրամաբանորեն կապված են։ Դրանք անցումային փոքր դրվագներ են, օրինակ, գնացքի կայարանի անցուդարձը, թերթերի վաճառքը, Լուիզայի և Կավալլարոյի հարսանեկան վալսը, հովանոցով Լուիզայի տեսիլքը Լևոնի աչքին և այլն։ 

Հետաքրքիր հնարք ենք կիրառել՝ երաժշտությունը դարձնելով տեքստի ֆոն։ Օրինակ՝ Լևոնի և Շիրվանզադեի երկխոսության ժամանակ շարունակվում է տղայի կիթառի նվագը։ Սա օգնում է պահպանել նույն հույզերը տեսարանների միջև։   

Միտումնավոր «ստվերում» եմ թողել Լևոնի եսասեր մոր կերպարը, որը թերևս այս պիեսի ամենաբացասական հերոսն է։ 

Կրճատել եմ երկխոսությունները, որոնք, իմ կարծիքով, կթուլացնեին ներկայացման կառուցվածքը։ 

-Որքանո՞վ եք հավատարիմ մնացել Շիրվանզադեի ոճին։

-Հիմնականում պահպանել եմ նրա ձեռագիրը։ Շիրվանզադեն ցանկացել է ցույց տալ այն հասարակությունը, որին զոհ են գնում Լևոնի նման բարձր ոգի և կյանքի մոտեցում ունեցող մարդիկ։ Ես ավելի շատ շեշտել եմ այն փաստը, որ Լևոնը թատրոնն ու երաժշտությունն իր մեջ կրող արվեստագետի մարմնացում է։ Մի բան, որն ամեն մեկին տրված չէ։

Ինձ դուր չէր գալիս պատմվածքում Լևոնի նկատմամբ վերաբերմունքը․ իր մելանխոլիկ նկարագրով նա խղճահարություն էր առաջացնում։ Ես դրան բացարձակ դեմ էի և փորձեցի ամեն ինչ անել, որ հանդիսատեսը նման զգացում չունենա։ Կարծես թե ստացվել է։

-Ի՞նչ կտա այս ներկայացումը տարբեր տարիքի հանդիսատեսին, ի՞նչ  հետագա պլաններ ունեք։

-Ներկայացումը թե՛ փոքրերին, թե՛ մեծերին մի պատգամ ունի՝ պետք է գնահատել արվեստը, ապրել ու հարստանալ դրանով։ Արվեստը վայելք է, որն անբացատրելի ուժով մեզ կտրում է աշխարհից, տանում այլ՝ գեղարվեստական իրականություն։ Արվեստն է լրացնում այն տարածությունը, որ կոչվում է «կյանք»։

Երբ ներկայացումն առաջին անգամ հանձնեցի հանդիսատեսի դատին և տարբեր կարծիքներ էի լսում, մի փոքրիկ իր պապիկին ասաց, որ այդ երկու ժամում չի ձանձրացել։ Սա բավականին բարձր գնահատական է։ 

Թատրոնի ղեկավարությունը պլանավորում է հնարավորինս մեծ թվով աշակերտներ ներգրավել Արտաշատի շրջանի դպրոցներից։ Կլինեն նաև երեկոյան սեանսեր մեծերի համար։ 


-Հայաստանում Ձեր վերջին՝ «Գիշեր Երզնկայի վրա» պիեսի բեմադրությունից հետո անցել է 10 տարի։ Ի՞նչ զգացողություն էր կրկին ներկայացում անել հարազատ երկրում։ 

-Երանության մեջ էի (ժպտում է, հեղ)։ Թատրոնի անձնակազմն այնպիսի մթնոլորտ ստեղծեց, որ բոլորս մտերմանանք, անկեղծանանք միմյանց հետ։ Այս մարդիկ հասկանում են ինձ, հավատում ու սիրում։  Ժամերով աշխատում էինք՝ առանց հոգնելու․ շատ բաներ ծնվեցին անմիջապես բեմում։ Սովորաբար այդպես է լինում՝ երբ գիտես, թե դիմացինդ ինչպես է «շնչում», ստեղծագործական պահերը հորդում են։

Իհարկե կային նաև թույլ տեղեր, օրինակ, հագուստները և դեկորացիան։ Ներկայացման համար ոչինչ հատուկ չի պատրաստվել, բացի փողոցային լուսամփոփից։ Բայց ես գոհ եմ արդյունքից։ 

Անի Անտոնյան

Լուսանկարները՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջից