ՕրԸնթաց ՄարզաԴիտակ

Փռից մրոտվելը պատիվ է

10.11.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, մարզպետարանի մի խումբ աշխատակիցների, ուսուցչուհի Նաիրա Աբրահամյանի շնորհիվ կյանքի կոչվեց  Երևանի Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցի աշակերտների ինքնատիպ ու հետաքրքիր այցը Գավառ քաղաք՝ մասնակցելու կարտոֆիլի բերքահավաքի:


Այց, որը զարգացրեց ու զինեց մայրաքաղաքացիներին ոչ միայն աշխատանքային դաստիարակության առումով, այլև մոտեցրեց հողի արդար աշխատավորին, կամուրջ դարձավ քաղաք-գյուղ մտերմիկ կապի համար, հարստացրեց նրանց արվեստի, պահպանված ավանդույթների, բարբառի, յուրօրինակ կենցաղի մասին պատմող հետաքրքիր տեղեկությունների իմացությամբ:

                                                      Փռից մրոտվելը պատիվ է

-Էրեխե՛ք, պատկերացնու՞մ եք, կարտոշկայից բուրող գոմաղբի հոտը…

-Ես էս գլխից ասում եմ՝ կարտոշկա չեմ սիրում:

-Էդ դու չես սիրու՞մ…

-Հա՛, ի՞նչ, բա ինչպե՞ս ես պատկերացնում, ո՞նց եմ ուտելու: Ասում են՝ եփելուց առաջ կարտոշկան չեն էլ լվանում (հեգնանքով ծիծաղում է):

-էրեխե՛ք, բայց որ չուտենք, կնեղանա ընկ. Աբրահամյանը, էկե՛ք մի բան մտածենք:

Քննարկումը բուռն էր, մոտալուտ վտանգից պաշտպանվելը՝ հրատապ: Այնքան էին տարվել զրույցով, որ չէին մտածում ավտոբուսի հռնդյունից բարձր իրենց ձայնի մասին և, ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում, «կարող է մեզ էստեղ լսող լինի» արտահայտության:

Բերքահավաքի եռուն պահն էր: Երեխաները փոքր-ինչ դժվարությամբ, բայց ներքաշվեցին աշխատանքի մեջ, դեռ ավելին՝ նրանցից մի քանիսն արժանացան գովեստի՝ կարտոֆիլը հմուտ ու արագ տեսակավորելու համար:

Օրը մթնում էր: Կարտոֆիլը խորովելու պահը՝ մոտենում:

Դժվար էր երեխաներին հողամասից հանելը, բերքահավքը ոգևորել էր նրանց, քննարկում էին, վիճում, ափսոսում, որ այսքան քրտինք թափելով՝ հավաքած կարտոֆիլն էժան է վաճառվում: Դա նոր հասկացան, տնեցիներին էլ կզգուշացնեն՝ կարտոֆիլ գնելիս գինը չսակարկեն, ամոթ է: Դեռ ավելին, որոշեցին կարտոֆիլի համար շուկայական նոր գին սահմանել:

Արդեն աթարի փոքրիկ կույտի շուրջն էինք խմբվել: Մշակութաբան պարոն Գևորգը և Արամը մանրամասնորեն պատմեցին փուռը դնելու, եփված կարտոֆիլն ուտելու ողջ արարողակարգի ու պահպանված սովորույթների մասին:

-Նախ եկեք կրակը վառելուց առաջ որոշենք քամու ուղղությունը,- սկսեց Արամը:

-Իսկ դրա համար հատուկ գործիք կամ սարք կա՞,- հարցրեց հետաքրքրասերներից մեկը:

-Իհա՛րկե, կա, ընդամենը մի բուռ հող:

Հողը վերևից գետնին լցնելով՝ որոշվեց քամու ուղղությունը, կրակը լավ վառվելու համար օդափոխությունը կարևոր է:

Փռան համար ցանկալի է ընտրել ոչխարի գոմաղբից պատրաստված աթարը, այն ջերմությունն ավելի լավ է պահում:

Կրակը վառեցին, երեխաները սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի տեղատարափը: Համտեսելու հետաքրքրությունը կարծես թե մեծանում էր, այդպես էր երևում, բայց պետք էր սպասել, մինչև կրակը կնստեր: Ա՛յ դա կարծես ձանձրալի թվաց նրանց, բայց….

-Խաղո՜ղ, խնձո՜ր, խաղո՜ղ…

Երեխաներին տեղի ավանդույթներին ծանոթացնելու համար ամեն ինչ նախապես մտածված ու պլանավորված էր, ահա և հաջորդ հետաքրքիր ավանդույթներից մեկը՝ ապրանքափոխանակությունը:

Հեռվից տղաներից մեկը դժգոհ դեմքով մոտս եկավ:

-Ես խաղողի գինն եմ հարցնում, վաճառողն ասում է՝ երկուս ու մեկ, բան չեմ հասկանում:

Պատմեցի, որ աշնանը, երբ սկսվում է կարտոֆիլի բերքահավաքը, հիմնականում Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում ապրողները Գեղարքունիքի մարզ են գալիս՝ իրենց բերքն ու բարիքը փոխանակելու կարտոֆիլի հետ: Այս ընթացքում գումարով առևտուր չի արվում:

Թեպետ նոր «գնորդը» սկսեց գնի «երկուս ու մեկ», այսինքն՝ մեկ կիլոգրամ խաղողի համար երկու կիլոգրամ կարտոֆիլ տալու պայմանի սակարկումը, բայց զուր էր:

Խաղողը փոխանակեցինք, բայց հերթը չհասավ համտեսելուն:

Կարտոֆիլի բույրը զգլխիչ էր, վա՛յ չուտողին:

Թոնրի տաք լավաշ ու աղ, թթու ու կարագ՝ ահա փուռ ուտելու կարևոր մթերքները:

Եփված կարտոֆիլը սովորական ձևով չէր  կեղևահանվում, փուռն ուտելու համար ամեն ինչ հորինված ու մտածված էր:

Երեխաներն անհագ ցանկությամբ ուտում էին, վայելում, համեմատություններ անցկացնում իրենց ամենասիրելի ուտեստների հետ ու նորից լավաշի մեջ փաթաթում հաջորդ ու էլի հաջորդ կարտոֆիլը՝ մոռանալով աթարն էլ, գոմաղբն էլ, կեղտոտ կարտոֆիլի բույրն էլ:

-Ասում ես՝ դու կարտոշկա չես սիրո՞ւմ…

-Բայց ես նման բան ե՞րբ եմ ասել…

-Փռից մրոտվելը պատիվ է,- միմյանց ասում էին երևանաբնակ երեխաները, իրենք իրենց արդեն մրոտ ձեռքերով մաքրում կարտոֆիլը, փաթաթում լավաշի մեջ, որ տնեցիներին նույնպես բաժին հանեն ամենահետաքրքիր ազգային սովորույթի ամենահամեղ կարտոֆիլներց:

Նաիրա Աբրահամյան
Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցի ուսուցչուհի

No Comments

Leave a Reply