«Նա» անձնական դերանունը (իր թեքված ձևերով) պատմողական տեքստերում ամենից շատ հանդիպող բառն է։ Պատճառը պարզ է․ խոսողը միշտ էլ խոսակցին պատմում է մի երրորդ անձի մասին, որին մատնանշելու կարիքն անընդհատ է լինում։ Որպես հետևանք՝ հաճախ ունենում ենք նա-երի կուտակում՝ չիմանալով ինչպես դրանից խուսափել։
Նախ հարկ է նկատել, որ երբեմն նա-երի կրկնությունը ոճական արժեք է ունենում, ապահովում է որոշակի խոսքային ռիթմ և մտքի սաստկացում կամ ընդգծում, օրինակ՝
Նա առաջին անգամ էր Հայաստանում, և նա գիտեր, որ սա բիբլիական երկիր է։
Նա մշտապես այցելում էր ծերացած ծնողներին, նա երբեք թույլ չէր տալիս, որ հայրն ու մայրն իրենց լքված զգան, նա ոչ մի օր չէր մոռանում իր որդիական պարտքի մասին։
Սակայն եթե նա-երի կրկնությունն այսպիսի արտահայտչական նպատակ չի հետապնդում, ապա կարող է «ականջ սղոցել», մանավանդ որ հայերենում դերանունները արական և իգական սեռով էլ տարբերակված չեն։
Այս խնդրից խուսափել կարելի է երեք եղանակով․
1․ Բառի զեղչում․
ա) Նա անվրդով փորձում էր շարունակել աշխատանքը, բայց ապարդյուն․ սառը քրտինքը պատեց նրա մատները, և ուրագը ծանրանալով ընկավ ձեռքից։
բ) Նա անվրդով փորձում էր շարունակել աշխատանքը, բայց ապարդյուն․ սառը քրտինքը պատեց մատները, և ուրագը ծանրանալով ընկավ ձեռքից։
2․ Բառի փոխարինում․
ա) Նրա համար շրջազգեստ էին կարել ամեն տեսակի գույնզգույն կտորներով։ Իսկ դրա վրայից նա մի հին բաճկոն էր հագնում։
բ) Նրա համար շրջազգեստ էին կարել ամեն տեսակի գույնզգույն կտորներով։ Իսկ դրա վրայից աղջնակը մի հին բաճկոն էր հագնում։
3․ Տևական արտասանական դադար․
ա) Նրանցից մեկը որմնադիրն էր՝ իր տան բուխարու հեղինակը․ նրա անունը Նիկոլա էր։
բ) Նրանցից մեկը որմնադիրն էր՝ իր տան բուխարու հեղինակը։ (…) Նրա անունը Նիկոլա էր։
Նշան Աբասյան